Sunday 3 August 2014

Հոմերոս «Իլիական»

  
      Հոմերոսին վերագրվող «Իլիական» էպիկական պոեմը  հին հունական գրականության հնագույն հուշարձաններից է և ընդհանրապես, անտիկ շրջանի ամենափայլուն գործերից մեկը: Հրաշագեղ, կրքոտ ու պոռթկուն օլիմպոսյան աստվածներ ու աստվածուհիներ, հզոր, աննկուն հույն ու տրոյացի հերոսներ, գեղանի, նազենի ու խոհեմ հերոսուհիներ, ընկերություն, սեր, ընտանիք, պայքար, կռիվ, պատերազմական թեժ տեսարաններ ու հեղինակի վարպետ գրիչ: 
     «Իլիականը» սկզբում հատվածաբար երգվել է տոնախմբությունների ժամանակ: Այն հավաքվել և գրի է առնվել մ.թ.ա.  6-րդ դարում, Աթենքում: Պատմում է Ագամեմնոնի գլխավորությամբ Իլիոնի (Տրոյայի) հերոսական պաշարման մասին: Բաղկացած է հեկզամետրերով գրված  15700 տողից: Մ.թ.ա.  4-3-րդ դարերում  Ալեքսանդրիայի քերականներն այն բաժանել են քսանչորս երգի՝ հունական տառերի թվին համապատասխան:
    Պոեմը ոչ միայն Տրոյական պատերազմի մասին է, այլ, ինչպես ենթադրվում է, դրա հիմքում ընկած են հնագույն հերոսների մասին բանահյուսական ավանդազրույցներ: Ընդհանրապես, գոյություն ունի Տրոյական պատերազմի մասին ավանդազրույցների «Տրոյական շրջան»  կամ  «Էպիկական շրջան»  անվանումով մի ամբողջ շարք: Դրանք հիմնականում հասել են հատվածներով կամ պահպանվել են  ավելի ուշ շրջանի հեղինակների գործերում, և միայն Հոմերոսի  «Իլիական» և  «Ոդիսական» պոեմներն են, որ պահպանվել են ամբողջությամբ:«Իլիականը» պատկերում է Տրոյայի պաշարման տասներորդ տարին:Բացի հնագույն հերոսներից,  պոեմում իրենց նշանակալի դերն ունեն նաև Օլիմպոս լեռան վրա բնակվող հին հունական աստվածները, որոնք իրենց գործողություններով բազմիցս միջամտում են դեպքերի  ընթացքին:


 Հետազոտողների մի մասը գտնում է, որ պոեմը գրվել է մ.թ.ա.  8-րդ դարում , մյուսները կարծում են, որ գրվել  է մ.թ.ա. 7-րդ դարում: Հերոդոտոսը նշում էր, որ Հոմերոսն ապրել  է իրենից  400 տարի առաջ, ինչից ելնելով  ենթադրվում է որ պոեմը գրվել է մ.թ.ա. մոտ 850-ական թթ.:Պոեմը պատկերում է Բրոնզե դարի աղետի ժամանակաշրջանին համապատասխանող իրադարձություններ, որն ընդգրկում է մ.թ.ա. 12-րդ դարը, հետևաբար՝ Հոմերոսին պատկերվող իրադարձություններից բաժանում է   400 տարի: Հետազոտողների կողմից լուրջ քննարկումներ են ծավալվում, թե որքանով են պոեմում ճիշտ պատկերված միկենական ժամանակաշրջանի ավանդույթները: Քննարկումներ են ծավալվում նաև այն հարցի շուրջ՝ արդյոք Տրոյական պատերազմն իրական  է թե մտացածին:
   «Իլիականը» հունարեն առաջին անգամ տպագրվել  է  1488թ,, Ֆրոլենցիայում: Պոեմը դեռևս հնում հայտնի է եղել հայ իրականության մեջ: Մովսես Խորենացին, բարձր գնահատելով  «Իլիականը», այն օգտագործել  է իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ:

1 comment:

  1. Շնորհակալություն տեղեկության համար

    ReplyDelete