![]() |
Դեյվիդ Թենիրս Կրտսեր «Պարողները պանդոկում», 1645թ. Ենթադրվում է, որ պատկերված պարը ռիգոդոնն է |
Ռիգոդոն պարը ծագել է 16-17-րդ դարերում, Ֆրանսիայում և լայն տարածում է ունեցել հատկապես 17-18-րդ դարերի ընթացքում, սկզբում՝ գյուղացիների, այնուհետև՝ բարձր խավի շրջանում:
Ռիգոդոնը սովորաբար կատարվում էր 2/2-ի չափով՝ ուղեկցվելով 8 տակտանի ռեպրիզներով: Պարի ծագման ու անվան վերաբերյալ կարծքիները տարաբնույթ են: Ըստ Ժան Ժակ Ռուսոյի՝ պարի անվանումը եկել է ֆրանսիացի պարի վարպետ Ռիգոյի անունից, որը գյուղական այս պարը բարձրացրել է բեմական պարի մակարդակի ու տարածել այն քաղաքային հասարակության մեջ: Այնուամենայնիվ, շատ մասնագետներ թերահավատորեն են մոտենում այս տեսակետին:
Վերջինների թվում է երաժշտության ու պարի պատմության մեծն գիտակ Կուրտ Զակսը, ըստ որի՝ պարի անվանումը կապված է իտալերեն "rigodere", "rigodone", "rigalone" բառերի հետ, թարգմանաբար՝ «կլոր պար»:
Մեկ այլ ենթադրության համաձայն՝ «ռիգոդոն» բառը ծագում է գերմաներեն "riegen" կամ ֆրանսերեն "rigoler" բառերից, որ նշանակում է «պարել»:
Ազգային պարերի մեծամասնության նման ռիգոդոնը ևս ծագել է Ֆրանսիայի հարավում (Պրովանս, Դոֆինե, Լանգեդոկ) մեծ տարածում ունեցած բրանլե պարից, որից էլ ստացել է տեղի բնակիչներին հատուկ մի շարք գծեր՝ ճկունություն, արագություն, վառ խառնվածք: Բրանլեի բնութագրիչ հիմնական հատկանիշների թվում էին դեպի ձախ թեքվելու սովորությունը, զույգերով պարբերաբար փոխանակվելը, թեթև ցատկի միջոցով անցումը մի ոտքից մյուսը, աղջկան ձեռքի տակով պտտացնելը և այլն:
Ռիգոդոնն իր աշխույժ բնույթով նման է ֆրանսիական ծագման այնպիսի պարերի, ինչպիսիք են բուռեն ու մոնտանյարը: Գյուղական ռիգոդոնը սովորաբար պարում էին ամենահասարակ երաժշտական գործիքների ուղեկցությամբ՝ հաճախ ջութակի: Պարին էլ ավելի ուրախ բնույթ էին հաղորդում դիտողների ծափերն ու բացականչությունները:

Այս նույն ժամանակահատվածում ռիգոդոնը դառնում է մի շարք ֆրանսիացի, գերմանացի ու անգլիացի երգահանների ստեղծագործությունների մաս: Այս պարը նաև իր պատվավոր տեղն է զբաղեցնում բալետային ու օպերային ստեղծագործություններում (վերջիններում որպես դիվերտիսմենտ): Ռիգոդոնին անդրադարձել են այնպիսի երգահաններ, ինչպիսիք են Գ.Ֆ. Հենդելը, Ժ.Բ. Լյուլլին, Ժ.Ֆ. Ռամոն, Ֆ.Ա. Ֆիլիդորը, Ա. Կամպրան և ուրիշներ:
![]() |
Ռիգոդոն, մոտ 1938թ., Պրովանս |
18-րդ դարում ռիգոդոնը շարունակում էր մնալ պալատական պարերից ամենաժողովրդականն ու հանրամատչելին: Այս պարը հատկապես օգտագործվում էր պարահանդեսների ժամանակ ձանձրացած հյուրերին աշխուժացնելու ու մթնոլորտը թարմացնելու նպատակով:
19-20-րդ դարում ռիգոդոնը ամբողջովին դուրս է գալիս կիրառությունից՝ համարվելով հնացած: Այնուամենայնիվ, երգահանները շարունակում են անդրադառնալ ռիգոդոնին: Այս ժամանակաշրջանի այնպիսի երգահաններ, ինչպիսիք են Է. Գրիգը, Մ. Ռավելը. Ս. Պրոկոֆևը, Է. Սատին և ուրիշներ, վերածնում են ռիգոդոնն ու հին ավանդույթները:
No comments:
Post a Comment