Tuesday, 8 September 2015

Անտոնիո Գադես

Անտոնիո Գադես (նույն ինքը՝ Անտոնիո էստեվե Ռոդենաս,1936-2004թթ.)՝ իսպանացի նշանավոր պարող ու դերասան, ֆլամենկոյի ամենաակնառու կատարողներից մեկը:
Ծնվել է 1936թ. Իսպանիայի Ալիկանտե մարզում գտնվող Էլդա փոքրիկ քաղաքում: Անտոնիոյի ծնվելուց մի քանի ամիս անց բռնկվում է քաղաքացիական պատերազմը, ինչի հետևանքով 1937թ. սկզբին Ռոդենասների ընտանիքի հայրը կամավոր կերպով անցնում է հանրապետականների շարքը՝ մեկնելով Մադրիդ: Քիչ ժամանակ անց ամբողջ ընտանիքը տեղափոխվում է մայրաքաղաք: 1949թ. ԱՆտոնիոն ընդունվում է Մադրիդի պարի ակադեմիաներից մեկը, որտեղ բախտի բերմամբ ծանոթանում է Պիլար Լոպես Խուլվեսի՝ ժամանակի ամենահայտնի պարուսույցներից մեկի հետ:

Վերջինս միանգամից նկատում է պատանու տաղանդն ու որոշում է լրջորեն զբաղվել նրա ուսուցմամբ: Հենց Պիլարն է Ռոդենաս ազգանունը փոխարինում ավելի բեմական հնչող Գադես-ով: 1951թ. Անտոնիոն արդեն Պիլարի պարային խմբի անդամ էր: Խմբակի մենակատարի՝ Մանոլո Վարգասի հետ միասին Պիլարը սկսնակ պարողին ծանոթացնում է իսպանական մշակույթի ամենակարևոր տարրերին, ազգային պարի ավանդույթներին ու առհասարակ, իսպանական ֆոլկլորին: Գադեսի համար երանելի ժամանակներ են սկսվում. նա խմբակի հետ միասին ճանապարհորդում է, ելույթներ ունենում աշխարհի տարբեր ծայրերում, ծանոթանում նոր մարդկան,ց նոր մշակույթների հետ և, ի վերջո, զարգացնում իր մասնագիտական տեխնիկան ու գիտելիքները: Ինչպես հետագայում խոստովանել է պարողը՝ այդ տարիներին նա առիթը բաց չէր թողնում մի նոր բան սովորելու ու կատարելագործվելու: Գադեսը սկսում է հմտանալ նաև դասական պարի մեջ: Եվ այսպես, Գադեսի անունը սկսում է տարածվել աշխարհով մեկ. նրա տաղանդը սիրում ու գնահատում էին թե՛ պարի սիրահարները, թե՛ պարարվեստի մասնագետները: 

«Արյունոտ հարսանիք»

1962թ. Գադեսը հիմնում է իր սեփական պարային ընկերությունը՝ շրջագայելով տարբեր երկրներով ու տարատեսակ ներկայացումներ տալով՝ հիմնականում Ֆ.Գ.Լորկայի ստեղծագործությունների հիման վրա: Գադեսն իր խմբակում ելույթներ է ունենում այնպիսի հեղինակավոր բեմերում, ինչպիսիք են Սպոլետտոյի փառատոնն ու Միլանի Լա Սկալա օպերային թատրոնը: Գադեսի խոսքերով՝ իր այս արտասահման շրջագայությունների գլխավոր նպատակը ֆլամենկոյի իրական արմատները գտնելն էր, քանի որ, ըստ պարողի, Իսպանիայում ազգային, մաքուր ֆլամենկոն գնալով աղավաղվում էր: 

1964թ. Գադեսը ներկայացնում է Իսպանիան Նյու Յորքի մշակութային միջոցառումներից մեկին՝ արժանանալով ամերիկացի հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու մեծ գնահատանքին: Նուն թվականին ամուսնանում է երգչուհի ու դերասանուհի Մարուխա Դիասի հետ, սակայն նրանց համատեղ կյանքը տևում է ընդամենը 20 ամիս: 1965թ. Սարսուելայի թատրոնում ներկայացնում է «Դոն Ժուանի» իր մեկնաբանությունը, որը մեծ հաջողություն է ունենում: Այս աշխատանքը մեծ գումարներ էր խլել Գադեսից, և որոշ ժամանակ նա չի կարողանում իրեն շրջագայություններ թույլ տալ: Միայն 1968թ. է վարպետը կարողանում վերադառնալ Իտալիա՝ Լա Սկալայի բեմում կրկին ապացուցելով, որ կարողանում է լավագույնս փոխանցել իսպանական պարերն իր ամբողջ փայլով:
Այս նույն թվականին Գադեսն ամուսնանում է բալետի պարուհի Պիլար Սան Կլեմենտեի հետ: 1971թ. Գադեսը ամուսնալուծվում է կնոջից (որի հետ երկու համատեղ զավակ ունեին) ու կյանքը կապում Պեպա Ֆլորեսի հետ: Այս կապի արդյունքում Գադեսը ևս երեք երեխայի հայր է դառնում: 

Իսպանիայի՝ դեմոկրատական կառավարման անցման շրջանում (1970-ական թթ.) Գադեսը ակտիվորեն աչքի է ընկնում նաև քաղաքական դաշտում՝ արտահայտելով իր մարքսիստական գաղափարներն ու հանդես գալով որպես Կատալոնիայի ինքնորոշման ու անկախության կողմնակից: 1978-ին Գադեսը նշանակվում է Իսպանիայի Ազգային բալետի ղեկավար, սակայն Մշակույթի նախարարության հետ ունեցած խնդիրների պատճառով երկու տարի անց թողնում է այս պաշտոնը, թեև նրա գլխավորությամբ բալետը մեծ հաջողություններ էր գրանցում: Ազգային բալետի մի քանի անդամների հետ հիմնում է բալետի իր սեփական խմբակը:
Այս ընթացքում Գադեսը համագործակցում է իսպանացի հայտնի կինոռեժիսոր Կառլոս Սաուրայի հետ՝ խաղալով ու պարելով «Արյունոտ հարսանիք», «Կարմեն» և այլ ֆիլմերում: Գադեսը Իսպանիայի կոմունիստական կուսակցության ակտիվ անդամներից էր: 
1986թ. վարպետը կրկին բաժանվում է կնոջից՝ այս անգամ ամուսնանալով Դանիելա Ֆրեյի հետ, որի հետ համատեղ կյանք է վարում մինչև 1993թ.-ը: 

Գադեսն ու Սաուրան
Գադեսը վերջին անգամ պաշտոնապես պար է բեմադրում իսպանական դրամատուրգիայի ամենաակնառուի ներկայացուցիչներից մեկի՝ Լոպե դե Վեգայի «Ոչխարի աղբյուր» պիեսի համար, որը հանդիսատեսի դատին է ներկայացվում 1994թ. Ջենովայի օպերային թատրոնում: Հայտնի ստեղծագործության պարային այս մեկնաբանությամբ Գադեսն իր խմբակով հանդես է գալիս նաև Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Կուբայում և լատինամերիկյան այլ երկրներում:

Գադեսը պլանավորել էր ներկայացնել նաև «Դոն Կիխոտի» իր մեկնաբանությունը, սակայն ծանր հիվանդությունը խոչընդոտում է նրա հետագա գործունեությանը: Ֆլամենկոյի ամենավառ աստղերից մեկը մահանում է քաղցկեղից 2004թ. հուլիսի 20-ին, Մադրիդում: Մահանալու պահին նրա կողքին էր իր վերջին կողակիցը՝ Էուգենյա Էյրիսը: Գադեսը հետմահու բազմաթիվ շքանշանների է արժանանում ինչպես Իսպանիայի, այնպես էլ Կուբայի կառավարության կողմից (նա ակտիվորեն պայքարում է նաև «ազատության կղզու» կոմունիստական կուսակցության կազմում): 

«Պարը վարժություն չէ, այն հոգեվիճակ է, որը փոխանցվում է շարժման միջոցով»,-Ա.Գադես:



No comments:

Post a Comment