Tuesday 12 May 2015

Արիստոֆանես

Արիստոֆանեսը (մ.թ.ա. 444-385) «կատակերգության հայրն» է: Նրա ստեղծագործությամբ անտիկ կատակերգությունը հասավ իր բարձրակետին: Ծնվել ու ամբողջ կյանքն անցկացրել էր Աթենքում, բայց նրա կատակերգությունները վկայում էին այն մասին, որ ծանոթ էր հույն գյուղացիների կյանքին ու կենցաղին: Գրել է ավելի քան 40 կատակերգություն, բայց պահպանվել են միայն 11 լիակատար պիես, այդ թվում՝ «Աքարնացիք», «Հեծյալներ», «Ամպեր», «Գորտեր», «Հարստություն» և այլն: Արիստոֆանեսի ստեղծագործական կյանքը բաժանվել է մի քանի շրջանների՝ ընդգծված քաղաքական ուղղվածության, հասարակական-սատիրական, սոցիալական ուտոպիայի շրջանների: 

Առաջին փուլը`մ.թ.ա. 427-421 թթ. (Պելեպոնեսյան պատերազմների առաջին շրջանը) աչքի է ընկնում կատակերգությունների ընդգծված քաղաքական ուղղվածությամբ: Լավագույն գործերն են «Աքարնացիք», «Հեծյալներ», «Ամպեր» ստեղծագործությունները: «Աքարնացիք» կատակերգության մեջ Արիստոֆանեսը պատկերում է մի հասարակ գյուղացու, որը հուսահատության գիրկն է ընկել ու այլևս չի հավատում, որ պատերազմը երբևիցե ավարտ է ունենալու: Արդյունքում նա ինքն իր համար խաղաղության դաշնագիր է կնքում հարևան գյուղական համայնքների հետ և վայելում խաղաղ կյանքի հաճույքները: 

Առավել մեծ հաջողություն ուներ «Ամպերը» կատակերգությունը: Այս ստեղծագործությունը
կրում է այս վերնագիրը, որովհետև երգչախումբը կազմում են ամպերը` Սոկրատեսի նոր աստվածները, որոնց վերջինս գերադասում է օլիմպիական աստվածներից: Սոկրատեսը երգիծական կերպար է, սոփեստ, այսինքն` կեղծ փիլիսոփա, որը սխալ դատողությունների ճանապարհով կարող է հասնել խափուսիկ արդյունքի (իրական Սոկրատեսը այս փիլիսոփայության հետ ընդհանուր քիչ բան չունի): Հասարակ գյուղացի Ստրեպսիադեսը որդու և կնոջ պարտադրանքով տեղափոխվում է քաղաք և ամբողջովին խճճվում պարտքերի մեջ: Ընտանիքում նա հանգիստ չունի, կինը և որդին` Փիդիպիդեսը, վատնում են նրա ողջ ունեցվածքը: Պարտքերի մեջ թաղված Ստրեպսիադեսը փորձում է որդուն ուղարկել սոփեստների դպրոց, որպեսզի վերջինս յուրացնի սոփեստների ուսմունքը և դրանով օգնի իրեն` խուսափելու պարտքերից: Սակայն որդին հրաժարվում է դպրոցում սովորելուց, ինչի արդյունքում ինքը` Ստրեպսիադեսն է մտնում սոփեստների դպրոց: Այստեղ նրան ընդունում է սոփեստ Սոկրատեսը`առաստաղից կախված կողովի մեջ պառկած (իրական Սոկրատեսը օրվա մեծ մասն անցկացնում էր Աթենքի հրապարակում` Ագորայում): Սոկրատեսը նրան փորձում է սովորեցնել բնագիտություն և քերականություն, ժխտում է օլիմպիական աստվածների գոյությունը և խոսում իր նոր աստվածների` ամպերի մասին: Տեսնելով, որ Ստրեպսիադեսն աչքի չի ընկնում սովորելու ընդունակություններով է և չի կարող յուրացնել սոփեստական դպրոցի դժվարությունները` Սոկրատեսը նրան հեռացնում է դպրոցից: Հայրը երկրորդ անգամ է խնդրում որդուն մտնել Սոկրատեսի դպրոց: Որդին վերջապես համաձայնում է և շատ չանցած` սովորում է սևը սպիտակ և սպիտակը սև համարելու արվեստը: Նման հմտություններ նա սովորեցնում է նաև հորը, որը կարողանում է խորամանկությամբ խուսափել պարտքատերերի պահանջներից և դատարանից: Սակայն մի օր նրանց մեջ վեճ է ծագում. հայրը պաշտպանում է Էսքիլեսին, իսկ որդին` Եվրիպիդեսին: Համաձայնության չգալով` նրանք լուրջ վիճում են, որդին ծեծում է հորը: Չկարողանալով սոփեստական դատողություններով համոզել որդուն, որ իրեն ծեծելը բարոյապես անօրինական է, հայրը ի վերջո անիծում է այն օրը, երբ որդուն տվել է կեղծ իմաստունների դպրոց և կատաղությունից հրդեհում Սոկրատեսի հաստատությունը: 

Արիստոֆանեսը` հին  կատակերգության
վարպետը, և Մենանդրոսը` հունական
նոր կատակերգության
գլխավոր ներկայացուցիչը
Քաղաքական երգիծանքի բացառիկ նմուշ է «Հեծյալները», որը նույնպես ստեղծվել է Արիստոֆանեսի ստեղծագործական կյանքի առաջին փուլում (մ.թ.ա. 424 թ.): Կատակերգությունն ուղղված է աթենական առաջնորդ Կլեոնի դեմ, որը հայտնի էր Սպարտայի դեմ տարած փայլուն հաղթանակով: Պիեսի հիմնական գործող անձը Դեմոսն է, որի առջև վիճում են երշիկագործն ու կաշեգործը: Վերջինս իր անամոթությամբ և պոռոտախոսությամբ զիջում է երշիկագործին, որին էլ Դեմոսը հայտարարում է հաղթող և Աթենքի տիրակալ: Եզրափակիչ տեսարանում Դեմոսը վերածնված է. երշիկագործը, հեծյալների արիստոկրատ խմբավորման օգնությամբ նրան է վերադարձնում հույն-պարսկական ժամանակների ջահելությունը` եռման ջրում լողացնելով Դեմոսին (այսինքն` ժողովրդին): Պիեսը հարուստ է քաղաքական գործիչների (Նիկիաս, Դեմոսթենես, Կլեոն) ծաղրանկարներով, կառնավալային տեսարաններով, տուր ու դմփոցներով և հայհոյանքներով, ինչպես նաև պարաբասիսով, որով Արիստոֆանեսը բնութագրում է իր նախորդ մի շարք կատակերգու պոետների: Չափազանց հետաքրքիր կերպար է Դեմոսը, որը կարծես ներկայացնում է հզոր ու անցյալում մնացած Հունաստանի խորհուրդը` ծեր, արդեն խուլ այդ մարդը անվերջ սխալներ է թույլ տալիս, շարունակ ներողություն խնդրում դրանց համար: Նա կարծես մեռած և հարություն առած ինչ-որ աստվածություն լինի: 

Արիստոֆանեսի ստեղծագործական երկրորդ փուլի (մ.թ.ա. 414-405 թթ.) լավագույն գործերից է «Գորտեր» կատակերգությունը, որի թեման հունական թատրոնն է, նրա անցյալն ու ապագան, հիմնական գործող անձինք` թատրոնի հովանավոր աստված Դիոնիսը, մեծ ողբերգակներ Էսքիլեսը և Եվրիպիդեսը: 

Երրորդ փուլում (մ.թ.ա. 392-388 թթ.) է գրվել «Հարստություն» կատակերգությունը, որը սոցիալական ուտոպիա է:

Հունական «կատակերգության հայրը» մի նոր շունչ է տվել անտիկ գրականությանը: Նրա բերած նորությունների թվում էր երկխոսության առավելությունը երգչախմբի նկատմամբ:

No comments:

Post a Comment