Saturday 19 September 2015

Փարիզի Հաղթանակի կամար



     

    
      Հաղթանակի կամար՝ Փարիզի նշանավոր խորհրդանիշներից մեկը, որը գտնվում է Շարլ դե Գոլի (Աստղի) հրապարակում (place de l’Etoile), որից ճառագայթի պես սկիզբ են առնում տասներկու պողոտաներ, այդ թվում՝ նշանավոր  Ելիսեյան դաշտերը:
    





 


     Հայտնի է, որ հաղթանակի կամարները կառուցվում էին պատերազմից վերադարձող հերոսներին դիմավորելու համար: Այդպես էլ 1805թ. հաղթելով Աուստերլիցյան ճակատամարտում՝ Նապոլեոն Բոնապարտը, ի պատիվ իր փառապանծ բանակի, հրամայում է կառուցել հաղթանակի կամարը (arc de triomphe)՝ Շայո բլրի վրա: Կառուցման նախագծերը մի քանիսն էին: Դրանցից մեկն իրենից ներկայացնում էր հսկայական քարե փիղ, որի ներսում պետք է  տեղակայվեր Նապոլեոնի հաղթանակներիին նվիրված թանգարան: Այնուամեայնիվ, Փարիզի Հաղթանակի կամարի նախատիպը դառնում  է Հռոմում Տիտոսի կամարը՝  նույնանման կամարայի բացվածքով ու շարասյունով:

«Խաղաղություն»
«Դիմադրություն 1814թ.»
«Մարսելյեզա»
        
«Հաղթանակ 1810թ.»
 











     
        Փարիզի     Հաղթանակի կամարը  համարվում է աշխարհում ամենամեծը. Բարձրությունը գրեթե 50մ է, սյուների բարձրությունը՝ 29մ, իսկ լայնությունը՝ 45մ: Նախագծի հեղինակը եղել է Ժան Ֆրանսուա Շալգրենը: Կառուցողական աշխատանքներն  սկսվել են 1806թ. ու շարունակվել երեսուն տարի, որից միայն երկու տարին ծախսվել է հիմքի կառուցման համար:
       
Կամարը զարդարված է  հսկայական հարթաքանդակներով՝  «Աուստերլից», «Մարսելյեզա», «Աբուկիրի հաղթանակը», «Դիմադրություն», «Հաղթանակ», «Անցումը Արկոլ կամրջով» «Մարսոյի հուղարկավորությունը», «Խաղաղություն», «Ժեմապեի ճակատամարտը», «Փառավոր բանակի քայլերթը», «Ալեքսանդրիայի նվաճումը»:

       
«Ժեմապեի ճակատամարտը  1792թ. նոյեմբերի

«Աուստերլիցի ճակատամարտը   1805թ., դեկտեմբերի 2»
       Բացի դրանցից, կամարի վրա զետեղված են 128 ճակատամարտերի  եւ 558 ֆրանսիացի սպաների անուններ: Կամարի շուրջը տեղակայված են գրանիտե թումբեր՝ միացված պողպատե շղթաներով: Թումբերը հարյուրն են՝ ի պատիվ Նապոլեոնի երկրորդ գահակալության հարյուր օրերի: Սակայն Նապոլեոնին վիճակված չէր տեսնել Ֆրանսիայի հզորությունը, իշխանությունն ու հաղթանակը խորհրդանշող կամարը: 1807թ. օգոստոսի 15-ին դրվել է կամարի առաջին քարը

«Գեներալ Մարսոյի հուղարկավորությունը 1796թ.»
Դրանից հետո սկսվում է շինարարությունը, որը քաղաքական մի շարք խնդիրների ու բախումների պատճառով շատ հաճախ է ընդհատվում ու վերսկսվում: Այդ ընթացքում որոշվում է կամարը դարձնել Իսպանիայի դեմ տարած հաղթանակի խորհրդանիշ, բայց ի վերջո վերադառնում են այն գաղափարին, որ այն պետք է խորհրդանշի ֆրանսիական հզոր բանակը:Կամարի շինարարությունն ավարտվում է  1836թ, երբ կայսրն արդեն մահացել էր: Միայն մեկ անգամ՝ 1810թ. է նա կարողանում տեսնել իր երազանքների կամարի մակետը, իր հարսանցու Մարիա Լուիզա Ավստրիացու գալուստի ժամանակ:
«Կանոբի ճակատամարտը
1798թ»

       Կամարի հիմքի վրա կանգնեցվել է պարուսինով ձգված փայտե հիմնակմախք: 1840թ. Բոնապարտի կողմնակիցների ճնշման տակ՝ Լուի-Ֆիլիպը ս. Հեղինե կղզուց տեղափոխում  է Նապոլեոնի աճյունափոշին: Սգո թափորը հանդիսավոր կերպով անցում է  այն կամարի տակով, որն այդքան փափագում էր տեսնել այն պատվիրած անձը:

       1921թ. հունվարի 28-ին կամարի տակ հանդիսավոր կերպով թաղում են Անհայտ զինվորի մասունքները, որը հերոսաբար զոհվել էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Ավելի ուշ որոշում է ընդունվում կամարի տակ վառել անմար կրակ՝ ի պատիվ պատերազմի մասնակիցների: Ամեն տարի հուլիսի 14-ին այստեղ անցկացվում են զինվորական շքերթներ, որի ընթացքում անմար կրակի մոտ դրվում են ծաղկեպսակներ: Անհայտ զինվորի շիրիմի վրա գրված է. «Այստեղ է հանգչում ֆրանսիացի զինվորը, որը տվել է կյանքը Հայրենիքին, 1914-1918»:

    
«Արկոլեի ճակատամարտը 1796»
 
Հաղթնակի կամարը համարվում  է  Փարիզի այն խորհրդանիշներից, որն իր նշանակությամբ  հավասար է Էյֆելյան աշտարակին ու Փարիզի Աստվածամոր տաճարին:

       Հուշարձանի ներսում գտնվում է համանուն թանգարանը, իսկ վերևում՝ դիտահրապարակ, որտեղից բացվում է քաղաքի փառահեղ պատկերը եւ «Հաղթանակի ուղու» ճշգրիտ երկրաչափական պատկերը, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ճանապարհի անվանումը՝ «Հաղթանակի ճանապարհ» (voie triomphale) կամ «Արքայական հեռանկար» (perspective royale), արդիական է նաև այսօր, քանի որ հաղթանակի կամարից բացվում է  իրապես արքայական տեսարան:



Դեռևս Լյուդովիկոս XlV արքայի կառավարման ժամանակաշրջանից Փարիզում եղել է Լուվր թագավորական պալատը Էտուալ հրապարակին միացնող ճանապարհ, որը դեպի Վերսալյան պալատ հասնելու համար կտրուկ շրջվում էր դեպի արևմուտք՝ մարշալ Ֆոշի անվան պողոտա կամ դեպի հարավ՝ Վիկտոր Հյուգոյի պողոտա, որտեղից արդեն դուրս էր գալիս Փարիզի սահմաններից, ինչի համար էլ այն մինչ այսօր էլ կոչվում է  «Հաղթանակի ճանապարհ»:



No comments:

Post a Comment