Ռեգգի` հանրամատչելի երաժշտական ժանր, որը ծնունդ է առել Ճամայկայում, 1960-ականների վերջերին և մեծ տարածում գտել 1970-ականների սկզբին: «Ռեգգի» բառի ծագման վերաբերյալ գոյություն ունեցող ենթադրություններից մեկի համաձայն այն սերում է անգլերեն “regged rhythm” բառակապակցությունից, որ նշանակում է «քայքայված ռիթմ»: Մեկ այլ վարկածի համաձայն այս տերմինն առաջացել է «ռեգգա» ցեղի անունից, որը պատկանում էր նեգրոիդ ռասսային ու խոսում «բանտու» կոչվող լեզվով: Երաժշտական աշխարհում «ռեգգի» տերմինն առաջին անգամ գործածվել է 1968թ. “Maytals” խմբի “Do the Reggae” ալբոմի անվան առիթով:
Ռեգգի երաժշտական ժանրը սերտորեն կապված է ռաստաֆարական կրոնի հետ (սկիզբ է առել
Ճամայկայում, 1930-ականներին). այս ժանրի երգերի մեծամասնությունը լի է վերոհիշյալ կրոնափիլիսոփայական ուղղության խորհրդանիշներով ու գաղափարներով:
Ռեգգին միաժամանակ և պարային ժանր է, ինչը հատուկ է աֆրիկյան մշակույթին, որտեղ ռիթմը, պարն ու երաժշտությունը փոխկապակցված են: Այս ոճին հատուկ է «երերվող» ռիթմը և տակտի թույլ հատվածների շեշտադրումը, 4/4 չափը (2-րդ և 4-րդ չափերի ընդգծմամբ): Երաժշտությունը, հիմնականում, տարվում է էլեկտրակիթառով, բաս-կիթառով, հարվածային գործիքներով, երբեմն նաև փողային գործիքներով:
Դեսմոնդ Դեքեր |
20-րդ դարի առաջին կեսին Ճամայկայում երաժշտական ամենատարածված ժանրը մենթոն էր: Այս ժանրն իրենից ներակայացնում էր հոգևոր, ազգային, ինչպես նաև բանվոր դասակարգի շրջանում տարածված երգերի խառնուրդ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կղզի են ներթափանցում երաժշտական նոր ոճեր, հիմնականում` ԱՄՆ-ից: Սա կապված էր առաջին հերթին ռոդիոընդունիչների մասսայական օգտագործման հետ: Ճամայկայի բնակիչներին հասանելի դարձավ արտասահման երաժշտությունը: Վերջիններս հատկապես սիրեցին ռիթմնբլյուզի ներկայացուցիչներին, այդ թվում` Բո Դիդլիին, Ֆեթս Դոմինոյին, Լուիս Ջորդանին, Ջեյմս Բրաունին: Աստիճանաբար կղզում տարածում են գտնում նաև ռոքնռոլի կատարողներ Չաք Բերրին, Լիթլ Ռիչարդը և ուրիշներ:
1950-ականներին Ճամայկայում տարածվում է «Ճամայկական
սաունդ-սիսթեմ» անվանումը ստացած երևույթը: Բանն այն է, որ կղզու բնակչության զգալի մասը չուներ ռադիոընդունիչ կամ մագնիտոֆոն ձեռք բերելու հնարավորություն: Ստեղծարար միտք ունեցող ճամայկացիների մի խումբ բավականին ուժեղ հնչողությամբ երաժշտական մագիտոֆոններ է «ստեղծում» և սայլի վրա դրանք տեղադրելով` հասցնում է կզղու տարբեր ծայրերում ապրող բնակիչներին` միաժամանակ կազմակերպելով անակնկալ դիսկոտեկներ ու այլ միջոցառումներ: Արդեն 1950-ականների վերջին այս սարքավորումների տերերը սեփական երաժշտական ստուդիաներ են բացում, որտեղ տեղի երաժիշտները ձայնագրվելու հնարավորություն են ստանում: Ահա այսպես է սկսում զարգանալ ճամայկական արտադրության երաժշտությունը, որի կենտրոնը դառնում է երկրի մայրաքաղաք Քինգսթոնը:
''The Upsetters'' |
Շուտով ամերիկյան ռիթմնբլյուզի ազդեցությամբ ճամայկացիները ստեղծում են երաժշտական նոր ոճ, որը ստանում է «սքա» անվանումը: Այս ոճն արդեն շատ նման էր ապագա ռեգգիին: 1960-ականների սքայի, գոսպելի ու սոուլի խառնուրդը ծնունդ տվեց տեղական մեկ այլ ոճի` ռոք-սթեդիին, որը անմիջականորեն ծնունդ էր տալու ռեգգիին: Ռոք-սթեդին գրեթե նույն ռեգգին էր. միակ նկատելի տարբերությունն այն է, որ այն մի փոքր ավելի արագ ռիթմ ուներ: Ռոք-սթեդիի հիմնական լսարանը Ճամայկայի աղքատ թաղամասերի երիտասարդությունն էր:
1960թ. երկրորդ կեսին Ճամայկայի հիթ-շքերթների առաջատարների շարքում էին ‘’Untouchables’’, ‘’Maytals’’, ‘’Maytones’’, ‘’Slickers’’ և ‘’Heptones’’ խմբերը, իսկ անհատ կատարողներից մեծ հաջողություն էին վայելում Դեսմոնդ Դեքերը, Դելրոյ Ուիլսոնը և Էլթոն Էլլիսը: Այս օրերին ճամայկական երաժշտությունը սկսում է ներթափանցել ԱՄՆ և Եվրոպա:
Շուտով ռոք-սթեդին ոճային փոփոխություն է կրում` դառնալով ավելի դանդաղ և ավելի մեծ դեր հատկացնելով էլեկտրակիթառին: Այսպես է ծնունդ առնում ժամանակակից ռեգգին:
Բոբ Մարլին և ''The Wailers'' խումբը |
ԱՄՆ-ում սևամորթների պայքարն իրենց իրավունքների համար անդրադառնում է նաև ճամայկացիների մտածելակերպի ու մշակույթի վրա: Սկսում են գրվել հեղափոխական տեքստերով երգեր, որոնցում դժգոհություն է արտահայտվում ռասսայական խտրականության դեմ: Ռեգգին ավելի ու ավելի է իր բովադակությունը համալրում ռաստաֆրիկական սիմվոլիկայով ու աստվածաշնչյան կերպարներով:
No comments:
Post a Comment