Thursday 2 July 2015

Էլիզաբեթ Թեյլոր



   

















  
      Էլիզաբեթ Թեյլոր (ծնվել է 1932թ. Լոնդոնում, մահացել՝ 2011թ. Լոս Անջելեսում)՝ անգլիացի (ամերիկացի) դերասանուհի, «Հոլիվուդի թագուհին», կրկնակի օսկարակիր: Առաջին դերասանուհին, որի նկարահանման հոնորարը կազմել է մեկ միլիոն դոլար: 1999թ. Կինոարվեստի ամերիկյան համալսարանը «Կինոյի մեծագույն աստղերի» շարքում դասեց նաև Թեյլորին՝ շնորհելով նրան 7-րդ հորիզոնականը: Թեյլորը նկարահանվել է մոտ 70 ֆիլմում, որոնց թվում են՝ «Կլեոպատրա», «Գաղտնի հանդիսություն», «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» և այլն: Էլիզաբեթը բոլորի ուշադրության կենտրոնում է եղել նաև անձնական կյանքի, մասնավորապես՝ թվով ութը ամուսնությունների շնորհիվ: Թեյլորը համարվում է 20-րդ դարի ամենագեղեցիկ ու ազդեցիկ կանանցից մեկը:

    Էլիզաբեթ Թեյլորի անունը հաճախ դիտարկվում է իբրև հոմանիշ Հոլիվուդին: Նրա ֆիլմերով է սկսվում ամերիկյան կինոարտադրության «ոսկե դարաշրջանը», ինչի համար էլ նրան հաճախ անվանում են տրանսօվկիանոսյան կինոյի «թագուհի»: Իր կարիերայի ընթացքում Էլիզաբեթ Թեյլորը վերածվում է Եվրոպայի ու ԱՄՆ-ի ամենավառ աստղերից մեկին, ում մասին գրվում էին բազում հոդվածներ, նվիրվում՝ հեռուսահաղորդումներ:

      


















       
       Էլիզաբեթ Թեյլորը ծնվել է Լոնդոնում: Նրա ծնողները, որոնք ԱՄՆ քաղաքացիներ էին, Լոնդոն էին մեկնել նոր ֆիլմի նկարահանումների համար, սակայն հետագայում շատ ավելի երկար են մնում բնակվելու Լոնդոնում: Միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին է, որ նրանք որոշում են թողնել անգլիական կինոինդուստրիան ու վերադառնալ հայրենիք: Վերադառնալով ԱՄՆ՝ Թեյլորի մայրը շարունակում է կինոդերասանուհու իր կարիերան, սակայն նրան այդպես էլ չի հաջողվում իսկական փառքի հասնել: Մինչդեռ Թեյլորի հայրը վճռում է թողնել կիեմատոգրաֆիան, բացում է նկարների  սեփական պատկերասրահն ու այդ ոլորտում զգալի հաջողությունների հասնում:

    Էլիզաբեթ Թեյլորը  «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ֆիլմում

      Էլիզաբեթ Թեյլորն ուներ աչքերի զարմանալի գեղեցիկ մանուշակագույն գույն: Իր հարցազրույցներից մեկում նա նշում է, որ գրեթե չի հիշում այն ժամանակաշրջանը, երբ ինքը հայտնի չէր: Եվ դա պատահական չէ, քանի որ դերասանուհին առաջին անգամ հայտնվում է նկարահանման հրապարակում 1942թ., երբ նա ընդամենը տասը տարեկան էր: Կինոյում Թեյլորն իր դեբյուտը նշանավորում է «National Velvet » ֆիլմում հեծյալուհու փոքրիկ դերով, որն էլ դառնում է դեպի մեծ կինո տանող ճանապարհի  նրա առաջին աստիճանը: Նրա առաջին դերին հաջորդում են  այլ դերեր «Լեսսին վերադառնում է տուն», «Ջեյն Էյր», «Կյանքը հոր հետ», «Ժամադրություն Ջուդիի հետ» ֆիլմերում, որոնցից յուրաքանչյուրը դառնում է նրա վաղ շրջանի կարիերայի առանցքներից մեկը: Թեյլորն աստիճանաբար ավելի ու  ավելի նշանավոր դերեր էր ստանում ու վերածվում Հոլիվուդի իսկական աստղի: Այդ հարթակում վերջնականապես հաստատվելու հնարավորություն Թեյլորին տալիս  է «Դավադիրը» ֆիլմը, որտեղ նա խաղում  է գլխավոր դերերից մեկը: Ֆիլմը մեծ հաջողություն է ունենում արտասահմանյան կինոթատրոններում՝ բերելով երիտասարդ Թեյլորին մեծ ճանաչում ու փառք:

Էլիզաբեթ Թեյլորը «Կլեոպատրա» ֆիլմում
     Հատկանշական է այն, որ ամենասկզբում կինոքննադատներն ու ամերիկյան կինոարվեստի նշանավոր գործիչներն ի դեմս Թեյլորի տեսնում էին միայն գրավիչ արտաքինով գեղեցիկ կնոջ: Սակայն հետագայում Էլիզաբեթ Թեյլորը կարողանում է փոխել տալ իր մասին պատկերացումները: «Տեղ արևի տակ», «Հսկան, «Հանկարծակի, նախորդ ամռանը» ֆիլմերում նրա վառ դերասանական խաղն ստիպում են ամբողջ Հոլիվուդին ընդունել Թեյլորին որպես տաղանդավոր ու ուժեղ բնավորությամբ դերասանուհու:

     Էլիզաբեթ Թեյլորի մասին խոսել են ամեն ինչ: Քննարկման թեման էին դառնում թե՛ նրա դերերը, թե՛ անձնական կյանքը, թե՛ հոնորարները:  Նրա հոնորարները քննարկելը պատահական չէր, քանի որ Թեյլորը դառնում է Հոլիվուդում առաջին դերասանուհին, որի հոնորարները հասնում են մեկ միլիոն դոլարի: Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ 60-ականների ամերիկյան արժույթով նման գումարներով կարելի էր միանգամից մի քանի ֆիլմ նկարել: Մինչդեռ ռեժիսորները նախընտրում էին ծախսել նման գումարներ Թեյլորին հոնորարներ վճարելու համար
        


















       Առաջին անգամ նման գումարների մասին խոսվում է 1961թ., երբ էկրան է բարձրանում «Կլեոպատրա» ֆիլմը: Այդ շրջանում Թեյլորը շարունակում էր բարձրանալ փառքի աստիճաններով եւ արդեն հասցրել էր պարգևատրվել Օսկարի մեկ արձանիկով  «BUtterfield 8» ֆիլմում կերտած դերի համար: Մինչդեռ չնայած դրան՝ եգիպտական կայսրուհու մասին ֆիլմն այդպես էլ միջազգային մասշտաբով լայն տարածում չի գտնում, ինչի հետևանքով կինոստուդիան մեծ վնասներ է կրում: 1960-ականներին Թեյլորը խաղում է իր կինոկարիերայի գլխավոր դերը  «Ո՞վ է վախենում Վիջինիա Վուլֆից» հոգեբանական թրիլլերում: Այդ դերի համար դերասանուհին ավելորդ քաշ է հավաքում, իսկ նման ջանքերն աննկատ չեն մնում ամերիկյան կինոքննադատների մոտ. 1967թ. «Հոլիվուդի թագուհին» ստանում է իր երկրորդ Օսկարը: Այնուամենայնիվ, ֆիլմի հետևանքները դեռ երկար պետք է հետապնդեին դերասանուհուն: Թեյլորին ոչ մի կերպ չէր հաջողվում ազատվել  ավելորդ քաշից, ինչն էլ հետագայում հանգեցնում է  դեպրեսիայի: Դրան գումարվում են նաեւ ալկոհոլի ու թմրանյութերի հետ կապված խնդիրները: Այդ ժամանակաշրջանում Թեյլորի կերպարի նկատմամբ հանրության ուշադրությունը կտրուկ անկում է ապրում, իսկ նրա մասնակցությամբ ֆիլմերն արդեն չէին ունենում այն հաջողությունները, ինչ՝ նախկինում: 1980-ականներին նա սկսում է ավելի հազվադեպ նկարահանվել ֆիլմերում ու ավելի հաճախ հայտնվում էր թատրոնում: 2001թ. լեգենդար դերասանուհին նկարահանվում է իր կինոկարիերայի վերջին ֆիլմում՝ «These Old Broads» կատակերգությունում:
     2000-ականներին դերասանուհին ամերիկյան կինոակադեմիայի կողմից ստանում է մի շարք հատուկ մրցանակներ, ինչպես նաեւ հրավիրվում ամենատարբեր միջոցառումների ու հաղորդումների՝ հատուկ հյուրի կարգավիճակով: Այդ շրջանում Թեյլորն սկսում է  հաճախակի հանդես գալ քաղաքական ելույթներով՝ աջակցելով ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը, ինչպես նաև պաշտպանելով ազգային ու սեռական փոքրամասնությունների իրավունքները:


      Էլիզաբեթ Թեյլորի՝ գլխապտույտ առաջացնող կարիերային վերջակետ է դնում սրտի հիվանդությունը: 2011թ-ից նա ավելի ու ավելի հաճախ էր հոսպիտալացվում ու  ի վերջո, նույն թվականի մարտի 23-ին «Հոլիվուդի թագուհին» մահանում է սրտային անբավարարությունից:

     Իր կյանքի ընթացքում Էլիզաբեթ Թեյլորն ամուսնանում է ութ անգամ: Այդ հանգամանքը ևս մեծ նշանակություն ուներ նրանում, որ նրա կերպարը մշտապես լրագրողների ու հանրության ուշադրության կենտրոնում էր: Նրա կյանքի առավել նշանավոր տղամարդկանցից էին Ռիչարդ Բերտոնն ու Մայքլ Ուայլդինգը: Բերտոնի հետ դերասանուհին ապրում է գրեթե քսան տարի՝ հասցնելով ամուսնանալ նրա հետ երկու անգամ: Ուայլդինգի հետ ամուսնությունը համեմատաբար կարճ է տևում, սակայն այդ ամուսնությունից ծնվում են նրանց երկու որդիները՝ Հովարդն ու Քրիստոֆերը: Հետագայում պրոդյուսեր Մայքլ Տոդոմի հետ ամուսնությունից ծնվում է նաև Թեյլորի դուստրը: Բացի նրանցից, Թեյլորն ուներ նաև մեկ որդեգրված երեխա՝ Մարիան, որը որդեգրվել էր Բերտոնի հետ ամուսնության ընթացքում:

No comments:

Post a Comment