Saturday, 12 September 2015

Վալս



       Վալս՝ սահուն պտույտներով առաջընթաց զուգապար, որին հատուկ է 3/4 երաժշտական չափը: Վալսը պարում են մեկ տակտում երեք հարված պարունակող երաժշտության ներքո: Յուրաքանչյուր տակտ սկսվում է ընդգծված հարվածային հաշվից և ավարտվում ավելի քիչ շեշտված հարվածով: Վալսի նշանավոր ու դասական տարատեսակը համարվում է  հռչակավոր վիեննական վալսը: Վիեննական վալսի ծագման տարեթիվը համարվում է 1775թ., սակայն վալսի վերաբերյալ առաջին հիշատակումներն առնչվում են դեռևս Xll-Xlll դարերին, երբ Բավարիայում  պարում էին «Nachtanz» պարը:
        Գոյություն ունեն վիեննական վալսի ծագման վերաբերյալ երկու վարկածներ՝ գերմանական (Անգլիայում երկար ժամանակ այն անվանում էին «գերմանական վալս») և ֆրանսիական, մասնավորապես՝ ֆրանս-իտալական:
     


Համարվում է, որ վիեննական վալսի հայրենիքն ամենևին էլ Ավստրիան չէ, իսկ «վիեննական» ավանումն այն ստացել է շնորհիվ նրա, որ իր հեղինակության գագաթնակետին է հասել XlX դարի Վիեննայում, Յոհան Շտրաուսի երաժշտության շնորհիվ:


      Վալս պարի նախահայրերն են համարվում և՛ ավստրիական ժողովրդական պար լենդլերը, և՛ պրովանսական պար վոլտան: Այդ երկու պարերն էլ զուգապարեր են, որոնք պարում էին ¾ երաժշտական չափով: Նման հաշվով առաջին պարերից մեկը համարվում է ֆրանսիական գյուղական պար Պրովանսից,  որի ծագման տարեթիվը, ինչպես 1882թ. գրել է  «Lа Patrie» («Հայրենիք») ամսագիրը, համարվում է 1559թ-ը: Այն պարել են «Volta» անվանումը կրող ժողովրդական երաժշտության ներքո: Վոլտա անվանումով այդ շրջանում գոյություն ուներ նաև իտալական առանձին պար: Իտալերենից թագմանաբար «volta» բառը նշանակում  է  «շրջադարձ»: Պարի դեռ նախնական տարբերակներում էլ դրա հիմքը համարվում էր անդադար պտույտները:
      Եթե լենդլեր պարի ժամանակ տղամարդն իրեն դուր եկած տիկնոջը հրավիրում էր շրջանի մեջ՝ պտտելով նրան իր շուրջը, վոլտայի ժամանակ սկզբում կատարում էին մի քանի թռիչքներ, որից հետո անցում էր կատարվում արագ պտույտների:

       XVI դարում վոլտան տարածում է գտնում Արևմտյան Եվրոպայի թագավորական պալատներում: Այն բավականին նման էր գալյարդ պարին, որը կատարում էին 3/2 ռիթմով երաժշտության տակ, սակայն՝ ավելի արագ տեմպով: Այդ շրջանի վոլտան նման է վալսի նորվեգական ժամանակակից ֆոլկլորային տարբերակին: Այդ տարբերակում տղամարդը  հատակից մի փոքր բարձրացնում է  զուգընկերուհուն և պահում օդում: Նման շարժումներ արվում էին նաև վոլտայում, ինչի պատճառով այն համարում էին անբարո: Պարն անգամ արգելվում  է Ֆրանսիայի Լյուդովիկոս XIII թագավորի կողմից, իսկ կարդինալ Ռիշելյեն այդ պարի մեջ նույնիսկ կրոնին ու հասարակությանը սպառնացող երևույթ էր տեսնում (օրինակ՝ ХVШ դարասկզբին, երբ նորաձև էր համարվում նրբագեղ մենուետը, այն հանգամանքը, որ  տղամարդը պարի ընթացքում բռնում էր կնոջ, ձեռքը համարվում էր անբարո):
    

  Չնայած դրան,  լենդլերի հետ միախառնված վոլտան շուտով մեծ տարածում է գտնում Գերմանիայում, Չեխիայում, Ավստրիայում: Պարի փոփոխվող բնույթի հետ, երբ քայլերը դառնում են ավելի լայն, շարժումներն՝ ավելի ճկուն ու սահուն, պարը ստանում է նաև նոր անուն՝ վալս՝ գերմաներեն walzen բառից, որը նշանակում է  պտտվել, ինչն էլ դառնում է վալսի գերմանակն ծագման վարկածի հիմքը:     
   Ոչ մի բարձրագույն հրաման, պաշտոնական քննադատություն ու արգելք չեն կարողանում կանխել եվրոպական պարահանդեսային սրահներում, քաղաքային ու գյուղական հրապարակներում վալսի աննախադեպ տարածմանը: Նշանավոր կոմպոզիտորներ ստեղծագործում էին վալսեր, այն հնչում էր օպերաներում, օպերետներում՝ մինչ այսօր դարձնելով այն ամենանշանավոր պարերից մեկը:
       Երբ վալսն առաջին անգամ տարածում է  գտնում Ռուսաստանում, ո՛չ Եկատերինա  II, ո՛չ Պավել I, ոչ՛ հատկապես նրա կինը՝ Մարիա Ֆյոդորովնան, չեն ընդունում այն: Գահ բարձրանալով՝ Պավել Առաջինը հատուկ հրամանով արգելում է վալս պարել Ռուսաստանում, և մինչև նրա կնոջ՝ Մարիայի մահը  (1830 թ.), ռուս ժողովրդի համար վալսի ճանապարհը փակ էր: Մարիա Ֆյոդորովնայի երկու որդիները՝ Ալեքսանդր I  ու  Նիկոլայ I ևս չեն համարձակվում դեմ գնալ իրենց մոր կամքին: Չնայած դրան,  1812թ. Հայրենական պատերազմից հետո Ռուսաստանում մասնավոր պարահանդեսներում վալսը դառնում է ամենասիրելի պարերից մեկը:
        Այն նորաձև է դարձնում հատկապես 1814-15թ. Վիեննական կոնգրեսը, որտեղ վճռվում էր Եվրոպայի ճակատագիրը: Ցերեկը դիվանագետները որոշում էին  հետպատերազմյան աշխարհի կարևոր հարցերը, իսկ երեկոները աշխույժ աշխարհիկ կյանք էին վարում՝ պարելով այն պարահանդեսներում, որտեղ վալսը պարահանդեսի զարդն էր համարվում:
        Վալս հավաքական անվան տակ ներառվում են վալսի մի շարք տարատեսակներ՝ վիեննական վալս, ֆրանսիական վալս, անգլիական վալս և այլն:
        Հռչակավոր վիեննական վալսն ունի իր ուրույն պատմությունը: Թեպետ այն մեծ տարածում ուներ Եվրոպայի տարբեր թագավորական պալատներում՝ ХIХ դարասկզբին  վալս պարին  զգուշությամբ էին մոտենում, և հենց նույն Վիեննայի պարահանդեսներում այն թույլատրվում էր պարել միայն տասը րոպե: Սակայն  վալսը կանգնեցնել այլևս հնարավոր չէր:


       Հենց այդ շրջանում  է  վալսը ձեռք բերում իր առանձնահատուկ տարբերակիչ գիծը՝ շեշտված ռիթմը, որը դարձնում է պարն ավելի էլեգանտ ու ռոմանտիկ: Վիեննայում բնակվող երկու նշանավոր կոմպոզիտորներ՝ Յոհան Շտրաուս հայրը և առավել նշանավոր Յոհան Շտրաուս որդին, գրելով այնպիսի հանրահռչակ գլուխգործոցներ, ինչպիսիք են «Երկնագույն Դունայն» ու «Վիեննական անտառի հեքիաթները», անմիջականորեն նպաստում են վիեննական վալսի կայացմանը, որը, որպես արդյունք, ХIХ դարում ստվերում է եվրոպական մյուս բոլոր պարերը:
      
Յոհան Շտրաուսը
     Դառնալով պարահանդեսային պաշտոնական պար՝ այն առավել քան համահունչ էր տվյալ շրջանի նորաձևությանը. նեղ ու բարակ իրանին համապատասխան զգեստներ՝ լայն եւ ուռած փեշերով շրջազգեստներ, որոնք ընդգծում էին պարող տիկնոջ գեղեցկությունն ու նրբագեղությունը:
      

    Ներկայումս էլ վիեննական վալսը պահպանել է ХlХ դարի պարահանդեսային պարերի ավանդույթները և կատարվում է  երրորդ դիրքով, ինչը նշանակում է, որ կատարելու ընթացքում իրանը պետք է լինի խիստ ուղիղ ու ձգված, որտեղ արտահայտիչ շարժումները գրեթե բացակայում են: Վիեննական վալսի գեղեցկությունը կայանում է փոփոխական տեմպի ու անընդհատ իրար հաջորդող աջ և ձախ շրջապտույտների մեջ:    Բնականաբար, Վիեննայում վիեննական վալսի նկատմամբ մոտեցումն առավել յուրահատուկ է: Վիեննայում Յոհան Շտրաուսի բրոնզաձույլ արձանի շուրջը սփռված քաղաքային այգում ամառային երեկոները բոլոր ցանկացողները պարում  են վալս՝ նվագախմբի հնչյունների ներքո:  Վալսին նվիրված ևս մեկ նշանավոր միջոցառում է Վիեննայի օպերային թատրոնում Ամանորի գիշերը վալս պարելը:

        Իր գոյության 150 տարիների ընթացքում վալսը մեկ անգամ չէ, որ փոփոխությունների է ենթարկվել: Գոյություն  ունի վալսի դանդաղ տարատեսակը, որը վերջնականապես ձևավորվել է Անգլիայում, և չնայած նրան, որ դանդաղ վալսը դեռ անվանվում է բոստոնյան վալս՝ չկա դանդաղ վալսի իրական ծագման վերաբերյալ միասնական մոտեցում (որոշ մասնագետներ համարում են, որ դանդաղ վալսը ռուսական ծագում ունի):
        Հայտնի է, որ Անգլիայում վալսը թույլատրվել է  համեմատաբար ավելի ուշ: Չնայած այն հանգամանքին, որ ավանդապաշտ զսպվածությունն անգլիական ազգային գիծ էր՝ վալսը  մեծ հեղինակություն էր վայելում համակիների շրջանում: Այնուամենայնիվ, Անգլիայում մեծ էր նաև վալսը մերժողների քանակը: Պաշտոնականացնել այս պարը հաջողվում  է  միայն  Ելիզավետա թագուհու միջնորդությամբ: Իսկ այն բանից հետո, երբ արքայադուստր Վիկտորյան 1838թ հունիսի 28-ին՝ իր թագադրման օրը, հրավիրում է  Յոհան Շտրաուսի նվագախմբին, վալսը վերջնականապես հաստատվում է Անգլիայի թագավորական պալատում:
       
     

Հստակ հայտնի չէ՝ որտեղից է ծագել վալսի ավելի դանդաղ  տարատեսակը, որը պարում էին երեք տակտով երաժշտության տակ՝ երկու քայլով, սակայն հենց այս տարատեսակն է, որ առավել մեծ ճանաչում է ձեռք բերում: Հնարավոր է, որ այն ավելի հեշտ էր սովորել, ենթադրվում է  նաև, որ այն վալսի կողմնակիցների ու հակառակորդների բանավեճերի արդյունքում  ձևավորված առավել փոխզիջումային տարբերակ էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դանդաղ վալսի ընթացքում զուգընկերների դիրքը միմյանցից որոշակի բաժանված է:

        Դասական վիեննական վալսից այն տարբերվում է թե՛ երաժշտությամբ, թե՛ շարժումներով, և այսօր էլ հանդիսանում է  ինքնուրույն պար: Դանդաղ վալսի երաժշտության մեջ «բաս-ակորդ-ակորդ» նվագակցման փոխարեն կիրառվում  է «բաս-ակորդ-պաուզա» տարբերակը, որը թույլ է տալիս փոխել մեղեդու ռիթմը:Փոխվում է  նաև պարի կատարման տեխնիկան, պարազույգի դիրքը, նրանց շարժումները:

No comments:

Post a Comment