Friday 10 July 2015

Մարտիրոս Սարյան

Մարտիրոս Սարյան (1880-1972թթ.)՝ XX դարի խոշորագույն նկարիչներից, նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրը: Սարյանը ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում): Նկարչի անեցի նախնիները գաղթել են Ղրիմ, որտեղից նրանց շառավիղները տեղափոխվել են Նոր Նախիջևան: 

Սարյանը 1925թ.-ին
Սարյանը 1895 թ-ին ավարտել է Նոր Նախիջևանի հայ-ռուսական հանրակրթական, 1903 թ-ին՝ Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանները, կատարելագործվել Վալենտին Սերովի և Կոնստանտին Կորովինի դիմանկարի արվեստանոցում: Սովորելու տարիներին ստեղծել է մոր՝ Ուստիան Սարյանի (1898 թ.), Սոֆյա Միանսարյանի (1903 թ.) դիմանկարները, «Ինքնանկարը», «Մայրավանքը» (երկուսն էլ՝ 1902 թ.) և այլ գործեր:

«Փյունիկյան արմավենի: Եգիպտոս»,
1911թ.
«Հանգստի ժամ», 1930թ.
1901 թ-ին Սարյանն առաջին անգամ եղել է Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, 1902 թ-ին՝ Անիում: Այդ և հետագա տարիներին ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը, նիստուկացն ու մշակույթը, որը մեծապես նպաստել է Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորմանն ու զարգացմանը: Նա ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, բեմանկարչական գործեր, ձևավորել գրքեր: 

«Գարուն», 1957թ. 
«Լուսիկ Սարյան: Եռակի դիմանկար»,
 1935թ.
Ստեղծագործության 1-ին շրջանում (1904–09 թթ.), հրաժարվելով ավանդական մտածելակերպից և սկզբունքներից, Սարյանն ստեղծել է նոր ու արդիական արվեստ, որը կոչվում է «սարյանական»: 1907 թ-ին Մոսկվայում մասնակցել է «Գոլուբայա ռոզա» և այլ ցուցահանդեսների, ներկայացրել է «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարը («Հեքիաթ: Արարատի ստորոտին», 1904 թ., «Ծաղկած սարեր», 1905 թ., «Համբույր», 1906 թ., «Հեքիաթ», 1908 թ., և այլն), որը տոգորված է կյանքի առօրյայից բարձրանալու և տիեզերքի անսահմանության մեջ հավերժանալու բերկրալի ձգտումով: 

«Ազատ գետի կիրճը»,
1953թ.

Ստեղծագործության 2-րդ շրջանում (1910-ական թվականներ) Սարյանը ճամփորդել է Կոստանդնուպոլսում (1910 թ.), Եգիպտոսում (1911 թ.), Պարսկաստանում (1913 թ.): Այդ շրջանի գործերը («Կ. Պոլիս: Փողոց: Կեսօր», «Իվան Շչուկինի դիմանկարը», «Փյունիկյան արմավենի», «Եգիպտական գիշեր», «Բանաններ», «Գարեգին Լևոնյան», «Պարսկական նատյուրմորտ», «Դաշտային ծաղիկներ» և այլն), ի տարբերություն «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարի, կերպավորմամբ, ընդգրկված նյութով ու մոտիվներով իրական են:
«Սենան Փարիզում: էտյուդ», 1927թ. 
1910-ական թվականների պատկերներում Սարյանը, համադրելով եգիպտական կերպարվեստի մոնումենտալության ու ճապոնական գունագրության մի քանի էական հատկանիշներ, Պոլ Գոգենի դեկորատիվ գունամտածողությունը, ծավալաձևի սեզանյան սկզբունքը, գունագծերի շեշտադրման Վան Գոգի եղանակը, ստացել է նոր, ինքնատիպ արժեք ու որակ:

Մեծ եղեռնի (1915 թ.) ժամանակ Սարյանն
«Այգեկութ Աշտարակում»,1933թ.
աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում», մեկնել է Էջմիածին. Հովհաննես Թումանյանի, Գարեգին Հովսեփյանի և ուրիշների հետ ջանք չի խնայել համաճարակից փրկելու հայ գաղթականներին: Սակայն ծանր տպավորություններից հոգեկան ցնցում ստանալով՝ տեղափոխվել է Թիֆլիս՝ հիվանդանոց: 

1916 թ-ին Մոսկվայում Վարդգես Սուրենյանցի հետ ձևավորել է Վալերի Բրյուսովի «Հայ պոեզիան...» ժողովածուն, 1919 թ-ին Նոր Նախիջևանում հիմնել է գավառագիտական թանգարան: 
«Քայլող կինը», 1911թ.
1921 թ-ին Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով Սարյանն ընտանիքով տեղափոխվել է Երևան, նշանակվել նոր կազմակերպվող Հայաստանի պետական թանգարանի վարիչ, օգնել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի հիմնադրմանը, Հակոբ Կոջոյանի հետ ստեղծել է ՀԽՍՀ զինանշանը, 1945–51 թթ-ին եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահը: 1924 թ-ին մասնակցել է Վենետիկի բիենալեի XIV ցուցահանդեսին, 1926–28 թթ-ին ապրել և ստեղծագործել է Փարիզում, որտեղ 1928 թ-ին բացել է անհատական ցուցահանդես (նկարների մեծ մասն այրվել է հայրենիք տեղափոխող նավի հրդեհից): 1937 թ-ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի ԽՍՀՄ տաղավարի համար ստեղծած պաննոյի համար արժանացել է Մեծ մրցանակի: 

Սիլվա Կապուտիկյանի դիմանկարը, 1962թ.
Սարյանի դիմանկարներում, նատյուրմորտներում, բնանկարներում և պաննոներում («Հայաստան», «Եղիշե Չարենցի դիմանկարը», «Արևոտ բնանկար», երեքն էլ՝ 1923 թ., «Վահրամ Փափազյանի դիմանկարը», 1924 թ., «Աշնանային մառախլապատ օր», 1928 թ., «Զանգվի ափը», 1930 թ., «Ծաղիկներ», 1945 թ., «Բակի անկյուն», 1953 թ., և այլն) 1923 թ-ից արմատապես փոխվել են նկարչի տեխնիկայի որոշ սկզբունքներ. իրականության հետ կապը դարձել է առավել անմիջական, երևակայականն ու կյանքի իդեալականացված կերպավորումները փոխարինվել են շոշափելի և բնական պատկերացումներով: Ուշագրավ են Արարատյան դաշտի, Սևանի, Լոռու, Զանգեզուրի և այլ վայրերի բնանկարները: «Իմ հայրենիքը» նկարաշարի (1952–58 թթ.) համար արժանացել է ԽՍՀՄ Լենինյան մրցանակի (1961 թ.): 

«Փողոց Կահիրեում», 1911թ. 
Սարյանը ձևավորել է գրքեր (Ավետիք Իսահակյանի «Բանաստեղծությունները», 1929 թ., Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները», 1930 թ., Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրին», 1933 թ., և այլն), օպերային (Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստը», 1930 թ., Օդեսայում՝ 1933 և 1939 թթ., ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1941 թ., Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկը», 1956 թ., և այլն) ու թատերական (Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանոն», 1956 թ., Մոսկվայի Եվգենի Վախթանգովի անվան թատրոն) ներկայացումներ, նաև Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի վարագույրը: 

Սարյանը գույնի մեծ վարպետ է. ստեղծել է վիթխարի մի պատկերասրահ՝ շուրջ 3 հզ. գործ:
Եղիշե Չարենցի դիմանկարը 
Ինքնատիպ գեղանկարչական լեզվով նա հայտնաբերել է գեղանկարչության ազգային ոճի վերակերտման ուղին, ազգային արվեստը բարձրացրել միջազգային մակարդակի. նրա ստեղծագործությունն իր արժանի տեղն ունի համաշխարհային արվեստի գանձարանում:
Սարյանի գործերից պահվում են հիմնականում ՀԱՊ-ում և նրա մասնաճյուղերում, նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԱՊՀ և այլ երկրների լավագույն թանգարաններում: 

Սարյանն արժանացել է Բրյուսելի միջազգային ցուցահանդեսի ոսկե մեդալի (1958 թ.) և ՀԽՍՀ Պետական մրցանակի (1965 թ.): Նա ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1947 թ.) և ՀԽՍՀ ԳԱ (1956 թ.) ակադեմիկոս էր: 1955 թ-ից Հալեպում (Սիրիա) գործում է «Սարյան ակադեմիան», 1967 թ-ից Երևանում՝ տուն-թանգարանը: ՀՀ-ում Սարյանի պատկերով թողարկվել է 20-հզ-անոց թղթադրամ: Սարյանի անունով Երևանում կոչվել է փողոց, տեղադրվել է հուշարձանը:

«Մեր ժողովուրդը հաստատել է Երկրագնդի մեծ օրենքը՝ միշտ արևի հետ մնալու օրենքը»:
«Առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի՝ մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին...»:
«Բնությունը ստեղծել է մարդուն, որպեսզի նրա միջոցով տեսնի իրեն, հմայվի իր հրաշք գեղեցկությամբ»:
«Տիգրանից հետո չորս կողմից (մեզ) սեղմել են: Դե մենք էլ աճել-բարձրացել ենք դեպի վե՛ր, դեպի լույսը...»,-Մարտիրոս Սարյան:
 
«Հին Երևան» 1928թ
«Սարյանը հեղինակել է մի սիմֆոնիա, որը կարիք չունի լեզվի՝ ինքնարտահայտվելու համար, որովհետև գույնը միակ անլեզու խոսքն է, հասկանալի բոլորին, որով խոսում է Մարտիրոսը, և մերը լինելով՝ եղավ բոլորինը»,-Վահրամ Փափազյան: 


  «Սարյանն ամբողջ Հայաստանն է: Ոչ մի նկարիչ, Սարյանից բացի, գույներով այնպես չի հաղորդել նրա թափանցիկ օդը և նրա հազարամյա մառախուղը, վիթխարի, գրեթե առասպելական Արարատի և Արագածի ձյունափայլը, նրա արգավանդ հողի գույները, արևի խաղը խաղողի վազերի հետ, ժողովրդի գեղեցկությունն ու աշխատասիրությունը»,-
Կոնստանտին Պաուստովսկի: 

Աղբյուրը՝  Հայկական հանրագիտարան

No comments:

Post a Comment