Monday 13 July 2015

Հեղինե


  



Էվելին դե Մորգան «Հեղինեն Տրոյայից»
   Հեղինե
` հին հունական առասպելաբանության նշանավոր կերպարներից, որը հիշատակվում է որպես մահկանացու կանանցից ամենագեղեցիկը: Նույնիսկ դիցուհիներն էին նախանձում Հեղինեի չնաշխարհիկ տեսքին: Հունաստանում  թնդում  էր  նրա  փառքը, հազարավոր քաջարի հերոսներ ցանկանում էին կնության առնել Հեղինեին:
       Իր վերերկրային գեղեցկությամբ պայմանավորված՝ սկզբնական շրջանում անտիկ հունական առասպելներում Հեղինեն հիշատակվում էր իբրև աստվածուհի (նրա անունը հունարեն σελ բառից նշանակում էր լուսավոր), մինչդեռ արդեն Հոմերոսի պոեմներում նա ներկայանում է որպես մահկանացու կին:

Անտոնիո Կանովա «Հեղինեն Տրոյայից»
      Հին հունական դիցաբանության մեջ Հեղինեն սպարտացի թագուհի էր: Առասպելի ամենահայտնի վարկածներից մեկի համաձայն՝ Հեղինեն եղել է մահկանացու Լեդայի ու աստվածների հայր Զևսի դուստրը: Նույն վարկածի համաձայն՝ Զևսը Լեդային հայտնվել է կարապի կերպարով: Այդ միությունից Լեդան ձու է ծնել, որից էլ դուրս է  եկել Հեղինեն: Մեկ այլ վարկածի համաձայն՝ Լեդան ընդամենը պահպանել է մի հովվի կողմից հայտնաբերած այն ձուն, որն ստեղծվել էր վրիժառության աստվածուհի Նեմեսիդայի ու Զևսի միությունից: Երբ ձվից հայտնվել է Հեղինեն, Լեդան որոշել է պահել նրան ինչպես իր սեփական դստերը:

Գյուտավ Մորո «Հեղինեն Տրոյայից »

      Հեղինեի վերերկրային գեղեցկության մասին լուրը տարածվում է ողջ Հունաստանով, եւ նրան տեսնելու են գալիս նշանավոր հերոսներ, այդ թվում՝ Ոդիսևսը, Մենելայոսը, Այաքսները, Պատրոկլեսը: Հեղինեի երկրային հայրը՝ Սպարտայի արքա Տինդարոսը, Ոդիսևսի խորհրդով բոլոր փեսացուներին կապում է ապագայում իր դստեր պատիվը պահպանելու երդումով ու ի վերջո Հեղինեի համար որպես ամուսին ընտրում Մենելայոսին: Նման ընտրությունը պայմանավորված էր նաև  նրանով, որ Տինդարոսի մյուս դուստրը՝ Կլիտմնեստրան, ամուսնացած էր Մենելայոսի եղբոր՝ Ագամեմնոնի հետ:
       Շուտով Տինդարոսը զիջում է Սպարտայի թագավորական իշխանությունը Մենելայոսին ու Հեղինեին: Մենելայոսի հետ ամուսնությունից ծնվում է Հեղինեի դուստրը՝ Հերմոնիան: Մենելայոսի ու Հեղինեի խաղաղ կյանքը ձգվում է տասը տարի, մինչև Սպարտա է ժամանում տրոյական արքայզն Պարիսը, որին Աֆրոդիտեն խոստացել էր ամենաչքնաղ կնոջը (Հեղինեին)՝ որպես փոխհատուցում նրա, որ Պարիսն Աֆրոդիտեին հռչակել էր իբրև աստվածուհիներից ամենաչքնաղը:
       Օգտվելով Մենելայոսի բացակայությունից՝ Պարիսը Հեղինեին իր հետ տանում է Տրոյա: Համաձայն առասպելի՝ Աֆրոդիտեն Հեղինեի մեջ այնպիսի ուժեղ սեր է սերմանում Պարիսի նկատմամբ, որին Հեղինեն ոչ մի կերպ չէր կարող դիմադրել:

    

Գևին Համիլտոն «Աֆրոդիտեն Հեղինեին  շնորհում է  Պարիսին»
   
Գոյություն ունի մեկ այլ վարկած ևս, որը փոխանցվել է հին հույն պոետ Ստեսիքորոսի կողմից: Լեգենդի համաձայն, երբ նա գրել է Պարիսի կողմից Հեղինեի առևանգնման մասին, անմիջապես կուրացել է: Պոետն աղաչել է աստվածներին վերականգնել տեսողությունը, եւ ադ ժամանակ երազում նրան հայտնվել է Հեղինեն ու ասել, որ դա պատիժ է նրա համար, որ իր մասին նման ոչ բարեհաճ բանաստեղծություններ է հորինել: Այդ ժամանակ Ստեսիքորոսը նոր բանաստեղծություն է հորինել՝ պատմելով, որ Պարիսը Տրոյա է տարել ոչ թե Հեղինեին, այլ՝ նրա ուրվականը, իսկ իրական Հեղինեին աստվածները տարել են Եգիպտոս, որտեղ նա մինչև կյանքի  վերջ հավատարիմ է մնացել Մենելայոսին: Դրանից հետո պոետի տեսողությունը վերականգնվել է: Այս լեգենդի հիման վրա Եվրիպիդեսը գրել է իր «Հեղինե» ողբերգությունը:

      

Ռիչարդ Վեստել  «Աֆրոդիտեն Հեղինեին  շնորհում է  Պարիսին»
      
Ժամանելով  Տրոյա՝ Հեղինեն գրավում  է  տրոյացիների սրտերը: Շուտով Տրոյա են ժամանում Մենելայոսն ու Ոդիսևսը, որպեսզի խաղաղ ճանապարհով վերադարձնեն Հեղինեին: Սակայն տրոյացիները հրաժարվում են վերադարձնել նրան, ինչի արդյունքում սկսվում է Տրոյական պատերազմը, որը տևում է տասը տարի:

      Հոմերոսի «Իլիականում» խոսվում է այն մասին, որ Հեղինեն ձանձրանում էր իր դրությունից, քանի որ Աֆրոդիտեի կախարդանքը, որով նա Պարիսի նկատմամբ  զգացմունքներ էր առաջացրել Հեղինեի մեջ, արդեն չէին գործում: «Ոդիսականի» չորրորդ երգում Հեղինեն պատմում է, որ հենց ինքն է օգնել Ոդիսևսին գաղտագողի ներթափանցել քաղաք: Նման կերպ Տրոյայի պաշարման ժամանակ Հեղինեն նաև օգնել է Ոդիսևսին տեղի տաճարից առևանգել Աֆրոդիտեի փայտե արձանը:

 
Գվիդո Ռենի «Հեղինեի առևանգումը»
         Տրոյայի գրավումից հետո Մենելայոսը սուրը ձեռքին փնտրում  է Հեղինեին, որպեսզի գլխատի նրան դավաճանության համար, սակայն տեսնելով նախկին գեղեցկությամբ փայլող Հեղինեին՝ գցում  է  ձեռքից  սուրն  ու  ներում  նրան:
     
Առասպելի եգիպտական տարբերակում Մենելայոսը Հեղինեի ուրվականի հետ մեկնում է Եգիպտոս, որպեսզի այնտեղ գտնի իրական Հեղինեին: Հեղինեի ուրվականը համբարձվում է երկինք, իսկ իրական Հեղինեն վերադառնում է Մենելայոսի մոտ:
     Համաձայն լեգենդի,  մահվանից հետո Հեղինեն տեղափոխվում է Լևկա կղզի՝ Դունայի գետաբերանի մոտ, որտեղ հավերժ կապվում է Աքիլլեսի հետ, քանի որ առասպելներից մեկի համաձայն՝ Հեղինեն ու Աքիլլեսը հանդիպել են Տրոյական հարթավայրում  Աքիլլեսի մահից  ոչ  շատ  առաջ:

     

Հենրի Ջասթիս Ֆորդ  «Հեղինեի առևանգումը»
Առավել հավանական է թվում մեկ այլ  առասպել, համաձայն որի՝ աստվածային կղզիներում Աքիլլեսը հավերժական կապերով միացել է Մեդեային: Ուժեղ ու կրքոտ Մեդեան առավել նման էր Աքիլլեսի երբեմնի սիրելի Պենտեսիլային, քան՝ ճակատագրին հնազանդ Հեղինեն:


Ժակ Լուի Դավիդ  «Հեղինե և Պարիս»
       Տրոյական պատերազմի մասին առասպելների ձևավորումից հետո, որն իր մեջ ամփոփում է նաև բանահյուսական տարրեր, Հեղինեն դառնում է առասպելի գլխավոր հերոսներից մեկը, որը հետագայում նրա կերպարը դարձրել է մինչ օրս  արվեստի տարբեր ճյուղերում ամենահաճախ արտացոլվող կերպարներից մեկը: Վերոնշյալ անտիկ հեղինակներից բացի Հեղինեի կերպարն արտացոլվել է նաև անտիկ կերպարվեստում, մասնավորպես՝ Պոլիգնոտի  եւ Զևկիսի չպահպանված նկարները, «Պարիս ու Հեղինե» որմնանկարը Պոմպեոսում եւ այլն: Հատկապես Վերածննդի շրջանում Հեղինեի առևանգման թեմատիկան դառնում է գեղարվեստի մեջ ամենատարածվածը:

No comments:

Post a Comment