Monday 18 April 2016

Միքելանջելո Բուոնարոտի

Միքելանջելո Բուոնարոտի (1475-1564թթ.)՝ իտալացի մեծն քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ, պոետ և մտավորական, Վերածննդի դարաշրջանի մեծագույն վարպետներից մեկը: Նրա արվեստի ձևավորմանը մեծապես նպաստել են Ջոտտոյի, Դոնատելլոյի և Մազաչչոյի ստեղծագործություններն ու անտիկ քանդակագործությունը: 

«Մադոննան՝
աստիճանների մոտ»
 խորաքանդակ
Ծնվել է 1475թ. մարտի 6-ին Տոսկանայի Կապրեզե փոքրիկ քաղաքում, ֆլորենտացի աղքատացած ազնվական Լոդովիկո Բուոնարոտիի ընտանիքում: Միքելանջելոյի մոր՝ Ֆրանչեսկա դի Ների դի Մինիատո դել Սերայի մասին տեղեկությունները քիչ են. նա ամուսնացել է վաղ տարիքում, շատ երեխաներ է ունեցել, ինչի արդյունքում քայքայել է առողջությունն ու մահացել է, երբ Միքելանջելոն վեց տարեկան էր: Քանի որ Լոդովիկո Բուոնարոտին իր փոքրիկ հողատարածքից ունեցած եկամտով չէր կարողանում հոգալ իր բոլոր երեխաների ապրուստը, ստիպված է լինում Միքելանջելոյին հանձնել հարևան
«Կենտավրոսների կռիվը»
 խորաքանդակ
ընտանիքներից մեկի խնամակալությանը: Արդյունքում տղային դաստիարակում են Տոպոլինո ամուսինները, որոնց շնորհիվ Միքելանջելոն մինչ գրել-կարդալ սովորելն արդեն կավի հետ աշխատել գիտեր: 

«Հարություն»
«Ֆլորենտական Պիետա»

1488թ. Միքելանջելոյի հայրը, համակերպվելով որդու՝ արվեստի հանդեպ ունեցած ակնհայտ հակումների հետ, թույլատրում է աշակերտել նկարիչ Դոմենիկո Գիրլանդաոյին: 

«Մեռնող
ստրուկը
»


Մեկ տարի վերջինիս մոտ սովորելուց հետո տղան ընդունվում է քանդակագործ Բերտոլդո դի Ջովանոյի դպրոց, որը գործում է Ֆլորենցիայի «տիրոջ»՝ Լորենցո դե Մեդիչի հովանու ներքո: Լինելով արվեստի ու գիտությունների հովանավոր՝ Լորենցոն որոշ ժամանակ անց նկատում է Միքելանջելոյի տաղանդը և սկսում է ուշադրությամբ հետևել տղայի աճին՝ նաև փորձելով հնարավորինս խթանել այն: 1490-92թթ. ընթացքում Միքելանջելոն դառնում պալատական քանդակագործ՝ բնակություն հաստատելով Մեդիչիների մոտ: Ենթադրվում է, որ այս շրջանում են ստեղծվել «Մադոննան աստիճանի մոտ» և «Կենտավրոսների կռիվը» խորաքանդակները (վերջինիս մեջ արտացոլված են մարտնչող ֆիգուրների դրամատիզմը, մարդկային ուժն ու գեղեցկությունը): Լորենցոյի մահվանից հետո՝ 1492թ., Միքելանջելոն վերադառնում է տուն:
Մեկ տարի Բոլոնիայում ապրելուց ու ստեղծագործելուց հետո Միքելանջելոն վերադառնում է Ֆլորենցիա (1495թ.)՝ ստեղծելով «Սուրբ Հովհաննես» և «Քնած Կուպիդոն» քանդակները: Մեկ տարի անց կարդինալ Ռաֆայել Ռիարիոն գնում է մարմարե «Քնած Կուպիդոն»-ը՝ վարպետին հրավիրելով Հռոմում աշխատելու (1496-1501թթ.): Վերադառնալով Ֆլորենցիա՝ ավելի հմտացած Միքելանջելոն սկսում է աշխատել զանազան մասնավոր և պետական պատվերների վրա (այդ թվում՝ «12 առաքյալներ», «Մադոննա Պիտտի», «Դավիթ», և այլն): 

«Պիետա»
1498-99թթ. կարդինալ Ժան Բիլերի պատվերով Միքելանջելոն ստեղծում է իր գլուխգործոցներից մեկը՝ «Պիետան» («Ողբ առ Քրիստոս»), որը մեծ համբավ է բերում 24-ամյա քանդակագործին: Ներկայումս Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պահվող մարմարե այս գործի հիմնական թեման մայրական վիշտն է. Տիրամայրը՝ անզոր ու անդառնալի կորստի ցավից քարացած, նայում է որդուն՝ Հիսուսին, իսկ ձեռքի հարցական շարժումն ուղղված է Աստծուն: Միքելանջելոն Աստվածածնին պատկերում է որպես երիտասարդ, հմայիչ մի կին, ինչը շատ հատուկ է Վերածննդյան իդեալիզմին. հավերժ երիտասարդ, հավերժ գեղեցիկ մայր: 
Չնայած երկու խոշոր կերպարներ մեկ քանդակի մեջ միավորելու դժվարությանը՝ «Պիետան» անթերի կառուցվածք ունի: Կերպարները մի ամբողջություն են կազմում. նրանց միասնությունը զարմացնում է իր ներդաշնակությամբ: Այս ամենի հետ մեկտեղ, Միքելանջելոն նրբորեն հակադրում է արականն ու իգականը, կյանքն ու մահը, մերկությունն ու ծածկը, հորիզոնականն ու ուղղահայացը՝ որոշակի լարվածություն հաղորդելով աշխատանքի կոմպոզիցիային: Աստվածամոր զգեստի խոշոր ծալքերը ոչ միայն մեծացնում են նրա ծնկներին ընկած մարմնի դրամատիզմը, այլև ծառայում որպես
«Դավիթ»
ինքնատիպ պատվանդան ամբողջ քանդակի համար: Այս ծալքերի մեջ ուժ է թաքնված՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր, որն իր հերթին հակադրվում է Մարիամի նուրբ, մեղմ դիմագծերին: Ըստ բազմաթիվ մասնագետների՝ իր տարրերի բարդությամբ ու ամբողջականությամբ «Պիետան» գերազանցում է Միքելանջելոյի մնացած բոլոր քանդակները: 
Այս աշխատանքի ավարտից հետո շատերը կասկածի տակ դրեցին Միքելանջելոյի՝ «Պիետայի» հեղինակը լինելու փաստը. պատճառը վարպետի երիտասարդ տարիքն էր: Զայրացած Միքելանջելոն որոշում է ստորագրել քանդակը՝ դարձնելով այն իր միակ ստորագրված աշխատանքը: Աստվածածնի զգեստի ժապավենի վրա կարելի է կարդալ հետևյալ տողերը՝ «Միքելանջելո Բուոնարոտին, ֆլորենտացի, ստեղծեց սա»: 

1504թ. Միքելանջելոն ավարտում է Իսրայելի լեգենդար թագավոր Դավթին պատկերող հայտնի արձանը (բարձրությունը` 5 մ), որը կամքի ահռելի ուժի ու հերոսական պոռթկումի մարմնացում է: Միքելանջելոն իր ահեղ հերոսին պատկերել է հսկա Գողիաթի հետ մարտին պատրաստվելու պահին. նա լայն բացած աչքերով նայում է հսկային՝ պարսատիկը ձախ ձեռքում սեղմած: Թեև Դավթին անհավասար մենամարտ է սպասվում, նա հանգիստ է ու վստահ իր ուժերին: Նրա դեմքը խիստ արտահայտություն է ստացել. հերոսը լի է հաղթելու վճռականությամբ, որն արտահայտվում է նաև մարմնի մկանների լարվածությամբ: Կերպարի ազատ կեցվածքը քանդակագործության մեջ կոնտրապոստի (հակադիրքի) դասական օրինակներից է: «Դավիթ»-ն այժմ ներկայացված է Ֆլորենցիայի Գեղարվեստի ակադեմիայում: 
Հուլիոս II պապի դամբարանը
1505 թ. Հուլիոս II պապը Միքելանջելոյին հրավիրում է Հռոմ և պատվիրում իր դամբարանի կառուցումը, որի շինարարությունը քանդակագործն ավարտել է 1545 թ.: Դամբարանի համար Միքելանջելոն ստեղծել է Մովսես մարգարեի և 2 պատանի գերյալների արձանները. մեկը ձգտում է ազատվել կապանքներից, իսկ մյուսը մահամերձ է: Մովսեսը պատկերված է կամքի հզոր ուժով ու խառնվածքով:
Շուտով Միքելանջելոն ստանում է նաև անձամբ Հուլիոս կայսերը քանդակելու պատվերը (1507թ., հետագայում ոչնչացվում է): 

Սիքստինյան կապելլայի առաստաղը
Միքելանջելոն նաև հանճարեղ գեղանկարիչ է: Իր բոլոր մոնումենտալ գործերը վարպետը ստեղծել է առանց օգնականների: 1508թ. Հուլիոս II Պապը նրան է պատվիրում որմնանկարել Վատիկանի Սիքստինյան կապելլայի ավելի քան 600 մ2 մակերեսով վիթխարի առաստաղը: Անասելի դժվար պայմաններում, բարձր փայտամածին պառկած՝ նկարիչը ստեղծել է աշխարհի արարչագործության մասին զանազան պատկերներ: Որմնանկարի ամենավառ կերպարներից է առասպելական առաջին մարդը՝ Ադամը՝ իր առնական ու գեղեցիկ կերպարանքով («Ադամի արարումը», 1508-12թթ.): Այս որմնանկարը Սիքստինյան կապելլայի գլխավոր զարդերից է: Պատկերում է անծայրածիր տարածության մեջ անթև հրեշտակներով շրջապատված Հայր Աստծուն՝ աջ ձեռքը պարզած դեպի Ադամը: Վերջինիս մարմինն աստիճանաբար կյանք է ստանում: Ամբողջ կոմպոզիցիան կենտրոնանում է երկու ձեռքի շարժման վրա. Աստծո ձեռքը կյանք է փոխանցում, Ադամը վերցնում է այն՝ կենսական էներգիան փոխանցելով իր ողջ մարմնին:
«Ադամի արարումը»

Պատահական չէ, որ նրանց ձեռքերը չեն դիպչում միմյանց, թեև շատ մոտ են հպվելուն. Միքելանջելոն նպատակ է ունեցել ցույց տալ մարդկայինի ու աստվածայինի միաձուլման անհնարինությունը: Աստծո կերպարով հեղինակն արտահայտել է ստեղծարար հսկայական ուժը, իսկ Ադամի միջոցով փառաբանել է մարդկային մարմնի ուժն ու գեղեցկությունը: Կարելի է փաստել, որ Միքելանջելոն պատկերել է ոչ թե մարդու արարումը որպես այդպիսին, այլ նրան հոգով օժտելու պահը: 
Տարիներ անց՝ 1536-41 թթ., Սիքստինյան կապելլայում նկարիչը ստեղծել է նաև «Ահեղ դատաստան» որմնանկարը: Չնայած այն արտահայտում է աշխարհի կործանման գաղափարը, Հիսուսի կերպարում հեղինակը փառաբանել է մարդու գեղեցկությունն ու ուժը, հավատը բարու նկատմամբ:
«Ահեղ դատաստան»
Որմնանկարը հարուստ է սարսափահար, խելակորույս և հուսահատ բազմաթիվ կերպարներով, որոնցից մեկն էլ սրբ. Բարդուղիմեոսն է՝ ներկայացված նկարչի ինքնանկարով:
Ուշագրավ է, որ Միքելանջելոն դժկամորեն է համաձայնվել աշխատել Սիքստինյան կապելլայում՝ շեշտելով, որ ինքը քանդակագործ է, և ոչ թե գեղանկարիչ: Վարպետի երկմտանքի մյուս պատճառն այն կասկածն էր, որ իր թշմամիներն էին Պապին խորհուրդ տվել կապելլայի առաստաղի աշխատանքներն իրեն պատվիրել՝ հույս ունենալով տեսնել նրա հնարավոր ձախողումը: 

Սրբ. Պետրոսի
գմբեթը
Միքելանջելոն հայտնի է նաև որպես ճարտարապետ. նրա գործերին բնորոշ է պլաստիկ արտահայտչականությունը: 1546 թ-ից մինչև կյանքի վերջը նրա հիմնական աշխատանքը Հռոմի սրբ. Պետրոսի տաճարի և Կապիտոլիումի համալիրի կառուցումն էր՝ որպես «հավերժական քաղաքի» հոգևոր ու աշխարհիկ կենտրոններ (2 շինություններն էլ ավարտվել են Միքելանջելոյի մահից հետո` նրա նախագծերով): Միքելանջելոյի կենդանության օրոք կառուցվել է սրբ. Պետրոսի տաճարի արևելյան մասը, իսկ գմբեթը, որ բացառիկ գործ է, նրա մահից հետո տեղադրել է Ջակոմո դելլա Պորտան:
Ծերության տարիներին Միքելանջելոն գրել է բանաստեղծություններ՝ հիմնականում մադրիգալներ ու սոնետներ, որոնք տպագրվել են մահից հետո՝ 1623 թ.: 

Խոսելով Միքելանջելոյին ոգեշնչած կանանց մասին՝ հարկ է նշել Վիտտորիա Կոլոննայի անունը, որին քանդակագործը հանդիպել է 61 տարեկան հասակում: Իր վերոհիշյալ սոնետների մեծ մասը Միքելանջելոն նվիրել է նրան: 
Միքելանջելոն մահացել է 1564թ. փետրվարի 18-ին ու թաղվել Ֆլորենցիայի Սանտա Կրոչե եկեղեցում: Մահվանից առաջ կտակը թելադրել է իրեն բնորոշ լակոնիկությամբ. «Հոգիս հանձնում եմ Աստծուն, մարմինս` հողին, ունեցվածքս` բարեկամներիս»:

Միքելանջելոյի արվեստը կանխորոշել է ինչպես XVI դարի, այնպես էլ հետագա հարյուրամյակների եվրոպական արվեստի զարգացումը:


Միքելանջելոյի դամբարանը
Սանտա Կրոչեում

No comments:

Post a Comment