Sunday, 30 August 2015

Շառլոթ Բրոնտե «Ջեյն Էյր»

      
      «Ջեյն Էյր»` անգլիացի գրող Շառլոթ Բրոնտեի ամենանշանավոր վեպը, որում հերոսների ռոմանտիկական ճակատագրի նկարագրությանը միաձուլված է վիկտորյանական դարաշրջանի սոցիալական միջավայրի ռեալիստական պատկերը: Վեպը լույս է տեսել 1847թ. «Smith, Elder & Company»-ի կողմից` «Ջեյն Էյր:Ինքնակենսագրություն» վերնագրով, որտեղ հեղինակը հանդես է եկել Քարեր Բել կեղծանունով:
     
 «Ջեյն Էյրը» սոցիալ-հոգեբանական վեպ է, որը բացահայտում է վեպի գլխավոր հերոսուհի Ջեյն Էյրի հոգևոր էվոլուցիան` արտացոլելով վերջինիս ուժեղ ու հպարտ բնավորության ձևավորումը: Վեպը հաճախ համարում են ինքնակենսագրական, թեպետ նրանում արտացոլվող իրադարձություններն անմիջական կապ չունեն հեղինակի հետ: Ջեյն Էյրի կյանքի պատմությունը գեղարվեստական հորինվածքի արդյունք  է, սակայն նրա ներաշխարհը, անկասկած մոտ է Շառլոթ Բրոնտեին:

        Հերոսուհու կողմից պատմվող պատմությունը կրում է քնարական վառ արտահայտված գույներ: Թեպետ ի տարբերություն վեպի հերոսուհու, որը վաղ մանկությունից բախվում է  որբության դառնություններին` Բրոնտեն մեծանում է  մեծ ընտանիքում` քույրերի եւ եղբոր միջավայրում, այնուամենայնիվ, Ջեյն Էյրի նման նրան ևս ճակատագրված էր կորցնել իր հարազատներին: Բրոնտեն կյանքից հեռանում է երեսունինը տարեկան հասակում` մինչ այդ կորցնելով եղբորն ու քույրերին եւ այդպես էլ չճաշակելով ամուսնական կյանքի ու մայրության բերկրանքը, որոնցով այդքան առատորեն օժտել է իր հերոսներին:

          Ջեյն Էյր կերպարի մեջ արտացոլված են Բրոնտեին հատուկ անկեղծությունը, ազնվությունն ու բարոյական ոգին: Հերոսուհու այն խոսքերը, որ  «կանայք զգում են նույնը, ինչ` տղամարդիկ, նրանց ևս հատուկ է իրենց ընդունակությունները ցուցադրելու եւ իրենց համար գործունեության ասպարեզ փնտրելու ջիղը, եւ ինչպես տղամարդիկ, կանայք էլ են ստիպված ապրել ավանդույթների խիստ քողի տակ, լճացած միջավայրում նրանք էլ են տառապում այնպես, ինչպես տղամարդիկ», բանալի են հանդիսանում վեպն ընկալելու համար:
       

       Վեպում միմյանց են խաչվում ռոմանտիզմն ու ռեալիզմը: Ռոմանտիկ Բրոնտեն պատկերում է Ռոչեստերի նկատմամբ Ջեյնի սերը, որն անցնում է դժվարին փորձությունների միջով, սակայն` հասնում իր երջանիկ ավարտին: Մինչդեռ վեպի երկրորդ թեման ստեղծվել է ռեալիստ Բրոնտեի կողմից, որը պատկերում է ХІХ դարի կեսերի Անգլիան, նրա հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներին, այն լայն կտավը, որի վրա ծավալվում է գլխավոր հերոսուհու ռոմանտիկ զգացմունքների պատմությունը:

           Այս վեպի պարագայում անհնար է բաժանել ռոմանտիզմը ռեալիզմից: Գիրքն ընկալվում է  իր գեղարվեստական միասնության մեջ, որի մեջ է կայանում նրա արժեքը: Բրոնտեն ընդունել է ռեալիզմը իրեն հատուկ մեխանիզմներով եւ ստեղծագործել է իրեն հատուկ գեղագիտական  սկզբունքների հիման վրա: Վեպը կառուցված է, այսպես կոչված, «ուսուցողական վեպի»  ստեղծագործական սկզբունքներով: Այն, ինչ կատարվում է  Ջեյն Էյրի հետ, նրա կյանքի էվուլուցիայի դրվագներն են, որոնք անցնում են պայքարի, տառապանքների ու դժվարությունների բովով, որոնց վերջնակետը, սակայն, երջանկությունն է:

         Ջեյնի կյանքի դաստիարակչական առաջին փուլը իր մորաքրոջ` հարուստ ազնվական  տիկին Ռիդի տանը բնակվելու եւ այն լքելու շրջանն է, որն ավարտվում է որբերի համար նախատեսված Լովուդ դպրոց ընդուվելով:
      Երկրորդ շրջանը  բանտ-դպրոցն  է, այնտեղ անցկացրած տառապալից շրջանը, որն ավարտվում է դպրոցը լքելու ու հարուստ ազնվական Ռոչեստերի տանը որպես դաստիարակչուհի ընդուվելու դրվագով :
          Ռոչեստերների տուն ժամանելու դրվագով բացվում է հերոսուհու կյանքի երրորդ եւ ամենակարևոր` թորնֆիլդյան շրջանը:
         

Թորնֆիլդի հետ կապված գրեթե բոլոր կերպարները մտադրված կերպով չափազանցված են, երբեմն` հասցված ռոմանտիկական հիոպերբոլայի: Այստեղ Բրոնտեն փոխում է թեˊ պատկերման մեթոդը, թեˊ հորինվածքի զգայական հենքը:                   Բոլոր տասնութ գլուխները, որոնք կազմում են վեպի հիմնական մասը, գրեթե ամբողջությամբ ներառվում են ռոմանտիկ վեպի պատկերի մեջ: Ռոմանտիկական պաթոսը վեպում արտահայտվում է ինչպես հորինվածքի, այնպես էլ` Ջեյնի նկատմամբ Ռոչեստերի աճող զգացմունքների, և հակառակը, Ռոչեստերի նկատմամբ Ջեյնի զգացմունքների մեջ: Դրա ռոմանտիկական ու այլաբանական ուղեկիցն են Ջեյնի երազները:

        Վեպում Բրոնտեն ցույց  է տալիս ռոմանտիզմի եւ ռեալիզմի միջև ընկած գեղափարական-գեղագիտական նուրբ սահմանը, որն արտահայտվել է այն գեղարվեստական-ոճագիտական միջոցների մեջ, որոնք հեղինակն օգտագործել է իր կերպաների նկարագրության համար:
       Այնպես ինչպես գեղանկարչության մեջ դիմանկարի, այնպես էլ գրականության մեջ կերպարի խոսքային նկարագրի առանձնահատկությունը կայանում է, առաջին հերթին, տվյալ անձի անհատականության դրսևորման մեջ: Կերպարի հավաստիությունը, կամ, ինչպես ընդունված է անվանել, կերպարի դիմանկարային ճշգրտությունը, հանդիսանում է  ժանրի դրսևորումներից մեկը:
        
     Այս վեպով Բրոնտեն դրսևորել է իրեն որպես գրական դիմանկարի վարպետ: Նրա ստեղծագործական տաղանդը ճշգրտորեն ընտրում է կերպարների թեˊ արտաքինի, թեˊ ներաշխարհի նկարագրության համար նախատեսված բառերն ու հիմքը:
        Վեպում ներքին մենախոսությունը հանդիսանում է հերոսուհու բնութագրման հիմնական միջոցներից մեկը: Երբեմն դա արտահայտվում  է  երկու ձայների միջև տեղի ունեցած զրույցի միջոցով: Այսպես, Ջեյնի չկայացած ամուսնությունից հետո հեղինակը նկարագրում է  հերոսուհու ապրումները, իր հետագա կյանքի մասին տանջալից մտածմուքները գիտակցության եւ զգացմունքների միջեւ երկխոս

ության միջոցով:
     Վեպում առկա է բուրժուա-ազնվական միջավայրի խիստ քննադատություն: Հատկապես տպավորիչ են Լովուդյան դպրոցի պատկերները, որտեղ որբ աղջնակներին դաստիարակում են անմարդկային մեթոդներով: Դաստիարակության նման համակարգը հանգեցնում է  նրան, որ ամենաթույլ երեխաները մահանում են: Դպրոցի դաստիարակներից մեկի` խելացի եւ հոգատար միս Թեմփլի անօգնական կերպարով Բրոնտեն բացահայտում  է ժամանակի մտավորականության խղճուկ դրությունը: Դրա հակառակ պատկերն է Ռոչեստերի պալատում հավաքվող հասարկության նկարագիրը, որն արտացոլում է ազնվականության ներքին դատարկությունն ու եսասիրությունը

       Գլխավոր հերոս Ռոչեստերի պատմությունը մռայլ հետք է կրում: Դա ողբերգական պատմություն է  մի մարդու մասին, ով սկզբում դառնում է  երկու ընտանիքների միջև շահադիտական նպատակներով կնքված գործարքի զոհը, որը նրան ընդմիշտ կապում է հոգեկան խանգարում ունեցող կնոջ հետ: Բրոնտեն հանդես է գալիս անգլիական ընտանիքների ու հաշվենկատ ամուսնության օրենքների դեմ, որոնք բաժանում ու կործանում են բուրժուական ընտանիքները: Մարդկանց մեջ մարդու միայնության եւ նրա արժանիքների նկատմամբ շրջապատողների անտարբերության թեմատիկան մշտապես առկա է Բրոնտեի ստեղծագործական հայեցակարգում: Վեպում լքվածության ու միայնության ողբերգական զգացումը արտահայտվում է  հիվանդ ու կուրացած Ռոչեստերի կերպարում, որն ընդգծվում է  հատկապես Ջեյնի հեռանալով:
    



Թափառումների ճանապարհը բռնող Ջեյնի կերպարը պայքարի ու համառ կամքի ուսուցողական օրինակ է. «Երբ մեզ հարվածում են առանց պատճառի, մենք պետք է հարվածին հարվածով պատասխանենք, ընդ որում` այնպիսի ուժով, որ վերջնականապես մարդկանց սովորեցնենք այլևս երբեք չհարվածել մեզ»:





No comments:

Post a Comment