«Փարիզի Աստվածամոր տաճարը» (1831) Վիկտոր Հյուգոյի հանրագիտարանն է, ֆրանսիական ռոմանտիզիմի հիմքը: Այս վեպը յուրովի պատմական է, իսկ գաղափարապես` ժամանակակից: Վեպում պատկերված են այն ժամանակները, երբ իրար են բախվում բարոյական հին դոգմաներն ու նոր աշխարհընկալումը: Հյուգոն գովաբանում է նորի, լուսավորի (Էսմերալդա) հաղթանակը մռայլ միջնադարի (Ֆրոլո) նկատմամբ:
Ֆրանսիական միջնադարը կարծես մոգական շնչով է նկարագրվում. 15-րդ դ. Փարիզ, թագավորական մռայլ ամրոցներ ու եկեղեցիներ, փողոցներ, հրապարակներ, միջնադարյան մարդկանց կերպարներ` պալատականներից մինչև թափառաշրջիկներ ու մուրացկաններ: Թանձրացած գույներով նկարագրված են դարաշրջանի հասարակության կենցաղը, նախապաշարմունքները, զգեստները, ժամանակի սվորություններն ու բարքերը, բարոյական ըմբռնումները, խոսակցական լեզվի յուրահատկությունները՝ ընթերցողին տեղափոխելով նկարագրվող ժամանակաշրջան, ինչը վեպի ռեալիստական, միաժամանակ գեղարվեստական աչքի ընկնող գծերից մեկն է: Վեպի կենտրոնը ֆրանսիացիների հոգևոր կյանքի խորհրդանիշն է` Աստվածամոր տաճարը, որը ժողովրդի ճնշման, ֆեոդալական լծի, միջնադարյան դոգմաների ու նախապաշարմունքների խորհրդանիշն է: Հյուգոն քարկոծում է եկեղեցուն` ցույց տալով, որ անարդարությունը դուրս է գալիս հենց այնտեղից, ուր մարդիկ գնում են արդարություն խնդրելու:
Վեպի նյութը վերաբերում է պատմական այն ժամանակաշրջանին, երբ ֆեոդալական միջնադարը անհաղթահարելի ներքին հակասությունների մեջ էր գտնվում, որոնք նրան տանում էին դեպի անխուսափելի կործանում: Հյուգոն ֆեոդալական հասարակությունը ներկայացրել է որպես հիվանդագին ախտերով վարակված և հակասությունների ծանրության տակ տնքացող մի մարմին: Դա նախևառաջ պատմական այն շրջանն է, երբ իրար են բախվում բարոյական հին դոգմաներն ու նոր կենսահայեցողությունը, կրոնաեկեղեցակակն միստիկական աշխարհայացքն ու մարդու կենսուրախ կյանքը հաստատող վերածնության մշակույթը: Այս բախումը վեպի գաղափարական հիմնական խնդիրներից մեկն է:Աստվածամոր տաճարի ավագ քահանա Կլոդ Ֆրոլոյի կերպարով բացահայտվում է կրոնաեկեղեցական միստիկական մշակույթի հակամարդկային էությունը, գոթական միջնադարի մռայլ խստությունը և գեղարվեստական վառ գույներով ցույց է տրվում այդ դոգմաների կեղծությունը, փարիսեցիական ոգին, բնական պատվանդանի բացակայությունը: Դա է Կլոդ Ֆրոլոյի և Էսմերալդայի միջև տեղի ունեցող բախման գլխավոր իմաստը: Կլոդ Ֆրոլոն միջնադարյան խտացված բարոյականության արտահայտությունն է, մարդկային բնական, առողջ հակումներից հրաժարվելու, անողոք ինքնազրկման, կրոնական դոգմայի կրողը: Սակայն «սպանելով» իր կենդանի կյանքը՝ նա նոր է միայն զգում, որ սիրում է Էսմերալդային, սիրում է բնական ու միաժամանակ կենդանական բնազդով ու չի կարող հաղթահարել այդ կիրքը: Աստծուն ծառայելու ուխտի ու զգացմունքերի ներքին կատաղի պայքարը վերջինի հաղթանակով է ավարտվում, որը նրան հավատուրաց է դարձնում: Դիմելով Էսմերալդային՝ նա բացականչում է «Քո դեմքն աստծո երեսից գեղեցիկ է»: Դրանով Հյուգոն ցույց է տալիս, որ ներքուստ կեղծ է այն տաճարը, որի ավագ քահանան Կլոդ Ֆրոլոն է , կեղծ են տաճարի բուն իսկ հիմքերը. նրա ոճն աշխարհիկ է և մարդուն տանում է դեպի երկրային, առարկայական աշխարհը: Այսինքն՝ վեպի հիմնական և միաժամանակ առաջադիմական գաղափարներից մեկը հակաեկեղեցական տրամադրությունն է, կրոնի, միջնադարյան մշակույթի քննադատությունը և բանականության, ազատ մտածողության, առաջադիմության ջատագովությունը: Սակայն
վեպի մեջ գլխավորը քաղաքական խնդիրն է: Վոլտերի մահվան հարյուրամյակի առթիվ արտասանած իր ճառում Հյուգոն ասել է՝ հեղափոխությունից առաջ հասարակական կարգն այսպիսին էր. «Ներքևում ժողովուրդն էր, ժողովրդի վրա՝ կրոնը՝ ի դեմս հոգևորականության, կրոնի կողքին արադարադատությունը՝ ի դեմս դատարանի: Ի՞նչ էր ներկայացնում ժողովուրդն այդ ժամանակ: Տգիտություն: Ի՞նչ էր ներկայացնում կրոնը: Անհանդուրժողություն: Ի՞նչ էր ներկայացնում արդարադատությունը: Անարդարություն»: Ընդհանուր գծերով Հյուգոն հենց այս սխեմայով է մոտեցել նյութի մշակմանը: Վեպում մենք տեսնում ենք ֆեոդալական ազնվական հասարակության անարդարությունների, օրենքի չարաշահման, բռնությունների, արտոնյալ դասակարգի քմահաճությունների, հոգևոր դասի դաժան արարքների նկարագիրը և ֆեոդալական այդ հիերարախիայի ծանրության տակ ճնշված, իրավազաուրկ, հալածված թշվառ ժողովրդի կյանքի, նրա զրկանքների ու տառապանքների արտացոլումը:
Վեպում հանդիպում ենք ռեալիստորեն ընդգծված մի շարք կերպարների, որոնք օժտված են և՛ մարդկային կենդանի հատկությունններով, և՛ հասարակական-ընդհանուր, տվյալ միջավայրին հատուկ տիպական գծերով:Ժեան Ֆրոլոյի, կապիտան Ֆեբուս դը Շատոպերի, նրա հարսնացուի՝ Ֆլյոր դե Լիսի, դատավորների, դահճի, թագավորի կերպարներում իշխողը ռեալիստական գծերն են : Ռեալիստական ոճով է գծագրված նաև Էսմերալդայի մոր՝ Պաետայի երիտասարդության պատմությունը:
Վեպի սյուժետային բուն գծերց մեկը Քվազիմոդոյի և Էսմերալդայի՝ հասարակությունից արտաքսված, արհամարհված, միայն ստորացում ու հալածանք տեսած այդ երկու թշվառների ողբերգական պատմությունն է: Ռոմանտիակական վերացական ընդհանրացումները՝ ռեալիստական կոլորիտի կողքին, մարդկային իրական հարաբերությունները սիմվոլների վերածելը, չարի և բարու, մարմնի և հոգու մետաֆիզիկական հակադրությունը խանգարել են բացահայտել կյանքի բուն հակասություններն ու սոցիալական անարդարությունների բուն պատճառները: Դրա հետևանքով վեպի կենտրոնական դրական կերպարները՝ հասարակության մեջ կորսված Քվազիմոդոն ու Էսմերալդան պատկերված են որպես իներտ, ժողովրդից կտրված, ինքնամփոփ անհատներ, որոնք զուրկ են որևէ քաղաքական ինքնագիտակցությունից և «քրիստոնեական» համբերությամբ կրում են անլուր տանջանքները: Քվաիզմոդոն կուրորեն պաշտում է Կլոդ Ֆրոլոյին, իսկ Էսմերալդան միամտորեն հավատացած է, թե ազնվական Ֆեբուսն իր սերն ու հենարանն է:
Հիմնական կոնֆլիկտը լայն կտավի վրա ներկայացնելով, կերպարների բնավորությունները պատկերելով ընդարձակ ու բնորոշ հանգամանքներում, հերոսներին պատկերելով քաղաքական լայն միջավայրի հետ սերտ կապակցության մեջ՝ Հյուգոյին հաջողվել է մեծ ընդհանրացումներ կատարել: Դրա հետևանքով վեպը դատավճռի նշանակություն է ստացել ոչ թե առանձին երևույթների կամ մասնակի անձանց, այլ ֆեոդալական հասարակության ամբողջ քաղաքական համակարգի նկատմամբ:
No comments:
Post a Comment