Friday 5 December 2014

Ստենդալ

Ստենդալ, նույն ինքը՝ Մարի-Անրի Բեյլ (1783-1842)՝ ֆրանսիացի գրող, 19-րդ դարի ֆրանսիական ռեալիստական վեպի հիմնադիրներից մեկը: Ծնվել է 1783թ. Գրենոբլում (Ֆրանսիա), փաստաբան Շերյուբեն Բեյլի ընտանիքում: Հենրիետա Բեյլը` Ստենդալի մայրը, մահանում է, երբ որդին ընդամենը յոթ տարեկան էր: Արդյունքում երեխայի դաստիարակությամբ զբաղվում են մորաքույրն ու հայրը, որոնց հետ Անրին այնքան էլ լավ հարաբերություններից մեջ չէր: Ի տարբերություն վերջիններիս` Ստենդալին հատուկ ուշադրության ու ջերմության էր արժանացնում պապիկը` Անրի Գանյոնը, որը մեծ ազդեցություն է ունեցել թոռան գեղարվեստական զարգացման վրա` փոքրուց ի վեր նրա համար բացահայտելով Վոլտերի ու Դիդրոյի աշխարհը: Այդ ժամանակներից տղան արհամարհանքով է լցվում եկեղեցականների ու ընդհանրապես, եկեղեցու հանդեպ: Նա ստիպողաբար էր Աստվածաշունչ կարդում ու կասկածամտությամբ էր մոտենում կրոնին:
Մետաղադրամ`
Ստենդալի պատկերով
Դեռ դպրոցական տարիներից Ստենդալը հետևում էր Ֆրանսիական մեծ հեղափոխության զարգացմանը` դեռևս չգիտակցելով դրա կարևորությունը: Ինչպես խոստովանել է հետագայում`դպրոցում միայն լատիներեն է սովորել, սակայն ժամանակի ընթացքում տարվել է թվաբանությամբ, տրամաբանությամբ, փիլիսոփայությամբ, արվեստի պատմությամբ: 1799թ. Ստենդալը ուսումը շարունակելու նպատակով մեկնում է Փարիզ, սակայն, ոգեշնչվելով Նապոլեոն I-ի հեղաշրջմամբ, անցնում է զինծառայության: Աստիճանաբար հիասթափվելով Նապոլեոնից` 1802թ. հրաժարվում է ծառայությունից ու ինքնակրթությամբ զբաղվում Փարիզում` ուսումնասիրելով փիլիսոփայություն, գրականություն ու անգլերեն: Այդ տարիներին Ստենդալը երազում էր դրամատուրգ դառնալ, «նոր Մոլյեր»: Սիրահարվելով դերասանուհի Մելանի Լուազոնին` նրա պատճառով մեկնում է Մարսել, բայց 1805թ, վերադառնում է բանակ: Ծառայության տարիներին շատ ժամանակ է ունենում խորհելու համար ու սկսում է գրավոր արտահայտվել երաժշտության ու գեղարվեստի թեմաներով: 1812թ. մասնակցում է ռուսների դեմ պատերազմին, Բորոդինոյի ճակատամարտին: Հետագայում Ստենդալն իր հիացմունքն է արտահայտել ռուսների քաջության ու հայրենասիրության նկատմամբ:

Նապոլեոնի կայսրության անկումից հետո Ստենդալը մշտական բնակություն է հաստատում Միլանում: Այստեղ է նա գրում ու տպագրում իր առաջին ստեղծագործությունները: Հետագայում, քաղաքական մի շարք հանգամանքներից ելնելով, նա լքում է Իտալիան` վերադառնալով հայրենիք: 20-ական թթ. Ստենդալը գրական սալոններում արդեն սրամիտ քննադատի համբավ ուներ: Նույն տարիներին նա ակնհայտ ռեալիստական ուղղվածության մի քանի ստեղծագործություն է գրում` այդ թվում իր առաջին վեպը` «Արմանսը» (1827թ.): 1830թ. լույս է տեսնում հայտնի «Կարմիր և սև» վեպը: Նույն թվականին Ֆրանսիայում Հուլիսյան միապետության հաստատումից հետո Ստենդալը պետական ծառայության է անցնում` զանազան պաշտոններ զբաղեցնելով: 1832թ. սկսում է գրել «Էգոտիստի հիշողությունները», իսկ երկու տարի անց` «Լյուսյեն Լևեն» վեպը: Երիտասարդ տարիներին Ստենդալը վարակվել էր սիֆիլիսով, որն այդ ժամանակ բուժում չուներ: 1842թ. մարտի 22-ին գրողը փողոցում ուշագնաց է լինում և մի քանի ժամ անց մահանում է:
Ստենդալի գերեզմանաքարը
Մոնմարտրում, Փարիզ
Իր կտակում Ստենդալը խնդրել էր գերեզմանաքարին գրել հետևյալ տողերը` «Առիգո Բեյլ, միլանցի. Գրում էր, սիրում էր, ապրում էր»: 

Այն ժամանակաշրջանում, երբ Ստենդալը ձևավորում էր իր էսթետիկ հայացքները, եվրոպական արձակն ամբողջովին կրում էր Վալտեր Սկոտի ազդեցությունը: Ստենդալը ստեղծագործում էր ապագա սերնդի համար: Նրա արագընթաց, դինամիկ արձակն իր ժամանակից առաջ էր ընկել: Կյանքի ընթացքում նա չգնահատվեց`՝ գիտակցելով, սակայն, որ իր ընթերցողները դեռ չեն ծնվել: «Գրողին նույնքան քաջություն է հարկավոր, որքան զինվորին: Առաջինը պետք է նույնքան քիչ մտածի քննադատությունների մասին, որքան երկրորդը՝ հիվանդանոցի»: Եվ իսկապես, 19-րդ դարի երկրորդ կեսին միայն Ստենդալը պատշաճ ուշադրության արժանացավ: Ստենդալի արվեստը գնահատողները նրա գործերից մի ամբողջ գաղափարախոսություն քաղեցին, օրինակ` «բեյլիզմը», այն է` բաց չթողնել կյանքի գեղեցկությամբ հիանալու ոչ մի հնարավորություն, ապրել անսպասելիի սպասումով: Ավելորդ է նշել, որ Ստենդալի ռեալիզմը աննկարագրելի ազդեցություն է թողել եվրոպական ռեալիստական վեպի հետագա զարգացման վրա: «Վեպը ճանապարհին ընկած հայելի է, որում պարբերաբար արտացոլվում է և՛ կապույտ երկինք, և՛ կեղտ: Հայելին կեղտ է արտացոլում, և դրա համար նրան եք մեղադրում»:

No comments:

Post a Comment