Sunday, 6 September 2015

Չարլզ Մաքինթոշ

      Չարլզ Մաքինթոշ (1868—1928)՝ շոտլանդացի ճարտարապետ, նկարիչ և դիզայներ, Շոտլանդիայում մոդեռնիստական ուղղության հիմնադիրը, Մեծ Բրիտանիայում «ար նուվո» ոճի հիմնադիրն ու միակ ներկայացուցիչը: Ծնվել է Գլազգոյում, սովորել է մի շարք ճարտարապետական դպրոցներում և հայտնի ճարտարապետ Ջոն Հաթչինսոնի մոտ: Որպես ճարտարապետ՝ Մաքինթոշը հարում էր շոտլանդական գյուղական կացարանների կառուցմանը և, այսպես կոչված, «բարոնյան» ոճին:  
      
"The Lighthouse" - Glasgow Herald
Արվարձանային
առանձնատների ժանրի նրա բոլոր գործերն իրենցից ներկայացնում են մոդեռնիզմի ինքնատիպ օրինակներ: Դեռ ուսանողական տարիներին Մաքինթոշը շատ մեծ ուշադրություն էր դարձնում գրաֆիկայի նոր պատկերավոր լեզվի ստեղծմանը: Այդ ժամանակաշրջանի անգլիացի ճարտարապետներին բնորոշ հակումը՝ ստեղծել հասարակ ու պարզ կառույցներ, Մաքինթոշի արվեստում նոր որակ է ստանում:Նրա գեղագիտական նուրբ ճաշակն ավելի մոտ էր իդեալականին, քան՝ շատ ճարտարապետների ռացիոնալիզմը: Մաքինթոշի՝ «Տներ արվեստասերների համար» նախագիծը շատ մեծ ազդեցություն է ունեցել եվրոպական ճարտարապետության հետագա զարգացման համար:
       1899թ-ին նա վերսկսում է  աշխատանքները  «Honeyman and Keppie» ճարտարապետական ընկերության հետ, որտեղ նա սկսել էր իր ճարտարապետական գլխավոր նախագծերից մեկի՝ Glasgow Herald-ի կառուցողական աշխատանքները: Թեպետ Մաքինթոշը մինչ այդ նշանադրված էր իր գործատուի քրոջ՝ Ջեսսի Կեպպիի հետ, սակայն 1892թ. Գլազգոյի արվեստների դպրոցում Մաքինթոշը հանդիպել էր նկարիչ Մարգարետ Մաքդոնալդի հետ, որի հետ էլ Մաքինթոշն ամուսնանում է 1900թ. օգոստոսին: Մաքինթոշի երիտասարդ ընկերն էլ՝ Հերբերտ Մաքնեյրը, ամուսնանում է Մարգարետի քրոջ՝ Ֆրանսես Մաքդոնալդի հետ, որոնք բոլորն էլ իրար հանդիպել էին Գլազգոյի արվեստների դպրոցում: Չորս այդ գործընկերները հայտնի էին որպես "The Four" խումբ, որոնք հանդիսանում էին "Glasgow School" ուղղության նշանավոր անդամներ:
Մաքինթոշի գրասենյակային կահույքը (Ռոյալ Օնտարիո թանգարան)
       Ճարտարապետական մի քանի նախագծեր հաջողությամբ իրականացնելուց հետո Մաքինթոշը 1904թ-ին դառնում է «Honeyman and Keppie» ընկերության պաշտոնական գործընկեր: Երբ 1913թ. տնտեսական դժվարությունների պատճառով ընկերության մի շարք նախագծեր կասեցվում են, Մաքինթոշը դուրս է գալիս ընկերությունից և փորձում ստեղծել իր սեփականը:
         Մաքինթոշն իր կյանքի մեծ մասն անցկացրել է Գլազգոյում: Քաղաքը գտնվում էր Կլայդ գետի ափին, և մասնավորապես Արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում այն հանդիսանում էր ծանր մեքենաշինության ու նավաշինության աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկը: Քաղաքի աճին ու զարգացմանը զուգընթաց մեծանում էին նաև բնակչության կենցաղային պահանջները: Այդ շրջանում Արդյունաբերական հեղափոխության ազդեցությունն ու ասիական ոճը ևս անդրադարձել են Մաքինթոշի ոճի վրա: Ճապոնիայի իզոլացիոն վարչակարգի մեղմացումից հետո գլոբալիզացիան աշխարհում տարածում է  նաև ճապոնական յուրահատուկ ոճը: Գլազգոյի կապը արևելյան այդ երկրի հետ առավել սերտ էր, քանի որ Ռիվեր Կլայդի նավաշինական հարթակները գործում էին նաև ճապոնացի ինժիներների վերահսկողության ներքո: Ճապոնական արվեստն այդ շրջանում այնքան լայն տարածում է  գտնում արևմտյան արտիստների գործերում, որ մշակվում է  նաև «ճապոնիզմ» տերմինը:
        
Գլազգոյի Արվեստի դպրոցը (կառուցված Մաքինթոշի նախագծով)
Մաքինթոշը հիանում էր ճապոնական այդ ոճով իր զսպվածության, միջոցների խնայողության, ձևերի պարզության ու հստակության համար: Այդ ոճին բնորոշ լույսի ու ստվերի կիրառումը նրան ավելի հոգեհարազատ էր, քան՝ ճոխությունն ու զարդարանքը: Արևմտյան հնագույն ոճում կահույքը հանդիսնաում էր շքեղ զարդարանք, որը ցույց էր տալիս տանտիրոջ հարստությունը, մինչդեռ ճապոնական արվեստի մեջ կահույքն այնքան հմուտ կերպով էր օգտագործվում տարածության մեջ, որպեսզի արտահայտեր ներքին հարդարանքի հանդարտությունն ու ներդաշնակությունը:
Սքոթլանդ Սթրիթ դպրոցը Գլազգոյում
         Այդ նույն շրջանում Եվրոպայում լայն տարածում են գտնում մոդեռնիստական գաղափարները: Ճարտարապետության մեջ մոդեռնիզմի բնորոշ գծերից էր դիզայնի մեջ ներկայի ու ապագայի կապի շոշափումը, այլ ոչ՝ պատմությունն ու ավանդույթները: Մոդեռնզիմի հայեցակարգը կառուցվում էր մարդկանց պահանջների վրա, մարդն ըկալվում էր ոչ որպես զանգված, այլ՝ անհատ, որի ապրելու համար անհրաժեշտ էր ոչ թե մեքենա, այլ՝ արվեստի գործ: Մաքինթոշը  շոտլանդական  իր  ներշնչանքը  միաձուլում  է   Art Nouveau ոճին ու ճապոնական պարզ ձևերին:
        
                 Աշխատելով ճարտարապետության բնագավառում՝ Մաքինթոշն ստեղծում է  իր ուրույն ոճը, որի բնորոշ առանձնահատկություններից էր արտահայտիչ ու հստակ ուղղանկյուն ձևերի ու ծաղկային նուրբ դեկորների միջև հակադրությունը: 1897–1909 թթ-ին կառուցվող Գլազգոյի Արվեստի դպրոցի նախագիծը նրան միջազգային հեղինակություն է բերում: Դպրոցի կառուցման վաղ տարիներին նա զուգահեռ աշխատում էր նաև Queen's Cross Church-ի նախագծի վրա: Իր ճարտարապետական նախագծերի վրա աշխատելիս նրան մշտապես օգնել է կինը՝ Մարգարետը, որը մասնավորապես զբաղվում էր շենքերի գեղարվեստական ձևավորմամբ ու դետալներով:
            Չարլզ Մաքինթոշի ճարտարապետական կարիերան թեպետ կարճ է եղել, սակայն եղել է  որակյալ ու ազդեցիկ:
             Չնայած իր նշանավոր ու ազեդիկ լինելուն՝ Մաքինթոշի լավագույն նախագծերից շատերն այդպես էլ կյանքի չեն կոչվել, իսկ նրա կառուցած շինություններից շատերն իսկական հեղինակություն են ձեռք բերել նրա մահվանից տարիներ անց: 1996 – 1997թթ. Նյու Յորքի հռչակավոր Մետրոպոլիտեն թանգարանը կազմակերպում է Չարլզ Մաքինթոշի գործերի ռետրոսպեկտիվ ցուցադրություն:

No comments:

Post a Comment