Tuesday 7 July 2015

Գրետա Գարբո

Գրետա Գարբո (նույն ինքը՝ Գրետա Լովիսա Գուստաֆսոն, 1905-1990թթ.)՝ շվեդ (ամերիկուհի) դերասանուհի, Հոլիվուդի բոլոր ժամանակների ամենավառ աստղերից մեկը: 1954թ. արժանացել է պատվավոր «Օսկարի» «Կինոարվեստի զարգացման մեջ ունեցած ներդրման համար» ձևակերպումով: Կինոարվեստի ամերիկյան համալսարանի կողմից «Կինոյի վերջին 100 տարվա 100 մեծագույն աստղերի» կանանց ցանկում արժանացել է 5-րդ հորիզոնականին: «Պրեմիեր» ամսագիրը Գարբոյին ներառել է կինոյի բոլոր ժամանակների մեծագույն աստղերի տասնյակում: 

Գարբոն իր մայրիկի հետ, 1939թ.
Գարբոն ծնվել է 1905թ. սեպտեմբերի 18-ին Ստոկհոլմում, Կառլ և Աննա Գուստաֆսոնների ընտանիքում: 1918թ. Գրետայի հայրը, որի հետ նա շատ կապված էր, մահանում է տուբերկուլյոզից, ինչից հետո աղջիկը ստիպված է լինում թողնել ուսումն ու աշխատանքի անցնել: Գարբոն աշխատում է նախ վարսավիրանոցում, ապա հանրախանութում` միաժամանակ լուսանկարվելով թերթերի գովազդների համար: Հենց այս լուսանկարներից մեկը տեսնելուց հետո ռեժիսոր Էրիկ Փեթչերը նրան փոքրիկ դեր է առաջարկում իր «Փիթեր-թափառականը» կատակերգությունում (1922թ.): Այս նոր «զբաղմունքը» դուր է գալիս երիտասարդ աղջկան և նա որոշում է պրոֆեսիոնալ դերասանուհի դառնալ: 1922-24թթ. Գարբոն դերասանական արվեստ է սովորում Ստոկհոլմի Թագավորական դրամատիկական թատրոնում:
Այստեղ նա ծանոթանում է շվեդ դերասան և ռեժիսոր Մորից Ստիլլերի հետ, որը սկսում է անձամբ զբաղվել աղջկա կրթությամբ ու բեմական տպավորիչ անուն է մտածում նրա համար` Գրետա Գարբո: Շուտով Մորիցն իր աշակերտուհուն առաջարկում է նկարահանվել իր «Ասք Յեսթ Բեռլինգի մասին» ֆիլմում, որտեղ դերասանուհու խաղընկերն է դառնում շվեդ դերասան Լարս Հանսոնը: Գարբոյի` այս ֆիլմում մարմնավորած կերպարը տպավորում է ամերիկյան հայտնի "Metro-Goldwyn-Mayer" ընկերության ղեկավարներից մեկին` Լուիս Բարտ Մայերին. արդյունքում վերջինս Գարբոյին ու Ստիլլերին առաջարկում է աշխատանքի անցնել իր կինոընկերությունում: Ուշագրավ է, որ Գարբոյի փառքի մեծանալու հետ մեկտեղ փչանում են դերասանուհու ու իր առաջին ուսուցչի հարաբերությունները: 1928թ. Ստիլլերին հեռացնում են աշխատանքից, իսկ Շվեդիա վերադառնալուց շատ չանցած նա մահանում է: 

Համր կինոն մեծ ճանաչում է բերում Գարբոյին: Նրա ամենահայտնի համր ֆիլմերի շարքում են`
«Հոսք» (1926), «Մարմին ու սատանա» (1927), «Սեր» (1927) և այլն: Վերջին երկու ֆիլմերում Գարբոյի խաղընկերը ժամանակի ամենահայտնի դերասաններից մեկն էր` Ջոն Գիլբերտը, որի հետ դերասանուհին նաև սիրային կապի մեջ էր: Նրանք անգամ պատրաստվում էին ամուսնանալ, սակայն վերջին պահին Գարբոն մտափոխվում է ու չեղյալ հայտարարում հարսանիքը: Լուրեր էին պտտվում, որ Գարբոն սիրավեպեր ուներ նաև մի քանի կանանց հետ, այդ թվում` պարուհի ու դերասանուհի Լուիզա Բրուքսի ու գրող Մերսեդես դե Ակոստայի հետ: 

Գարբոն համր ֆիլմի այն եզակի աստղերից էր, որ բարեհաջող կերպով անցում է կատարում ձայնային կինոյին: Այնուամենայնիվ, կինոընկերության ղեկավարությունը շարունակ հետաձգում էր այս անցումը` վախենալով հանդիսատեսի հնարավոր բացասական արձագանքից: Գարբոյի վերջին համր ֆիլմը 1929թ. նկարահանված «Համբույր»-ն է: Շուտով պարզվում, որ ղեկավարությունն իզուր էր մտահոգվում. Գարբոյի մասնակցությամբ «Աննա Քրիստի» ֆիլմը մեծ հաջողություն է գրանցում՝ էլ ավելի հայտնի ու սիրված դարձնելով դերասանուհուն: Այս ֆիլմը մեծ էկրաններ է բարձրանում «Գարբոն խոսում է» կարգախոսով:
Գարբոն ու Ջոն Գիլբերտը
1931թ. Գարբոն Կլարկ Գեյբլի հետ միասին նկարահանվում է «Սյուզան Լենոքս. Անկում ու վերելք» ֆիլմում, որը նրանց առաջին ու վերջին համատեղ աշխատանքն էր: Հոլիվուդի այս երկու մեգաաստղերը տանել չէին կարողանում միմյանց. սա անհերքելի փաստ էր բոլորի համար: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գարբոյի կարիերայում ժամանակավոր դադար է գրանցվում: Դերասանուհին ծրագրում էր պատերազմի ավարտից հետո վերադառնալ նկարահանումներին, սակայն, դժբախտաբար, հանգամանքներն այլ սցենար են թելադրում: 36 տարեկանում հասակում, ի զարմանս բոլորի, Գարբոն հեռանում է կինոաշխարհից: 

Գրետա Գարբոն աչքի էր ընկնում ոչ միայն  դերասանական վարպետությամբ ու հմայքով, այլև իր մասնագիտության համար բավականին յուրահատուկ բնավորությամբ. նա ինքնամփոփ էր, միշտ խուսափում էր մարդաշատ վայրերից, անգամ իր սեփական ֆիլմերի պրեմիերաներին չէր ներկայանում, հազվադեպ էր ինքնագրեր բաժանում ու հարցազրույցներ տալիս: Նա երբեք չի ամուսնացել, երեխաներ չի ունեցել: Գարբոն շատ քիչ ընկերներ ուներ. պատահական չէ, որ նրան հաճախ անվանում էին «միայնակ աստղ»: 1951թ. Գարբոն ԱՄՆ-ի քաղաքացիություն է ստանում, 1953թ. առանձնատուն է գնում Մանհեթանում և սկսում մեկուսացած կյանք վարել այնտեղ:
Այդ տարիներին Գարբոն սիրում էր երկար զբոսնել Նյու Յորքով՝ առանց ուշադրություն դարձնելու իր հագուկապին: Արդյունքում նա դառնում է պապարացցիների սիրելի «զոհը», որոնք ամեն ինչ անում էին «Հոլիվուդի ծերացած թագուհուն» ոչ պատշաճ տեսքով լուսանկարելու համար: Նրանք դերասանուհուն հանգիստ չեն տալիս անգամ մահվան օրը: 1980-ական թթ. Գարբոյի առողջական վիճակը սկսում է թուլանալ: 1990թ. ապրիլի 15-ին, 84 տարեկան հասակում, Նյու Յորքի հիվանդանոցերից մեկում լեգենդար դերասանուհին հեռանում է կյանքից: 

Գարբոյի մասնակցությամբ սիրված ֆիլմերի շարքում են նաև՝ «Առեղծվածային տիկինը», «Աննա Կարենինա», «Թագուհի Քրիստինա», «Կամելիազարդ տիկինը», «Նինոչկա» և այլն:

No comments:

Post a Comment