Friday 1 August 2014

Աքիլլես



Աքիլլես՝ հին հունական առասպելական  հերոս, որը համարվում էր անտիկ հունական աշխարհի հերոսներից քաջագույնը, Հոմերոսի նշանավոր  «Իլիական» պոեմի հերոսը, որն Ագամեմնոն արքայի գլխավորությամբ նախաձեռնել է Տրոյա քաղաքի դեմ արշավանքը: Հին հույն պոետ Ալքայոսն անվանել է Աքիլլեսին  «Սկյութների երկրի տիրակալ»: Աստվածների և մահկանացուների ամուսնությունից ծնվում էին հերոսներ, որոնք օժտված էին գերբնական ուժով, բայց անմահ չէին: Հերոսները երկրի վրա պետք է կատարեին աստվածների կամքը: Նրանց մասին լեգենդներ էին հյուսվում, որոնք պատմվում էին սերնդեսերունդ:Անտիկ հունական ավանդազրույցները միաձյան վկայում են, որ Աքիլլեսը Թեսալիայի միրմիդոնների Պելևս թագավորի և ծովային դիցուհի Թետիսի որդին է՝ Էակոսի թոռը: Թետիսը, ձգտելով Աքիլլեսին անմահ դարձնել, ցերեկները նրան շփում Էր ամբրոիսայով,

Թետիսը թաթախում է Աքիլլեսին Ստիքսի ջրերի մեջ
իսկ գիշերը պահում կրակի վրա։ Մի անգամ Պելևսը տեսնում Է այդ և ահաբեկված խլում Է երեխային կրակից։ Ըստ մեկ այլ զրույցի, Թետիսը մանկանը թաթախել է Ստիքս   գետի ջրերի մեջ, որից Աքիլլեսի մարմինը դարձել Է անխոցելի։ Աքիլլեսի մարմնի վրա խոցելի մնացել Է միայն գարշապարը, որտեղից նրան բռնել Էր մայրը ստորգետնյա գետի մեջ թաթախելիս (այստեղից՝ «աքիլլեսյան գարշապար» արտահայտսւթյունը)։ Թետիսը լքում է Պելևսին, և նրա հեռանալուց հետո Պելևսը Աքիլլեսին հանձնում է կենտավրոս Քիրոնի դաստիաարակությանը, որը նրան սովորեցրել Է բժշկություն և գեղեցիկ արվեստներ, ճարտասանություն և ռազմական գործ։ Վեց տարեկանում Աքիլլեսը սպանում Էր վարազներ և առյուծներ, հասնում եղջերուների ետևից։


Ժոզեֆ Կորտ «Նեստոր և Աքիլլես»
Նեստորի և Ոդիսևսի հորդորով Աքիլլեսը, գլխավորելով մոտ հիսուն նավ, մասնակցում է Տրոյայի դեմ արշավանքին՝ իր հետ վերցնելով նաև մտերիմ ընկերոջը՝ Պատրոկլեսին: Հետհոմերոսյան շրջանի ավանդազրույցները պատմում են, որ  գուշակ Կալխասը պատգամել է, որ միայն Աքիլլեսի օգնությամբ հույները կնվաճեն Տրոյան, բայց ինքը՝ հերոսը, այնժամ կսպանվի։ Ցանկանալով փրկել որդուն՝ Թետիսը նրան թաքցնում Է Սկիրոս կղզում, որտեղ, կանացի զգեստ հագած, Աքիլլեսը հասակ Է առնում Լիկոմեդես թագավորի աղջիկների հետ, որոնցից մեկը՝ Դեյդամիան, դառնում է Աքիլլեսի Նեոպալեմոս որդու մայրը։ Իմանալով Աքիլլեսի թաքստոցի մասին՝ Ոդիսևսը, Փենիքսը և Նեստորը գալիս են Սկիրոս՝ վաճառականների տեսքով։ Արքայադուստրերի առաջ դարսելով կանացի զարդերը՝  նրանք դրանց կողքին դնում են նաև նիզակ և վահան։ Հանկարծ ռազմական զարկ Է լսվում, և կանայք սարսափահար փախչում են, իսկ Աքիլլեսը, զենքերը խլելով, նետվում է դեպի թշնամին, որով և մատնում Է իրեն։

Գևին Համիլտոն «Պատրոկլեսի մահը ողբացող Աքիլլեսը»

Տրոյայի պաշարման տասներորդ տարում Աքիլլեսը գերի է  վերցնում չքնաղ Բրիսեիդային,  որն էլ կռվախնձոր է դառնում Աքիլլեսի ու Ագամեմնոնի միջև: Վերջինս  ստիպված  է լինում իր գերուհուն՝ Քրիսեիդային հանձնել նրա հորը, ուստի մրցույթ է հայտարարում Բրիսեիդային տիրանալու համար: Զայրացած Աքիլլեսը հրաժարվում է մասնակցել  Տրոյայի դեմ մղվող հետագա պայքարին:Միայն այն ժամանակ, երբ տրոյացիները ներխուժում են հույների ճամբար, և մարտի ժամանակ Հեկտորի ձեռքով սպանվում է  Պատրոկլեսը, Աքիլլեսը վերդառնում է մարտադաշտ, համառ պայքար մղում տրոյացիների դեմ, սպանում Հեկտորին ու միայն վերջինիս հոր՝ Պրիամոսի  աղաչանքին ի պատասխան՝ վերադարձնում է Հեկտորի դին տրոյացիներին:

 Ավանդազրույցները պատմում են, որ Աքիլլեսը սպանվել է Տրոյայի դարպասների մոտ՝ Պարիսի նետից, որի ետևում կանգնած է եղել Ապոլլոնը (որոշ հեղինակներ գտնում են, որ Աքիլլեսը սպանվել է անմիջապես հենց Ապոլլոնի արձակած նետից կամ որ դա եղել է Ապոլլոնը՝ Պարիսի կերպարանքով):


Միշել Մարտին Դրելլինգ «Աքիլլեսի զայրույթը»
Գոյություն ունի վարկած, որ ի սկզբանե հունական առասպելաբանության մեջ Աքիլլեսը եղել է անդրաշխարհի դևերից մեկը (ինչպես օրինակ՝ Հերակլեսը): Աքիլլեսի աստվածայաին բնության մասին իր հոդվածներում  ենթադրություններ է առաջ քաշել Հ. Հոմելը: Վաղ դասական շրջանի հունական տեքստերի հիման վրա, նա ցույց  է տվել, որ անգամ մ.թ.ա. Vll դարում արդեն վաղուց էպիկական հերոսի վերածված Աքիլլեսը, շարունակել է հանդես գալ իր սկզբնական՝ դևի կերպարով:


No comments:

Post a Comment