Sunday, 30 August 2015

Էդուարդ Մանե



Էդուարդ Մանե (1832–1883 թթ.)՝ ֆրանսիացի հայտնի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը: 

Ծնվել է 1832թ. հունվարի 23-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, Օգյուստ և Էժեն Մանեների ընտանիքում: Հայրն աշխատում էր Արդարադատության նախարարությունում, իսկ մայրը դիվանագետի դուստր էր: Վերջինս Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքում դեսպանի պարտականություն էր կատարել, ինչի արդյունքում Շվեդիայի թագավոր Կառլ XIII-ը Մանեի մոր կնքահայրն էր: 1839թ. Մանեն ընդունվում է վանահայր Պուալոյի դպրոց, սակայն ուսման հանդեպ բացարձակ անտարբերության պատճառով հայրը նրան տեղափոխում է Ռոլլենի գիշերօթիկ քոլեջ, որտեղ տղան սովորում է 1844-48թթ. ընթացքում: Այստեղ ևս Էդուարդը աչքի չէր ընկնում գերազանց առաջադիմությամբ:
«Օգյուստ և Էժեն Մանեները,
 նկարչի ծնողները » 1860թ.
Պատճառն այն էր, որ տղան արդեն հասկացել էր, թե ինչով է ուզում զբաղվել ամբողջ կյանքի ընթացքում՝ գեղանկարչությամբ: Այնուամենայնիվ, Օգյուստ Մանեն այլ ապագա էր սահմանել որդու համար՝ պնդելով, որ նա պետք է իրավաբան դառնար: ՜Էդուարդի նկարչական տաղանդը տեսնելով՝ նրա քեռին՝ Էդմոն Էդուարդ Ֆուրնյեն տղային խորհուրդ է տալիս գեղանկարչության դասերի գնալ՝ սեփական նախաձեռնությամբ գրանցելով նրան դասընթացների ու իր իսկ միջոցներով վճարելով դրանց համար:
Էմիլ Զոլա, 1868թ.
Օրսե թանգարան
Բացի այդ, արվեստասեր Էդմոնը տղայի համար բացահայտեց թանգարանների աշխարհը: Ամենից շատ, բնականաբար, Մանեին տպավորեց Լուվրը. այս այցելությունը մեծ ազդեցություն թողեց տղայի աշխարընկալման ու կյանքն արվեստին նվիրելու նրա որոշման վրա: Ինչ վերաբերում է նկարչության դասերին, ապա դրանք սպասված հետաքրքրությունը չառաջացրին Մանեի մոտ: Գլխավոր պատճառը դասավանդման ակադեմիական մեթոդն էր. Մանեին ձանձրացնում էր անտիկ ու վերածննդյան դարաշրջանի արվեստի գործերի սառը կրկնօրինակումը,  փոխարենը նա սիրում էր նկարել իր համադասարանցիներին: Այս նոր զբաղմունքը վարակիչ է դառնում  ու դասարանում բոլորը սկսում են նկարել միմյանց: 

Ինքնանկար, 1879
1848թ.՝ ուսումն ավարտելուց հետո, Մանեն առաջին անգամ լրջորեն բախվում է հոր հետ. սա հետագա քայլեր ձեռնարկելու որոշիչ պահն էր, և հայրը խստորեն արգելում է որդուն գեղանկարչության ճանապարհը բռնել: Փոխզիջման արդյունքում որոշվում է, որ Մանեն պետք է ընդունվի ծովային դպրոց, սակայն ընդհանուր գիտելիքների ցածր մակարդակի պատճառով վերջինս լիովին ձախողում է ընդունելության քննությունները: Այնուամենայնիվ, վերաքննությանը պատրաստվելու համար տղային թույլատրում են ուսումնական նավարկության մեկնել «Գավր և Գվադելուպա» կոչվող նավով: Ճանապարհորդության ընթացքում Մանեն լինում է Բրազիլիայում, որն իր վառ գույներով ու էկզոտիկ մթնոլորտով էլ ավելի է ուժեղացնում գեղանկարչական արվեստի մեջ հմտանալու Մանեի ցանկությունը. նա ուզում էր պատկերել այն ամենն, ինչ տեսնում է՝ սկսած գեղեցիկ տեսարաններից մինչև շրջապատող մարդիկ:
Մադամ Մանե
(Սյուզաննա Լեենհոֆֆ),
 1880թ., Մետրոպոլիտեն
Հաճախ նա փորձում էր նկարել նավի անձնակազմի իր ընկերներին: Բարեկամներին գրած նամակներում Մանեն շարունակ կիսվում էր Ռիոյի կառնավալից ստացած տպավորություններով ու բրազիլացի կանանց էկզոտիկ գեղեցկության մասին մտքերով: Հետագայում իր կտավներում Մանեն շատ էր անդրադառնալու ծովային տեսարաններին. ծովի հանդեպ նրա սերը ծնվել է հենց այս ճանապարհորդության ժամանակ:

1849թ.՝ Փարիզ վերադառնալուց հետո, Մանեն մեկ անգամ ևս անարդյունք փորձում է ընդունվել ծովային դպրոց: Այս ձախողումից հետո հայրը հասկանում է, որ պնդելն այլևս անիմաստ է ու սկսում հետաքրքրվել որդու նկարչական հաջողություններով: Մի քանի կտավ տեսնելուց հետո նա Մանեին խորհուրդ է տալիս ընդունվել Գեղարվեստի դպրոց, սակայն Մանեն, կանխատեսելով, որ այնտեղ ևս բախվելու է ակադեմիական ուսուցմանը, նախընտրում է սովորել ժամանակի հայտնի նկարիչներից մեկի՝ Տոմա Կուտյուրի արվեստանոցում:
Է. Մանե, հեղինակ՝ Հենրի Ֆանտեն Լատուր
Այս ժամանակ է սկիզբ առնում Մանեի ու այդ տարիների Ֆրանսիայում ընդունված գեղանկարչության դասական ու ռոմանտիկ ավանդույթների կոնֆլիկտը: Պատանի նկարիչը անթաքույց հակակրանք էր տածում «բուրժուական» գեղանկարչության հանդեպ, ինչի արդյունքում նա հեռանում է Կուտյուրի արվեստանոցից: Շուտով, սակայն, հոր պարտադրանքով նա ստիպված է լինում ներողություն խնդրել իր ուսուցչից ու վերադառնալ արվեստանոց՝ արդեն թաքուն հակակրանք տածելով Կուտյուրի խիստ ակադեմիական ոճի հանդեպ: Այս շրջանում երիտասարդ Մանեի կյանքը բարդանում է նրա հոլանդուհի սիրեցյալ Սյուզաննա Լեենհոֆի (ապագա տիկին Մանեի) անսպասելի հղիության պատճառով: 1851թ. ծնվում է Լեոն Լեենհոֆը: Մանեի հեղինակությանը չվնասելու ու նրա հոր զայրույթից խուսափելու նպատակով երեխայի հայրությունը ուրիշին են վերագրում: 

«Ծխախոտով գնչուհին»
մոտ 1883թ.
Շուտով Մանեն սկսում է ճանապարհորդել՝ այցելելով Եվրոպայի ամենակարևոր քաղաքներն ու թանգարանները: Նա լինում է Վենետիկում, Ֆլորենցիայում, Ամստերդամում, Դրեզդենում, Պրահայում, Վիեննայում, Մյունխենում: Այս քաղաքների բազմաթիվ թանգարաններում նա ծանոթանում է Վաղ և Ուշ Վերածննդի արվեստի գործերին, իր համար բացահայտում է Դիեգո Վելասկեսին, որի ազդեցությունը Մանեի արվեստի վրա կասկած չի հարուցում: Ենթադրվում է, որ Վելասկեսի ուշ շրջանի կտավներն, առհասարակ, մեծ դեր են ունեցել իմպրեսիոնիզմ ուղղության ձևավորման մեջ: 

1856-58թթ. Մանեն Փարիզում արդեն ճանաչում ուներ. շատերը նրան խոստումնալից տաղանդ էին համարում: Մանեին հաճախ էին հրավիրում տարատեսակ ցուցահանդեսների, միջոցառումների, ծանոթացնում փարիզյան հասարակության վերին խավի հետ: Այս տարիներին Մանեի մտերիմ ընկերը սկանդալային բանաստեղծ Շառլ Բոդլերն էր: Մանեն գրեթե ամեն օր այցելում էր Լուվր, փորձում հնարավորինս ճշմարտացի կրկնօրինակել հայտնի վարպետների գործերը և արժանանալ Կուտյուրի գովասանքի խոսքերին: 

«Աբսենտի սիրահարը»


1859թ. Մանեն եզրակացնում է, որ բավարար չափով գեղարվեստական կրթություն է ստացել և Սալոնում՝ Փարիզի ամենահեղինակավոր ցուցահանդեսում ներկայանալու պահը հասունացել է: Այս նպատակին հասնելու նկարչի գլխավոր հույսը «Աբսենտի սիրահարը» (1858-59թթ.) ռեալիստական ոճով կտավն էր. հեղինակը հաճախ զուգահեռներ էր տանում իր այս ստեղծագործության և Բոդլերի պոեզիայի միջև: Սալոն դիմելուց առաջ Մանեն ևս մեկ անգամ հարցնում է իր ուսուցչի կարծիքը «Աբսենտի սիրահարի» վերաբերյալ, սակայն նորից բացասական արձագանք լսելուց հետո նա վերջնականորեն խզում է հարաբերությունները Կուտյուրի հետ: Ի վերջո կտավը մերժվում է Սալոնի ժյուրիի կողմից. հանձնաժողովի անդամներից միայն Էժեն Դելակրուան է կողմ քվեարկում, նույնիսկ Կուտյուրն է իր նախկին աշակերտի դեմ քվեարկում: Մերժումը պարզաբանվեց այս կերպ. կտավը պատկերում էր հասարակ մի հարբեցողի՝ զուրկ որևէ այլաբանությունից ու երևակայությունից, բացակայում էր հետին պլանը (մինչդեռ դասական գե ղանկարչության ընդունված սկզբունքներից մեկը կտավին հետին պլանի միջոցով խորություն փոխանցելն էր), կերպարի ստվերներն անբնական էին, չէին հ ամապատասխանում նրա դիրքին և այլն:



«Երաժշտություն Տյուլրիում», 1862թ.
Ազգային պատկերասրահ, Լոնդոն

Այս ֆիասկոն որոշ ժամանակով մոլորության գիրկն է նետում Մանեին. նա կորցնում վստահությունն ու չի կարողանում հետաքրքիր թեմա ընտրել իր կտավների համար՝ արդյունքում անթաքույց կերպով կրկնօրինակելով անցյալի վարպետների սյուժեները: Սակայն շուտով Փարիզի Տյուլրի այգին, ուր նա հաճախ էր գնում ընկերներին տեսնելու կամ պարզապես զբոսնելու համար, նոր կտավի թեմա է մատուցում Մանեին: 

Մոռանալով Կուտյուրի տված բոլոր խորհուրդները՝ 1862թ. նա ստեղծում է «Երաժշտություն Տյուլրիում» կտավը, որտեղ անկաշկանդ կերպով պատկերում է այգում հավաքված մարդկանց՝ տարբեր զբաղմունքներով ու դիրքերով՝ աշխատելով հնարավորինս բնականորեն արտացոլել նրանց առօրյան: Սա նորություն էր Փարիզի արվեստասեր հասարակության համար թե՛ թեմատիկ, թե՛ տեխնիկական առումով, հետևաբար կտավը բավականին մեծ զարմանք է առաջացնում: Մանեն մի կողմ է դնում կտավի «մանրակրկիտ զարդարման» ակադեմիական մեթոդը, որի արդյունքում կտավը մոտ թե հեռու տարածությունից դիտելու մեջ տարբերություն գրեթե չկար: Այս կտավում, ընդհակառակը, մոտ տարածությունից դիտելիս կերպարների դեմքերն ավելի վերացական ձև են ստանում՝ կարծես տիպականացնելով այգու այցելուներից յուրաքանչյուրին: Եվ իրոք, չէ՞ որ ամեն օր տասնյակ մարդիկ են հավաքվում Տյուլրիում, զրուցում, կատակում, երաժշտություն լսում: Մանեն պատկերել է նման օրերից մեկը՝ միաժամանակ ներկայացնելով այգու մշտական առօրյան:
«Իսպանացի կիթառահար»
1860թ.
Մետրոպոլիտեն 

1861թ. Մանեի միաժամանակ երկու կտավ արժանանում են Սալոնի քմահաճ ու խիստ ժյուրիի հավանությանը՝ «Օգյուստ և Էժեն, նկարչի ծնողներ» և «Իսպանացի կիթառահարը», որոնք դրական արձագանքների են արժանանում նաև արվեստասեր լայն շրջանի կողմից: Այս հաջողությունը իրական փառք ու նաև մեծ գումարներ է բերում Մանեին, սակայն այս շրջանում վերջինիս համար կարևոր էր հատկապես հոր կարծիքը. Օգյուստ Մանեն հպարտությամբ էր հյուրերին ցույց տալիս որդու գործերը: 

«Կրոկետ», 1873թ.
Շուտով Մանեն փոխում է իր արվեստանոցը՝ տեղափոխվելով Բատինյոլ թաղամաս: Սալոնի կազմակերպիչներից մեկը՝ Լուի Մարտինեն, հասկանալով, թե սկսնակ նկարիչները որքան դժվարությամբ են ճանաչում ձեռք բերում, այլընտանքային ցուցադրություն է կազմակերպում նրանց համար: Մանեի աշխատանքներից այդ ցուցահանդեսին ներկայացվում են «Բալերով տղան», «Ընթերցողը» և «Իսպանացի կիթառահարը»: 


«Մանեների ընտանիքն Արժանտյոյի իրենց այգում»,
1874թ. Մետրոպոլիտեն
Արդեն մտածելով առաջիկա Սալոնի մասին՝ Մանեն սկսում է մտածել, թե ինչ թեմա պետք է ընտրի ժյուրիի հավանությանը կրկին արժանանալու համար: Արդյունքում սկսում է աշխատել «Փողոցային երգչուհու» վրա, որի համար բնորդուհի է ընտրում Վիկտորինա ԼուիզաՄերանը: Շուտով նկարչի ու բնորդուհու մեջ սիրավեպ է սկսվում, որի մասին լուրերը տարածվում են ողջ Փարիզով, սակայն Մանեին հաջողվում է խուսափել Սյուզաննայի հետ միջադեպից. վերջինս կամ չի տեղեկանում ամուսնու սիրուհու մասին, կամ ձևացնում է, թե տեղյակ չէ, ինչն ավելի հավանական է:

«Լոլան Վալենսիայից»,
1862թ.

Մանեի՝ Սալոնի ժյուրիին ներկայացված բոլոր երեք կտավները մերժվում են: Այդ տարի, ընդհանուր առմամբ, խստապահանջ Սալոնը մերժում է 2800 կտավ: Մանեն Մարտինեի հետ միասին որոշում է սեփական ցուցահանդեսը կազմակերպել. ցուցադրվում են «Երաժշտություն Տյուլրիում», «Ծեր երաժիշտ», «Գնչուներ», «Իսպանական բալետ», «Լոլան Վալենսիայից» և այլ գործեր: Ի հակառակ Մանեի կանխատեսումներին՝ ցուցահանդեսը միայն բացասական արձագանքի է արժանանում հասարակության կողմից:
Շուտով Մարտինեի ու երիտասարդ նկարիչների մոտ մի միտք է ծագում՝ Սալոնի կողմից մերժված կտավների ցուցադրություն բացել: Սա, բնականաբար, շատ համարձակ քայլ կլիներ, և Մարտինեն չէր կողմնորոշվում՝ իրականացնել այդ ծրագիրը, թե՝ ոչ: Այս հարցում նրան օգնում է կայսր Նապոլեոն III-ը. նա անձամբ հովանավորում է ցուցադրությունը, որը միանգամից ստանում է  «Մերժվածների սալոն» անվանումը: Մանեի  «Նախաճաշ խոտի վրա» կտավը ամենամեծ աղմուկն է բարձրացնում՝ նույնիսկ ծիծաղ ու հեգնանք առաջացնելով այցելուների շրջանում: Այս կտավի շնորհիվ Մանեն դառնում է Փարիզի արվեստասեր հասարակության խոսակցության գլխավոր թեման: «Նախաճաշ խոտի վրա»-ն դառնում է 1863թ. Մերժվածների սալոնի խորհրդանիշը:
«Նախաճաշ խոտի վրա», Օրսե թանգարան
Այնուամենայնիվ, 1863-64թթ. Մանեն ցուցադրվում է նաև պաշտոնական Սալոնում, որտեղ ևս  «Նախաճաշ խոտի վրա»-ն մեծ աղմուկ է բարձրացնում: Գլխավոր պատճառն, իհարկե, կտավի թեման էր. երկու տղամարդ մերկ կնոջ հետ նախաճաշում են բնության գրկում: Այս տեսարանը շատերին բարոյական արժեքների անկում ու վատ ճաշակ էին հիշեցնում: Բացի այդ, մեծ զարմանք էր առաջացրել այն անկաշկանդ հայացքը, որով մերկ հերոսուհին նայում է դիտողին: Կտավի հերոսներն իրական մարդիկ են, որոնց անհնար էր չճանաչել: Մերկ կինը Մանեի ամենասիրելի բնորդուհի Վիկտորինա Մյորանն էր, տղամարդկանցից մեկը Մանեի եղբայր Գուստավն էր, մյուսը Սյուզաննայի եղբայրն էր՝ Ֆերդինանդ Լեենհորֆը: Մասնագետների կարծիքով այս կտավւ զուրկ էր բովանդակային խորությամբ ու չափից շատ արհեստական էր: 
«Օլիմպիա», 1863թ. Օրսե թանգարան

«Փիլիսոփան» 1864-67թթ.
Այնուամենայնիվ, իրական սկանդալն ու բացասական արձագանքներն 1865թ. առաջացնում է  «Օլիմպիա» կտավը, որը պատկերում էր կիսապառկած մերկ կնոջ՝ մարմնով ու դեմքով դեպի հանդիսատեսը: Կտավի երկրորդ կերպարը սևամորթ սպասուհին է, որը կրում է մաշկի գույնի հետ վառ հակադրություն ստեղծող վարդագույն զգեստ: Սպասուհու գլուխը գրեթե ձուլվում ետին մուգ տեսարանի հետ: Մահճակալի ծայրին հեշտությամբ չի նկատվում նաև սև կատուն՝ կրկին «թաքնվելով» մուգ գույների մեջ: Այս կտավը ևս զուրկ է տարածական խորությունից՝ բաղկացած լինելով միայն երկու պլանից ՝ հերոսների ու մուգ ինտերիերի: Ինչպես նշվեց, «Օլիմպիա»-ն ժամանակի ամենամեծ սկանդալներից մեկի պատճառ է դառնում. այն որակում են որպես վուլգար ու ծայրահեղ անբարո: Իր անվան շուրջ բարձրացած այս աղմուկը Մանեին ստիպում է ժամանակավորապես մեկնել Իսպանիա, որտեղ նա հնարավորություն է ստանում ծանոթանալու Էլ Գրեկոյի, Վելասկեսի ու Գոյայի աշխատանքներին: 

«Վենետիկի մեծ ջրանցքը», 1875թ.
Այս տարիներին, կանոնավոր կերպով մերժվելով Սալոնի կողմից, Մանեն մտերմանում է Սալոնի մյուս «զոհերի» հետ, սկսնակ ու տաղանդավոր նկարիչների, որոնք շուտով ստանալու էին «իպրեսիոնիստներ» անվանումը՝ սկիզբ դնելով գեղանկարչության պատմության ամենաարժեքավոր ուղղություններից մեկին՝ իմպրեսիոնիզմին: Այդ նկարիչների շարքում էին Կլոդ Մոնեն, Պոլ Սեզանը, Էդգար Դեգան, Օգյուստ Ռենուարը, Ալֆրեդ Սիսլեյը, Ֆրեդերիկ Բազիլը, Անրի Ֆանտեն-Լատուրը, Կամիլ Պիսառոն և այլոք: Նրանց մշտական հավաքատեղին՝ Գերբուա սրճարանը, գտնվում էր Բատիլյոն փողոցում, որտեղի խանութներից մեկից մշտապես յուղաներկեր ու այլ ապրանքներ էին գնում: Արդյունքում ապագա իմպրեսիոնիստներին սկսեցին անվանել  «բատիլյոնական խմբակ»:
«Մեռած Քրիստոսը
հրեշտակների հետ
», 1864թ.
Այս խմբակի  «անդամների» շարքում կային նաև արվեստի այլ ոլորտների ներկայացուցիչներ, օրինակ՝ քանդակագործ Օգյուստ Ռոդենը, գրող ու քաղաքական գործիչ Էմիլ Զոլան, որն, ի դեպ, Մանեի տաղանդի մեծ երկրպագու էր, գրող ու քննադատ Էդմոն Դյուրանտին, որը ոգևորելով ընկերներին՝ հարկ եղած դեպքում սուր կերպով քննադատում էր նրանց աշխատանքները: Այս շրջապատում, առհասարակ, ընդունված էր խոսքի ազատությունն ու սեփական կարծիքը բարձրաձայնելը, այդ պատճառով ընկերների միջև հաճախ էին վիճաբանություններ բռնկվում: 

«Երկաթուղի», 1873թ. Արվեստի ազգային
պատկերասրահ,  Վաշինգթոն
Փարիզի 1870թ. պաշարման ժամանակ Մանեն՝ որպես հավատարիմ հանրապետական, մնում է մայրաքաղաքում: Պրուս-ֆրանսիական պատերազմից հետո Մանեն էլ ավելի է բարեկամանում իմպրեսիոնիստների հետ՝ խուսափելով, այնուամենայնիվ, Մերժվածների սալոնում ցուցադրվելով: Ի տարբերություն ընկերներից շատերի՝ Մանեն շարունակում էր մեծ կարևորություն տալ պաշտոնական Սալոնին ու նրա ժյուրիի կարծիքին: 1874թ. Մանեի «Երկաթուղի» կտավը, որը կրկին արտացոլում էր պահի ազդեցությունը, առօրյայից վերցված սովորական մի դրվագ, չի ընդունվում Սալոնի կողմից: Միայն 1879թ. է Մանեն արժանանում ժյուրիի ջերմ խոսքերին. «Ջերմոցում» և «Նավակում» աշխատանքները միաժամանակ ցուցադրվում են Սալոնում: 

«Ցլամարտ», 1865-66թթ.
1879թ. սեպտեմբերին Մանեի մոտ առաջին անգամ ռևմատիզմի նոպա է գրանցվում: Շուտով պարզվում է, որ նկարիչը տառապում է ատաքսիայով՝ շարժումների համակարգվածության խախտմամբ: Հիվանդությունն արագ գլուխ է բարձրացնում՝ սահմանափակելով վարպետի ստեղծագործական հնարավորությունները: Այս շրջանում Մանեն հիմնականում նատյուրմորտներ էր ստեղծում: 1881թ. Անտոնին Պրուստի՝ Ֆրանսիայի Մշակույթի նախարարի և իմպրեսիոնիստների լավ բարեկամի նախաձեռնությամբ Մանեն պարգևատրվում է Պատվո լեգիոնի շքանշանով:

«Բար Ֆոլի-Բերժեր»
Հաղթահարելով հիվանդության առաջացրած ֆիզիակական խոչընդոտները՝ Մանեն ստեղծում է  «Բար Ֆոլի-Բերժերում» կտավը, որը 1882թ. մեծ ոգևորվածությամբ ընդունվում է Սալոնի ժյուրիի կողմից: Սա դառնում է Մանեի՝ Սալոն ներկայացրած վերջին աշխատանքը: Կյանքի վերջին տարիներին Մանեն, բնականաբար, համընդհանուր հարգանք ու գնահատանք էր վայելում, սակայն նկարելը նրան գնալով ավելի դժվար էր տրվում: 1883թ. ապրիլի 19-ին բժիշկները ստիպված են լինում հեռացնել Մանեի ձախ ոտքը, իսկ 11 օր անց վարպետը ծանր հոգեվարքի մեջ հեռանում է կյանքից: 

«Նավակում», 1874թ. Մետրոպոլիտեն
Մանեն համարվում է իր ժամանակի ամենահակասական նկարիչներից մեկը: Թեև վարպետն ինքն իրեն համարում էր համարձակ ու խռովարար անձնավորություն՝ հաճախ էր կորցնում վստահությունն իր ընտրած մեթոդների ու ոճի հանդեպ: Նրա կյանքի մեծագույն նպատակներից մեկը փառքի ու համընդհանուր խոնարհման հասնելն էր, այդ պատճառով իմպրեսիոնիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկը լիովին չէր կիսում իմպրեսիոնիստական գաղափարները, այդ թվում՝ Սալոնին կարևորություն չտալու սկզբունքը: Սա կապված էր ոչ միայն պաշտոնական գնահատանք ստանալու նպատակի հետ, այլև Մանեի՝ ազնվական նախապաշարմունքների ու պահպանողական բնույթի հետ, ինչը երբեմն արտացոլվում էր նաև նրա կտավներում: Մանեն մշտապես գտնվել է իր մտերիմ բարեկամ Շառլ Բոդլերի գաղափարների ազդեցության տակ: 1863թ. իր էսսեներից մեկում Բոդլերը գրում էր. «Ժամանակակից ամեն բան անցողիկ, փխրուն ու պայմանական երևույթ է, որը գեղանկարչության միայն մի մասն է կազմում: Մյուս մասը հենվում է ավանդույթների վրա: Այս է պատճառը, որ չի կարելի չարաշահել ո՛չ անփոփոխ ավանդույթները, ո՛չ էլ փոփոխական նորարությունները»: 

Մանեն համարվում է նաև իմպրեսիոնիստներից ամենաքննարկվողը. ոմանց համար Մանեն ժամանակի ամենապարզ, մաքուր ու թեթև կտավներ ստեղծողն էր, մյուսների կարծիքով՝ նրա աշխատանքների պարզության մեջ խորը բովանդակություն կա, որը կարող է թաքնված լինել որևէ աննշան դետալի մեջ: Արվեստասերների մեկ այլ խմբի կարծիքով Մանեն առաջին իսկապես մոդեռնիստ նկարիչն է, ով գեղանկարչությունն «ազատագրել» է  կարծրացած, հնացած մեթոդներից ու թեմաներից: Ի Վերջո, Մանեն համարվում է իր ժամանակի այն նկարիչը, ով կագնած էր գեղանկարչության դասական սկզբունքների ու նոր մեթոդների միջև՝ հաճախ չկողմնորոշվելով՝ որ  ուղղությամբ շարժվել: Ինչքան էլ տարատեսակ լինեն նրա շուրջ հնչող կարծիքները, Էդուարդ Մանեն, անխոս, իմպրեսիոնիզմի, և առհասարակ, ֆրանսիական գեղանկարչության ամենակարևոր ու վառ դեմքերից մեկն է: 
Ֆրեդերիկ Բազիլ «Բազիլի արվեստանոցը», 1870թ.
Պատկերված են՝ Պ.Ա. Ռենուար (նստած), Է. Զոլա (աստիճանների վրա),  Է. Մանե, Կ. Մոնե (գլխարկով),
Ֆ. Բազիլ (իր կտավի կողքին)

1 comment: