Դրոթթնինգհոլմ (շվեդ. թարգմ.՝ «թագուհու պալատ»)՝ Շվեդիայի մայրաքաղաք Սթոքհոլմի նշանավոր պալատական համալիրներից մեկը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձան (1991թ.): Դրոթթնինգհոլմը 1981թ.-ից ի վեր Շվեդիայի թագավորների պաշտոնական նստավայրն է:
XVI-րդ դարում Շվեդիայի թագավոր Յոհան Երրորդը Լուվյեն կղզու վրա իր թագուհու պատվին կառուցում է Դրոթթնինգհոլմ անունով մի գեղեցիկ ամրոց: 1662թ. ամրոցն այրվում է, սակայն ընդամենը մեկ տարի անց թագուհի Էլեոնորա Հեդվիգը հրամայում է նույն տեղում նոր շինություն կառուցել՝ այս անգամ պալատ, որը պետք է հասարակ լիներ, առանց ավելորդ ճոխությունների, բայց աչքի ընկներ էլեգանտությամբ ու համաչափությամբ:
Չինական տաղավարը |
Պալատական եկեղեցին |
1744թ. Շվեդիայի թագաժառանգ Ադոլֆ Ֆրեդրիկի հետ ամուսնության կապակցությամբ Դրոթթնինգհոլմը նվիրում են Պրուսիայի արքայադուստր Լուիզայ Ուլրիկեին: Լուիզան ոճափոխության է ենթարկում պալատը՝ մոտեցնելով ֆրանսիական ռոկոկոյին, ինչպես նաև հիմնում է արքունական թատրոնը: 1777թ. նա Դրոթթնինգհոլմը վաճառում է շվեդներին, ինչի շնորհիվ նրա որդին՝ Գուստավ Երրորդը, և նրա ժառանգները շարունակելու էին ապրել պալատում:
19-րդ դարում Դրոթթնինգհոլմը գրեթե չէր բարեփոխվում և քիչ էր գործածվում, սակայն 1907թ. համալիրի վերանորոգման մեծ ծրագիր է մշակվում, ինչի արդյունքում Դրոթթնինգհոլմը թարմ ու նախկինի պես գեղեցիկ տեսք է ստանում: Այս վերանորոգումից հետո պալատը կրկին դառնում է շվեդ միապետների նստավայրը:
Համալիրի գլխավոր շինություններն են՝ պալատը, եկեղեցին, թատրոնը: Համալիրին
գրավչություն են հաղորդում նաև չինական տաղավարն ու այգիները: Արքունական
եկեղեցին կառուցվել է 1746թ. Տեսսին Կրտսերի կողմից: Յուրաքանչյուր ամսվա
վերջին կիրակի օրն այստեղ պատարագ է մատուցվում: Ներսից եկեղեցին զարդարում
են 1730թ. ստեղծված երգեհոնն ու Շվեդիայի թագավոր Գուստավ Հինգերորդի
ձեռքերով ստեղծված գեղեցիկ գոբելենը (գորգանկար):
Պալատական թատրոնը կառուցվել է 1766թ.: Ի տարբերություն 18-րդ դարի այլ եվրոպական թատրոնների՝ նրանում պահպանվել են ժամանակին բնորոշ իտալական այն սարքավորումներն ու մեխանիզմները, որոնց շնորհիվ բեմի վրա կահույք էին տեղաշարժում, ձայնային ու ջրային էֆֆեկտներ ապահովում ներկայացումների ժամանակ և այլն: 1922թ. թատրոնը վերաբացվում է նորոգումից հետո:
Չինական տաղավարը եվրոպացիների՝ չինական միջնադարյան մշակույթով հետաքրքրվածության առաջին ու ամենավառ օրինակներից է: Տաղավարի կառուցումն ավարտվել է 1769թ.: Շվեդիայի թագավոր Ադոլֆ Ֆրեդերիկի զարմուհին՝ ռուս կայսրուհի Եկատերինա II-ը, տպավորվելով այս նախագծից, Ռուսաստանում երկար տարիներ աշխատող իտալացի ճարտարապետ Անտոնիո Ռինալդիին պատվիրում է չինական ոճով գյուղ կառուցել Ցարսկոյե Սելոյում (ներկայումս՝ Պուշկին քաղաքը):
Պալատական թատրոնը |
Ինչ վերաբերում է Դրոթթնինգհոլմի այգիներին, ապա պահպանվել են ֆրանսիական բարոկկոյի ոճով կառուցված գեղեցիկ զբոսայգին, որտեղ կարելիա է հիանալ հոլանդացի քանդակագործ Ադրիան դե Բրիսի աշխատանքներով: Գուստավ Երրորդ թագավորի նախաձեռնությամբ բացվում է համալիրի Անգլիական այգին՝ մեծ սիզամարգերով ու երկու լճակից՝ իր կապուղիներով ու կամուրջներով: Անգլիական այգին զարդարված է մեծ քանակությամբ հռոմեական անտիկ քանդակներով:
Չինական տաղավարի սրահներից մեկը |
No comments:
Post a Comment