Friday 17 July 2015

Մառլեն Դիտրիխ

Մառլեն Դիտրիխ (Մարի Մագդալենա Դիտրիխ, 1901-1992թթ.)՝ գերմանացի (ամերիկացի) դերասանուհի և երգչուհի, կինոյի պատմության ամենակատարյալ կանանցից մեկը: Նա տարբերվում էր թե՛ առեղծվածային Գրետա Գարբոյից, թե՛ կանացի Ինգրիդ Բերգմանից. թե՛ նրբագեղ Կլոդետ Կոլբերից: Դիտրիխի էկրանային կերպարի «հեղինակը» համարվում է ամերիկացի ռեժիսոր ու պրոդյուսեր Ջոզեֆ ֆոն Շտերնբերգը. Հենց նրան է վերագրվում Դիտրիխի այն կերպարի ստեղծումը, որը տարիներ շարունակ պահպանում է իր արտասովոր հմայքը: Շատերը Դիտրիխ-Շտերնբերգ այս կապը համեմատում են Դե Նիրո-Սկորսեզե կապի հետ: Դիտրիխը օժտված էր նաև երաժշտական տաղանդով. նրա մի փոքր կոշտ, բայց արտահայտիչ տեմբրով կոտր ալտը գրավում էր բազմաթիվ երաժշտասերների: Պատահակն չէ, որ Դիտրիխը պատմության մեջ հիշվել է նաև որպես տաղանդավոր երգչուհի: 

Դիտրիխն ամուսնու ու դստեր հետ
Մառլենը ծնվել է 1901թ. դեկտեմբերի 27-ին Բեռլինի Շյոնեբերգ քաղաքում, Լուի Էրիխ Օտտո Դիտրիխի ու Վիլհելմինա Յոզեֆինա Ֆելզինգի ընտանիքում: Ինքը` Դիտրիխը, որպես իր ծննդյան թվական միշտ նշում էր 1900-ը, իսկ ըստ այլ տեղեկության` դերասանուհին ծնվել է 1904թ.: Հայրը ոստիկանության լեյտենանտ էր, մայրը հարուստ առևտրականների ընտանիքից էր: Չնայած Օտտոյի համեստ ծագմանն ու սոցիալական անհավասար կարգավիճակին` 1898թ. Մարիի ապագա հայրն ու մայրն ամուսնանում են: Վերջինիս լույս աշխարհ գալուց մեկ տարի առաջ ծնվում է մեծ քույրը` Էլիզաբեթը: Ընտանիքի հայրը մահանում է, երբ Մարին ընդամենը 6 տարեկան էր: Դրանից մեկ տարի առաջ ծնողները բաժանվել էին, և դերասանուհին հորը գրեթե չէր հիշում: Մայրը խիստ կին էր, հազվադեպ էր ներում: Ընտանիքում նրան անվանում էին «վիշապ»: 1907թ.-ից Մարին ընդունվում է աղջիկների համար նախատեսված դպրոց:
Դիտրիխը «Կապույտ հրեշտակ» ֆիլմում
Ըստ նրա դաընկերուհիների հետագա տեղեկությունների` Մարին աչքի չէր ընկնում ակտիվ բնավորությամբ, խուսափում էր ուշադրության կենտրոնում հայտնվելուց: Երեխաների կարիքները հոգալու համար մայրը աշխատանքի է ընդունվում հարուստ մի ընտանիքում: Այդ ընթացքում Մարին տարվում է երաժշտությամ, սկսում է ջութակ նվագել: Մարլենը խոստովանել է, որ մանկության տարիներին երկու կուռք է ունեցել` ֆրանսուհի ուսուցչուհին ու գերմանուհի դերասանուհի Հեննի Փորթենը: 





Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Դիտրիխների ընտանիքի կյանքը փոխվում է. նրանք ստիպված են լինում տեղափոխվել Դեսսաու քաղաք: Նոր դպրոցի առօրյան ամբողջովին կապված էր պատերազմի հետ. աշակերտները շարունակ տարատեսակ երաժշտական միջոցառումներ էին կազմակերպում զինվորների համար: 1917թ. ընտանիքը վերադառնում է Բեռլին: Այս տարիներին Մարլենն արդեն գիտակցում էր տղամարդկանց վրա ունեցած իր ազդեցությունը: 1917թ. ամռանը նա առաջին անգամ ջութակով ելույթ է ունենում հանրության առջև: 

Դիտրիխն ամուսինու՝
Ռուդոլֆ Զիբերի հետ
Այս տարիներին Գերմանիան ճգնաժամային վիճակում էր: Պատերազմում կրած պարտությունը, համաճարակներն ու համընդհանուր գնաճը գերմանացիներին հուսահատության գիրկն էին հասցրել: Որոշելով ապահովել աղջկա անվտանգությունը` մայրը Մառլենին ուղարկում է Վեյմար քաղաք, որտեղ վերջինս շարունակում է զբաղվել երաժշտությամբ: Բեռլին վերադառնալուց հետո Դիտրիխը ստիպված է լինում ժամանակավորապես հրաժարվել ջութակից: Այս որոշումը երկու պատճառ ուներ. առաջինը ձեռքի ցավն էր, երկրորդը` գումար վաստակելու անհրաժեշտությունը: Արդյունքում նա աշխատանքի է ընդունվում համր ֆիլմերին ուղեկցող երգչախմբում` հնարավորություն ստանալով մի քանի անգամ դիտել ամենաթարմ ֆիլմերը: Սակայն նրա գեղեցկությունը չափից շատ էր շեղում դերասաններին (նա իգական սեռի միակ ներկայացուցինչ էր երգչախմբում), այդ պատճառով ընդամենը մեկ ամիս անց նրան հեռացնում են աշխատանքից:
Շուտով Մառլենը սկսում է հաճախել վոկալի պրոֆեսիոնալ դասերի, այնուհետև աշխատանքի է անցնում Ռուդոլֆ Նելսոնի կաբարեում: Հենց այս ժամանակ է նա հասկանում, որ ցանկանում է աստղ դառնալ ու սկսում է հստակ քայլերով գնալ դեպի իր երազանքը: 1922թ. Դիտրիխը փորձում է ընդունվել Գերմանական թատրոնի Մաքս Ռեյնհարդտի դերասանական խմբակ, սակայն մերժվում է: Չհանձնվելով՝ նա դիմում է կաբարեի հայտնի աստղ Ռոզա Վալետիին, որն էլ, տպավորված երիտասարդ աղջկա ձայնով, նրան ուղարկում է Ֆելիքս Հոլանդերի՝ Ռեյնհարդտի ղեկավարներից մեկի մոտ: Վերջապես Մառլենն ընդունվում է թատրոնի դպրոցը և փոքրիկ դերեր ստանալ: 

Էրիխ Մարիա Ռեմարկի հետ
1923թ. մայիսի 17-ին Դիտրիխն ամուսնանում է կինոարդյունաբերության ոլորտում աշխատող Ռուդոլֆ Զիբերի հետ, որի հետ ծանոթանում է «Սիրո ողբերգությունը» ֆիլմի նկարահանումների ժամանակ (այստեղ Մառլենը էպիզոդիկ դեր էր ստացել): 1924թ. ծնվում է նրանց առաջնեկը՝ Մարիան: 1925թ. Դիտրիխը նորից սկսում է հանդես գալ թատրոնում ու կինոյում՝ զուգահեռ նաև երգել ձայնագրելով: 1929թ. Ջոզեֆ ֆոն Շտերնբերգը Դիտրիխին հրավիրում է նկարահանվել «Կապույտ հրեշտակ» ֆիլմում, որը մեծ հաջողություն է բերում դերասանուհուն ու Շտերնբերգ-Դիտրիխ արդյունավետ համագործակցության սկիզբն է դնում: Կինոքննադատների կարծիքով, «կապույտ հրեշտակը» ոչ միայն դարձավ Դիտրիխի «հոմանիշը», այլև ձևավորեց նրա անհատականությունը: Այս ֆիլմի գրանցած փայլուն հաջողությունից հետո Դիտրիխը պայմանագիր կնքում հայտնի “Paramount Pictures”-ի հետ և 1930թ. հեռանում է Բեռլինից: Շտերնբերգի ու Դիտրիխի՝ Հոլիվուդում թողարկած հետագա 6 համագործակությունները էլ ավելի են մեծացնում դերասանուհու փառքը՝ նրան դարձնելով համաշխարհային աստղ: 1939թ. Դիտրիխը ԱՄՆ-ի քաղաքացիություն է ստանում: 

1960թ.
Դիտրիխը հայտնի էր նաև իր սիրային կապերով: Ամենից հայտնին, իհարկե, գերմանացի ճանաչված գրող Էրիխ Մարիա Ռեմարկի հետ ունեցած նրա սիրավեպն է: Ոչ պակաս հայտնի են նաև Դիտրիխի՝ ֆրանսիացի դերասան Ժան Գաբենի, ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի հետ ունեցած հարաբերությունները: 

Մառլենը կրոնական դաստիարակություն էր ստացել, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմը ստիպել էր նրան կորցնել Աստծո հանդեպ հավատը: Մի առիթով դերասանուհին ասել էր. «Եթե Աստված գոյություն ունի, լավ կլինի, որ վերանայի իր պլանները»: 

1975թ. թատրոններից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառով Դիտրիխը ստիպված է լինում շաբաթներ շարունակ հիվանդանոցում անցկացնել ու հրաժեշտ տալ մեծ էկրանին: Մեկ տարի անց քաղցկեղից մահանում է նրա ամուսինը՝ Ռուդոլֆ Զիբերը: 1979թ. Դիտրիխը վզի վնասվածք է ստանում, բայց հրաժարվում է հիվանդանոց տեղափոխվել ու կյանքի վերջին 13 տարիներն անցկացնում է անկողնուն գամված՝ մերժելով տեսակցության գրեթե բոլոր խնդրանքները: 1992թ. մայիսի 6-ին Փարիզի իր բնակարանում Մառլեն Դիտրիխը հեռանում է կյանքից: 

Կինոարվեստի ամերիկյան համալսարանի կողմից կազմված «Կինոյի վերջին 100 տարվա 100 մեծագույն աստղեր»-ի կանանց ցանկում Դիտրիխն արժանացել է 9-րդ հորիզոնականին: 2002թ. հետմահու արժանացել է «Բեռլինի պատվավոր քաղաքացի» կոչմանը: Լեգենդար դերասանուհին ընդհանուր առմամբ նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում, այդ թվում՝ «Կապույտ հրեշտակ», «Արյունարբու կայսրուհին», «Չարի դրոշմը», «Յոթ մեղսագործները» և այլն: 

Մառլեն Դիտրիխը վառ ազդեցություն է թողել ոչ միայն կինոյի, այլև նորաձևության ու առհասարակ, կանանց աշխարհայացքի վրա: Նա հմայիչ ու խելացի կնոջ իդեալ էր` անմեղ ու արատավոր միաժամանակ, սեքսուալ, բայց անձեռնմխելի: Չի կարելի պնդել, որ Դիտրիխը բացառիկ տաղանդի տեր արտիստուհի էր, սակայն նրա համբավը սահմաններ չէր ճանաչում` թե՛ դրական, թե՛ բացասական առումով:

No comments:

Post a Comment