Saturday 22 August 2015

Ապոլլոն



Պ. Ֆրանկավիլլա
«Պիթոնի դեմ հաղթանակած
Ապոլլոնը», 1951թ.
Ապոլլոն (կամ Ֆեբուս, հուն. թարգմ.՝ «լուսափայլ»)` Հունաստանի հնագույն աստվածներից մեկը, Զևսի ու Լետոյի որդին, Արտեմիս աստվածուհու երկվորյակ եղբայրը:
Ի սկզբանե Ապոլլոնը հոտերի պահպանման աստվածն էր, հետո աստիճանաբար դառնում է լույսի աստվածը: Ավելի ուշ նրան սկսեցին համարել գաղթողների, իսկ հետո` արվեստի (հատկապես` պոեզիայի ու երաժշտության) հովանավորը:  
Ահա թե ինչու Ապոլլոնը շատ հաճախ պատկերվել է քնարը ձեռքին: Բացի այդ, Ապոլլոնը ապագան կանխատեսող աստված էր, ինչպես նաև մաքրազերծում էր սպանություն կատարած հանցագործներին: Ապոլլոնի մշտական ուղեկիցները ինը չքնաղ մուսաներն էին` Զևսի ու Մնեմոսինեի դուստրերը: Նա առաջնորդում էր մուսաների խմբապարը` իր ոսկեղեն կիթառով նվագակցելով նրանց երգին: Ապոլլոնը մարմնավորում էր Արևը, իսկ նրա քույր Արտեմիսը՝ Լուսինը:

Սիմոն Վուե «Ապոլլոնն ու մուսաները»
«Բելվեդերյան Ապոլլոն»
 Լեոքարես
մ.թ.ա. 330-320թթ.

Պրաքսիտելես
«Ապոլլոնը մողես սպանելիս»
 Լուվր

Ապոլլոնի կիսանդրին
մարմար, մ.թ.ա. 4-րդ դ.
Ջ. Լ. Բերնինի
«Ապոլլոն և Դափնե»

Ապոլլոնը ծնվել է Դելոս կղզում, որտեղ նրա մայրը՝ Լետոն, հայտվնել էր Զևսի կնոջ՝ Հերա աստվածուհու ցասումից փախչելու հետևանքով: Լույսի աստվածը ծնվում է յոթ ամսեկան, ամսվա յոթերորդ օրը: Ապոլլոնի ծնվելու պահին կղզին ամբողջությամբ լուսավորվում ու փայլում է, իսկ կարապները յոթ անգամ շրջապտույտ են կատարում երկնքում՝ փառաբանելով ոսկեգանգուր աստծուն: Լետոն երեխային կրծքով չէր կերակրում՝ փոխարենը նրան սնուցելով նեկտարով ու ամբրոսիայով (հին հունական դիցաբանության մեջ աստվածների քաղցրահամ կերակուրը, որը նրանց երիտասարդություն ու անմահություն էր տալիս): Կրակի ու դարբնության աստված Հեփեստոսը Ապոլլոնի ու Արտեմիսի ծննդյան կապակցությամբ նրանց նետեր է նվիրում: 


Ապոլլոնը հետապնդում է Դափնեին,
 Կոռնելիս դե Վոս, 1630թ.
Ժակ Լուի Դավիդ «Ապոլլոն ու Արտեմիսը նետահարում

 են Նիոբեի  երեխաներին»



















Ապոլլոնը շատ արագ էր մեծանում ու ուժ հավաքում: Ծնվելուց ընդամենը 4 օր անց նա կարողանում է սպանել հրեշօձ Պիթոնին, որը շարունակ անհանգստություն էր պատճառում Դելփիքի շրջակայքում ապրող մարդկանց: Հենց այստեղ էլ Ապոլլոնը հիմնում է իր սրբավայրը: Ըստ լեգենդի՝ ի սկզբանե Դելփիքի պատգամախոսարանը պատկանել է ոչ թե Ապոլլոնին, այլ՝ երկրի աստված Գեային, իսկ տաճարի առաջին պատգամախոսը եղել է հավերժահարս Դափնեն: Պիթոնին սպանելուց հետո նա տիրանում է տաճարին: Տաճարը տեղակայված է Պառնաս լեռան հարավային ստորոտին՝ ծովի մակարդակից 700 մետր բարձրության վրա: Հնում լեռան հարավային այդ լանջից բխում էին բազում աղբյուրներ, որոնցից հատկապես նշանավոր էր Կասոտիդա աղբյուրը: Այնտեղ էին աճում նաև «սուրբ դափնիները»: 
Ապոլլոնը Կիֆարայով, Կապիտոլիումի թանգարան, Հռոմ
Ապոլլոնը հիմնում է նաև Պյութիական խաղերը՝ նվիրված Պիթոնի դեմ տարած կարևոր հաղթանակին: Յուրաքանչյուրն, ով մուտք էր գործում Ապոլլոնի տաճար, նախապես պետք է լվացվեր Կասոտիդա աղբյուրի ջրերով: Այն համարվում էր սրբազան, որը մաքրում էր տաճարի ծառայողների արատները և որի ջուրը խմում էին Պյութիական խաղերի մասնակիցներն իրենց մրցույթներից առաջ:
Ապոլլոնը կիֆարայով, անտիկ որմնանկար
Ապոլլոնի մի շարք սխրագործություններից կարելի է առանձնացնել հսկա Տիտոսի դեմ պայքարը, որին Հերան կիրք էր ներշնչել Լետոյի հանդեպ՝ շարունակելով վրեժ լուծել Զևսի սիրտը գերելու համար: Տիտոսը փորձում է տիրանալ Լետոյին, սակայն վերջինիս խիզախ զավակները՝ Ապոլոնն ու Արտեմիսը, նետահարում են հսկային: Ապոլլոնը սպանում է նաև Զևսի համախոհներ կիկլոպներին այն բանից հետո, երբ գերագույն աստվածը շանթահարում է Ապոլլոնի ու Կորոնիսի որդուն՝ Ասկլեպիուսին, իսկ նրանց սպանած նետը համաստեղության է վերածում:

«Ապոլլոնն ու Արտեմիսը»

 Գևին Հեմիլթոն 1770թ.
Սա, բնականաբար, անպատիժ չի մնում. Զևսը որոշել էր նրան Տարտարոս ուղարկել, սակայն Լետոն խնդրում է այդպես դաժան չվարվել որդու հետ, և գերագույն աստվածը զիջում է: Արդյունքում Զևսը որոշում է որևէ մահկանացուի մոտ մեկ տարվա ծառայության ուղարկել Ապոլլոնին: Վերջինս սկսում է ծառայել որպես հովիվ Թեսալիայի թագավոր Ադմետուսին: Այստեղ Ապոլլոնը կրկնապատկում է թագավորի նախիրն ու Հերակլեսի հետ միասին փրկում է նրա թագուհու կյանքը:


Լույսի ու արվեստների աստվածը մշտապես մասնակցում էր նաև Օլիմպոսի մարտերին՝ կռվելով ընդդեմ հսկաների ու տիտանների: Ապոլլոնը, աստվածների մեծամասնության պես, անտարբեր չի անցնում Տրոյական պատերազմի կողքով՝ օգնություն ցույց տալով տրոյացիներին: Նա անտեսանելի կերպով իր մասնակցությունն է ունենում Պատրոկլեսի ու Հեկտորի, ինչպես նաև Աքիլլեսի ու Պարիսի պայքարին: Քրոջ հետ միասին Ապոլլոնը սպանում է Նիոբեի երեխաներին, քանի որ վերջինս բարկացրել էր Լետոյին՝ պարծենալով, որ նրանից ավելի պտղաբեր է և որ իր երեխաներն ավելի գեղեցիկ են: Երաժշտական մրցույթներից մեկի ժամանակ սատիր ու հովիվ Մարսիուսը հաղթում է Ապոլլոնին: Բարկացած աստվածը որոշում է պատժել սատիրին ու կաշին քերթել վրայից:

 
Ֆրանչեսկո Ալբանի «Ապոլլոն և Դափնե» 1615-1620թթ.
Բացի դաժան հաշվեհարդարներից, Ապոլլոնը աչքի էր ընկնում նաև բարի արարքներով. նա բուժում ու պաշտպանում էր զանազան հիվանդություններից, առաջիններից էր, ում հաջողվել է աչքի տեսողություն վերականգնել: Ապոլլոնն, իհարկե, մեծն բախտագուշակ էր: Հենց նա է Կասանդրային գուշակության շնորհ տալիս, սակայն վերջինիս կողմից մերժվելուց հետո այնպես է անում, որ Կասանդրայի գուշակություններին ոչ ոք չի հավատում: Ապոլլոնը մեծն երաժիշտ էր, երաժշտության հովանավոր: Նա Հերմեսից կիֆարա (հին հունական լարային կսմիթավոր երաժշտական գործիք) է ստանում՝ փոխարենը բազմաթիվ կովեր տալով նրան: Բոլոր երգիչներն ու երաժիշտները սերում էին Ապոլլոնից ու նրա մուսաներից: Ապոլլոնը նաև գաղութների ու առհասարակ, գաղութացման հովանավորն էր:

Գարնանն ու ամռանը Ապոլլոնն ապրում էր Դելփիքում, իսկ աշնանը գնում իր մոր ծննդավայր՝ Հիպերբորեա: Նա ակտիվ կերպով մասնակցում էր Օլիմպիական խաղերին՝ վազքի մեջ գերազանցելով Հերմեսին, իսկ ձեռքի ուժի մեջ՝ հզոր Արեսին: Կարողանում էր փոխակերպվել բազեի և առյուծի: Նա հաճախ էր սիրահարվում թե՛ աստվածուհիների, թե՛ մահկանացու կանանց, սակայն շատ դեպքերում մերժվում էր: Վերը նշված Կասանդրայի դեպքից բացի հայտնի է նաև հավերժահարս Դափնեի հետ կապված լեգենդը ըստ որի՝ երբ Ապոլլոնը հետապնդում է նրան, Դափնեն օգնություն է աղերսում ու փախչելով՝ վերածվում է դափնու ծառի, որը հետագայում սուրբ ծառ է դառնում Ապոլլոնի համար:
Ապոլլոնին ուղեկցող մշտական ատրիբուտներն էին նետն ու աղեղը, կիֆարան, կնտնտոցը և սուսերը:

Ա.Ռ. Մենգս «Ապոլլոնն ու մուսաները Պառնաս լեռան վրա»

No comments:

Post a Comment