Thursday 7 May 2015

Սուրբ Մարկոսի տաճար (Վենետիկ)


***

 «Նա, ում սիրտը չի սկսում ավելի արագ բաբախել Սուրբ Մարկոսի տաճարի մոտ կանգնելիս, կարող է թողնել, որ իրեն թաղեն, քանի որ նա մահացած է, անհույս մահացած: Նա, ում սիրտն արագ չի բաբախում Սուրբ Մարկոսի տաճարի դիմաց, ուրեմն ընդհանրապես սիրտ չունի»:
Ֆրանց Գրիլպարցեր, 19-րդ դարի ճանապարհորդ








Վենետիկի գլխավոր խորհրդանիշներից մեկը թևավոր առյուծն է, որը համարվում է քաղաքի երկնային հովանավորի՝ Մարկոս ավետարանիչի խորհրդանիշը: Վերջինիս նվիրված առաջին մատուռն սկսել են կառուցել դեռ 829թ.: Այնտեղ պահվում էին Սուրբ Մարկոսի մասունքները, որոնք վենետիկցի նավագնացները բերել էին եգիպտական Ալեքսանդրիայից: Տեղեկանալով, որ մահմեդականները քանդում են քրիստոնեական տաճարները այնտեղ մզկիթներ կառուցելու համար՝  վենետիկցիները որոշում են փրկել ավետարանիչի մասունքները սրբապղծումից: Հետագայում՝ արդեն 976թ. կառուցվում է ժամանակակից Սուրբ Մարկոսի տաճարը, այն ժամանակաշրջանում, երբ ժողովրդական ապստամբությունը տապալում է Վենետիկի  դոժ (կառավարիչ)  Պիետրո  IV  Կանդիանոյի  իշխանությունը:


     Տաճարը կառուցվել է երեսուն տարի, իսկ հետագա հինգ դարերի ընթացքում այն անընդհատ ընդլայնվել ու բարեկարգվել  է: Մտավախություն ունենալով, որ ալեքսանդրիացիները կիմանան ս. Մարկոսի մասունքների առևանգման մասին՝ Վենետիկի  իշխանությունները հայտարարում են մասունքների հայտնության հրաշքի մասին: Բոլոր վենետիկցիներին կոչ է արվում ապաշխարհել ու աղոթել, որպեսզի Աստծո օգնությամբ գտնվեն ավետարանիչի մասուքնները: 1904թ. Աստված «լսում է» վենետիկցիների աղոթքները եւ պատարագի ժամանակ տաճարի սյունից պոկվում է մարմարե սալիկ ու երևում  է սրբի աջը: Ոչ ոք չէր կասկածում, որ կատարվածն աստվածային հրաշք է:

    
    Մինչև 1807թ. տաճարը եղել է պալատական մատուռ, որտեղ թագադրվում էին դոժերը, իսկ բանակը խաչակրաց արշվանքներից առաջ օրհնություն էր ստանում: Այստեղից են հեռավոր ծովային ճանապարհորդությունների մեկնել հանրահայտ կապիտաններ, այստեղից է իր ճանապարհորդությունն սկսել հռչակավոր Մարկո Պոլլոն: Այս տաճարի ներսում է Հռոմեական կայսրության կայսր Ֆրիդրիխ I Բարբարոսը հաշտություն կնքել Ալեքսանդր III պապի հետ: Վենետիկյան ոչ մի արարողություն չի անցել առանց Ս. Մարկի տաճարում պատարագի: Տաճարի առջև՝ հրապարակում, մինչ այսօր էլ շարունակվում են վենետիկյան հանարահայտ դիմակահանդեսները:


     Տաճարը հանդիսանում է բյուզանդական ճարտարապետության կոթողներից, որն իր նշանակությամբ հավասարազոր է  Սուրբ Սոֆյայի տաճարին Ստամբուլում: Ս.  Մարկոսի տաճարն իրենից ներկայացնում է գմբեթավոր բազիլիկ, որը կառուցվել է  Կոստանդնուպոլսի Սուրբ Առաքելոց տաճարի նմանությամբ: Կառուցման տարիներին այստեղ միաձուլվել են ճարտարապետական տարբեր ոճերի տարրեր՝ բյուզանդական, հռոմեական, գոթական եւ արևելյան:

      Տաճարը զարդարված է սրբաքանդակներով ու մանրանկարներով: Ռելիեֆներն ու մարմարե սյուներն ստեղծվել են Կ.Պոլսում: Գլխավոր մուտքի վերնամասը զարդարող մանրանկարը նվիրված է Հիսուսի երկրորդ գալուստի մասին աստվածաշնչյան մարգարեությանը, իսկ մյուս չորս պատկերները՝ առաքյալի մասունքները Վենետիկ հասցնելու պատմությանը: Գլխավոր մուտքը պսակում  է ոսկեզօծ  կվադրիգան՝ անտիկ  աշխարհի քառաձի մարտակառքը: Վենետիկցիներն այն  ձեռք են բերել 1204թ խաչակրաց չորրորդ արշավանքի ժամանակ Կ.Պոլսի թալանից հետո: Բազաիլիկայի ճարտարապետական համալիրը եզրափակում են հինգ հսկայական խաչակիր  գմբեթներ:

     
Տաճարի ներքին հարդարանքն ապշեցնում է գունավոր մարմարների, եկեղեցական պարագաների, աստվածաշնչյան թեմատիկայով մանրանկարների առատությամբ: Գլխավոր խորանի ներքևի հատվածում պահվում են ս. Մարկոսի մասունքները: Խորանի տակ կառուցված է «ոսկե խորան»՝ սրբապատկերների որմ, որը վենետիկցիները պատվիրել էին կաոռւցել բյուզանդացի վարպետներին  1343թ.: Ոսկեզօծ արծաթից պատրաստված գոթական շրջանակը կազմված է  250 էմալե մանրանկարներից՝ դրվագված  2000 թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերից: Խորանին պատկերված են դրվագներ Նոր Կտակարանից ու Մարկոս առաքայլի կյանքից իրադարձություններ:


     Սուրբ Մարկոսի տաճարը հատկապես դիտարժան է գիշերը, երբ փայլում է հեքիաթային գեղեցկությամբ: Անգլիացի արվեսագետ Ջոն Ռոյսկին նշել է «Վենետիկը միակ քաղաքան է, որն ունի այդքան հռչակավոր Աստվածաշունչ: Գիրք-տաճարը վառվում է հեռվից ինչպես Բեթղեհեմի աստղը»:



 













































No comments:

Post a Comment