Friday 1 August 2014

Հասթլ

Հասթլ (անգլ. hustle` եռուզեռ, հրմշտոց)` իմպրովիզացիայի վրա հիմնված զույգակատար պար: Համարվում է «սոցիալական» պար, այսինքն` այն կարելի է պարել անծանոթ զուգընկերոջ հետ: Իր էությամբ հասթլը բավականին պարզ է` 4 (1—2—3—4) կամ 3 հաշվով (1—2—&3): Այն կարելի է պարել գրեթե ցանկացած երաժշտության ներքո, բայց հիմնականում ուղեկցվում է դիսկո ժանրի` 1980-ականներին տարածված տեսակներով, օրինակ` դիսկո-ֆոքս, դիսկո-սվինգ և հենց հասթլ: 
    Hustle բառն անգլերենից բառացիորեն թարգմանվում է իբրև «հրմշտոց», սակայն 1970-ականներին ամերիկյան սլենգում այն ուներ այլ իմաստներ ևս, ինչպես օրինակ՝ «անօրինական» կամ «արգելված գործողություն», որոնք   ենթադրում էին  թմրանյութերի ապօրինի վաճառք կամ ֆլրիրտ:
    Հասթլի ծագման վերաբերալ մի քանի վարկածներ կան: Ըստ առաջինի`այն ծագել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի հարավային մասի գնչուների ու լատինամերիկացիների մեծաքանակ համայնքից: Նրանք, փորձելով պարի ասպարեզում իրենց ոչ բնորոշ, սակայն 1970-ականներին խելահեղ հեղինակություն վայելող դիսկո պարի մեջ ներառել նաև իրենց պարային ունակություննրը (հիմնականում՝ սալսա եւ West Coast Swing), ստեղծում են պար, որն իրենից ենթադրում էր չորս տակտի ընթացքում պարային երեք շարժում: Այդ պարն սկզբնական շրջանում ստանում է դիսկո-սվինգ անվանումը, իսկ Նյու Յորքում այն համարում էին  West Coast Swing-ի տարատեսակներից մեկը:
  Մյուս վարկածը հասթլի ծագումը բացատրում է հետևյալ կերպ. 20-րդ դ. 70-ական թվականներին Նյու-Յորքը տառապում էր «դիսկոմանիայով»: Ամեն շաբաթ կարող էր մի նոր դիսկո-պար հորինվել: Չնայած դրանք կարճ կյանք էին ունենում ու արագ մոռացվում էին, այնուամենայնիվ,  իրենց ազդեցությունը թողում էին մյուս տեսակների վրա: 1978-82թթ. ընթացքում բազմաթիվ պարատեսակների խառնուրդից էլ առաջացել է ներկայիս հասթլը: 1980-ականներին սկսում են ավելի հանրահայտ դառնալ դանդաղ մեղեդիները, եւ այդ տեմպում նախկին պարերը սկսում են կատարել երեք հարվածի տակ չորս շարժում սկզբունքով, ուստի անհրաժեշտություն է առաջանում վերակառուցել պարը: Այդպես ձևավորվում է հասթլ պարը, իսկ նրա տարատեսակները, որոնք ընդուված է պարել չորս հաշվով, ավելի ուշ շեղվում են ստադարտ հասթլից:
Հիմք ընդունելով պարի ծագման հենց այս վարկածները՝ ընդունված է համարել, որ հասթլը ձևավորվել  է պարային հասարակ վեց քայլերի հիման վրա՝  «1-2-3-4-5-6»: Արդեն լատինամերիկյան պարերի, առաջին հերթին՝ մամբոյի ազդեցությամբ, հասթլի պարային հաշիվը փոփոխվում է եւ դառնում «1-2-3 & 4-5-6 »: Գոյություն ուներ պարի այնպիսի տարատեսակ ևս, որի հաշիվը շատ ավելի պարզ էր՝ «1-2-3-4»: Սակայն 1975թ-ից սկսած մրցույթների ժամանակ եւ հանրային վայրերում այն կատարելիս պարն ավելի դիտարժան դարձնելու համար ընդունված  «1-2-3 & 4-5-6» հաշվից  «1-2-3» մասը դուրս է մղվում  եւ օգտագործվում է  «&4-5-6» մասը կամ կիրառվում էր հակառակ սկզբունքը:   

No comments:

Post a Comment