Հոմերոսի կիսանդրին Լուվրում |
Հոմերոս` հին հույն էպոսագիր բանաստեղծ (ըստ ավանդության՝ կույր է եղել): Հոմերոսի գրչին է վերագրվում անտիկ գրականության առաջին և ամենանշանավոր հուշարձաններ` «Իլիական» և «Ոդիսական» էպիկական պոեմների ստեղծումը։ Հոմերոսի մասին արժանահավատ կենսագրական տեղեկություններ չեն հասել: Ստույգ հայտնի չէ անգամ, թե հունական որ քաղաքում է նա ծնվել: Հնում 7 քաղաք` Սմիրնան, Քիոսը, Կոլոֆոնը, Սալամիսը, Հռոդոսը, Արգոսը և Աթենքը, վիճարկում էին նրա ծննդավայր լինելու պատիվը: Ինչպես հայտնում են հույն հեղինակներ Հերոդոտոսն ու Պավսանիուսը, Հոմերոսը վախճանվել է Կիկլադյան արշիպելագի Իոս կղզում: Ընդհարապես, Հոմերոսի մասին հունական տվյալները հակասական են։ Ոմանց կարծիքով նա ծնվել է 1084թ. (մ. թ. ա.), ուրիշները՝ 800 կամ 700թ. (մ. թ. ա)։ Դարեր շարունակ «Իլիականի» ու «Ոդիսականի » հեղինակային պատկանելությունը, չհաշված առանձին դեպքեր, կասկած չի հարուցել:
Սակայն 1795թ. գերմանացի գիտնական Ֆ.Ա. Վոլֆը հայտնեց այն կարծիքը, որ պոեմների հեղինակը չի կարող լինել մեկ մարդ, այն հավաքական աշխատանքի արդյունք է: Այդ թեզով սկիզբ դրվեց այսպես կոչված «հոմերոսյան հարցին», այսինքն այն հարցին, թե ո՞ւմ է պատկանում Հոմերոսին վերագրվող երկու պոեմների հեղինակությունը: Գրվեցին և մինչ այսօր էլ շարունակվում են գրվել բազմաթիվ ուսումնասիրություններ, հայտնվել են ամենատարբեր, իրարամերժ կարծիքներ: Ուսումնասիրողների կարծիքով, Հոմերոսի վերագրվող պոեմներից «Իլիականը», ըստ նկարագրվող հասարակարգի և նյութական մշակույթի, ավելի վաղ շրջանի պոեմ է, համապատասխանում է VIII-VII դդ.: Այդ դարաշրջանին բնորոշ են ռազմիկների բրոնզե զենքերը, արևելյան ոճի հագուստներն ու սանրվածքները, Փոքր Ասիայից բերվող մարգարտյա զարդերը: «Ոդիսականը» ավելի ուշ շրջանի է պատկանում, արտացոլում Է նավագնացության և առևտրի նոր էտապ: Պոեմները ստեղծվել են Իոնիայում, իոնական բարբառով: Հոմերոսի պոեմները գրված են հեքսամետրով /վեցաչափով/՝ –-uu / –uu / –uu / –uu / –-uu / – – / /–` շեշտված վանկ, ս` անշեշտ/: Հայերեն թարգմանություններում հեքսամետրը չի պահպանվել: Հոմերոսյան և, ընդհանրապես, անտիկ տաղաչափության մեջ հանգ չի եղել: Գերմանացի քննադատ Շլեգելը հոմերոսյան վիպերգն ուղղակի ճանաչել է որպես ժողովրդական ասմունքողների կոլեկտիվ ստեղծագործության արգասիք։
Հոմերոսի արձանը Բավարիայի Ազգային գրադարանում |
«Հոմերոսն ու իր ուղեկցողը» Ադոլֆ Ուիլյամ Բուգրո |
No comments:
Post a Comment