Լուիս Բունյուել (1900-1983թթ.)` իսպանացի լեգենդար կինոռեժիսոր, համաշխարհային կինեմատոգրաֆի մեջ սյուրռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը:
Ծնվել է 1900թ. փետրվարի 22-ին Արագոնի ինքնավար մարզի Կալանդա գյուղում: Հայրը՝ Լեոնարդո Բունյուելը, Կուբայում զգալի կարողություն է դիզում, սակայն 1898թ. իսպանաամերիկյան պատերազմի բռնկվելուց հետո վաճառում է իր բիզնեսն ու վերադառնում հայրենիք: Բացի առևտրական գործունեությունից, Լեոնարդոյի սիրելի զբաղմունքներից էր լուսանկարչությունը: 1899թ. նա ամուսնանում է 16-ամյա (28 տարով իրենից փոքր) Մարիա Պորտոլես Սերեսուելայի հետ:
Զույգի ապագա յոթ երեխաներից առաջինը Լուիսն էր: Երբ վերջինս երեք տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Սարագոսա, սակայն հետագայում հաճախ է այցելում հարազատ Կալանդա: Այսպես, Լուիսի մանկությունն ու պատանեկությունն անցնում է Սարագոսայում: Այստեղ նա հաճախում է Ճիզվիտական միաբանության դպրոցը, որտեղ անցկացրած տարիները մեծ ազդեցություն են թողնում նրա վրա: Դպրոցի խստագույն կարգապահական օրենքներն ու եկեղեցական կրթությունը Բունյուելին դարձրին կաթոլիկ եկեղեցու երդվյալ թշնամի: Այնուամենայնիվ, Բունյուելը գերազանց առաջադիմություն էր ցուցաբերում դպրոցում:
Բունյուելն ու Լորկան |
Կալանդա այցելելիս Լուիսը մշտապես ներկա էր գտնվում գյուղի փոքրիկ թատրոնի ներկայացումներին: Բունյուելների ընտանիքն այդ թատրոնում իր սեփական օթյակն ուներ: 13 տարեկանից Բունյուելը ջութակի դասընթացների է հաճախում: 14 տարեկանում առաջին անգամ դուրս է գալիս Արագոնի սահմաններից՝ ճանապարհորդելով Կանտաբրիայով ու Սան Սեբաստիանով: 1915թ. Բունյուելին հեռացնում են կաթոլիկ դպրոցից. արդյունքում նա որպես ազատ աշակերտ ընդունվում է Սարագոսայի Միջնակարգ կրթության դպրոց (հետագայում՝ Գոյայի անվան դպրոց): Այս տարիներին Բունյուելը ծանոթանում է Դարվինի «Տեսակների ծագումը» աշխատությանը, ընթերցում է համաշխարհային գրականության այնպիսի կարևոր գործեր, ինչպիսիք են՝ Ռոմեն Ռոլանի «Ժան-Քրիստոֆ»-ը, Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո»-ն, ծանոթանում է Դենի Դիդրոյի, Ժան Ժակ Ռուսոյի, Վոլտերի աշխատանքներին, և վերջապես, կարդում է իսպանական դասականներին՝ Ֆրանսիսկո դե Կևեդոյին, Բենիտո Պերես Գալդոսին: Պատանի Բունյուելը հետաքրքրվում էր նաև դետեկտիվ ժանրի գրականությամբ:
Ձախից աջ՝ Ս.Դալի, Խ.Մ. Վիլյա, Լ. Բունյուել, Ֆ.Գ. Լորկա, Խ.Ա.Ռ. Սակրիստան, 1926թ. |
17 տարեկանում Բունյուելը մեկնում է Մադրիդ՝ համալսարանական կրթություն ստանալու: Մայրաքաղաքում տեղավորվում է ուսանողների հանրակացարանում, որը վերածվելու էր պատմական մի վայրի, քանի որ այստեղ են ծանոթանում ու ընկերանում ժամանակի ամենահայտնի արվեստագետները: Այստեղ անցկացրած յոթը տարիների ընթացքում Բունյուելը մի քանի մտերիմ ընկերներ է ձեռք բերում՝ ի դեմս Սալվադոր Դալիի, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի, Ռաֆայել Ալբերտիի, Խուան Ռամոն Խիմենեսի ու Պեպին Բելյոյի: Դալիի, Լորկայի ու Բունյուելի լեգենդար եռյակը հատկապես աչքի էր ընկնում իր էքսցենտրիկ արարքներով ու արտասովոր գաղափարներով: Համալսարանում Բունյուելն ի սկզբանե գյուղատնտեսություն էր սովորում, այնուհետև՝ միջատաբանություն, սակայն, ի վերջո, որոշում է մասնագիտանալ փիլիսոփայության ու պատմության, ինչպես նաև մայրենի լեզվի մեջ՝ հասկանալով, որ վերջիններս ավելի լայն դռներ կբացեն իր առջև և արտասահմանում գնալու ավելի մեծ հնարավորություն կապահովեն:
Մադրիդի ուսանողական կյանքը բավականին ակտիվ էր. Բունյուելն ընկերների հետ միասին թատերական ու կինոխմբակի անդամ էր: Թատերական խմբակի շրջանակներում է Բունյուելը կատարում բեմադրական իր առաջին փորձը. նա բեմադրում է Տիրսո դե Մոլինայի լեգենդար «Դոն Խուանը»՝ Լորկայի ու Դալիի դերասանական մասնակցությամբ:
1921թ. Լուիսն ու ընկերները առաջին անգամ այցելում են Տոլեդո. պատմական այս քաղաքը խորը տպավորություն է թողնում երիտասարդների վրա: Այս շրջանում Բունյուելը սկսում էր ճանաչել նաև ժամանակակից արվեստի ամենաակտուալ ուղղությունները՝ առավել հետաքրքրություն ցուցաբերել դադաիզմի հանդեպ՝ հակապատերազմական ավանգարդիստական ուղղության, որն իր արտահայտչամիջոցներով շատ մոտ էր սյուրռեալիզմին: Դադաիզմը մերժում էր ընդունված բոլոր կանոնները, բոլոր կարծրատիպերը, սնվում էր ցինիզմի ու աբսուրդի տարրերով: Պատահական չէ, որ այս տարիներին Բունյուելն ընթերցում էր ֆրանսիացի գրողներ Լուի Արագոնի ու Անդրե Բրետոնի գործերը:
Մյուս ուղղությունը, որին հակված էր ապագա կինոռեժիսորը, հատկապես իսպանախոս մշակույթում տարածված ուլտրաիզմն էր, որի գլխավոր գաղափարներից էր փոխաբերության՝ որպես գեղարվստական ինքնուրույն ու ինքնաբավ արտհայտչամիջոցի «փառաբանումը»:
1922թ. Բունյուելն իրեն փորձում է որպես գրող ու լրագրող. հեղինակում է պոեմներ, արձակ ու չափածո բանաստեղծություններ, ինչպես նաև թղթակցում է մի քանի գրական ամսագրերի, որոնք աջակցում էին պատանի արվեստագետներին՝ «27-ի սերնդին» (նաև՝ «Լորկայի սերունդ»):
1923թ. Սարագոսայում մահանում է Բունյուելի հայրը: Նույն թվականին Բունյուելը խմբագրում է իր հոդվածները, պատմվածքներն ու այլ գործերը «Անդալուսյան շուն» անվան տակ (այս անվանումը կրելու էր նաև ռեժիսորի առաջին ֆիլմը): Արդեն իսկ սյուրռեալիստական տարրերով օժտված իր այս գրական աշխատանքներից շատ հատվածներ հայտնվելու էին Բունյուելի ապագա ֆիլմերում:
1924թ. Բունյուելն ավարտում է համալսարանը, պատմության մասնագետի որակավորում ստանում ու որոշում է տեղափոխվել Արևմուտքի մշակութային մայրաքաղաք՝ Փարիզ:
Ֆրանսիայում կինոյի հանդեպ Բունյուելի սերը ավելի է ուժեղանում. նա օրեկան առնվազն երեք ֆիլմ էր դիտում: Այնուամենայնիվ, Բունյուելի ու կինոյի վերջնական ու անխախտ կապն ապահովում է գերմանացի հայտնի կինոռեժիսոր, գերմանական էքսպրեզիոնիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Ֆրից Լանգի «Հոգնած մահը» ֆիլմը, որը խորը տպավորություն է թողնում նրա վրա:
Մի քանի շաբաթ անց Լուիսը ներկա է գնտվում ֆրանսիացի կինոռեժիսոր Ժան Էպշտեյնի ֆիլմերից մեկի նկարահանումներին և վերջինիս իր ծառայություններն է առաջարկում որպես օգնական. նա պատրաստ էր կինոյի հետ թեկուզ չնչին կապ ունեցող ցանկացած աշխատանքի, միայն թե հնարավորություն ունենար որևէ բան սովորել Էպշտեյնից: Շուտով Բունյուելն աշխատանքի է անցնում վերջինիս նկարահանող խմբում՝ մասնակցելով Էպշտեյնի երկու համր ֆիլմերի ստեղծմանը:
Այս ընթացքում Բունյուելը զուգահեռ թղթակցում է արվեստի ու կինոյի մասին տարբեր պարբերականների: Նա նաև փոքրիկ դերեր է ստանում մի քանի ֆիլմերում, օրինակ՝ Ժակ Ֆեյդերի «Կարմեն»-ում:
Փարիզում ուժեղանում էր նաև Բունյուելի՝ սյուրռեալիզմով տարվածությունը: Նա «վարակում էր» նաև մադրիդի իր ընկերներին՝ պարբերաբար ներկայացնելով փարիզյան սյուրռեալիզմի դրսևորումները: Բունյուելը Դալիին հորդորում էր մշտական բնակություն հաստատել Փարիզում՝ ավելի լավ ճանաչելու համար այս ուղղությունը:
«Անդալուսյան շուն» |
1929թ. հունվարին Բունյուելն ու Դալին համատեղ ուժերով ավարտին են հասցնում «Անդալուսյան շունը» ֆիլմի սցենարը, իսկ նույն թվականի հուլիսի 6-ին, Փարիզի կինոակումբներից մեկում տեղի է ունենում լեգենդար այս ֆիլմի պրեմիերան: 17 րոպե տևողությամբ այս համր ֆիլմի բյուջեն 25000 պեսետ էր, որը տրամադրել էր Բունյուելի մայրը: Ասում են՝ Բունյուելը պրեմիերայից առաջ մանր քարեր էր լցրել գրպանները, որպեսզի մարդկանց կատաղության դեպքում կարողանար պաշտպանվել: Նրա մտավախությունը, սակայն, ապարդյուն էր: Ֆիլմը մեծ հաջողություն է գրանցում ֆրանսիացի մտավորականների շրջանում և 9 ամիս շարունակ ցուցադրվում է ակումբում: Ինչպես հետագայում նշել է ինքը՝ Բունյուելը, այս ֆիլմի գաղափարը ծնվել է երազների ազդեցության տակ. Դալին մի օր երազում տեսել էր ձեռքից դուրս եկող մրջյուններ, իսկ Բունյուելը՝ ինչ-որ մեկի աչքը կտրող դանակ: Ֆիլմը որպես այդպիսին սյուժե չունի. գործողությունները ներկայացվում են կտրտված ձևով՝ ճիշտ երազի պես, առանց տրամաբանական կապի ու ժամանակային հերթագայության: Անդրադառնալով ֆիլմին տրվող բազմաթիվ ու տարատեսակ վերլուծություններին՝ Բունյուելը հերքել է դրանցից յուրաքանչյուրը՝ նշելով, որ ինքն ու Դալին այս ֆիլմը ստեղծելիս առաջնորդվել են միայն իռացիոնալի ու անտրամաբանականի սկզբունքներով. «Ֆիլմում չկա ոչ մի սիմվոլ. եթե նույնիսկ կա, ապա այն հնարավոր է վերլուծել միայն հոգեվերլուծության մեթոդներով»:
Սյուրռեալիստական այս ֆիլմում նկարահանվել են և՛ Բունյուելը, և՛ Դալին: Ֆիլմի անվանումը մի քանի մեկնաբանություններ ունի. նախ և առաջ այն ընտրվել է, քանի որ ոչ մի տրամաբանական կապ չունի պատկերվող գործողությունների հետ: Շատերը այն կապում են իսպանական մի ասացվածքի հետ՝ «Անդալուսյան շունը հաչում է. մեկը մահացել է»: Բացի այդ, ուսանողական հանրակացարանում «անդալուսյան շուն» էին անվանում հարավից եկած ուսանողներին՝ հիմնականում բացասական, արհամարհական իմաստով: Ֆիլմի թողարկումից հետո Լորկան հայտարարել է, որ անդալուսցի շունը ինքն է, որ վերնագիրն իրեն է ուղղված: Բունյուելը հերքել է այս կարծիքը, թեև շատերը համակարծիք էին բանաստեղծի հետ, քանի որ այդ տարիներին Լորկայի ու Բունյուելի հարաբերությունները լարված էին:
«Անդալուսյան շուն» |
«Ոսկեդար» |
Այս ընթացքում Բունյուելը հասցրել էր մտերմանալ Փարիզի «սյուրռեալիստական խմբակի» հետ. Մաքս Էռնստը, Անդրե Բրետոնը, Պոլ Էլուարը, Տրիստան Տցարան, Իվ Տանգին, Ռենե Մարգրիտը, Լուի Արագոնը, Բունյուելն ու այլոք հաճախակի հավաքվում էին տարբեր սրճարաններում՝ զրուցելու, քննարկելու, կիսվելու մտքերով և կարդալու:
1929թ. վերջերին Բունյուելն ու Դալին կրկին միավորվում են սցենարի աշխատանքի շուրջ՝ այս անգամ «Ոսկեդար» ֆիլմի համար: Այս գործը ևս հավատարիմ է մնում սյուրռեալիստական մեթոդներին. այն զուրկ է կապակցված սյուժեից ու ռեժիսորի նախորդ աշխատանքի պես աչքի է ընկնում արտասովոր արտահայտչամիջոցներով: Ֆիլմի շուրջ հնչած առաջին արձագանքները դրական անվանել չի կարելի. «Ոսկեդար»-ը որակում էին որպես «անբարո» աշխատանք, քանի որ ֆիլմում շոշափվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են բռնությունն ու եկեղեցականների դաժանությունը, ինչի պատճառով Բունյուելը խնդիրներ է ունենում կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների հետ: «Ոսկեդար»-ն իր սկանդալային բնույթի շնորհիվ լեփ-լեցուն դահլիճներ է հավաքում կինոթատրոններում, սակայն եկեղեցական մի քանի խմբավորումներ շարունակ բողոքի ակցիաններ են կազմակերպում ֆիլմի ցուցադրման դեմ:
1930թ. Բունյուելը մեկնում է ԱՄՆ՝ պայմանագիր կնքելով հեղինակավոր ¨Metro Goldwyn Mayer¨ կինոընկերության հետ որպես «հետազոտող». այս համագործակցության նախնական նպատակն այն էր, որ Բունյուելը ծանոթանար ամերիկան կինոարտադրության սկզբունքներին ու ոճին: ԱՄՆ-ում Բունյուելը ծանոթանում է Չարլի Չապլինի ու Սերգեյ Էյզենշտեյնի հետ: 1931թ., Իսպանական Երկրորդ հանրապետության հռչակման օրերին, ռեժիսորը վերադառնում է հայրենիք: Հեռանալով սյուրռեալիստների խմբակից՝ համալրում է Կոմունիստական կուսակցության շարքերը: Մադրիդում ու Բարսելոնայում կազմակերպում է «Ոսկեդար»-ի ցուցադրությունները և հեռակա պայմանագիր կնքում¨Paramount Pictures¨-ի հետ:
1933թ. Բունյուելը նկարահանում է «Լաս Ուրդես: հող առանց հացի» փաստագրական ֆիլմը, որտեղ ներկայացնում է Էստրեմադուրայի փոքրիկ թաղամասի գոյատևման պայքարն ու սոցիալական ծանր պայմանները:
1934թ. ռեժիսորը Փարիզում այցելում է Դալիին, որն արդեն ամուսնացած էր Գալայի հետ: Նկարիչն անտարբեր ընդունելության է արժանացնում ընկերոջը. նրանց հարաբերություններն այս ժամանակ ինչ-ինչ պատճառներով արդեն առաջվանը չէին, իսկ այս այցելությունից հետո ընկերներն ավելի են հեռանում միմյանցից: Նույն թվականի հունիսի 23-ին Բունյուելն ամուսնանում է Ժանն Ռուկարի հետ, որի հետ ծանոթացել էր Փարիզում: Զույգը երկու երեխա է ունենում՝ Ժան Լուիսն (ապագա կինոռեժիսոր) ու Ռաֆայելը:
1935թ. Բունյուելը ընկերոջ՝ Ռիկարդո Ուրգոիտիի հետ միասին հիմնում է ¨Filmófono¨ կինոընկերությունը:
Բունյուելի կիսանդրին Կալանդայում |
1936թ. Իսպանիայում բռնկվում է քաղաքացիական պատերազմը (1936-39թթ.), և ֆրանկիստական իշխանությունը բազմաթիվ մտավորականների պես հարվածում է նաև Բունյուելին: Ի տարբերություն Դալիի, որը Ֆրանկոյի ու նացիոնալիստների կողմնակիցն էր, Բունյուելը մինչև վերջ հավատարիմ է մնում Երկրորդ հանրապետությանը: Այնուամենայնիվ, ռեժիսորը տարբեր իրավիճակներում բազմիցս օգնում է Ֆրանկոյի կողմնակից իր ընկերներին:
1941թ. Բունյուելը աշխատանքի է անցնում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում՝ որպես փաստագրական ու հականացիստական ֆիլմերի արտադրության ու գովազդի պատասխանատու: 1943թ. Բունյուելը հեռացվում է աշխատանքից Դալիի ինքնակենսագրական գրքի պատճառով («Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը»), որտեղ նկարիչը Բունյուելին անվանում էր «աթեիստ» ու «ձախակողմյան»: Բունյուելի հեռացումը բացատրեցին նրանով, որ նման հեղինակավոր թանգարանում այդօրինակ հեղինակությամբ մարդը տեղ չէր կարող ունենալ: Նյու Յորքում Բունյուելը հանդիպում է իր արդեն նախկին ընկերոջը՝ Դալիին, և ապարդյուն կերպով բացատրություններ պահանջում: Այս դեպքը վերջնականապես խզում է նրանց հարաբերությունները:
Կյանքի հաջորդ փուլում Բունյուելը, աշխատանքային բարենպաստ պայմաններ փնտրելով, մեկնում է Մեքսիկա: Մեքսիկական շրջանի առաջին ֆիլմը՝ «Մեծն խաղատունը» (1946թ.) լիակատար ձախողում է գրանցում: 1949թ. թե՛ ֆինանսական, թե՛ հոգեբանական ճգնաժամի պատճառով Բունյուելը կինոաշխարհից հեռանալու որոշման եզրին էր, սակայն ռեժիսոր Օսկար Դանսինգերսի կողմից ստացված նոր ֆիլմի առաջարկը փոխում է նրա մտադրությունը: «Մեծն բթամիտը» ֆիլմի հաջողությունը ոգեշնչում է Բունյուելին:
1950թ. նա նկարահանում է «Մոռացվածները» ֆիլմը, որը որոշ առումներով հիշեցնում է «Լաս Ուրդես: հող առանց հացի» աշխատանքը: Սկզբում «Մոռացվածները» դրական արձագանքի չի արժանանում մեքսիկացիների կողմից, քանի որ վառ ռեալիզմով արտացոլում էր արվարձանային, ցածր խավի թշվառությունն ու աղքատությունը, ինչը բարձր խավն ու իշխանությունները չէին ուզում նկատել: Այնուամենայնիվ, 1951թ. Կաննի կինոփառատոնի կողմից ստացած «Լավագույն ռեժիսոր» մրցանակը փոխում է այս ֆիլմի շուրջ հնչող կարծիքների բնույթը՝ նաև համաշխարհային ճանաչում բերելով ֆիլմին: «Մոռացվածները» ներառվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության» ցանկում:
1954թ. Բունյուելը դառնում է Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ: 1955թ. նկարահանում է «Այսպիսին է արշալույսը» ֆիլմը՝ արտահայտելով ամերիկյան ատոմային ռումբերի դեմ իր վերաբերմունքը: Այս տարիներին Բունյուելն ակտիվ կերպով աջակցում էր հակամերիկյան ու հակաֆաշիստական ամսագիր «Ազատ Իսպանիա»-ին: Իր այս գործունեությամբ ռեժիսորը մտնում է ԱՄՆ-ի «սև ցուցակ»: Այնուամենայնիվ, Բունյուելը բազմիցս նշել է, որ ԱՄՆ-ն իր տեսած ամենագեղեցիկ երկիրն է. նա սիրում էր Նահանգները՝ անկախ նրա ղեկավարության վարած քաղաքականությունից:
«Նասարին» |
1958թ. թողարկվում է «Նասարին» ֆիլմը, որն արժանանում է Կաննի «Ոսկե արմավենի» մրցանակի: Ֆիլմի հիմքում ընկած է իսպանական գրականության դասականներից մեկի՝ Բենիտո Պերես Գալդոսի համանուն վեպը: Լեգենդար ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու կարծիքով սա Բունյուելի լավագույն աշխատանքն է:
1961թ. Բունյուելը մեկնում է Իսպանիա՝ նկարահանելու իսպանամեքսիկական համատեղ արտադրության «Վիրիդիանա» ֆիլմը (ըստ Բ.Պ. Գալդոսի «Ալմա» վեպի), որը մեծ աղմուկ է բարձրացնում Կաննում. ինցեստ, սուիցիդ, բռնություն կնոջ նկատմամբ, սրբապղծություն և այլ «արգելված» թեմաների պատճառով Բունյուելը խնդիրներ է ունենում ինչպես ֆրանկիստական իշխանության, այնպես էլ Վատիկանի ու կաթոլիկ աշխարհի այլ ներկայացուցիչների հետ: Այս ֆիլմում Բունյուելը շոշափում է իր սիրելի գաղափարներից մեկը՝ այն համոզմունքը, որը կաթոլիկ ուսմունքը, «սուրբ կյանքը» ոչ այլ ինչ է, քան մարդու բանտարկություն. մարդը զրկվում էր իր բնական վիճակից, բնական կարիքներից՝ գնալով դեպի դանդաղ կործանում: «Վիրիդիանա»-ն Բունյուելի հայրենիքում արգելված էր ընդհուպ մինչև 1977թ.: Գեներալ Ֆրանկոյի մահվանից երկու հետո միայն այն ցուցադրվելու պաշտոնական թույլատվություն ստացավ:
«Հրեշտակ-կործանիչը» |
1962թ. նկարահանվում է «Հրեշտակ-կործանիչը» սյուրռեալիստական դրաման՝ Բունյուելի ամենատպավորիչ աշխատանքներից մեկը: Ֆիլմի սյուժեն ինքնին յուրահատուկ է. Մեխիկոյի բարձր խավի մի քանի ներկայացուցիչներ օպերային ներկայացում վայելելուց հետո հավաքվել են ընթրիքի: Իրենց աշխատանքը կատարելուց հետո տան սպասավորները հեռանում են՝ հյուրերին թողնելով միայնակ ավարտել երեկոն: Ընթրիքի ավարտից հետո հյուրերը աստիճանաբար գլխի են ընկնում, որ անհասկանալի պատճառով չեն կարողանում դուրս գալ հյուրասենյակից, թեև դռներն ամբողջովին բաց են, և ելքը խանգարող ոչ մի բան չկա: Գործողությունների հետագա զարգացումն ապահովում է ֆիլմի առեղծվածային մթնոլորտն ու սպասումը՝ ինչպես է ավարտվելու այս արտասովոր իրավիճակը: Կարևորը, սակայն, ոչ թե սյուժետային հանգուցալծումն է, այլ փակ տարածության մեջ, կրիտիկական վիճակում մարդկային արատների, բուրժուական հարաբերությունների ողջ կեղծիքի բացահայտումն է: Բունյուելը պատկերում է «ազնվական» խավի դեգրադացիան իր ողջ ճոխությամբ:
Բունյուելն ու Կատրին Դենյովը |
1966թ.՝ արդեն ֆրանսիական արտադրության էտապում, Բունյուելը նկարահանում է «Ցերեկային գեղեցկուհի» ֆիլմը՝ Կատրին Դենյովի մասնակցությամբ: Այս ֆիլմում ռեժիսորը կրկին անդրադառնում է բուրժուական կյանքի իրականությանը՝ այս անգամ մի կնոջ կյանքի պատկերմամբ:
1970թ. Բունյուելը կրկին վերադառնում է հայրենիք՝ նկարահանելու «Տրիստանա» ֆիլմը՝ կրկին գեղեցկուհի Կատրին Դենյովի մասնակցությամբ և կրկին Բ.Պ.Գալդոսի վեպի հիման վրա: Սա Բունյուելի ամենահաջողված ու հայտնի ֆիլմերից մեկն է, որի մասին կինոքննադատներից մեկն ասել է. «Գաղթակղության ու վրեժի պատմություն, որն իր դաժանությամբ ու սարկազմով նմանը չունի կինոյի ողջ պատմության մեջ»:
Բունյուելն ու Կ. Դենյովը «Տրիստանա»-ի նկարահանումներին |
1972թ. Բունյուելը նկարահանում է «Բուրժուազիայի համեստ հմայքը» ֆիլմը, որը հաղթող է ճանաչվում Օսկարի «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում: 1974թ.-ին թողարկվում է «Ազատության ուրվականը», որն իրենից ներկայացնում է սյուրռեալիստական պատմությունների մի շարք, որտեղ աշխարհը միանգամայն հակառակ տեսք է ստացել: Ֆիլմի անվանումը կապված է Կառլ Մարքսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»-ի մեջ նշվող «Եվրոպայում թափառող կոմունիզմի ուրվական» արտահայտության հետ: Բունյուելն ինքը խոստովանել է, որ սա իր ամենասիրելի ֆիլմերից մեկն է. «Իմ կարծիքով ֆիլմի գաղափարը հետաքրքիր է:
«Ազատության ուրվականը» |
1977թ. նկարահանվում է «Ցանկության այս անորոշ առարկան»՝ Բունյուելի վերջին ֆիլմը (ըստ Պյեր Լուիի «Կինն ու ծաղրածուն վեպի»): Այս ֆիլմում իսպանացի ռեժիսորը կրկին շոշափում է իր նախընտրելի թեմաները՝ բուրժուական հասարակությունն ու կրոնական դաստիրակությունը՝ անդրադառնալով նաև անպատասխան սիրո կործանիչ ազդեցությանը:
Բունյուելը մահանում է Մեխիկոյում, 1983թ. հուլիսի 29-ին: Մահվան պատճառը քաղցկեղն էր:
Կյանքի վերջին փուլում Բունյուելը լսողության ու տեսողության խնդիրներ ուներ. նա շտապում էր արարել: Այս ամենի արդյունքում վարպետը շարունակում էր իր ուրույն աշխարհում ապրել, մի աշխարհ, «որտեղ չկար Աստված, որտեղ անմեղ կույսերն իրականում անբարո էին, մեղավորներն ընդամենը զոհեր էին, որտեղ սատանան փրկչի կերպարանք ուներ, իսկ փրկիչը՝ չարախինդ ոճրագործի, որտեղ Տեր հայրերն այլասերում էին տարածում, հանգուցյալները շրջում էին ողջերի միջավայրում, մի աշխարհ, որտեղ ոչինչ հստակ չէր, ամեն ինչ անորոշ ու փոփախական էր»: Կինոքննադատները մինչ օրս էլ վիճում են այն հարցի շուրջ, թե Բունյուելի ֆիլմերում որտեղ է վերջանում երազն ու սկսվում իրականությունը: Երբ ռեժիսորին հարցնում էին՝ ինչ է նշանակում իր այս կամ այն սիմվոլը, նա միշտ պատասխանում էր՝ «Ինչ ուզեք», «Իրականությունը բազմակողմանի է. տարբեր մարդկանց համար այն կարող է տարբեր դրսևորումներ ունենալ», «Մեր աշխարհն ինքնին գաղտնիք է»:
70-անց տարիքում Բունյուելը երազում տեսնում է Աստվածամորը. սա մեծ ազդեցություն է թողնում ռեժիսորի վրա. «Ես հստակ տեսա նրան: Նա խոսում էր ինձ՝ երդվյալ աթեիստիս հետ ջերմությամբ լի ձայնով, իսկ կողքից հնչում էր Շուբերտի երաժշտությունը: Ես ապշահար էի՝ արցունքն աչքերիս: Հանկարծ զգացի, թե ինչպես եմ հավատով լցվում: Երբ արթնացա, շարունակում էի շշնջալ՝ «Այո՛, այո՛, Սուրբ Մարիամ, ես հավատում եմ»»: Այս երազը նա արտացոլել էր «Ծիր կաթին» ֆիլմում:
Երբ Բունյուելը վերջնականապես կորցրել էր լսողությունն ու տեսողությունը, երևակայության մեջ ֆիլմ էր նկարահանում, որը միայն ինքը կարող էր տեսնել: Նա պատկերացնում էր, թե ինչպես ճախրում հավերժական խավարի մեջ: Խոր ծերության տարիներին Բունյուելը չէր կորցրել նաև հումորի զգացումը. նա որոշել էր իր մահվանից առաջ տեր հայր հրավիրել, որը պետք է իրեն ու ներկա գտնվող բոլոր աթեիստ ընկերներին օրհներ ու մեղքերի քավություն տար: Այդ ժամանակ ինքը բոլորին հաջողություն կասեր ու կմահանար: Ի վերջո ռեժիսորը հրաժարվեց այս մտաղացումից՝ հասկանալով, որ մահվան մահճում կատակելու ուժ չէր ունենա:
Կյանքի մայրամուտին Լուիս Բունյուելը եկել էր հետևյալ եզրահանգմանը. «Հավատով ու առանց հավատի ապրելու մեջ տարբերությունը մեծ չէ: Ոչ մի իմաստ չկա ապրել մի պարզ աշխարհում, որտեղ բոլորս ծնվում ու մահանում ենք: Ես գտել եմ իմ տեղը. ապրում եմ մի աշխարհում, որը լի է գաղտնիքներով»:
No comments:
Post a Comment