Wednesday 30 July 2014

Ֆլամենկո

Ֆլամենկո՝ իսպանական ժողովրդական երաժշտական-պարային ոճ, որը ծագել է Անդալուզիայում: Ունի երեք բաղկացուցիչ մաս՝ տոկե (“toque”, երաժշտական ուղեկցություն), կանտե (“cante”, երգ) և բայլե (“baile”, պար): Գոյություն ունի ֆլամենկոյի` միմյանցից բավականին տարբեր երկու տեսակ. առաջինը հնագույն կանտե խոնդոն է (“cante jondo/ hondo”, թարգմ.`խորը երգ), որն ունի մեկ այլ անվանում` կանտե գրանդե (“cante grande”, թարգմ.` մեծն, բարձր երգ): Ինչպես երևում է անվանումից, ֆլամենկոյի այս ոճը համարվում է բարձրագույնը բոլոր 50 ենթատեսակների շարքում: Երկրորդ տեսակը կանտե չիկոն է (“cante chico”, թարգմ.`փոքր, թեթև երգ), որը ֆլամենկոյի ավելի ժամանակակից ճյուղն է:  Սովորաբար ֆլամենկո պարը և երգը ուղեկցում են կիթառը, հարվածային գործիքները, կաստանյետները, ռիթմիկ ծափը

Ֆլամենկոյի արմատները գալիս են արաբական մշակույթից, բայց այս ոճի վրա էական ազդեցություն են ունեցել 15-րդ դարում Իսպանիա գաղթած գնչուներըԱնդալուզիայի տարածքում հաստատվելուց հետո նրանք սկսում են իրենց ազդեցությունն ունենալ բնիկների մշակույթի վրա՝ գնչուական տարրեր ավելացնելով նաև երաժշտական ավանդույթներին: Ժամանակի ընթացքում երաժշտական «բազմազգ» տարրերի միաձուլումից էլ առաջանում է ֆլամենկոն: Մինչ օրս էլ  իսկական ֆլամենկոյի կրողները համարվում են իսպանական գնչուները: Ուշագրավ է, որ ծագումից հետո երկար ժամանակ ֆլամենկոն համարվում էր «փակ արվեստ»: Գնչուները մեկուսացած կյանք էին վարում, հազվադեպ էին շփվում բնիկների հետ, և վերոհիշյալ ձուլումը աստիճանական ու դանդաղ ընթացք է ունեցել: 18-րդ դարում գնչուների դեմ հալածանքները դադարեցվեցին և վերջիններս համեմատաբար ազատ դարձան: Գնչուների հետ միասին ազատություն ձեռք բերեց նաև ֆլամենկոն` դուրս գալով սրճարանների ու պանդոկների սահմաններից ու գրավելով նորանոր լսարաններ

20-րդ դարի վերջում ֆլամենկոն սկսեց կլանել կուբայական մեղեդիներ, ջազային մոտիվներ, ինչպես նաև դասական բալետի տարրեր: Այս շրջանում հատուկ ճանաչում էր վայելում Խոակին Կորտեսը, որը ֆլամենկոյի  բոլոր ժամանակների ամենահայնտի պարողներից է: Կորտեսը կոտրեց ֆլամենկոյի քարացած կարծրատիպերը, թարմ, նորարար շունչ հաղորդեց պարին` դրանով իսկ մեծ արտահայտչականություն հաղորդելով նրան
Խոակին Կորտես


Մեր օրերում ֆլամենկոն շատ ավելի իմպրովիզացիոն բնույթ ունի, քան նախկինում: Ֆլամենկոյի պարուհու կերպարի անբաժան մասը ավանդական հովհարն ու զգեստն է՝ երկար, վառ գույներով, նախշազարդ, իսկ արական սեռի պարողը ավանդաբար կրում է սև տաբատ ու լայն թևքերով սպիտակ վերնաշապիկ: Ներկայումս ֆլամենկոյի ավանդույթները պահպանող քաղաքներն են Կադիսը, Խերեսը, Սևիլյան, Կորդոբան, Գրանադան, Բարսելոնան ու Մադրիդը, որոնցից յուրաքանչյուրն ունի ֆլամենկոյի ուրույն առանձնահատկություններ: Ֆլամենկոյի անունը հաճախ շոշափվում է այն բազմաթիվ փառատոնների ընթացքում, որ կազմակերպվում են Իսպանիայում և այլ երկրներում: Ներկայումս ֆլամենկոյի ամենահայտնի փառատոնը “Bienal de Flamenco”-ն է, որն ամեն տարի աշխարհի բոլոր անկյուններից Սևիլյա է հրավիրում ֆլամենկոյի և ընդհանրապես, իսպանական մշակույթի սիրահարներին

No comments:

Post a Comment