Monday 2 March 2015

Ֆոնտեբլո պալատ

  Հռչակավոր Ֆոնտեբլո պալատը համարվում է Ֆրանսիսյի պատմության խորհրդանիշներից մկեը: Այն յոթ դար շարունակ հանդիսացել է Ֆրանսիայի թագավորների կառավարական պալատը եւ միայն 1870թ կայսրության տապալումից հետո առհավետ դադարացրել է իրականացնել իր պատմական գործառույթն ու վերածվել է թանգարանի: Սկզբնական շրջանում պալատի տեղանքում թագավոր Լյուդովիկոս VII կառուցում է որսորդական տնակ, այնուհետեւ վերածում այն իր քաղաքամերձ նստավայրի
  
  XVI դարում Ֆրանսիսկոս I  թագավորն այդ նստավայրի տեղանքում կառուցում է նոր պալատ, որը երեք տարի շարունակ կառուցում են իտալացի վարպետները, այդ թվում՝ Ֆրանչեսկո Պրիմատիչոն եւ Բենվենուտո Չելինին: Ֆրանսիսկոս I անունը կրող պատկերասրահը, որն աչքի է ընկնում իր առանձնահատուկ փայտե զարդարանքներով ու հիասքանչ որմնանկարներով, միացնում է թագավորի ննջարանը Սուրբ Երրորդություն մատուռի հետ:
Ֆրանսիսկոս I մահից հետո գահ է բարձրանում նրա որդին՝ Հենրի II: Վերջինս ամուսնացած էր Եկատերինա Մեդիչիի հետ, սակայն ամբողջ սրտով սիրահարված էր  Դիանա դե Պուատյեին: Ի նշան իր սիրո՝ Հենրին նվիրում է Դիանային Շենոնսո պալատը, իսկ Ֆոնտեբլոյում կառուցում է հիասքանչ պարասրահ, որի պատերին տեղ-տեղ կարելի է տեսնել  Հենրիի ու նրա սիրուհու անվանագրերը
     Սրահում կարելի է տեսնել գեղեցիկ որմնանկարներ, որոնցից մեկը պատկերում է որսորդության աստվածուհի Դիանային՝ կրկին ի պատիվ Դիանա դե Պուատյեի: Դիանայի կերպարը նեևրկա է անգամ պալատի բակում, որտեղ ցայտում է Դիանայի անունը կրող շատրվանը:
Հենրի II ու նրա որդու՝  Հենրի III մահվանից հետո, որը Վալուաների դինաստիայից վերջինն էր, պալատը գրեթե տասը տարի լքված վիճակում է մնում: Միայն 1595թ գահ  բարձրացած Հենրի IV՝ Բուրբոնների արքայատոհմի ժառանգորդը, վերադարձնում է  թագավորական արքունիքը Ֆոնտեբլո եւ իրականացնում պալատի ամբողջական ռեստվրացիա: Հենց այդ ժամանակ է ֆրանսիացի նկարիչ Մարտեն Ֆրեմինը նկարազարդում Սուրբ Երրորդություն մատուռը, որն իր այդ տեսքով պահպանվել է մինչ օրս: Երբ ֆրանսիական գահն անցնում է Լյուդովիկոս XIV, Ֆրանսիայի ֆինանսների նախարար Նիկոլա Ֆիկեն, օգտագործելով թագավորության ֆինանսական միջոցները, Վո դե Վիկոնտում կառուցում է  հրաշագեղ մի պալատ: Շուտով Ֆուկեն ձերբակալվում է: Ինչպես պնդում էին տվյալ ժամանակաշրջանում, Լյուդովիկոս XIV բարկացել էր այն հանգամանքից, որ նոր պալատն ավելի գեղեցիկ էր, քան թագավորական Ֆոնտեբլո նստավայրը, ինչից հետո նա ուղարկում է Ֆիկեի պալատի ճարտարապետներին կառուցելու Վերսալ պալատական համալիրը: Մի քանի տարի անց  Լյուդովիկոս XIV  արքունիքով տեղափոխվում է Վերսալ, որից հետո Ֆոնտբելոն երկար ժամանակ մոռացվում է: Հաջորդող թագավորներ Լյուդովիկոս  XV եւ Լյուդովիկոս XVI Ֆոնտեբլո էին ժամանում միայն աշնանը:

 Ֆոնտեբլոն նոր շունչ է ստանում  միայն ֆրանսիական հեղափոխությունից հետո, երբ Նապոլեոն Բնոապարտն սկսում է օգտագործել Ֆոնտեբլոն որպես իր պաշտոնական քաղաքամերձ նստավայր: Նապոլեոնական  շրջանի սրահներից են Գահասրահը, որը սկզբնական շրջանում ծառայել է որպես Նապոլեոնի ննջարան, ինչպես նաեւ հանրահայտ Կարմիր սրահը, որտեղ փոքրիկ կլոր սեղանի վրա Նապոլենը 1814թ, ստորագրում է գահից հրաժարվելու մասին փաստաթուղթը: Պահպանվել է նաեւ հանրահայտ աստիճանը, որի վրա կանգնած փաստաթղթի ստորագրումից մի քանի օր անց կայսրը հրաժեշտ է տալիս իր գվարդիային: Բակը, դեպի ուր դուրս է գալիս աստիճանը, հետագայւոմ անվանվել է «Հրաժեշտի բակ» (ֆր. La cour des adieux).
Ֆոնտեբլո պալատը շրջապատված է երկու պարտեզներով՝ Անգլիական եւ Դիանայի, որտեղ էլ գտնվում է որսորդության աստվածաուհի Դիանայի շատրվանը՝ կոչված հիշեցնելու Հենրի II թագավորի սիրելիին՝ Դիանա դե Պուատյեին:
Վերածննդի ոճով կառուցված այս պալատի շրջակայքում 25.000 հեկտար տարածությամբ ձգվում են գեղատեսիլ անտառներ, այդ իսկ պատճառով էլ Ֆոնտեբլոն Ֆիլիպ-Ավգուստ և Լյուդովիկոս IX թագավորների սիրելի որսատեղին էր: Ֆոնտեբլոյի շրջակայքում է գտնվում նաև «Մեծ ջրանցքով» զբոսայգին, 18-րդ դարի անգլիական այգիներ, վերսալյան արահետների ծաղկաթմբեր: Ֆոնտեբլոյի պալատը և զբոսայգին մտնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ համշխարհային մշակութային ժառանգության ցանկի մեջ:


























No comments:

Post a Comment