Saturday 20 June 2015

Եվրիպիդես «Մեդեա»

«Մեդեան» Եվրիպիդեսի լավագույն ողբերգություններից է, բեմադրվել է աթենական բեմում մ.թ.ա. 431թ.: Առհասարակ, Եվրիպիդեսի ստեղծագործությունները բաժանվում ենք երեք խմբի` հակապատերազմական, սոցիալ-կենցաղային ու հոգեբանական (այս խմբին է պատկանում նաև «Մեդեան»): Հոգեբանական բնույթի ողբերգություններն իրական փառք բերեցին Եվրիպիդեսին. դրանք ներկայացնում են մարդկային հոգեբանության այնպիսի կողմեր, որոնք անտիկ ողբերգության մեջ մինչ այդ բավարար ուշադրության չէին արժանացել: 


Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս «Մեդեա և Յասոն»
«Մեդեայի» համար նյութ է ծառայել արգոնավորդների մասին
առասպելը: Կախարդուհի Մեդեան սիրահարվում է արգոնավորդների առաջնորդ Յասոնին և օգնում նրան ձեռք բերել ոսկե գեղմը: Հանուն նրա Մեդեան լքում է իր հայրենիքը (Կոլխիդան), երես թեքում ընտանիքից ու մեկնում Հունաստան: Եվրիպիդեսը պատկերում է միանգամայն նոր իրադրություն: Մեդեան տեղեկանում է, որ ամուսինը որոշել է լքել իրեն ու ամուսնանալ Կորնթոսի թագավորի դստեր հետ: Յասոնը չի հրաժարվում իր նպատակներից և նույնիսկ փորձում է դրանց մեջ տրամաբանություն տեսնել, այն է` նոր ամուսնությունը նրա զավակների համար կապահովեր բարենորոգ կյանք: Մեդեան վիրավորված է, ցանկանում է անպայման վրեժխնդիր լինել: Որպես խորը փիլիսոփա ու հոգեբան՝ Եվրիպիդեսը մեծ վարպետությամբ է նկարագրում զավակներին սպանել
պատրաստվող մոր հոգում կատարվող փոթորիկը: Հեղինակը բացում է մարդու հոգին՝ մասնատված կրքի ու պարտքի պայքարից: Ցուցադրելով ներքին այս կոնֆլիկտը՝ Եվրիպիդեսը եզրակացնում է, որ շատ հաճախ կիրքը հաղթում է մնացած բոլոր զգացումներին ու աղավաղում է մարդկային անհատականությունը: Մեծն ողբերգակը բոլորովին նոր տեսանկյունից է ներկայացնում կնոջ կերպարը` հասցնելով այն դրամատիզմի մի նոր աստիճանի: Մեդեան ուժեղ, հաստատակամ, պայքարող կին է, իսկական անհատականություն, սակայն իր «ես»-ը ամեն ինչից բարձր է դասում: 


Էժեն Դելակրուա «Կատաղած Մեդեան»
1838թ. 

Եվրիպիդեսի ստեղծագործության մեջ իր ավարտն է գտնում
հունական դիցաբանությունը. նրա ողբերգություններում աստվածների մասնակցությունը հասցված է նվազագույնի: Նրանք կամ գոյություն չունեն, կամ պատկերված են ամենաբացասական կողմերով: «Մեդեայի» հիմքը դիցաբանական է, բայց Եվրիպիդեսը գրեթե վերացրել է առասպելական շղարշը` թողնելով միայն մարդու կենցաղն ու հոգեբանությունը: Արգոնավորդների առաջնորդ Յասոնը` դիցաբանական մեծագույն հերոսներից մեկը, վերածվել է մի սովորական փառասեր տղամարդու: Նա եսասեր է, հոգեպես դատարկ, զուրկ մարդկային արժեքներից: Նա հեշտությամբ լքում իրեն փրկած ու հանուն իրեն բոլորից հրաժարված կնոջը, երբ հասկանում է, որ այլևս ոչինչ չի կարող ստանալ նրանից: Յասոնը սիրում է իր երեխաներին, բայց նույնիսկ այդ սերն այնքան ուժեղ չէր, որ գերազանցեր փառասիրությանը: Նա մտածում էր տոհմի շարունակության, այլ ոչ թե իր երեխաների ճակատագրի մասին: Մեդեան լավ գիտեր ամուսնու խոցելի տեղը և օգտվում է դրանից: Իրոք, Յասոնի կերպարում Եվրիպիդեսը դիցաբանական ոչինչ չի թողել:

Մեդեան սպանում է իր երեխաներին, այնինչ առասպելում այդ ոճրագործությունը կատարում են կորնթոսցիները: Եվրիպիդեսը, կարծես, համարձակվում է ցույց տալ այն, ինչից խուսափել են նախնիները: Այո՛, ամեն ինչ կորցրած, խանդից կուրացած ու վիրավորված կինն ընդունակ է նման ոճրագործության: Եվրիպիդեսը ընտանեկան իրավիճակներն այնպիսի բարձր վարպետությամբ է ներկայացնում, որ շատ հաճախ դժվար է որոշել` բացասակա ՞ն է կերպարը, թե ՞ դրական, կարո ՞ղ է արդարացվել նրա արարքը, թե ՞ ոչ մի արդարացում չունի: Մեծն վարպետը մտածելու առիթ է տալիս ընթերցողին. յուրաքանչյուրն ակամա իրեն կերպարի տեղում է պատկերացնում: 

«Մեդեան սպանում է որդուն»
Մ.թ.ա 330թ., Լուվր
Եվրիպիդեսը միտումնավոր վերցնում է առասպելի այն հատվածը, որտեղ ամենավառ կերպով են ընդգծվում Մեդեայի ու Յասոնի մարդկային հատկանիշները: Կինը վիրավորված է, վրեժով լի և հակառակ բարոյական բոլոր նորմերին` զարհուրելի մի հանցանք է գործում` կարծելով, թե մարդն իրավունք ունի գործել այնպես, ինչպես թելադրում են սեփական կրքերն ու շահերը: Սա ինչ-որ կերպ հիշեցնում սոփեստական աշխարհընկալման սկզբունքը` «Մարդն է ամեն ինչի սահմանը», ինչն, անկասկած, քննադատվում է հեղինակի կողմից: 

Ուշագրավ է, որ ողբերգության նախերգանքում Եվրիպիդեսն արդեն լարվածության մթնոլորտ է փոխանցում ընթերցողին, թեև Մեդեայի սպառնալիքները դեռ անորոշ են: Դայակի ու ծառայի խոսակցությունից տեղեկանում ենք հերոսուհու հոգեկան ապրումների մասին: Նրանք երեխաներին զգուշացնում են, որ չմտնեն մոր սենյակ: Մեդեան երգչախմբի առջև խորհում է կնոջ դառը ճակատագրի մասին. «Մենք` կանայքս, այս աշխարհի ամենադժբախտ էակներն ենք»: Կինը պարտավոր էր հավատարիմ մնալ ամուսնուն, իսկ վերջինիս վրա այդ օրենքն այդքան էլ չէր անդրադառնում (այս մտքերը մինչ օրս էլ ակտուալ են): Ողբերգության ավարտին Մեդայի ու երեխաների դիակները երկինք են բարձրանում նրա պապի` Հելիոս աստծո ուղարկած կախարդական կառքով: 

«Մեդեան» ամփոփում է Եվրիպիդեսի դրամատուրգիայի գրեթե բոլոր գաղափարներն ու սկզբունքները: Պատահական չէ, որ այս ստեղծագործությունը համարվում է անտիկ գրականության լավագույն նմուշներից մեկը:

No comments:

Post a Comment