«Փարիզի Աստվածամոր տաճարը» (1831) Վիկտոր Հյուգոյի հանրագիտարանն է, ֆրանսիական ռոմանտիզիմի հիմքը: Այս վեպը յուրովի պատմական է, իսկ գաղափարապես` ժամանակակից: Վեպում պատկերված են այն ժամանակները, երբ իրար են բախվում բարոյական հին դոգմաներն ու նոր աշխարհընկալումը: Հյուգոն գովաբանում է նորի, լուսավորի (Էսմերալդա) հաղթանակը մռայլ միջնադարի (Ֆրոլո) նկատմամբ:

Վեպի նյութը վերաբերում է պատմական այն ժամանակաշրջանին, երբ ֆեոդալական միջնադարը անհաղթահարելի ներքին հակասությունների մեջ էր գտնվում, որոնք նրան տանում էին դեպի անխուսափելի կործանում: Հյուգոն ֆեոդալական հասարակությունը ներկայացրել է որպես հիվանդագին ախտերով վարակված և հակասությունների ծանրության տակ տնքացող մի մարմին: Դա նախևառաջ պատմական այն շրջանն է, երբ իրար են բախվում բարոյական հին դոգմաներն ու նոր կենսահայեցողությունը, կրոնաեկեղեցակակն միստիկական աշխարհայացքն ու մարդու կենսուրախ կյանքը հաստատող վերածնության մշակույթը: Այս բախումը վեպի գաղափարական հիմնական խնդիրներից մեկն է:Աստվածամոր տաճարի ավագ քահանա Կլոդ Ֆրոլոյի կերպարով բացահայտվում է կրոնաեկեղեցական միստիկական մշակույթի հակամարդկային էությունը, գոթական միջնադարի մռայլ խստությունը և գեղարվեստական վառ գույներով ցույց է տրվում այդ դոգմաների կեղծությունը, փարիսեցիական ոգին, բնական պատվանդանի բացակայությունը: Դա է Կլոդ Ֆրոլոյի և Էսմերալդայի միջև տեղի ունեցող բախման գլխավոր իմաստը: Կլոդ Ֆրոլոն միջնադարյան խտացված բարոյականության արտահայտությունն է, մարդկային բնական, առողջ հակումներից հրաժարվելու, անողոք ինքնազրկման, կրոնական դոգմայի կրողը: Սակայն «սպանելով» իր կենդանի կյանքը՝ նա նոր է միայն զգում, որ սիրում է Էսմերալդային, սիրում է բնական ու միաժամանակ կենդանական բնազդով ու չի կարող հաղթահարել այդ կիրքը: Աստծուն ծառայելու ուխտի ու զգացմունքերի ներքին կատաղի պայքարը վերջինի հաղթանակով է ավարտվում, որը նրան հավատուրաց է դարձնում: Դիմելով Էսմերալդային՝ նա բացականչում է «Քո դեմքն աստծո երեսից գեղեցիկ է»: Դրանով Հյուգոն ցույց է տալիս, որ ներքուստ կեղծ է այն տաճարը, որի ավագ քահանան Կլոդ Ֆրոլոն է , կեղծ են տաճարի բուն իսկ հիմքերը. նրա ոճն աշխարհիկ է և մարդուն տանում է դեպի երկրային, առարկայական աշխարհը: Այսինքն՝ վեպի հիմնական և միաժամանակ առաջադիմական գաղափարներից մեկը հակաեկեղեցական տրամադրությունն է, կրոնի, միջնադարյան մշակույթի քննադատությունը և բանականության, ազատ մտածողության, առաջադիմության ջատագովությունը: Սակայն
վեպի մեջ գլխավորը քաղաքական խնդիրն է: Վոլտերի մահվան հարյուրամյակի առթիվ արտասանած իր ճառում Հյուգոն ասել է՝ հեղափոխությունից առաջ հասարակական կարգն այսպիսին էր. «Ներքևում ժողովուրդն էր, ժողովրդի վրա՝ կրոնը՝ ի դեմս հոգևորականության, կրոնի կողքին արադարադատությունը՝ ի դեմս դատարանի: Ի՞նչ էր ներկայացնում ժողովուրդն այդ ժամանակ: Տգիտություն: Ի՞նչ էր ներկայացնում կրոնը: Անհանդուրժողություն: Ի՞նչ էր ներկայացնում արդարադատությունը: Անարդարություն»: Ընդհանուր գծերով Հյուգոն հենց այս սխեմայով է մոտեցել նյութի մշակմանը: Վեպում մենք տեսնում ենք ֆեոդալական ազնվական հասարակության անարդարությունների, օրենքի չարաշահման, բռնությունների, արտոնյալ դասակարգի քմահաճությունների, հոգևոր դասի դաժան արարքների նկարագիրը և ֆեոդալական այդ հիերարախիայի ծանրության տակ ճնշված, իրավազաուրկ, հալածված թշվառ ժողովրդի կյանքի, նրա զրկանքների ու տառապանքների արտացոլումը:
Վեպում հանդիպում ենք ռեալիստորեն ընդգծված մի շարք կերպարների, որոնք օժտված են և՛ մարդկային կենդանի հատկությունններով, և՛ հասարակական-ընդհանուր, տվյալ միջավայրին հատուկ տիպական գծերով:Ժեան Ֆրոլոյի, կապիտան Ֆեբուս դը Շատոպերի, նրա հարսնացուի՝ Ֆլյոր դե Լիսի, դատավորների, դահճի, թագավորի կերպարներում իշխողը ռեալիստական գծերն են : Ռեալիստական ոճով է գծագրված նաև Էսմերալդայի մոր՝ Պաետայի երիտասարդության պատմությունը:
Վեպի սյուժետային բուն գծերց մեկը Քվազիմոդոյի և Էսմերալդայի՝ հասարակությունից արտաքսված, արհամարհված, միայն ստորացում ու հալածանք տեսած այդ երկու թշվառների ողբերգական պատմությունն է: Ռոմանտիակական վերացական ընդհանրացումները՝ ռեալիստական կոլորիտի կողքին, մարդկային իրական հարաբերությունները սիմվոլների վերածելը, չարի և բարու, մարմնի և հոգու մետաֆիզիկական հակադրությունը խանգարել են բացահայտել կյանքի բուն հակասություններն ու սոցիալական անարդարությունների բուն պատճառները: Դրա հետևանքով վեպի կենտրոնական դրական կերպարները՝ հասարակության մեջ կորսված Քվազիմոդոն ու Էսմերալդան պատկերված են որպես իներտ, ժողովրդից կտրված, ինքնամփոփ անհատներ, որոնք զուրկ են որևէ քաղաքական ինքնագիտակցությունից և «քրիստոնեական» համբերությամբ կրում են անլուր տանջանքները: Քվաիզմոդոն կուրորեն պաշտում է Կլոդ Ֆրոլոյին, իսկ Էսմերալդան միամտորեն հավատացած է, թե ազնվական Ֆեբուսն իր սերն ու հենարանն է:

No comments:
Post a Comment