«Անտիգոնե»՝ Սոֆոկլեսի ամենահայտնի ողբերգություններից մեկը, որն առաջին անգամ բեմադրվել է մ.թ.ա. 442թ.: Ստեղծագործության հիմքում ընկած է Թեբե քաղաքի մասին առասպելների շարքը:
Պոլինիկեսը՝ Անտիգոնեի եղբայրը, դավաճանել է Թեբե քաղաքն ու զոհվել հարազատ եղբոր՝ Էթեոկլեսի ձեռքով: Թեբեի արքա Կրեոնը արգելում է թաղել դավաճանի մարմինը՝ հրամայելով թողնել այն թռչուններին ու կենդանիներին: Անտիգոնեն՝ դժբախտ Էդիպ արքայի դուստրը, անտեսելով Կրեոնի հրամանը, ենթարկվում է սրբազան օրենքներին ու հողին է հանձնում եղբոր մարմինը: Կրեոնը հրամայում է Անտիգոնեին բանտարկել անձավում: Աղջիկը ընդդիմանում է Կրեոնի որոշմանը՝ փորձելով հասկացնել վերջինիս, որ նա առաջնորդվում է միայն իր օրենքներով՝մոռանալով, որ գոյություն ունեն ընտանիք, արյունակցական կապ, սեր, սրբազան պարտք հասկացությունները:
«Անտիգոնե» Ֆրեդերիկ Լեյթոն, 1882թ. |
Անտիգոնեն նույնիսկ հայտարարում է, որ նույնը չէր անի ամուսնու դեպքում, քանի որ արյունակցական պարտք չէր ունենա նրա հանդեպ:
Բացի այդ, մահացած մարդուն պետք է թաղել՝ անկախ դավաճան թե հերոս, չար թե բարի լինելուց: Իր արարքի բարձր գիտակցությամբ ու չհաշտվելով դաժան վճռի հետ՝ Անտիգոնեն ինքնասպան է լինում: Կյանքին վերջ են տալիս նաև Կրեոնի որդին՝ Հեմոնը, որը Անտիգոնեի փեսացուն էր, և Կրեոնի կինը՝ Էվրիդիկեն: Տեսնելով այս արյունոտ շղթան՝ Կրեոնը ողբերգության ավարտին համոզվում է, որ նույնիսկ թագավորն է անզոր աստվածների կամքի առջև:
Սոֆոկլեսը ցույց է տալիս աստվածային օրենքների ու մարդու կամայականության միջև հակասությունը` մարդուց բարձր դասելով աստվածային օրենքները: Ըստ հեղինակի` մարդու դժբախտության գլխավոր պատճառներից մեկը մեծամտությունն է, աստվածներին չհնազանդվելը: Իսկական երջանկությունը աստվածային ու մարդկային oրենքների բանական համադրումն է:
Այս ողբերգության հերոսներին հատուկ է ընդգծված անհատականությունն ու ուժեղ բնավորությունը: Նման հատկանիշներով օժտված է հատկապես գլխավոր հերոսուհին՝ Անտիգոնեն, որը չի երկնչում թագավորի առջև և վստահ իր արարքի վեհության վրա՝ գլուխը բարձր քայլում է դեպի մահը: Անտիգոնեի վճռական ու համարձակ խառնվածքին հակադրվում է նրա քրոջ՝ Իսմենեի բնավորությունը. նա հասկանում է Անտիգոնեին, ընդունում նրա որոշումները, սակայն չի համարձակվում քրոջ հետ միասին գործել: Անտիգոնեի հերոսությունն ավելի ակնհայտ ու վառ է դառնում Իսմենեի երկչոտության կողքին:
Անտիգոնե և Իսմենե |
«Անտիգոնե» ողբերգության մեջ Սոֆոկլեսը արծարծում է նաև համայնքի ու անհատի փոխհարաբերության հիմնահարցերը: Անհատը տվյալ դեպքում Անտիգոնեն է, իսկ համայնքը մարմնավորված է Կրեոնի կերպարում: Այս հակադրությունը ստեղծագործության մեջ հասցված է իր տրամաբանական ավարտին: Կրեոնին որպես համայնքի մարմնավորում դիտարկելիս նրան կարելի է նույնիսկ արդարացնել, քանի որ հանուն համայնքի բարօրության դավաճանը պետք է պատժվի, իսկ հայրենասերը՝ փառաբանվի:
Այնուամենայնիվ, ամբողջ Թեբեն Անտիգոնեի կողքին է, խղճում է աղջկան ու չի ցանկանում պատժված տեսնել նրան: Անտիգոնեի համար անթաքույց ցավում է նաև ինքը՝ հեղինակը: Սոֆոկլեսը հերոսուհուն պատկերում է բացառիկ ջերմությամբ, իսկ Կրեոնին որակում որպես բռնապետ, սոփեստական ձևերով իր դաժանությունը արդարացնող թագավոր:
Ինչպե՞ս է լուծվում Անտիգոնեի ու Կրեոնի կոնֆլիկտը: Կարծիք կա, որ Սոֆոկլեսը ցույց է տալիս երկու կողմի սխալը. նրանից յուրաքանչյուրը ազնիվ բան է պաշտպանում, իր արդարացի պատճառն ունի, սակայն միայն մեկ կողմից է դիտում խնդիրը: Կրեոնը սխալ է, քանի որ դուրս է գալիս աստվածային, չգրված օրենքների դեմ՝ ի շահ հասարակական, պետական օրենքների, իսկ Անտիգոնեն իր հերթին սխալվում է, երբ որոշում է խախտել պետական օրենքը հանուն չգրված, սրբազան օրենքի: Անտիգոնեի մահն ու Կրեոնի դժբախտ ճակատագիրը նրանց միակողմանի քայելերի հետևանքներն են: Այնուամենայնիվ, Անտիգոնեի գիտակցված մահը դառնում է նրա հաղթանակն ու միաժամանակ՝ Կրեոնի պարտությունը: Աստվածային արդարությունը վերականգնվում է, բայց ողբերգությանը հատուկ ընթացքով, առանց աստվածային ուժերի անմիջական միջամտության: Հերոսների արարքները պայմանավորված են իրենց բնավորությամբ ու մտածելակերպով:
Անտիգոնեն և Իսմենեն ողբում են եղբոր մահը |
Բացի ողբերգության գլխավոր կոնֆլիկտից Սոֆոկլեսը ներկայացնում է նաև մի քանի երկրորդական հակադրություններ, օրինակ՝ վերը նշված Անտիգոնե-Իսմենե, Հեմոն-Կրեոն կոնֆիկտները: Անտիգոնեի ինքնասպանությունը էլ ավելի դրամատիկ է դառնում, երբ ընթերցողը տեսնում է կյանքի այն ծարավը, որով լի է Անտիգոնեն: Աղջիկը բազմաթիվ չիրականացած երազանքներ ունի, այդ թվում ՝ մայրանալու ու ամուսնական կյանքը վայելելու ցանկությունը:
Անտիգոնեն համաշխարհային գրականության ամենավսեմ կերպարներից է: Նրա կերպարն, իհարկե, կաղքատանար, եթե կայացված որոշումը պայմանավորված լիներ զուտ աստվածային օրենքներին հետևելու նպատակով: Ակնհայտ է, որ Անտիգոնեն ամբողջ սրտով սիրում է եղբորը՝ անկախ նրա ընտրած ճանապարհից:
Առհասարակ, Սոֆոկլեսի ողբերգություններում հասարակական-քաղաքական սուր հարցադրումներ են ներկայացվում, որոնք առնչվում են կրոնին, բարոյական օրենքներին, դրանց նկատմամբ մարդու վերաբերմունքին, և վերջապես, աստվածային ու մարդկային օրենքների հակադրությանը: Նրա ստեղծագործություններում ողբերգության կենտրոնը վերջնականապես փոխանցվում է մարդկանց: Սոֆոկլեսի ողբերգություններում կոնֆլիկտը, սովորաբր, ծագում է այն ժամանակ, երբ իրար են բախվում երկու համընդհանուր կերպով ընդունված նորմեր: «Անտիգոնե»-ն վերը նշված թեմաների վառ արտացոլումներից մեկն է:
Որտեղի՞ց կարող եմ գտնել հայերեն տարբերակը օնլայն։
ReplyDeletechka..gradarannerum e miayn
ReplyDelete