Friday, 11 September 2015

Մարկգրաֆյան օպերային թատրոն

Մարկգրաֆյան օպերային թատրոն` 18-րդ դարում ուշ բարոկկոյի ոճով կառուցված արքունական օպերային թատրոն Գերմանիայի Բայրոյթ քաղաքում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձան: Յուրատեսակ թանգարանի նմանվող այս շինությունը բարոկկո ոճի այն եզակի թատրոններից է, որը պահպանել է իր նախնական տեսքն իր ողջ շքեղությամբ: 

Օպերային թատրոնը կառուցվել է 1744-48թթ. ընթացքում, ճարտարապետ Ժոզեֆ սան Պիերի նախագծով, արքայադուստր Վիլհելմինայի՝ Ֆրիդրիխ  II Մեծի դստեր ու մարկգրաֆ Ֆրիդրիխ  III-ի կնոջ պատվերով, նրա հարսանիքի առթիվ: Թատրոնի ներքին մասի ձևավորումը վստահվել էր ժամանակի ամենահայտնի ճարտարապետներից մեկին՝  Ջուզեպպե Գալի Բիբիանային ու նրա որդուն՝ Կարլոյին:  



Մարկգրաֆյան թատրոնն իր ժամանակի լավագույն օպերային թատրոններից էր. այն տեղավորում էր 500 այցելու, որոնցից յուրաքանչյուրը հնարավորություն էր ստանում լիարժեք կերպով վայելել արքունական օպերաները, քանի որ թատրոնում մշտապես համապատասխան մթնոլորտ էր տիրում: Թատրոնի ներքին ճոխությունն ապահովում են օթյակների երեք թատերահարկերը, որոնք պատրաստված են փայտից ու շքեղ ձևավորված ներկված գործվածքներից և խորհրդանշում են հասարակության բոլոր երեք շերտերի հավասարությունն ու միասնականությունը:



Մարկգրաֆի ու նրա կնոջ համար հատուկ օթյակ էր կառուցվել, սակայն վերջիններս նախընտրում էին բեմն ավելի մոտ տարածությունից տեսնել՝ տեղավորվելով առաջին շարքում, այդ պատճառով այս օթյակը ձևական բնույթ էր կրում ու սովորաբար դատարկ էր մնում: Մարկգրաֆի կինը՝ արքայադուստր Վիլհելմինան, ակտիվորեն մասնակցում էր թատրոնի կյանքին՝ հանդես գալով որպես հեղինակ, դերասան, սցենարիստ, երգահան, բեմադրիչ ռեժիսոր ու երգչուհի: 


Մարկգրաֆյան օպերային թատրոնը լիովին համապատասխանում էր ժամանակի պերճաշուք ճարտարապետության ավանդույթներին: Իր փառահեղ տեսքով այն գրավում էր բավարական բարձր հասարակության ուշադրությունն ու ընդունում բազմաթիվ հեղինակավոր միջոցառումներ, տոնակատարություններ ու այլ հանդիսավոր արարողություններ: 
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ամերիկացիները տիրանում են շինությանը և այն վերադարձնում են թատրոնին միայն 1947թ. ամռանը:
Նույն թվականի օգոստոսին թատրոնում արդեն մեկշաբաթյա փառատոն է
կազմակերպվում՝ նվիրված Վ.Ա.Մոցարտին ու նրա ստեղծագործություններին: 2000-2009 թթ. Մարկգրաֆյան թատրոնում անցկացվում էր Բարրոկոյի բայրոյթյան ամենամյա փառատոնը, որի շրջանակներում վերածնվում էին օպերային վաղ արվեստի հայտնի և արժեքավոր շատ գործեր:  

Ինչպես նշվեց, Մարկգրաֆյան թատրոնը զարմանալիորեն թարմ է մնացել՝ գրեթե ամբողջությամբ պահպանելով իր տեսքը թե՛ արտաքինից, թե՛ ներսից: Այս առումով բացառություն են կազմում միայն թատրոնի վարագույրները, որոնք հանվել են 1812թ. Նապոլեոնի զորքի կողմից, դեպի Ռուսաստան արշավից առաջ:



Հարկ է նշել թատրոնի բեմի յուրահատկությունը. այն Գերմանիայի ամենախորը բեմերից մեկն է՝ 27 մ.: Այս բեմով, և առհասարակ, ամբողջ թատրոնը հիացրել է նույնիսկ մեծն Վագներին: Ոգեշնչվելով այս շինության գեղեցկությամբ՝ Վագները նախաձեռնում է օպերային մեկ այլ թատրոնի կառուցումը Բայրոյթի հարավում, որը ստանում է Բայրոյթյան փառատոնային թատրոն անունը: 











No comments:

Post a Comment