Showing posts with label Անտիկ մշակույթ. Show all posts
Showing posts with label Անտիկ մշակույթ. Show all posts

Monday, 15 January 2018

«Հադեսն առևանգում է Պերսեփոնեին»


«Հադեսն առևանգում է Պերսեփոնեին» (որմնանկար, մ.թ.ա. 4-րդ դար)
Վերգինա, Հունաստան 

Monday, 3 April 2017

«Ֆարնեզյան Ատլաս»
Հելլենիստական քանդակի կրկնօրինակ, մ.թ. 2-րդ դար, Հռոմ, մարմար
Ազգային հնագիտական թանգարան, Նապոլի, Իտալիա 
Ֆարնեզյան անվանումը քանդակը ստացել է 16-րդ դարում կարդինալ Ալեսսանդրո Ֆարնեզեի կողմից ձեռք բերվելուց հետո: 




Monday, 16 January 2017

«Վեներա (Ափրոդիտե) Կալիպիգա»


Հին հռոմեական քանդակագործություն
Մ.թ.ա. 1-ին կամ 2-րդ դար, մարմար
Ազգային հնագիտական թանգարան, Նեապոլ





Sunday, 8 January 2017

Saturday, 15 October 2016

Թռչող մենադ ու սատիր


Թռչող մենադ ու սատիր
Հին հռոմեական որմնանկարչություն, Պոմպեյ

Sunday, 9 October 2016

Պերսևսը Աթենասին է հանձնում Մեդուզայի գլուխը



Հին հունական կերպարվեստ 
Պերսևսը Աթենասին է հանձնում Մեդուզա Գորգոնայի գլուխը (որն արտացոլվում է վահանի վրա)
Մ.թ.ա. 400-385թթ.

Saturday, 18 June 2016

Հադեսի թագավորություն


Հադես և Պերսեփոնե
Հադեսն ու եռագլուխ
Կերբերը
Հադեսի թագավորություն՝ Հին Հունաստանում մեռյալների հոգիների թագավորությունը երկրի ընդերքում՝ լի խավարով ու սարսափներով: Այս թագավորության մեջ, ուր չեն հասնում երկրային կյանքի ո՛չ լույսը, ո՛չ հրճվանքը, ո՛չ էլ թախիծը, իշխում է Զևսի դժնադեմ եղբայր Հադեսն իր կնոջ՝ Պերսեփոնեի հետ միասին: Պերսեփոնեն՝ ընդերքի, ծլարձակման, պտղաբերության աստվածուհին, Զևսի և Դեմետրայի դուստրն է, որին Հադեսն առևանգել է ու դարձրել ստորերկրյա աշխարհի թագուհին: Նրանց ոսկեղեն գահի մոտ բազմում են մեռյալների թագավորության դատավորներ Մինոսն ու Հռադամանթոսը: Այստեղ է նաև մահվան աստված Թանատոսը՝ սուրը ձեռքին, սև թիկնոցով, լայնատարած սև թևերով: Անդրշիրիմյան պաղություն է փչում այդ թևերից, երբ Թանատոսը թռչում է մահամերձի մահճի մոտ, որպեսզի իր սրով մի փունջ մազ կտրի նրա գլխից և հափշտակի հոգին: Թանատոսի կողքին են մռայլատես Կերերը. նրանք մոլեգնորեն սավառնում են ճակատամարտի դաշտերով և հրճվում են՝ տեսնելով, թե ինչպես են մեկը մյուսի հետևից հերոսներն ընկնում: Իրենց շառագույն շուրթերով հպվում են նրանց վերքերին, ագահորեն ըմպում ընկածների տաք արյունը և մարմինների միջից դուրս կորզում նրանց հոգիները: 

Քարոնը հոգիներ է տեղափոխում
 Հեղինակ՝ Ա. Լիտովչենկո
Քարոնն ու Աքերոն գետը
Պերսեփոնե
Մթամած գետեր են հոսում Հադեսի թագավորությունում. այստեղով է հոսում նաև Ստիքս սրբազան գետը, որի ջրերով են երդվում աստվածները: Մեռյալների թագավորությունում են ալիք տալիս Կոկիտոսն ու Աքերոնը. հանգուցյալների հոգիների հեծեծանքները՝ թախծալից ու վշտալի, հնչում են նրանց մռայլ ափերին: Այստեղ են ցայտում նաև ամենայն երկրայինը մոռացության մատնող Լետա աղբյուրի ջրերը: 

Տարտարոսում՝ ստորերկրյա թագավորության ամենախորը հատվածում, հավերժական տանջանքի է դատապարտված Սիզիփոսը՝ Կորնթոս քաղաքի հիմնադիրը և թագավորը։ Խարդախ և շահախնդիր լինելու համար աստվածները նրան դատապարտել են հավերժական տառապանքի. լեռան գագաթը բարձրացնել մի ժայռաբեկոր, որն ամեն անգամ սեփական ծանրությունից գլորվում է ետ։ Նման պատիժը պատահական չէ. աստվածները մտածել էին, որ ավելի ծանր անարգանք չի կարող լինել, քան անօգուտ և անիմաստ աշխատանքը։

Թանատոսն ու Հիպնոսը
Ջ. Ուիլյամ Ուոթերհաուս
Հադեսին են ծառայում վերժխնդրության անողորմ աստվածուհիներ Էրինիները: Ահեղ են նրանք. խարազաններն ու օձերը ձեռքներին հետապնդում են մեղսագործին, ոչ մի պահ հանգիստ չեն տալիս նրան ու հոգեմաշ են անում խղճի տառապանքներով: Ոչ մի տեղ չի կարելի ապաստանել նրանց հետապնդումներից, Էրինիներն ամենուրեք գտնում են իրենց զոհին: 

Բերնինի
«Պերսեփոնեի 
առևանգումը»
Հադեսի գահի մոտ է նաև գեղեցկատես Հիպնոսը՝ քնի պատանի աստվածը, Թանատոսի երկվորյակ եղբայրը: Կակաչի գլխիկները ձեռքին՝ նա անշշուկ թևածում է երկրի վրայով՝ եղջյուրի միջից քնաբեր հեղուկ տարածելով: Իր հրաշագործ ձողիկով քնքշաբար հպվում է մարդկանց աչքերին, կամացուկ փակում է կոպերը և մահկանացուներին ընկղմում քաղցր քնի մեջ: Հզոր է Հիպնոս աստվածը. նրան չեն կարող ընդդիմանալ ո՛չ մահկանացուները, ո՛չ աստվածները, ո՛չ էլ մինչև իսկ Զևսը. Հիպնոսը նրա ահեղնացայտ աչքերն էլ է փակում և ընկղմում խորը քնի մեջ: 

Հադեսի խավարչտին թագավորության մեջ սավառնում են նաև երազների աստվածները: Նրանց մեջ կան իմաստուն և հրճվալից երազներ տվող աստվածներ, բայց կան նաև այնպիսիները, որոնք մարդկանց ճնշող, երկյուղով համակող ու տանջալից երազներ են բերում: Կան և կեղծ ու պատիր երազների աստվածներ, որոնք մարդկանց մոլորության մեջ են գցում, հաճախ էլ՝ կորստյան մատնում: 

Հադեսն առևանգում է Պերսեփոնեին
Էրինիները հետապնդում են Օրեստեսին
Ուիլյամ Բուգրո
Անողորմ Հադեսի թագավորությունը լի է խավարով ու սարսափներով: Այնտեղ՝ խավարի մեջ, թափառում է սոսկալի ուրվական Էմպուսան՝ ավանակի ոտքերով: Գիշերային խավարում մարդուն խորամանկությամբ հմայելով մի թաքուն տեղ՝ նա ամբողջությամբ խմում է վերջինիս արյունը և խժռում նրա դեռևս թպրտացող մարմինը: Այստեղ է թափառում նաև հրեշավոր Լամիան. նա գիշերը մտնում է երջանիկ մայրերի ննջարանն ու գողանում նրանց երեխաներին՝ արյունը խմելու համար: Բոլոր այդ ուրվականների և հրեշների վրա իշխում է մեծն աստվածուհի Հեկատեն՝ երեք մարմնով ու երեք գլխով:
Տիցիան «Սիզիփոսի պատիժը»
Անլուսին գիշերներին՝ թանձր խավարի մեջ, ստիքսյան շներով շրջապատված՝ թափառում է նա ճանապարհների վրա ու գերեզմանների մոտ իր ամբողջ սոսկալի շքախմբով և տանջալից երազներ է ուղարկում երկիր՝ կորստյան մատնելով մարդկանց: Հեկատեին հաճախ օգնության են կանչում կախարդելիս, բայց հենց ինքն էլ միակ օգնականն է կախարդանքի դեմ բոլոր նրանց համար, ովքեր հարգում են նրան և ճամփաբաժանին (այն կետում, որտեղ բաժանվում են երեք ճանապարհները) շներ զոհաբերում նրան: 

Սոսկալի է Հադեսի թագավորությունը և ատելի է մարդկանց: Ստորերկրյա աստվածները մարմնացրել են բնության ուժերը և շատ ավելի հին են, քան Օլիմպոսի աստվածները: 

Հադեսն առևանգում է Պերսեփոնեին
Օրփեոսն անդրաշխարհում
Քարոնի նավը
Լուկա Ջորդանո
Քարոնն ու հոգիները
Աղբյուրը՝ Ն.Ա.Կուն «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները»

Monday, 30 May 2016

Անդրոմեդա և Պերսևս


Անդրոմեդա և Պերսևս
Հին հռոմեական որմնանկար, Պոմպեյ, մ.թ. I-ին դար
Ազգային հնագիտական թանգարան, Նեապոլ

Wednesday, 25 May 2016

Պարող այծամարդ


Պարող այծամարդ (ֆավն, սատիր)
Մ.թ.ա. 2-րդ դար, Հին Հռոմ, բրոնզ
Ազգային հնագիտական թանգարան, Նապոլի




, 

Friday, 20 May 2016

Պոլիփեմոսը համբուրում է Գալաթեային

Կիկլոպ Պոլիփեմոսը համբուրում է հավերժահարս Գալաթեային
Հին հռոմեական որմնանկար, Պոմպեյ, մ.թ. I-ին դար
Ազգային հնագիտական թանգարան, Նեապոլ

Saturday, 14 May 2016

Հեփեստոս

«Հեփեստոս»
Գիյոմ Կուստու (կրտսեր), Լուվր
  Հեփեստոս՝ Զևսի և Հերայի որդին, կրակի, դարբնության աստվածը, Հին Հունաստանի գլխավոր աստվածներից մեկը: Ի սկզբանե Հեփեստոսը եղել է միայն կրակի աստված, սակայն արհեստների, հատկապես՝ դարբնության արհեստի զարգացմանը զուգընթաց նա դառնում է նաև մետաղագործության հովանավոր աստվածը: Հեփեստոսին հատկապես շատ էին մեծարում Աթենքում, որտեղ արհեստներն առավել բարձր զարգացման էին հասել: 

Հեփեստոսը լույս է աշխարհ է գալիս որպես թուլակազմ ու կաղ երեխա: Տեսնելով, որ նորածին որդին անբերետես ու տկարակազմ է՝ Հերան ցասումով է լցվում, խլում երեխային ու Օլիմպոսից ցած նետում դեպի հեռավոր երկիրը: Օդի մեջ երկար սուրալուց հետո տարաբախտ մանուկը ընկնում է անծայրածիր ծովի ալիքների մեջ:

Հերան Օլիմպոսից ցած է նետում նորածին Հեփեստոսին
Ծովային աստվածները՝ մեծն Օվկանիոսի դուստր

Էվրինոմեն և ծովային պատգամախոս ծերունի Ներեոսի դուստր Թետիսը, խղճում են փոքրիկ Հեփեստոսին ու իրենց հետ տանում ալեհեր Օվկիանոսի ջրերի խորքերը: Այնտեղ, լազուրե անձավում, աստվածուհիները մեծացնում ու դաստիարակում են մանկանը: Հեփեստոսը դառնում է հմուտ դարբին՝ իսկական հրաշագործ իր արհեստի մեջ: Իր հզոր ձեռքերով ոսկուց ու արծաթից մշտապես զարդարանքներ է պատրաստում իր դաստիարակչուհիների՝ Էվրինոմեի ու Թետիսի համար: 

 
Թետիսը Հեփեստոսից զենքեր է վերցնում վերցնում
Աքիլլեսի համար
Անտոնիս վան Դեյք, 1630-32թթ.
Երկար ժամանակ Հեփեստոսն իր սրտում թաքցնում է իր մոր՝ Հերա աստվածուհու հանդեպ տածած ցասումը: Ի վերջո նա որոշում է վրեժխնդիր լինել մորից. արտասովոր գեղեցիկ մի ոսկեղեն բազկաթող է պատրաստում և ուղարկում Օլիմպոս՝ իբրև նվեր իր Հերային: Շանթարձակ Զևսի կինը սքանչանում է այս հրաշալի ընծայից: Եվ իրոք, միայն աստվածների ու մարդկանց թագուհին կարող էր բազմել այդպիսի արտասովոր գեղեցիկ բազկաթոռին: Սակայն Հեփեստոսն անակնկալ էր պատրաստել մոր համար. բազկաթոռին նստելուն պես Հերան պատվում է անքակտելի կապանքներով ու գամվում է իր տեղում: Աստվածները վրա են հասնում օգնության, սակայն նրանց ջանքերն ապարդյուն են. միայն Հեփեստոսն էր ի զորու քանդել բազկաթոռի կապանքները: Հասկանալով դա՝ աստվածները Հերմեսին ուղարկում են դարբին-աստծուն բերելու: Բանբերը երկար փորձում է համոզել Հեփեստոսին, որ իր հետ Օլիմպոս գնա ու ազատի Հերային, սակայն դարբինը հստակ է իր որոշման մեջ. նա չի կարող մոռանալ այն ցավը, որ մայրը պատճառել է իրեն:
Հերան՝ գամված բազկաթոռին
Հերմեսին օգնության է գալիս Դիոնիսոսը՝ գինու աստվածը: Նա Հեփեստոսին մի գավաթ քաղցրաբույր գինի է հյուրասիրում, հետո՝ ևս մի գավաթ, և այդպես շարունակ: Գինովցած Հեփեստոսն արդեն պատրաստ է ամեն ինչի: Գինին հաղթում է Հեփեստոսին: Հերմեսն ու Դիոնիսոսը դարբին-աստծուն նստեցնում են ավանակի վրա ու տանում Օլիմպոս: Հեփեստոսի շուրջը ուրախ պար բռնած պտտվում են բաղեղով պարուրված մենասները՝ Դիոնիսոսի մշտական ուղեկիցները՝ ձեռքներին թիրսոսներ: Վերջապես զվարթ շքախումբը հասնում է Օլիմպոս: Հեփեստոսն առանց երկմտելու ազատ է արձակում մորը՝ մոռանալով ամեն տեսակ վիրավորանք. գինին բուժել էր նրա բոլոր վերքերը: 

  Այս դեպքից հետո Հեփեստոսը բնակություն է հաստատում Օլիմպոսում: Նա հոյակապ շինություններ է կանգնեցնում աստվածների համար, իսկ իր համար ոսկուց, արծաթից ու բրոնզից մի պալատ է կառուցում, որտեղ երջանիկ կյանք է վարում իր գեղանի ու բարեհամբույր կնոջ՝ գեղեցկության ու նազանքի աստվածուհի Քարիսի հետ: Այս նույն պալատում է գտնվում Հեփեստոսի դարբնոցը, որտեղ նա անցկացնում է օրվա մեծ մասը: Մեջտեղում դրված է վիթխարի զնդան, անկյունում՝ բոցավառ հնոցն իր փուքսերով: Զարմանահրաշ փուքսեր են դրանք. գործի են ընկնում առանց ձեռքերի օգնության՝ ենթարկվելով միայն Հեփեստոսի խոսքին: Ինչ հրաշալիքներ ասես, որ չի կռում Հեփեստոսը. ամրակուռ զենքեր, 
ոսկե և արծաթե զարդարանքներ, թասեր ու գավաթներ, եռոտանիներ, որոնք, ասես կենդանություն առած, իրենք իրենց գլորվում են ոսկե անիվների վրա: Գործն ավարտելով, քացրաբույր ավազանում մաքրվելով քրտինքից ու մրից՝ Հեփեստոսը, կաղալով ու իր թույլ ոտքերի վրա ճոճվելով, գնում է իր հոր՝ շանթարձակ Զևսի խնջույքին մասնակցելու: Բարեհոգի Հեփեստոսը հաճախ հաշտեցնում է վեճի պատրաստվող Զևսին ու Հերային: Աստվածներն անկարող են առանց ծիծաղի նայել Հեփեստոսին, երբ նա կաղալով շրջում է խնջույքի սեղանի շուրջը և անուշաբույր նեկտար լցնում նրանց համար: Ծիծաղն աստվածներին ստիպում է մոռացության տալ վեճն ու գժտությունը: 

 
«Աֆրոդիտեն այցելում է
Հեփեստոսի  դարբնոցը»
 Գաետանո Գանդոլֆի


Բայց Հեփեստոս աստվածը կարող է նաև ահեղ լինել: Շատերն են ճաշակել նրա կրակի ուժն ու վիթխարի մուրճի հզոր հարվածները: Նա իր կրակով զսպել է անգամ Տրոյայի մոտ գտնվող Քսանթոս և Սիմոիս մոլեգնափրփուր գետերի ալիքները: Հեփեստոսն իր մուրճով ջարդուփշուր է արել նաև հզոր տիտաններին: 
 Մեծն Հեփեստոսը՝ աստվածների հմտագույն դարբինը, ջերմություն ու հրճվանք է սփռում շուրջբոլորը, սիրալիր է ու բարեհամբույր բոլորի նկատմամբ, բայց կարող է և խստագույն պատիժներ տալ ու զարմացնել իր դաժանությամբ:
Հեփեստոսի տաճարն Աթենքում

Sunday, 31 January 2016

Սոֆոկլես «Էդիպ արքա»

Դ. Էնգր
 «Էդիպն ու Սֆինքսը»
Սոֆոկլեսի ամենահայտնի ողբերգություններից մեկը՝ «Էդիպ արքա»-ն, առաջին անգամ բեմադրվել է մ.թ.ա. 429 թ.: Ողբերգության մեջ Սոֆոկլեսը պատկերում է իր ժամանակի ամենակարևոր գաղափարներից մեկը` աստվածների կամքի (ճակատագրի) և մարդու ազատ անհատականության բախումը: Նյութը վերցված է Թեբեական շարքի առասպելներից, որոնցից մեկը պատմում է Թեբեի դժբախտ արքա Էդիպի մասին, այն արքայի, որի համար աստվածները սահմանել են անագորույն ճակատագիր` սպանել հարազատ հորը և ամուսնանալ մոր հետ:
Ողբերգական այս պատմությունը սկսվում է այն ժամանակ, երբ Թեբեի արքա Լայոսին գուշակում են մահ սեփական որդու ձեռքերից: Նա հրամայում է իր նորածին զավակին նետել Կիթերոնի լանջերից: Սակայն ծառան, որին հրամայված էր սպանել Էդիպին, փրկում է մանուկին և հանձնում Կորնթոսի արքայի՝ Պոլիբոսի հովիվներից մեկին: 
Այդպիսով նորածնին մեծացնում է Պոլիբոսը, որին Էդիպն իր հարազատ հայրն է համարում: Երբ Էդիպը մեծանում է, նրան գուշակում են, որ մի օր սպանելու է հորն ու ամուսնանալու է հարազատ մոր հետ:
Գ. Մորո 
 «Էդիպն ու Սֆինքսը»
Փորձելով փախչել այդ դաժան ճակատագրից՝ նա հեռանում է հայրենի քաղաքից՝ ուղևորվելով դեպի Թեբե: Այստեղ երիտասարդը կարողանում է փրկել քաղաքը հրեշավոր Սֆինքսից և դառնում է Թեբեի թագավոր՝ ամուսնանալով վերջերս սպանված թագավորի՝ Լայոսի այրու հետ: Երբ քաղաքում սկսվում է վերը նշված ժանտախտը, Էդիպը կնոջ եղբորը՝ Կրեոնին ուղարկում է Դելփիք՝ Ապոլլոնից օգնություն խնդրելու: Վերջինս հայտնում է, որ համաճարակը կվերանա միայն այն ժամանակ, երբ քաղաքից վտարվի նախկին թագավորին սպանողը: Որոշվում է դիմել գուշակ Թերեսիասի օգնությանը, որը սկզբում փորձում է խուսափել պատասխաններից, բայց ի վերջո բացահայտում է դառը ճշմարտությունը. Լայոս արքային՝ իր հորը, Թեբեի ճանապարհին անգիտությամբ սպանել է հենց Էդիպը, որից հետո, դառնալով Թեբեի թագավոր, ամուսնացել սպանված արքայի այրու` Իոկաստեի հետ, որն իր մայրն է: Էդիպը ցնցվում է, և սկսում կասկածել Կրեոնին՝ մտածելով, որ դավեր է նյութում իր դեմ: Իոկաստեն փորձում է Էդիպին համոզել, որ գուշակությունները հաճախ սուտ են լինում: Չէ՞ որ Լայոսին գուշակել էին մահ սեփական որդու ձեռքերով, իսկ իրենց նորածին որդուն վաղուց սպանել էին:

Շուտով Էդիպը հիշում է, որ Թեբեի ճանապարհին վեճի մեջ սպանել էր մի ծերունու և նրա ուղեկիցներին: Հանկարծ Կորնթոսից սուրհանդակ է գալիս՝ հայտնելով, որ Պոլիբոսը մահացել է, և կորնթոսցիներն ուզում են Էդիպին արքա կարգել: Այստեղ նաև պարզվում է, որ Էդիպը Պոլիբոսի հարազատ որդին չէ: Սուրհանդակը պատմում է, որ շատ տարիներ առաջ, երբ նա հովվություն է արել Կիթերոնի լեռներում, Լայոսի ծառաներից մեկը նրան նորածին երեխա է տվել: Ճշմարտությունը դառնում է անխուսափելի: Ի նշան ճակատագրի դեմ բողոքի՝ Էդիպը կուրացնում է իրեն, իսկ Իոկաստեն ինքնասպան է լինում:



Շ. Ժալաբել
«Թեբեի ժանտախտը»
Այսպիսով, այս ողբերգությունը ներկայացնում է աստվածների ու ճակատագրի ազդեցությունը մարդկանց կյանքի ընթացքի վրա: Մյուս կողմից, Սոֆոկլեսը ցույց է տալիս մարդու ներքին ուժը, հզորությունը, որ կարող է դիմակայել աստվածներին ու ճակատագրին: Էդիպը, հասկանալով, թե ինչ են պատրաստել իր համար աստվածները, ոչ թե հնազանդվում, այլ իրեն կուրացնելով` ըմբոստանում է գերագույն ուժերի դեմ: Էդիպը չի պարտվում, դառնում է անհաղթելի: Նա փորձում է հասկացնել, որ ինքը մարդ է. չի կարելի այդպես վարվել մարդկանց հետ: Կուրացնելու քայլն ուղղված էր նաև իր դեմ: Դրանով նա ցույց է տալիս, որ տեսնում է իր ներքինը, որ տեսողությունը պետք է ուղղված լինի ոչ թե դեպի դուրս, այլ դեպի ներս: Ահա թե ով է մարդը Սոֆոկլեսի համար: 
Ե՛վ Լայոսը, և՛ Էդիպը փորձում են խուսափել իրենց ճակատագրից, բայց խուսափելու համար կատարված քայլերի հետևանքով վերջինս հասնում է նրանց: Աստվածները, կարծես, ծիծաղում են մարդկային ջանքերի վրա: Եթե Լայոսը իրենից չհեռացներ նորածին որդուն, վերջինս կճանաչեր հորն ու չէր սպանի նրան: Եթե Էդիպը ճակատագրից խուսափելու համար չհեռանար իր ենթադրյալ հորից, չէր սպանի իրական հորը: Էդիպը անիծում է մարդասպանին, որը ժանտախտի պատճառ է դարձել՝ չկասկածելով անգամ, որ անիծում է ինքն իրեն: Նա գուշակին կույր է անվանում՝ չհասկանալով, որ իրական կույրն ինքն է: Սա է աստվածների դաժան հեգնանքը:
Շ. Ժալաբել, Անտիգոնեն Թեբեից դուրս է բերում կուրացած Էդիպին
Այնուամենայնիվ, Սոֆոկլեսը մարդուն բարձրացնում է վեր` ընդգծելով բնավորության ուժը, ինչը չնայած դառնում է դժբախտությունների պատճառ, սակայն հնարավորություն է տալիս տնօրինել սեփական կյանքը: «Էդիպ արքան» ոչ թե ճակատագրի ողբերգություն է, այլ մի գործ, որը թեև շեշտում է մարդու կախվածությունը աստվածների կամքից, միաժամանակ ընդունում է և մարդու արարքների ազատությունը: Ընդունելով այդ ազատությունը՝ Սոֆոկլեսը միաժամանակ գիտակցում է, որ ազատ մարդը չի կարող սխալներ չգործել: