Wednesday 23 September 2015

Պաչանգա


     Պաչանգա՝ լատինամերիկյան պար ու երաժշտական ոճ, որը բնորոշվում է արագ ռիթմով ու շարժումներով:

      1960-ական թթ-ին պաչանգան իսկական աղմուկ է հանում Նյու Յորքի լատինամերիկացի դեռահասների շրջանում ու մեծ տարածում գտնում տարբեր երկրներում: Այս պարի ծագման վերաբերյալ մինչ օրս միասնական տեսակետ չի ձևավորվել: Ենթադրվում է, որ պաչանգան ծագել է 1955թ. Կուբայում, մերենգե ու կոնգա պարերի խառնուրդի արդյունքում:  Ծագելով Կուբայում՝ այն հետագայում արագորեն տարածվում է հատկապես Նյու Յորքի հարավամերիկացի ծագում ունեցող երիտասարդների շրջանում:

        Կուբացի Էդուարդո Դևիդսոնը համարվում է պաչանգայի հայրը, սակայն շատերը մերժում են այս կարծիքը, քանի որ Դևիդսոնի՝ այս ոճով գրված առաջին ստեղծագործությունը պատկանում է 1959թ.-ին: Չնայած Կուբան համարվում է պաչանգայի հայրենիքը, այս երկրում այն երբեք շատ տարածված չի եղել: Այնինչ 20-րդ դարի 60-ական թթ. ԱՄՆ-ում պաչանգայի իսկական հրավառություն էր տիրում:             Պաչանգայի տարբերակիչ գծերից  է  «caballo»  պատկերի վրա հիմնված ռիթմը: «Caballo»  բառն իսպաներենից թարգմանաբար նշանակում է ձի, և դա պատահական չէ, քանի որ պաչանգայի քայլերն իսկապես հիշեցնում են ձիու սմբակների դոփյուններ: Իր ձևավորման սկզբնական շրջանում պարը բավականին պարզ է եղել և միայն հետագայում է դարձել ավելի բազմազան՝ շնորհիվ չա-չա-չա պարի որոշակի տարրերի ներմուծման, ինչի արդյունքում ստեղծվել է անգամ հետաքրքիր տերմին՝ «պաչանգա-չա»

      Չնայած սկզբնական շրջանի բուռն արձագանքներին՝ պաչանգան այսօր այնքան էլ լայն տարածում չունի և հայտնի է միայն Լատինական Ամերիկայի որոշակի վայրերում, մասնավորապես՝ Կոլումբիայի մշակութային ու երաժշտական կենտրոն Կալիում, որտեղ պարբերաբար անցկացվում են պաչանգայի փառատոններ ու մրցույթներ:


No comments:

Post a Comment