Monday, 4 August 2014

Միգել դե Սերվանտես «Դոն Կիխոտ»

   
Միգել դե Սերվանտեսի «Դոն Կիխոտ»վեպը հանդիսանում է Արևմտյան Եվրոպայի առաջին մեծածավալ վեպը, որից, ինչպես նշում է Բելինսկին, «...սկիզբ է առել ժամանակակից եվրոպական վեպը»: 
Վեպը բաղկացած է  երկու մասից. առաջին գիրքը լույս է տեսել 1605թ.  (բաղկացած է 57 գլխից), երկրորդը՝  1615թ. (բաղկացած է 74 գլխից): Վեպը սկսվում է նախաբանով, որտեղ հեղինակը բացատրում է իր նպատակը և  վեպը  գրելու դրդապատճառները: Դրան հաջորդում են ինը սոնետները:
Վեպում պատկերված է ասպետականության այն դարաշրջանը, երբ ասպետները  պայքարում էին ոչ թե հանուն իրենց հայրենիքի, ինչպես դա անում էին միջնադարյան ասպետները, այլ՝ հանուն իրենց ստեղծած հորինված աշխարհի, հանուն երևակայական սիրած էակի: «Դոն Կիխոտ» վեպը հենց այդ դարաշրջանի սատիրական պատկերն է, որով Սերվանտեսը ոչ միայն հեղինակազրկում է ասպետական վեպերը, այլև ուղղակի սպանում դրանք: Եվ պատահական չէ, որ «Դոն Կիխոտ»-ից հետո այլևս ասպետական վեպեր չեն գրվում: Ծաղրելով ասպետական վեպերի անհեթեթություննները՝ նա առաջադրում է ռեալիզմի պահանջ, գտնելով, որ «գրականությունը պետք է լինի մարդկային կյանքի հայելին, ճշմարտության պատկերը»:
Այս վեպը մի հանրագիտարան է, որտեղ լայն կտավի վրա պատկերված է  տվյալ ժամանակաշրջանի Իսպանիայի կյանքը, արատավորված իրականությունը, վեպում հանդիպող բազմաթիվ հերոսների նյութական շահի ձգտումը: Սա անողոք քննադատություն  է ուղղված   թե՛ ֆեոդալական, թե՛ բուրժուական դասակարգերին:
Վեպում կոմիկականն ու ողբերգականը միաձուլված են իրականության հետ: Չէին գնահատվում նրանք, ովքեր բարձրաձայնում էին իրականությունը, քանի որ իշխանավորներին պետք էին փակ աչքերով ապրող, մեխանիզմի վերածված խելագարներ: Սերվանտեսը ստեղծում է Դոն Կիխոտին՝ իրականությունը չտեսնող  խելագար ասպետի կերպարը, որը, սակայն, վեպի վերջում իր մեջ կրելու էր մի ամբողջ ողբերգություն, քանի որ սթափվում է, ազատվում ասպետականության ազդեցությունից, դառնում բանական միայն այն ժամանակ, երբ մահվան շեմին էր, երբ հասկանում էր, որ անիմաստ է ապրել իր կյանքը, սակայն արդեն չկար հետդարձի ճանապարհ:
 
Տարվելով ասպետական վեպերի ընթերցանությամբ՝ Դոն Կիխոտը լրջորեն որոշում է դառնալ թափառող ասպետ: Նրա երևակայության մեջ պատկերվում են մարտեր, արկածներ, ասպետական սխրագործություններ: Նա նայում էր իրականությանը այնպես, ինչպես պատկերված էր ասպետական վեպերում՝ չցանկանալով նկատել, որ ժամանակները փոխվել են, որ այլևս չկան թափառող ասպետներ: Պանդոկը նրան թվում է դղյակ, հողմաղացները՝ հսկա հրեշներ, ոչխարի հոտը՝ հակառակորդի զորք, թեթևաբարո կանայք՝ ազնվազարմ  օրիորդներ: Նա փորձում էր պաշտպանել ճնշվածներին, երկրի երեսից վերացնել բռնությունն ու անարդարությունը: Իր այդ պայքարի մեջ նա միշտ անհաջողության էր մատնվում, ծաղրուծանակի ենթարկվում, բայց  երբեք չէր  հուսահատվում, չէր հրաժարվում իր նպատակներից: Նրան հակադրվում է իր զինակրի՝ Սանչո Պանսայի կերպարը: Վերջինս ժողովրդի, հասարակ ու չքավոր գյուղացու կերպարն է, որին հետաքրքրում է միայն ոսկին ու օրահացը: Բայց վեպի կարևորագույն գծերից մեկը հենց Սանչո Պանսայի վերադաստիարակությունն է: Իր տիրոջ արարքները ծաղրող ծառան աստիճանաբար սկսում է վարակվել Դոն Կիխոտի գաղափարներով, կանգնում երկընտրաքնի առաջ, թե ո՞րն է ճշմարտությունը.  այն իրակաությու՞նը, որի մեջ ինքն ու Դոն Կիխոտն ապրում են, թե՞  այն իդեալների աշխարհը, որի մասին այնքան  գեղեցիկ խոսում է Դոն Կիխոտը:

«Դոն Կիխոտի» մեջ գլխավորն ասպետական վեպերի դեմ ուղղված գրական պարոդիա լինելը չէ: Այստեղ ամենից առաջ քննության է առնվում հին ֆեոդալական աշխարհի, նրա ստեղծած մշակույթի ու գաղափարախոսության մեջ չլինելու հարցը: Իսկ բուրժուական հասարակությունը անհատական, մասնավոր, էգոիստական  շահերի մի ռազմադաշտ է, որտեղ մեկը պայքարում է  բոլորի դեմ, բոլորը՝ մեկի և կամ թե բոլորը՝ բոլորի: Վեպի ելակետը հենց այդ մասնավոր, էգոիստական անհատն է և այն պայքարը, որ նա մղում է իր անհատական շահի համար:

No comments:

Post a Comment