Monday 15 January 2018

«Հադեսն առևանգում է Պերսեփոնեին»


«Հադեսն առևանգում է Պերսեփոնեին» (որմնանկար, մ.թ.ա. 4-րդ դար)
Վերգինա, Հունաստան 

Saturday 13 January 2018

«Մեծ լռություն»


«Մեծ լռություն» (դրամա՝ 2 գործողությամբ)
Ըստ Պերճ Զեյթունցյանի համանուն ստեղծագործության
Երևանի՝ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Բեմադրությունը՝ ՀՀ Ժողովրդական արտիստ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր Արմեն Խանդիկյանի
Դերերում՝ Արտաշես Մխիթարյան, Նարինե Պետրոսյան, Բաբկենն Չոբանյան, Ռոբերտ Հարությունյան, Գրիգոր Գաբրիելյան, Արմեն Բարսեղյան: 









Friday 5 January 2018

«Պոեզիա»


«Պոեզիա» ("Shi", 2010թ., Հարավային Կորեա)
Ռեժիսոր՝ Լի Չհան-դոն 
Դերերում՝ Յուն Ջոն-հի, Լի Դևիդ:







Thursday 28 December 2017

«Եռանկյունի»


«Եռանկյունի» (1967թ., ԽՍՀՄ)

Սցենարի հեղինակ՝ Աղասի Այվազյան
Բեմադրող ռեժիսոր ՝ Հենրիկ Մալյան
Դերերում՝ Արմեն Ջիգարխանյան, Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան, 
Պավել Արսենով, Զուրաբ Լապերաձե:









Tuesday 9 May 2017

«Թռչում են կռունկները»


«Թռչում են կռունկները» («Летят журавли», 1957թ., ԽՍՀՄ)
Ռեժիսոր` Միխայիլ Կալատոզով
Դերերում` Տատյանա Սամոյլովա, Ալեքսեյ Բատալով, Վասիլի Մերկուրև:














Wednesday 26 April 2017

Կառլոս Սաուրա

Կառլոս Սաուրա (ծնվ. է 1932թ.-ին)`իսպանացի ռեժիսոր, լուսանկարիչ և գրող, իսպանական կինոյի ամենայուրօրինակ վարպետներից մեկը:

Ուշագրավ է, որ Սաուրայի անունն ավելի հայտնի է պարարվեստով հետաքրքրվողների, քան կինոսերների շրջանակներում: Ոչ բոլորին է հայտնի, որ արագոնցի ռեժիսորը նաև «սովորական» պատմողական ֆիլմեր է նկարահանել և որ 70-ականներին դասվել է ինտելեկտուալ կինո ստեղծող ռեժիսորների շարքին՝ մշտապես մասնակցելով միջազգային տարբեր կինոփառատոններին: 

Այն կապը, որ կարող է ստեղծվել ռեժիսորի և երաժշտության միջև, շատ բազմազան է` որևէ հուզիչ դրվագին առավել արտահայտչականություն հաղորդելուց մինչև ֆիլմը երաժշտության վրա կառուցելը: Կան նաև այնպիսի ռեժիսորներ, որոնք նախընտրում են «նկարահանել երաժշտությունը»: Կառլոս Սաուրան, վերջիններիս շարքում է:

«Կարմեն»
Ինչպես նշում է ինքը՝ ռեժիսորը, «ոչ միայն երաժշտությունը պետք է ուժեղացնի պատկերը, այլ նաև պատկերը պետք է մեծացնի երաժշտության արտահայտչականությունը»: 

Սաուրայի պարային (և ոչ միայն պարային) ֆիլմերը այդպես էլ իրենց հստակ ժանրային դասակարգումը չգտան: Այս փաստը ևս մեկ անգամ ընդգծում է նրա ոճի ինքնատիպությունը: Սաուրան միշտ հավատացել է երաժշտության մոգական ուժին. այն կարող է իրական հույզեր առաջացնել ցանկացած մարդու մոտ՝ անկախ ազգային պատկանելությունից: Հենց սա է երաժշտության գլխավոր ուժը. այն ունիվերսալ է: Սաուրան իր ֆիլմերն ուղղում է թե՛ իր ֆոլկլորին անծանոթ, թե՛ իսպանական մշակույթին քաջատեղյակ հանդիսատեսին: Առաջինը զուտ հուզական կոնտակտ է ունենում հնչող երաժշտության ու կատարվող պարի հետ, մինչդեռ երկրորդը խորապես զգում է ֆիլմի հիմքում ընկած արվեստն իր բոլոր դրսևորումներով: 
Սաուրան և Ջերալդին Չապլինը

Սաուրայի ֆիլմերի էությունը կայանում է ոչ միայն պարերի սուբյեկտիվ ընկալման, այլ նաև ստեղծարար ոգու, արտասովոր էսթետիկ ներգործության մեջ, որի շնորհիվ կերպարները թարգմանում են իրենց լեզուն ամբողջ աշխարհին՝ փոխանցելով և՛ ուրախություն ու ցնծություն, և՛ ցավ ու թշվառություն: 

Այնուամենայնիվ, Սաուրայի տաղանդը Իսպանիայում միանշանակ չի ընդունվել: «Իմ ֆիլմերն այնքան գնահատված են արտասահմանում, որքան մերժված են հայրենիքիս սահմաններում: Ինձ բախտ է վիճակվել բարձր գնահատանքի արժանանալ Կաննի, Բեռլինի կինոփառատոններում, ԱՄՆ-ում, սակայն Իսպանիայում երբեք նույն ընդունելությանը չեմ արժանացել: Չեմ կարող տրամաբանական բացատրություն տալ այս երևույթին, այն ընդունում եմ որպես փաստ և չեմ թաքցնում, որ դա տխրեցնում է ինձ»,-մի առիթով նշել է ռեժիսորը: 

«Ֆլամենկո, Ֆլամենկո»

Սաուրան ինքնակամ պերիֆերիայի դիմելու վարպետ է. պարի մասին ֆիլմը, կարծես, այդքան էլ ֆիլմ չէ: Այն կարող է համարվել նաև հեռուստաներկայացում կամ ֆիլմ-համերգ: Բացի այդ, բեմադրողը կարծես հրաժարվում է հեղինակի իր կոչումից (ռեժիսորների մեծամասնության համար կարևորագույն «պաշտոն»): Չէ՞ որ երաժիշտների ու հատկապես պարողների դերը նման ֆիլմերում պակաս մեծ չէ: Սակայն այս ամենը միայն թվում է: Ռեժիսոր Ռոբերտ Ուայզը մի առիթով նշել է, որ Սաուրան ստեղծել է մի նոր ժանր, և ինքն այդ ժանրի միակ ներկայացուցիչն է: Այն կարելի է անվանել մյուզիքլ, սակայն ամերիկյան մյուզիքլների հետ Սաուրայի աշխատանքները ոչ մի կապ չունեն: Պարերով ֆի՞լմ թե՞ պարեր ֆիլմի մեջ: Միգուցե դոկումենտա՞լ ֆիլմ: Սաուրայի ֆոլկլորային մյուզիքլները որևէ ժանրի վերագրելը շատ բարդ է: Չնայած թվացյալ միակողմանի ուղղվածությանը, դրանք համադրական բնույթ ունեն: Միայն ֆլամենկոն արդեն իսկ իր մեջ ներառում է երաժշտություն, պար ու պոեզիա: Սաուրան այս տարրերին ավելացնում է նաև գեղանկարչությունը. «Ֆլամենկո, ֆլամենկո»-ում, օրինակ, հետին պլանում կարելի է կտավներ տեսնել: Եվ վերջապես, նա այս ամենը հանձնում է տեսախցիկին՝ վերածելով ֆիլմի: 

Սաուրան` «Որս»-ի նկարահանման հրապարակում
Փորձելով անդրադառնալ Սաուրայի ամենաուշագրավ գործերից մի քանիսին` սկսենք «Որս» ֆիլմից: 1966թ. նկարահանված այս ֆիլմը համարվում է այսպես կոչված «Իսպանական նոր կինոյի» հիմնարար տարրերից մեկն ու Սաուրային ճանաչում բերած առաջին գործը: «Նկարահանման համար անհրաժեշտ գրեթե ոչինչ չունեինք: Նույնիսկ պատշաճ լուսավորություն չկար»,-հիշել է ռեժիսորը: 

«Որս»-ի մասին խոսելիս Սաուրան սիրում է հիշել Լուիս Բունյուելի հետ կապված զվարճալի մի դեպք: Իսպանական սյուրռեալիզմի ամենանշանավոր վարպետը, ում անունը դեռ շատ ենք շոշափելու Սաուրայի մասին խոսելիս, շատ էր հավանել «Որս»-ը և ցանկացել էր նաև սցենարը կարդալ: Վերցնելով թուղթը՝ ռեժիսորը զայրացել էր. «Բայց այստեղ գրեթե ոչինչ չկա գրված»: Այո՛, ֆիլմի սյուժեն չի կարելի հարուստ անվանել, բայց միայն իրապես տաղանդավոր ռեժիսորին հատուկ վարպետությամբ Սաուրան կարողացել է ֆիլմում աննկատ կերպով շոշափել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են քաղաքացիական պատերազմը, բռնապետության ճիրաններում հայտնված հասարակության անկումը, ընկերության ողբերգական պայքարը տարիների դեմ և այլն: Սա այն ֆիլմերից է, որ «օրենքով» չպետք է դուրս պրծներ իսպանական կառավարության բարոյապաշտական հսկողությունից: Ֆիլմի նկարահանող անձնակազմը գրեթե համոզված է եղել, որ «Որս»-ը երկար կյանք չի ունենա ու դատապարտված է ոչնչացման: 

«Որս»
Այս շրջանում իսպանական կինոն մեկուսացած էր ոչ միայն ամբողջ աշխարհից, այլև իրենց իսկ՝ իսպանացիների իրականությունից: Այնուամենայնիվ, այս մեկուսացումը չխանգարեց Սաուրային «Որս»-ում ռեժիսորական լավագույն աշխատանքի համար «Արծաթե արջ» մրցանակի արժանանալ Բեռլինում: «Պազոլինին (ով ժյուրիի կազմում էր) ինձ վստահեցնում էր, որ արժանի էի այդ մրցանակին, սակայն համոզված չեմ դրանում»,-նշել է ֆիլմի հեղինակը: 

Սաուրան նկարահանման հրապարակն իր արտիստների համար վերածում է պատրանքի անսպառ տարածության: Պատի վրա նկարված երկինքն ու արևը, Խուլիո Ռոմերո դե Տոռեսի կտավները, անդալուսյան պանդոկների տեսարանները ամբողջանում են հարավի այն կերպարի մեջ, որ միշտ դեպի իրեն է կանչել հյուսիսային Արագոնում ծնված Սաուրային: Կամ միգուցե սա այն հարավի մասին հիշողությունն է, որ նա երբեք չէր տեսել: 

Սաուրան և Լուիս Բունյուելը
Երազներն ու պատրանքները իսպանական կինոյում առաջին հերթին ասոցացվում են Բունյուելի հետ: Սաուրան «երազների ճարտարապետի» հետ ընկերացել էր դեռ 60-ականներին: Բունյուելը նույնիսկ էպիզոդիկ դեր է խաղացել Սաուրայի առաջին ֆիլմերից մեկում: Հենց նրան է Սաուրան նվիրում «Անանուխի կոկտեյլ սառույցով» (1967) ֆիլմը, որի շրջանակներում ռեժիսորն առաջին անգամ աշխատում է Ջերալդին Չապլինի հետ, ով առաջիկա տասը տարիների ընթացքում դառնալու էր նրա անփոխարինելի դերասանուհին, մուսան. գործընկերն ու կինը: Այս ֆիլմը նշանավոր է նաև նրանով, որ առաջին համագործակցության առիթն է ստեղծում արդեն իսկ հայտնի սցենարիստ Ռաֆայել Ասկոնայի հետ: «Անանուխի կոկտեյլ»-ի հակահերոսը Ասկոնայի սցենարներին շատ բնորոշ կերպար է. գործողությունների կենտրոնում ճգնաժամ ապրող միջին տարիքի ամուրի տղամարդ է, ում սեփական իմպուլսները պայքար են մղում «Սուպեր Էգոյի» հետ:
«Անանուխի կոկտեյլ սառույցով»
Խուանը պահպանողական է և հավատացյալ՝ հակված նևրոզի և հոգեկան խանգարման:
Չկարողանալով գերել դպրոցական ընկերոջ հարսնացուին՝ էմանսիպացված Էլենային, նա սիրավեպ է սկսում իր օգնականուհու հետ: Այս երկու կանանց մարմնավորում է Ջերալդին Չապլինը, բայց ոչ ոք, բացի Խուանից, նրանց միջև նմանություն չի տեսնում, նույնիսկ երբ նրանք նույն կադրում են հայտնվում: Այս սցենարի մեջ անհնար է չնկատել Հիչքոքի «Գլխապտույտ»-ի (1958) ազդեցությունը: 


Սաուրայի ու Ասկոնայի մյուս համագործակցությունը տեղի է ունենում «Զարմուհի Անխելիկան» (1974) ֆիլմի շրջանակներում: Չենք կարող նորից չհիշել Բունյուելին. Սաուրայի աշխատանքին մշտապես հետևող ռեժիսորն այնքան էր հավանել այս ֆիլմը, որ, իր իսկ խոսքերով, կցանկանար ինքը նկարահանել այն: Ֆիլմը ներկայացնում է 45-ամյա Լուիսի պատմությունը, որը, Բարսելոնայից վերադառնալով իր հարազատ գյուղ, ակամա վերապրում է զարմուհու նկատմամբ տածած պատանեկան սերը: Սերն ու քաղաքականությունը, անցյալն ու ներկան, հին ու նոր կերպարները միախառնվում են Լուիսի գլխում՝ ասես ջնջելով ժամանակների միջև եղած անտեսանելի սահմանը: 


«Զարմուհի Անխելիկան»
«Զարմուհի Անխելիկան» համարվում է մասամբ ինքնակենսագրական գործ. քաղաքացիական պատերազմի բռնկվելու ժամանակ Սաուրան չորս տարեկան էր: Միգուցե սա է այն խթաններից մեկը, որը վերջինիս թույլ է տվել ֆրանկիստական խստաբարո Իսպանիայում նկարահանել մի ֆիլմ, որն այսքան հասուն ու խորը կերպով երկկողմանի (տղամարդ-երեխա) տեսանկյունից արտացոլում է ոչ միայն պատերազմի, այլև հիվանդ, կարծես գազով թունավորված հիշողության ամբողջ սարսափը: Հակագազերով դրվագը համարվում է ֆիլմի ամենաուժեղ այլաբանությունը. Սաուրան վառ կերպով պատկերում է «համընդհանուր զառանցանքը»: Այս ֆիլմում հիշողության թեման շատ ավելի յուրահատուկ է մատուցվում. Սաուրայի նախորդ երկու աշխատանքները, կարծես, նախապատրաստում էին «Զարմուհի Անխելիկա»-ին: Այսպես, «Բույն» ֆիլմում (1969) Չապլինի հերոսուհու համար տատիկի կահույքը դառնում է հիվանդագին հիշողությունների կատալիզատոր: «Հաճույքների այգում» (1970) միլիոնատեր հերոսը տառապում է կատանոնիայով, և բարեկամները փորձում են բուժել նրան փսիխոդրամայի միջոցով՝ վերստեղծելով մանկության տարիներին (կրկին քաղաքացիական պատերազմի շրջանում) ունեցած տրավմատիկ դրվագները: 

«Կերակրի՛ր ագռավին»
Խոսելով Սաուրայի դասական շրջանի մասին՝ չի կարելի չանդրադառնալ այս էտապի թերևս ամենահայտնի ֆիլմին՝ «Կերակրի՛ր ագռավին» (1975), որը համարվում է նրբագեղ ու սուր մի այլաբանություն՝ ուղղված Իսպանիայի ամենահայտնի բռնապետի՝ Ֆրանսիսկո Ֆրանկոյի կառավարմանը: Սաուրան կարծես կանխագուշակում է բռնապետության մոտալուտ անկումն ու Ֆրանկոյի մահվանից օրեր առաջ թողարկում այս ֆիլմը: 

Լինելով Սաուրայի ամենավառ այլաբանական դրամաներից մեկը՝ այս ֆիլմն ունի շքեղ սիմվոլիկա: Սաուրան, որպես Ֆրանկոյի խիստ ռեպրեսիվ կառավարության զավակ, «թերաճ» էր թե՛ էմոցիոնալ, թե՛ քաղաքական դաշտում: Այս սերունդն ավերիչ քաղաքական պատերազմ տեսնելուց հետո կորցրել էր իր անմեղությունը, և պատերազմի հետևանքները միայն ավելի հիասթափեցրին այն մարդկանց, ովքեր դեռ հուզական կապ ունեին անցյալի հետ ու մտադրվել էին ապստամբել Ֆրանկոյի դեմ: Սա է պատճառը, որ կուտակված ողջ դառնությունն ու հուսախաբությունը բռնապետական ռեժիմի տարիներին հնարավոր էր արտահայտել միայն արվեստի, ավելի կոնկրետ՝ զգուշորեն մշակված սիմվոլների միջոցով: «Կերակրի՛ր ագռավին» ֆիլմում ամենաակնհայտ սիմվոլը երեխաների զինվորական հայրն է, որը խորհրդանշում է գեներալ Ֆրանկոյին: Երեխաների տատիկն այն «լուռ իմաստության» սերունդն է, որը գոյատևեց Ֆրանկոյի վարչակարգը: Հաշմանդամի սայլակին գամված տարեց կինը կամ երկար դիտում է ընտանեկան հին լուսանկարները կամ պարզապես հայացքն ուղղում է դեպի դատարկություն: Նրա լռությունը խորհրդանշում է խոսքի ազատության ու քաղաքական ազատ կողմնորոշման իրավունքի բացակայությունը: Երեք քույրերը ներկայացնում են Ֆրանկոյի ռեժիմի տակ ապրող ժողովրդին, իսկ ընտանիքի մայրը՝ այն Իսպանիան, որը քայքայվեց ֆաշիստական վարչակարգի հետևանքով: 

«Կերակրի՛ր ագռավին»
«Կերակրի՛ր ագռավին»-ը շատերը համարում են հենց ֆիլմ երեխաների մասին, այն երեխաների, ովքեր անդառնալի կորցրին իրենց մանկությունն ու անմեղությունը՝ ներքաշվելով «մեծերի աշխարհի» դաժան իրականության մեջ: Արդյունքում այդ մանուկներին անգամ չսովորեցրին տարբերել լավի ու վատի, կյանքի ու մահվան, իրականի ու երևակայականի միջև սահմանը:

Երեխաներն այնքան ապականված են, որ նույնիսկ հասարակ խաղի ժամանակ բեմադրում են ամուսնու ու կնոջ միջև դրամատիկ տարաձայնություն. սա, իհարկե, բխում է այն վեճերից, որ քույրերը լսել են իրենց իսկ տանը: 

«Կերակրի՛ր ագռավին»
Ֆիլմի վերնագրի հիմքում ընկած է «Կերակրի՛ր ագռավին, և նա կհանի քո աչքերը» իսպանական ժողովրդական ասացվածքը՝ նկատի ունենալով երեխաների՝ վրեժի ու ինքնաոչնչացման ենթագիտակցական հակումը: Պաուլինա մորաքույրը Աննայի մեջ ինչ-որ սև, չար բան է տեսնում՝ նման այն ագռավին, որը պատրաստ է ուրանալ ամեն ինչ ու վնասել իրեն կերակրողին: Այնուամենայնիվ, Սաուրան մեկ այլ խորհրդանիշ է թաքցրել այս վերնագրի մեջ. մոր մահվան համար վրեժ լուծող Աննան կարող է ընկալվել որպես մահվան լուր բերող հրեշտակ, որը հանդես է գալիս որպես մարգարե՝ մատնանշելով իրական «չար ագռավին», որը ոչ թե մեկ մարդու, այլ մի ամբողջ ժողովրդի է կործանման դատապարտել: 

Արդեն իսկ «Զարմուհի Անխելիկա»-ում Սաուրան դիմել էր մոր ու աղջկան որպես մեկ անհատի ներկայացնելու հնարքին, որն առավել արտահայտիչ դարձնելու համար ռեժիսորը նույն դերասանուհուն նկարահանում է և՛ մոր, և՛ հասուն աղջկա դերում: Նույնը կարելի է տեսնել «Կերակրի՛ր ագռավին» ֆիլմում, որտեղ Ջերալդին Չապլինը մարմնավորում է Աննայի մորն ու հասուն Աննային: 

Այս ֆիլմը հաճախ համեմատում են իսպանական կինոյի մեկ այլ վարպետի՝ Վիկտոր Էրիսեի «Փեթակի ոգին» ֆիլմի հետ, որտեղ գլխավոր հերոսուհուն մարմնավորում է նույն Անա Տոռենտը: «Ես չեմ հավատում, որ մանկությունը դրախտ է ու անմեղության շրջան: Մանկությունն իմ մեջ տպավորվել է որպես անսահման երկար, թախծով ու վախով լի էտապ»,-ասում է հերոսուհին «Կերակրի՛ր ագռավին» ֆիլմում: Սաուրայի հերոսների համար մանկությունն անորոշության, անպատասխան հարցերի, լիակատար կախվածության շրջան է: 

«Էլիզա, իմ կյանք»
Ինչպես այլաբանությունների, այնպես էլ վառ ռեալիզմի տենդենցը Սաուրան ժառանգել է իսպանական բառոկոյից: Պեդրո Կալդերոնի «Կյանքը երազ է» պիեսի վերնագիրը Սաուրան կարող էր դարձնել իր ստեղծագործական կարգախոսը: «Էլիզա, իմ կյանք» (1977) ֆիլմում գլխավոր հերոսուհու հայրը` գյուղի ուսուցիչ Լուիսը, դպրոցական թատրոնում բեմադրում է Կալդերոնի «Աշխարհի մեծն թատրոն»-ը: Ֆիլմը սկսվում է Լուիսի ձայնով, ով կարդում է Էլիզայի անունից գրված մենախոսությունը: Հայրը դստերը չի տեսել 20 տարի. Էլիզան նրա համար արդեն հորինված կերպար է դարձել: Այս ֆիլմում կրկին հանդիպում ենք Սաուրայի սիրելի հնարքին. Էլիզային և նրա մորը մարմնավորում է նույն Ջերալդին Չապլինը, իսկ մանուկ Էլիզային` Անա Տոռենտը: Ֆիլմի սյուժետային լաբիրինթոսը հանգուցալուծվում է այնտեղ, որտեղ կազմավորվել էր` հիշեցնելով Բերգմանին և Բորխեսին: Պատահական չէ, որ այս ֆիլմից 15 տարի անց Սաուրան էկրանավորում է արգենտինացի մեծն գրողի «Հարավ» նովելը: Այս անգամ խոսքը գնում է Արգենտինայի մասին, սակայն իրականություննը միանգամայն նույնն է: Գրքում հերոսը գնացքում «Հազար ու մեկ գիշերներ»-ն է կարդում, իսկ ֆիլմում` Բորխեսի ժողովածուն: «Ամեն ինչ լայնարձակ էր, բայց միևնույն ժամանակ՝ մտերիմ և ինչ-որ ձևով խորհրդավոր: Մենությունը կատարյալ էր, գուցե և թշնամական, ու Դալմանի մտքով անցավ, որ ինքը ոչ միայն հարավ, այլև դեպի անցյալ է ճամփորդում»,-գրում է Բորխեսը: 

«Յոթերորդ օրը»
Հարավն այն վայրն է, որտեղ լեգենդները վերակենդանանում են: «Յոթերորդ օրը» (2004) ֆիլմում Սաուրան պատմում է արյան վրեժի` այդ բարբարոսական սովորույթի մասին, որը լայն տարածում ուներ ընդհուպ մինչև 20-րդ դարի վերջը: Ռեժիսորի ժամանակային հերթական պարադոքսը կայանում է նրանում, որ միջնադարյան պատմությունը կատարվում է մերօրյա աշխարհում (1992թ., Իսպանիայի հարավ-արևմուտքում գտնվող Բադախոս շրջանում): Սաուրան մանրամասնորեն պատկերում գյուղի առօրյան ու բարքերը, որոնք հին մի վեպի սյուժե են հիշեցնում: 

«Բունյուելն ու Սողոմոն արքայի սեղանը»
21-րդ դարում Սաուրան այլ մեկնաբանություն է տալիս բունյուելյան թեմաներին՝ կարծես պակաս լրջությամբ մոտենալով դրանց: Նոր դարաշրջանը ռեժիսորը բացում է մի ֆիլմով, որտեղ նրա ընկերն ու ուսուցիչը դառնում է գործող կերպար: «Բունյուելն ու Սողոմոն արքայի սեղանը» (2001) ներկայացնում է բավականին տարօրինակ մի պատմություն. Բունյուելն իր երկու անբաժան ընկերների՝ Դալիի ու Լորկայի հետ ուղևորվում է Տոլեդո՝ գտնելու հնագույն գանձերն ու համոզվելու վաղեմի լեգենդի ճշմարտացիության մեջ: 

Այս ֆիլմի՝ արկածային ժանրին պատկանելու ու այդ ժանրը երգիծանքի ենթարկող բնույթի միջև անորոշ սահմանը, միգուցե, դարձավ դրա ձախողման գլխավոր պատճառը: Թեև գործը հաջողված համարել չի կարելի, Սաուրան բազմիցս նշել է, որ այս ֆիլմն իր «սիրելի զավակն» է: 


  
«Ֆլամենկո, Ֆլամենկո»

2010թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆլամենկոն հռչակում է համաշխարհային ոչ նյութական ժառանգության արժեք: Նույն թվականին թողարկվում է Սաուրայի «Ֆլամենկո, ֆլամենկո» ֆիլմը՝ անդալուսյան պարային համարների խառնուրդ և 1995թ. նկարահանած «Ֆլամենկոյի» յուրօրինակ սիքվել: 

2016թ. Սաուրան նկարահանում է «Խոտա» ֆիլմը՝ նվիրված իսպանական նույնանուն ազգային պարին ու երաժշտությանը: «Եթե չնկարահանեի խոտային նվիրված ֆիլմ, հայրենիքումս ինձ մի օր կսպանեին»,-հարցազրույցներից մեկի ընթացքում կատակել է ռեժիսորը: «Երբ ավարտեցի «Ֆլամենկոն», բոլորը շատ գոհ էին, բայց անմիջապես սկսեցին հարցնել, թե երբ եմ անդրադառնալու մեր սիրելի խոտային: Այն բոլորիս արյան մեջ է, բայց բացի ազգային պար լինելուց, խոտան պրոֆեսիոնալ պարողների կատարմամբ վերածվում է եզակի, ապշեցուցիչ, գեղեցկագույն ու դիտարժան մի երևույթի»: Խոսելով «Խոտայի» մասին՝ Սաուրան հույս է հայտնել, որ իր ֆիլմի շնորհիվ այս պարը ճանաչում ձեռք կբերի Իսպանիայի սահմաններից դուրս, ինչպես տեղի ունեցավ «Ֆլամենկոյի» դեպքում: 

«Կինոն ինձ համար արկած է. երբեք չես կարող իմանալ, թե ինչ է քեզ սպասվում, և հատկապես այս ժանրում: Պարային համարները, բնականաբար, նախապես բեմադրվում են, սակայն միշտ փորձում եմ պարողներին ազատություն տալ ու թողնել, որ ինքնաբուխ շարժումները բնազդաբար ձուլվեն սցենարին: Եթե կինոն արկած չէ, այն չի կարող կինո կոչվել»: 

Որպես ամփոփում նշենք, որ Կառլոս Սաուրան, անկասկած, իսպանական կինոյի ամենաինքնատիպ դեմքերից մեկն է: Միայն իրեն բնորոշ ձեռագրով վարպետը կարողանում է մեկ ֆիլմի միջոցով ներկայացնել պատմական մի ամբողջ շրջան` պատկերը համեմելով հարուստ այլաբանություններով ու սիմվոլներով, իսկ գրեթե բոլոր ֆիլմերում առկա մելամաղձոտ ու հուզական երաժշտությունը մեզ ուղեկցում է դեպի հիշողությունների, մանկության ու թախիծի մի աշխարհ: