Saturday 20 June 2015

Ֆյոդոր Դոստոևսկի «Ոճիր եւ պատիժ»



      Ֆյոդոր Դոստոևսկու ամենանշանավոր ստեղծագործությունը՝ «Ոճիր եւ պատիժ» վեպն առաջին անգամ հրատարակվել է «Русский вестник» ամսագրում  1866թ.: 1870թ. վեպն առանց լրացուցիչ ուղղումների զետեղվում է  Դոստոևսկու Երկերի ժողովածուի չորրոդ հատորում, իսկ 1877թ. հեղինակի կենդանության օրոք լույս է տեսնում վեպի առաջին հրատարակությունը՝ ոճային աննշան ուղղումներով ու կրճատումներով: Ինչպես եւ Դոստոևսկու մյուս ստեղծագործություններում, այստեղ ևս փիլիսոփայական ու բարոյական խնդիրների լայն շրջանակը դրված է ժամանակակից եւ առօրյա կյանքի հարթության վրա:

    Վեպի կենտրոնական թեման  XIX դարի  60-ականների ռուս երիտասարդության հոգևոր պատկերն  է: Վեպում  արծարծված գլխավոր խնդիրներից է 1860-ականներին արմատական երիտասարդության շրջանում լայն տարածում գտած նիհիլիզմի  կրոնա-փիլիսոփայական միտքը, որի միջոցով Դոստոևսկին ցանկանում էր ցույց տալ, թե ինչի կարող է հանգեցնել Աստծո նկատմամբ հավատը կորցնելն ու բարոյական «հողից» հրաժարվելը:

      Վեպի մտահղացումն ու սյուժեն միանգամից չէ, որ պարզ էին Դոստոևսկու համար: Սկզբում նա մտադրվում է երկ գրել, որի կենտրոնական կերպարն, ըստ էության, Մարմելադովն էր լինելու: Սակայն քիչ ժամանակ անց այդ գաղափարն սկսում  է ավելի քիչ հետաքրքրել Դոստոևսկուն, քանի որ շուտով նա մտադրվում է  գրել մի վիպակ երիտասարդ սերնդի ներկայացուցչի մասին: Դոստոևսկին ձգտում էր նոր երկում պատկերել իր ժամանակի երիտասարդությանը, նրա հասարակական լայն հետաքրքրությունները, նրա աղմկալից վեճերը բարոյական ու քաղաքակական հրատապ հարցերի մասին, նրա մատերիալիստական ու աթեիստական հայացքները, որը նա բնորոշում էր որպես «բարոյական անկայունություն»: 1865թ. սեպտեմբերին «Русский вестник» ամսագրի գլխավոր խմբագիր Մ.Ն.Կատկովին ուղղված  նամակում Դոստոևսկին գրում  է. «Վիպակը պատկերում է մի ոճրագործի հոգեբանական վիճակը: Գործողությունը կատարվում է մեր օրերում, ներկա տարում: Համալսարանից հեռացված մի երիտասարդ, որն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, ենթարկվելով որոշ տարօրինակ, «անավարտ» գաղափարների, որոնք պտտվում են օդում՝ որոշում է միանգամից վերջ տալ իր վատթար դրությանն ու սպանել մի պառավի, որը տոկոսով փող է տալիս...Բայց սպանությունից հետո ծավալվում է  ոճրագործության ամբողջ հոգեբանական գործընթացը: Մարդասպանի առջև ծառանում են չլուծվող հարցեր, չենթադրված ու անակնկալ զգացմունքները տանջում են նրա սիրտը... Աստծո ճշմարտությունը, երկրային օրենքը հաղթանակում են, եւ ամեն ինչ վերջանում է  նրանով, որ մարդասպանը հարկադրված էր մատնել իրեն, որպեսզի թեկուզև կործանվի տաժանակրության մեջ, բայց դարձյալ հարի մարդկանց. մարդկությունից տարանջատվելու եւ մեկուսանալու զգացմունքը, որ նա ապրել էր ոճիրը կատարելուց անմիջապես հետո, մաշում է նրան...Ոճրագործն ինքն է որոշում ընդունել տառապանքը, որպեսզի այդ կերպ քավի իր ոճրագործությունը...»:

     Հերոսի հոգեբանական վիճակը դառնում է վեպի համընդհանուր տարերքը, եւ, առհասարակ, Դոստոևսկու բոլոր ստեղծագործություններում կերպարների ներաշխարհը պատկերված է  գերլարված ժամանակաշրջաններում, երբ անձի հոգեվիճակն ու զգացմունքները ծայրահեղ սրված են: Հենց այդ իրավիճակն է, որ հեղինակին հնարավորություն է տալիս ներթափանցել մարդկային հոգու խորը հորձանուտն ու բացահայտել մարդկային բնության բարդությունն ու հակասականությունը:

     Այստեղ գլխավոր կերպար Ռասկոյլինկովը ևս ներկայանում է նման հոգեվիճակում՝ օրորվելով իր երազանքները ժխտելու ու դրանք իրականացնելու հորձանուտում: Դոստոևսկին ոչ միայն ցույց է տալիս հերոսի հոգեկան ներքին պայքարը, այլ նաև հատուկ ընդգծում է մի ծայրահեղությունից մյուսին անցնելու  վիճակը:

       Ռասկոյլնիկովի հենց բնավորությունը բացառում է ստոր նպատակների ու անձնական հարստացման համար ոճրագործություն կատարելու ամեն մի հնարավորություն: Նրան տանջում են իրականության ծանր տպավորությունները՝ Մարմելադովների ընտանիքի կյանքը, Սվիդրիգայլովների կալվածքում Դունեչկայի տարած ստորացումները, Կանոգվարդեյսկի բուլվարում հարբած աղջկան հանդիպելը: Այդ բոլոր տպավորությունները կենտրոնանում են Ռասկոյլնիկովի երազում, որտեղ խորհրդանշական կերպով մարմնավորված են տանջամեռ եւ հլու-հնազանդ մարդկանց տառապանքները իրենց թշնամի սեփականատիրական աշխարհում, մի պատկեր, որը վկայում է չքավորների մարդկային գոյության անկարելիությունը հաջողությունների հասնող սեփականատերեր Լուժինների աշխարհում: Եվ Ռասկոյլնիկովի ոճրագործությունն ընթերցողի առաջ ներկայանում է  առաջին հերթին որպես մի փորձ ՝ այդ փակուղուց ինչ-որ մի ելք գտնելու համար:

    Ռասկոյլնիկով-անհատապաշտը ծանր կերպով է ապրում շրջապատողների նկատմամբ իր գերակշռության հավատի կործանումը: Միևնույն ժամանակ նա տանջվում է բարոյական մաքրության կորստից, որովհետև մարդուն ոչնչացրած մարդը, Դոստոևսկու տեսակետով, ամենից առաջ ինքնասպան է:

      Վեպում իբրև քրիստոնեական գաղափարի մարմնացում է հանդես գալիս Սոնյա Մարմելադովայի կերպարը, որը տառապանքերի ապոթեզ է, բարձրագույն անձնվիրության, սեփական անձի լիակատար մոռացման օրինակ: Սոնյայի համար կյանքն աներևակայելի է առանց աստծո եւ հոգու անմահությանը հավատալու. «Առանց Աստծո ես ի՞նչ եմ եղել որ»: Վեպի սևագրություններում այս միտքը շատ պարզ է արտահայտել նաեւ Մարմելադովը: Պատասխանելով Ռասկոյլնիկովի այն դիտողությանը, թե աստված գուցե չկա՝ Մարմելադովն ասում է. «Այսինքն՝ աստված չկա ու նրա գալուստը չի՞ լինիայդ դեպքումայդ դեպքում անկարելի էայդ դեպքում ես էլ անմիջապես կընկնեի Նևա գետը: Բայց, հարգելի՛ պարոն, այդ կլինի, այդ խոստացված է ապրողների համարՈվ է որ լինի ապրողը՝ թեկուզև մեղքի մեջ կորած, եթե նա իսկապես ապրող  է, ապա նա տանջվում է, Քրիստոսը հարկավոր է  նրան, հետևաբար Քրիստոսը կգա: Քրիստոսին չեն հավատում միայն նրանք, որոնք նրա կարիքը չեն զգում, որոնք քիչ են ապրում եւ որոնց հոգին անօրգանական քարի է նման»:
   
 Արտաքին ու ներքին աշխարհների միջև բախումով Դոստոևսկին ցույց է տալիս կյանքի «ուրվականության» զգացողությունը: Իրականությունը կարծես դառնում է  գիտակցության շարունակությունը՝ ընկղմված թանձր մառախուղի մեջ: Տվյալ ժամանակի բնորոշ գծերից է վեպի հերոսների գաղափարական ինքնաճանաչումը: Եվ՛ ստորացվածներն ու նվաստացվածները (Ռասկոյլնիկով, Մարմելադովներ), և՛ նրանք, ովքեր կարծում են իրենց «կյանքի տերը» (Լուժին, Սվիդրիգայլով) ստիպված են հստակեցնել ու ձևավորել իրենց դիրքորոշումը, նրանք սահմանափակված են զգում քրիստոնեական ավանդական բարոյախոսության կաղապարների մեջ: Հենց դրա մեջ էլ, ըստ Դոստոևսկու, արտահայտվում էր իր ժամանակակիցների աշխարհայացքի անկայունությունը:
     Դոստոևսկին անբարոյական էր համարում այն թեորիաները, որոնք արդարացնում էին նպատակի իրականացմանն ուղղված այն միջոցները, որոնց համար պետք  էր  զոհաբերել  բարոյական  արժեքներն  ու  արգելքները:


 Վեպում մենախոսություններն ու երկխոսություններն իրենց վրա կրում են մտավոր հսկայական ծանրություն: Դոստոևսկին առաջին անգամ գրականության մեջ  մտցնում է գրական նոր հնարք. հերոսներն իրենք են պատմում իրենց հոգեբանական վիճակի մասին: «Ոճիր եւ պատիժ» վեպով Դոստոևսկին բացում է իր իսկ ստեղծագործության նոր, բարձրագույն շրջանը՝ դառնալով համաշխարհային գրականության մեջ վեպի նորարարության հեղինակ, քանի որ հենց այս վեպով է  ստեղծվում պոլիֆոն (բազմաձայն) վեպը: Կերպարների խոսքը աներևակայելի արտահայտիչ է: Դիմանկարային բնութագրումները ևս վեպում կարևոր դեր են խաղում՝ նպաստելով մարդու ներաշխարհի հոգեբանական ընկալմանը:

No comments:

Post a Comment