Showing posts with label Պարարվեստ. Show all posts
Showing posts with label Պարարվեստ. Show all posts

Friday, 27 November 2015

Ռուդոլֆ Նուրեև

Ռուդոլֆ Նուրեև (Նուրիև, 1938-1993թթ.)՝ սովետական ու ամերիկյան բալետի աստղ, բալետմեյստեր, համաշխարհային բալետի ամենավառ ներկայացուցիչներից մեկը: 

Ծնվել է 1938թ. Իրկուտսկում, Վլադիվոստոկ տանող գնացքի մեջ: Հայրն ազգությամբ բաշկիր էր, մայրը՝ թաթարուհի: Ընտանիքի միակ զավակի մանկությունն անցել է Ուֆայում, որտեղի մանկական ֆոլկլորային անսամբլում էլ Ռուդոլֆը սկսում է պար սովորել: Բալետի հանդեպ տղայի սերը ծնվում է այն օրը, երբ մայրը նրան տանում է դիտելու «Կռունկի երգը» անունով բալետը: 

Շուտով հայրը գործնական առաջարկ է ստանում, և ընտանիքը տեղափոխվում է Մոսկվա: Դեռ Ուֆայում սովորելու տարիներին պարի ուսուցիչները Ռուդոլֆին հորդորում էին պարի ավելի մասնագիտացված հաստատություն ընդունվել, քանի որ տղայի ցայտուն տաղանդն ակնհայտ էր բոլորի համար: Մոսկվայում Նուրեևը հաջողությամբ ընդունվում է Բոլշոյ թատրոնի պարային խմբակը, սակայն ի վերջո (1955թ), ընտրում է Լենինգրադի՝ Ս.Մ.Կիրովի անվան (ներկայումս՝ Մարիինյան) թատրոնը՝ այն համարելով լավագույնը: Այստեղ ապագա աստղը սովորում է հայտնի բալետմեյստեր Ալեքսանդր Իվանովիչ Պուշկինի դասարանում: Վերջինս այնքան է կապվում տղայի հետ, որ նրան հրավիրում է ապրելու իր և կնոջ հետ: Դպրոցն ավարտելուց հետո՝ 1958թ., Նուրեևը դառնում է Կիրովի անվան թատրոնի բալետի մենապարող:
Այս շրջանում Նուրեևն արդեն ԽՍՀՄ-ի ամենահայտնի պարողներից էր: Վիեննայի երիտասարդական փառատոններից մեկի ժամանակ ունեցած շքեղ ելույթից հետո նա կառավարության կողմից ստանում է արտասահմանում շրջագայելու իրավունք: Այս բացառիկ արտոնությունը, սակայն, երկար չի տևում. շատ շուտով նրան զրկում են արտասահմանում ելույթներ ունենալու հնարավորությունից: 
Մարգո Ֆոնտեյնի հետ

1950-ականների վերջում Նուրեևի անունն իրական աղմուկ է բարձրացնում ԽՍՀՄ ողջ տարածքում: Առհասարակ, Նուրեևը միշտ աչքի է ընկել իր ըմբոստ, անհնազանդ բնավորությամբ ու պահվածքով, ինչի արդյունքում նրան հաճախ չէին թույլատրում Կիրովի թատրոնի խմբակի հետ Եվրոպա մեկնել: Բանն այն է, որ Սովետական իշխանությունը գնահատում է նրան՝ որպես ԽՍՀՄ մշակույթը պատվով ներկայացնող աստղի, սակայն ճանաչելով նրա անհանդուրժող խառնվածքը՝ մտահոգվում էր, որ Նուրեևը կարող է այլևս իրեն «չպատկանել»: Պարզվում է, որ այդ մտահոգությունն ապարդյուն չէր: 1961թ. թատրոնի մյուս առաջատար մենապարող Կոնստանտին Սերգեևը վնասվածք է ստանում, և խմբի ղեկավարությունը ստիպված է լինում նրա փոխարեն Նուրեևին ուղարկել եվրոպական հյուրախաղերի: 


1961թ.՝ հյուրախաղերով Փարիզում գտնվելու ժամանակ, Նուրեևը հրաժարվում է վերադառնալ ԽՍՀՄ՝ արդյունքում մեղադրվելով հայրենիքի դավաճանության մեջ: 

Կարճ ժամանակ անց Նուրեևը սկսում է հանդես գալ Լոնդոնի Թագավորական բալետում («Քովենթ Գարդեն» օպերային թատրոնում)՝ արագորեն վերածվելով համաշխարհային աստղի: Ավելի քան 15 տարի նա պահպանում է Թագավորական բալետի գլխավոր աստղերից մեկի իր կարգավիճակը: Նուրեևը երկար տարիներ անգլիացի հայտնի պարուհի Մարգո Ֆոնտեյնի մշտական զուգընկերն էր: Նրանց զույգը լեգենդար է համարվում համաշխարհային բալետի պատմության մեջ: Ինչպես հետագայում նշել է պարողը, իրենք Ֆոնտեյնի հետ բեմում մեկ մարմին ու մեկ հոգի էին դառնում: Այս տարիներին Նուրեևը Ավստրիայի քաղաքացիություն է ձեռք բերում: 

Նուրեևը հայտնի էր նաև իր ջանասիրությամբ. պատահական չէ, որ 1975թ. դրությամբ նրա ելույթների քանակը հասնում էր 300-ի: Հանդես գալով Եվրոպայի մի շարք երկրներում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Ավստրալիայում՝ Նուրեևը տարեցտարի էլ ավելի մեծ ճանաչում էր ձեռք բերում ամբողջ աշխարհում: 

1983-89թթ. Նուրեևը փարիզյան Գրանդ օպերայի բալետի խմբի ղեկավարն էր: Այս տարիներին նա բազմիցս հանդես է գալիս Իվետ Շովիրեի հետ միասին: Այստեղ Նուրեևը բացահայտում բալետի ապագա աստղ Սիլվի Գիլեմի տաղանդը: 
Առհասարակ, Նուրեևը մշտապես հանդես է եկել մեկը մյուսից հայտնի ու տաղանդավոր պարուհիների կողքին: Բացի Ֆոնտեյնից ու Շովիրեից, նրա մշտական պարային զուգընկերուհիների շարքում է եղել նաև Դանիայի ու Բեռլինի թագավորական բալետների մենապարուհի Եվա Եվդոկիմովան: 

Էրիկ Բրունի հետ
Ինչ վերաբերում է պարողի բնավորությանն ու կենսակերպին, ապա նա հիշվել է որպես հավատարիմ ու բարեսիրտ ընկեր, թեև շփվող ու ակտիվ մարդ նրան համարել չի կարելի: Հայտնի է, որ Նուրեևի ընկերների շարքում են եղել Ֆրեդի Մերկուրին, Ժաքլին Քեննեդին, Միք Ջագգերը, Լայզա Մինելլին, Էնդի Ուորհոլը և այլ հայտնի դեմքեր: Նուրեևի բարեսրտությունը հատկապես վառ էր դրսևորվում երիտասարդ պարուհիների նկատմամբ. նա մեծ հաճույքով օգնում էր սկսնակ աղջիկներին, վստահություն հաղորդում նրանց: 
Նուրեևը հոմոսեքսուալ էր: ԽՍՀՄ-ից հեռանալուց հետո նա հանդիպում է դանիացի պարող Էրիկ Բրունին, որի հետ կապը անխզելի է մնում զուտ մինչև Բրունի մահը՝ 1986թ.:

Նուրեևն ու Ֆոնտեյնը 
Կյանքի վերջին տարիներին Նուրեևն աշխատել է որպես դիրիժոր: Նա նաև նկարահանվում էր ֆիլմերում, զանազան առիթներով հաճախ  հայտնվում  էր հեռուստաէկրաններին: 

Դեռ 1984թ. Նուրեևի արյան մեջ ՄԻԱՎ-ի նախանշաններ են հայտաբերում, սակայն նա լուրջ չի վերաբերում այս տեղեկությանն ու չի ուզում ընդունել, որ առողջական խնդիրներ ունի: 1991թ. այդ խնդիրներն արդեն անտեսել չի լինում, քանի որ պարողի վիճակը կտրուկ վատթարանում է: 1993թ. հունվարի 6-ին, 54 տարեկան հասակում, բալետի լեգենդար աստղը ՁԻԱՀ-ի պատճառով հեռանում է կյանքից: Թաղվում է Ֆրանսիայում, Փարիզից ոչ հեռու: 
Նուրեևը փոխեց տղամարդ պարողների մասին ընկալումը՝ իր իսկ բեմադրությունների շրջանակներում տղամարդկանց դերերը դարձնելով ավելի «պարային», խորեոգրաֆիկ: Նա վերջ դրեց բալետի արական սեռի պարողների պասիվ կարգավիճակին: Նուրեևի մեկ այլ կարևոր նորարարությունը դասական բալետի ու ժամանակակից պարի միջև սահմանների խզումն էր: Մեր օրերում այս երևույթը արդեն սովորական բնույթ է կրում, սակայն Նուրեևն առաջիններից էր, որ համարձակություն ունեցավ խախտել բալետի դասական «օրենքները»: Այս գաղափարը իրագործելիս նա սկսում է աշխատել ժամանակակից պարի լեգենդար ներկայացուցիչ Մարթա Գրեմի հետ: Վերջինս հատուկ Նուրեևի համար պարեր էր բեմադրում: 

Նուրեևի անմոռանալի պարտիաներով հանդես է եկել «Կարապի լիճը», «Շելկունչիկ», «Քնած գեղեցկուհին», «Ժիզել», «Դոն Կիխոտ», «Փեդրա», «Ռայմոնդա», «Համլետ» և բազմաթիվ այլ բալետներում:


Monday, 16 November 2015

Ռիլ


Ռիլ (անգլ. reel)՝ Իռլանդիայում և Շոտլանդիայում տարածված ազգային պար, ինչպես նաև դրան ուղեկցող երաժտական ժանր: 

Ռիլը ծագել է 1750-ական թթ-ին, Շոտլանդիայում, իսկ իռլանդացի պարային վարպետները նպաստել են դրա հետագա զարգացմանը: Ըստ գրավոր աղբյուրների՝ ռիլը Շոտլանդիայից Իռլանդիա է «տեղափոխվել» 18-րդ դարում միայն: Այնուամենայիվ, այն հավասարապես համարվում է թե՛ շոտլանդացիների, թե՛ իռլանդացիների ամենահայտնի ազգային պարերից մեկը: 

Իր բնույթով ռիլն, այսպես կոչված, «վազող» պար է՝ կապված դրա երաժշտության արագ տեմպի հետ (2/2 կամ 4/4 չափով): Մինչև 20-րդ դարի կեսերը տարբերակվում էին ռիլի մելոդիկ՝ սինգլ ռիլ (single reel) և պարային՝ դաբլ ռիլ (double reel) տարատեսակները, որոնցից առաջինն ավելի բարդ ու դանդաղ բնույթ ուներ: Հետագայում, սակայն, դրանց միջև տարբերակումն աստիճանաբար վերանում է: 

Ռիլը կարելի է կատարել և՛ փափուկ կոշիկերով, և՛ կոպիտ: Առաջինի դեպքում պարը ստանում է «թեթև ռիլ» (light reel) անվանումը, իսկ երկրորդի ժամանակ՝ «եռակի ռիլ» (treble reel): 

Շոտլանդական ռիլը սովորաբար կատարվում է զույգով, իսկ ռիլի անգլիական տարատեսակը կարող են պարել միանգամից 6 մարդ: 

Ոտքերի արագ և ռիթմիկ հարվածներով և թատերական շարժումներով այս պարը լայն ճանաչում ունի ամբողջ աշխարհում, թեպետ այն չի մտնում ժամանակակից պարային մրցութային ծրագրերի մեջ: Ռիլը համաշխարհային ճանաչում է ձեռք բերում հատկապես Իռլանդական ազգային ֆոլկ թատրոնի գործունեության շնորհիվ: Ներկայումս ռիլը կատարվում է հիմնականում իռլանդական ազգային ներկայացումների շրջանակներում:


Sunday, 15 November 2015

Միխայիլ Բարիշնիկով


    
      Միխայիլ Բարիշնիկով` ռուս հանրահայտ պարող, որի արվեստում միաձուլվել են դասական վիրտուոզ տեխնիկան ու ֆիզիկական հսկայական ուժը, որն էլ դարձրել է նրան 20-րդ դարի պարարվեստի նշանավոր դեմքերից մեկը: Նա հանդիսացել է ռուս այն արտիստներից մեկը, որն իր հսկայական ազդեցությունն է ունեցել համաշխարհային բալետի զարգացման գործում:

       Ծնվել է 1948թ. հունվարի  27-ին, Ռիգայում: Հայրը` Նիկոլայ Բարիշնիկովը, եղել է սպա, մայրն Ալեքսանդրա Վասիլևնան էր, իսկ կինը` Լիզա Ռեյնխարտը, եղել է  Ամերիկյան բալետի թատրոնի նախկին պարուհի:
   

     Բարիշնիկովների ընտանիքը Ռիգա է տեղափոխվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Հայրը, լինելով սպա, խորհրդային շատ այլ զինվորականների նման Ռուսաստանից ուղարկվում է «հետագա ծառայություն անցնելու»: Միխայիլի հայրը խիստ բնավորության տեր մարդ էր, որն արվեստով առհասարակ չէր հետաքրքրվում, իսկ որդու հետ էլ առանձնակի շփում չուներ: Միշային մայրն էր դաստիարակում, որը նրան թատրոն էր տանում, սովորեցնում է սիրել երաժշտությունը, ուղարկում է նրան բալետի ստուդիա, իսկ հետո նաև` Ռիգայի խորեոգրաֆիայի ուսումնարան:

        Երբ լրանում է Միշայի տասներկու տարին, Ալեքսանդրա Վասիլևնան նրան տանում է իր մոտ մոտ, որն ապրում էր Վոլգայում: Վերադառնալուն պես` նա ինքնասպան է լինում, որի դրդապատճառներն այդպես էլ անհայտ են մնում: Միշայի հայրը կրկին ամուսնանում է, բայց որդին այդպես էլ իրեն չի զգում նոր ընտանիքի լիիրավ անդամ: Երբ նա տեղափոխվում է Լենինգրադ, հոր հետ հարաբերությունները գործնականում դադարում են:
      1964թ. Լենինգրադ հյուրախաղերով ժամանում  է  Լատվիայի ազգային օպերան: Բարիշնիկովը, դպրոցի մյուս աշակերտների նման, զբաղված էր ներակայացումներով: Այդ հյուրախաղերի ընթացքում Ս.Մ. Կիրովի անվան օպերայի ու բալետի ազգային թատրոնի արտիստներից մեկը Միշային տանում է Լենինգրադի խորեոգրաֆիայի ուսումնարան` մանկավարժ Ա.Ի. Պուշկինի մոտ: Վերջինս Միշայից քննություն վերցնելուց հետո առաջարկում է  նրան ընդունվել ուսումնարան: Այդպես Բարիշնիկովը դառնում է նշանավոր ռուսական բալետային դպրոցի սան, այնուհետև` Կիրովի անվան բալետի թատրոնի մենակատար:

      1967թ. Բարիշնիկովն ավարտում է Լենինգրադի խորեոգրաֆիայի ուսումնարանը: Դեռ ուսումնառության տարիներին նա 1966թ.Վարնեում տեղի ունեցող բալետի արտիստների միջազգային մրցույթին նվաճում է  առաջին մրցանակը:
      Շուտով Բարիշնիկովի տաղանդը համընդհանուր ճանաչում է ստանում: Ոչ միայն նրա մասնագիտական տվյալները` թռիչքներ, շարժումների իդեալական կոորդինացիա, երաժշտականություն, գերազանց կերպով ընկալված դպրոց, կատարողական բարձր վարպետություն, այլ նաև արտիստիկ յուրահատուկ տաղանդն արագորեն գրավում են հանդիսատեսի սրտերը:
      Սակայն այդ տարիներին թատրոնում լճացման ժամանակաշրջան էր: 1950-ականներից բալետի տաղանդավոր վարպետների կողմից սկսված ծաղկման շրջանն ընդհատվում է ռուս իշխանավորների ջանքերով: Կ.Մ. Սերգեևի ղեկավարության օրոք թատրոն չէին մտնում նոր ու տաղանդավոր խորեոգրաֆներ, ինչի հետևանքով ստեղծագործական կյանքը թատրոնում գրեթե մարում է: Իր բնույթով ստեղծարար ու ազատամիտ Բարիշնիկովը փորձում էր ստեղծված բարդ իրավիճակից որևէ ելք գտնել: Նա վերաիմաստավորում էր թատրոնի ռեպերտուարի դերերը, ջանում պարել այն  ներկայացումներում, որոնք նոր էին ու ավելի հետաքրքիր:
      1973թ. Բարիշնիկովին` որպես խմբի լավագույն արտիստի, նվիրում են ստեղծագործական երեկո ու թույլ տալիս ընտրել ռեպերտուար: Նրա ընտրությունն այդ ժամանակ շատերի համար զարմանալի թվաց. դասական նշանավոր պարողը հրաժարվեց կատարել վարիացիաներ ու դուետներ եւ հրավիրեց ժամանակակից խորեոգրաֆներ Է.Օ Մուրդմաային եւ Գ.Դ Ալեքսիձեին բեմադրել մեկ գործողությամբ բալետներ` հատուկ այդ երեկոյի համար:
          

    Ղեկավարությունն ստիպված է լինում զիջել.  թատրոնն առանց այն էլ չուներ նոր ներկայացումներ, բացի այդ նոր գեղարվեստական ղեկավարը` Ի.Դ Բելսկին, այդ հարցում աջակցում էր  Բարիշնիկովին:

      Այդ երեկոն դառնում է  Ռուսաստանում Բարիշնիկովի ստեղծագործական կյանքի գագաթնակետը: Այդ ժամանակաշրջանում արդեն իսկ ակնհայտ էր Բարիշնիկովի մեծ ազդեցությունը ռուսական արվեստի ու մշակույթի վրա. երեք բալետ միավորող թեման մարդու ազատությունն էր, եւ ներկայացման ընթացքում Բարիշնիկովի թռիչք-ցատկն ընկալվեց որպես հոգու ազատ թռիչքի խորհրդանիշ:
     

     1973թ. Բարիշնիկովին շնորհվում է ՌԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում: Նա նկարահանվում է հեռուստատեսային բալետային ֆիլմերում, ինչպես նաև հեռուստատեսային «Ֆիեստա» ներկայացման մեջ հանդես  է գալիս Պեդրո Ռոմերոյի դրամատիկ դերով:

      Բարիշնիկովի արվեստի երկրպագուները հաճախ են հնչեցրել  հետևյալ հարցը` ինչպիսի՞ն կլիներ Բարիշնիկովի ճակատագիրը, եթե նա չտեղափոխվեր Արևմուտք: Դա պատահական չէր, քանի որ նույնիսկ իրեն նվիրված երեկոյի վրա աշխատելիս Բարիշնիկովը մեծ դժվարությունների ու խոչընդոտների միջով է անցնում` չընկալվելով թեˊ ղեկավարության, թեˊ թատրոնի մյուս արտիստների կողմից: Մինչդեռ Բարիշնիկովի հանճարը ձգտում էր ստեղծագործական ազատության:
     1974թ.Կանադայում հյուրախաղերի ընթացքում Բարիշնիկովը որոշում է  չվերադառնալ ԽՍՀՄ` որքան էլ, նրա ընկերների վկայությամբ, հայրենիք չվերադառնալու որոշումը նրան դժվար է տրվում: Կանադան նրան քաղաքական ապաստան է տրամադրում, կտրվում  է  կապը հարազատների ու ընկերների հետ:
     1974 հուլիսին Բարիշնիկովն առաջին անգամ ներկայանում է ամերիկյան հանդիսատեսի առջև: Նա ներկայանում է «Ժիզել» բալետում, որտեղ նրա զուգընկերուհին էր Նատալյա Մակարովան, որը ևս մնացել էր բնակվելու Արևմուտքում: Նրանք ելույթ են ունենում Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայում», և ներկայացման ավարտից հետո հիացած հանդիսատեսի ծափողջյունները եւ «Միշա, Միշա» բացականչյություններն ստիպում են գրեթե քսանչորս անգամ բարձրացնել եւ իջեցնել վարագույրը: Դրանից հետո արտիստի բոլոր ներկայացումներում հանդիսատեսը նրան ընդունում էր  խելահեղ ջերմությամբ ու հիացմունքով:
     1978թ. Ջորջ Բալանչինը հրավիրում է  Բարիշնիկովին «New York City Ballet»-ի  իր խումբ: Բալանչինը Միշային վերաբերվում էր որպես որդու, սակայն 74-ամյա վարպետն այլևս ի վիճակի չէր նրա համար որևէ նոր ներկայացում բեմադրել: Այնուամենայնիվ, Բարիշնիկովը պարում է  Բալանչինի երկու հին` «Ապոլլոն» և «Անառակ որդին» ներկայացումներում, որը ևս մեկ բեկումնային շրջան է դառնում արտիստի ստեղծագործական կյանքում:

   1988թ. Բարիշնիկովին հրավիրում են դառնալ Ամերիկյան բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար: Նա ղեկավարում է թատրոնը ինը տարի: Մինչ նա` Ամերիկյան բալետի թատրոնը հայտնի էր որպես «աստղերի թատրոն», որտեղ ավելի հաճախ պարում էին արտասահմանից հրավիրված արտիստներ, մինչդեռ Բարիշնիկովն ստեղծում է մշտական ուժեղ բալետային խումբ: Այդ շրջանում նա Պրոկոֆևի երաժշտության հիման վրա «Մոխրոտը» բալետի համար ստեղծում է յուրահատուկ բեմադրություն, ինչպես նաև ստեծում է «Կարապի լճի» իր մեկնաբանությունը: Սակայն  1989թ. Բարիշնիկովը լքում է  Ամերիկյան բալետի թատրոնը: Հեռանալու պատճառներից մեկն այն էր, որ նա չէր ցանկանում իր որոշումները մշտապես համաձայնեցնել թատրոնի տնօրենների խորհրդի հետ: 
     

         1990թ. նա ամերիկյան բալետի նշանավոր խորեոգրաֆներից մեկի` Մարկ Մորիսի հետ ստեղծում է «White Oak Dance Project» խումբը:

      Հեռանալով Ամերիկյան բալետի թատրոնից` Բարիշնիկովն առհասարակ հեռանում է դասական բալետի աշխարհից: Նա դադարում է ելույթ ունենալ դասական բալետի ներկայացումներում այն ժամանակ, երբ վրա է հասնում բալետի յուրաքանչյուր պարողի համար ֆիզիկական ուժերի մարման ճակատագրական շրջանը: Սակայն լքելով դասական բալետի աշխարհը` Բարիշնիկովն իրեն նվիրում է  մոդեռն բալետին:

     

       Մոդեռն բալետում Բարիշնիկովն ինքնարտահայտվում էր նոր որակներով: Նա դադարում է լինել միայն սյուժետային բալետի կերպարների մեկնաբանող: Նրա կյանքում արդեն մեծ տեղ էին գրավում մենակատարային բալետները` ապաշխարող մենախոսություններով: Բարդ հոգևոր աշխարհը բեմ հանելու կարողությունը մշտապես եղել է Բարիշնիկովի արտիստիկ անհատականության առանձնահատկություններից մեկը: Նա դուրս է գալիս բեմ` որպես իր բանաստեղծությունները կարդացող պոետ: Թվում էր, որ հենց այդ որակում է նա ձեռք բերել ինքնարտահայտման ազատություն, որին ձգտել էր ողջ կյանքի ընթացքում: