Thursday, 5 November 2015

Մայա Պլիսեցկայա

Մայա Պլիսեցկայա՝ 20-րդ դարի երկրորդ կեսի նշանավոր պարուհի, ռուսական բալետի խորհրդանիշ, որը մտել է բալետի պատմության մեջ աներևակայելի երկարատև ստեղծագործական աշխատանքով: 

Ծնվել է 1925թ. նոյեմբերի 25-ին, Մոսկվայում: Հայրը՝ Միխայիլ Պլիսեցկին, հայտնի տնտեսվար էր, իսկ մայրը՝ Ռախիլ Մեսեռերը՝ համր կինոյի դերասանուհի: Այս երկու գերդաստանները ռուսական բալետին մի քանի նշանավոր գործիչներ են «նվիրում». բացի Մայայից, Պլիսեցկի-Մեսեռերների տոհմին են պատկանում սովետական բալետի աստղ, բալետմայստեր Ասաֆ Մեսեռերը, «Բոլշոյ» բալետի մենապարող Ալեքսանդր Պլիսեցկին և խորեոգրաֆ Ազարի Պլիսեցկին, թատերական նկարիչ Բորիս Մեսեռերը և բալետի պարուհի Սուլամիֆ Մեսեռերը: 
«Կարմեն», 1974թ.
1932-36թթ. Պլիսեցկիների ընտանիքն ապրում է Նորվեգիայի Շպիցբերգեն քաղաքում, որտեղ Մայայի հայրը զբաղեցնում է ԽՍՀՄ դեսպանի պաշտոնը: 1938թ. ապրիլի 30-ի գիշերը Միխայիլին քաղաքական պատճառներով ձերբակալում են և նույն թվականին գնդակահարում: Ռախիլին աքսորում են Ղազախստան՝ հայրենիքի դավաճանների կանանց համար նախատեսված հատուկ ճամբար (միայն 1941թ. է վերադառնում Մոսկվա): Որպեսզի Մայան մանկատուն չընկնի, մորաքույրը՝ հայտնի պարուհի Սուլամիֆ Մեսեռերը, որոշում է որդեգրել նրան: 
1941-42թթ. Մայան ընտանիքի հետ ապրում է Սվերդլովսկի (ներկայիս Եկատերինբուրգ) էվակուացիոն գոտում: Այստեղ բալետով զբաղվելու հնարավորություններ գրեթե չկային, այնուամենայնիվ, Մայայի՝ բալետի պարուհու առաջին ելույթը տեղի է ունենում հենց այս քաղաքում (Քամիլ Սեն-Սանս «Մահացող կարապը»): 1943թ. Մոսկվայի Խորեոգրաֆիայի ակադեմիան ավարտելուց շատ չանցած Մայան հրավիրվում է հեղինակավոր «Բոլշոյ» բալետ, որտեղ արագորեն ապացուցում է իր տաղանդն ու դառնում խմբի մենապարուհիներից մեկը: 

1956թ. Մայան ամուսնանում է բալետի մենապարող Մարիս Լիեպայի հետ, սակայն երկու տարի անց նրանք ամուսնալուծվում են: 1958թ. նա ամուսնանում է  հայտնի երգահան Ռոդիոն Շչեդրինի հետ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հիմնականում ապրում է Մյունխենում՝ երբեմն ամուսնու հետ այցելելով Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ: Աստղային զույգը շատ ժամանակ էր անցկացնում նաև Լիտվայում. նրանք Լիտվայի քաղաքացիներ էին ու առանձնատուն ունեին այստեղ: 
1960թ. Գալինա Ուլանովայի՝ բեմից հեռանալուց հետո Մայան դառնում է «Բոլշոյ» թատրոնի պրիմա-պարուհին: 1967թ. նա մարմնավորում է Բեթսի Տվերսկայայի դերը Ալեքսանդր Զարխիի «Աննա Կարենինա» ֆիլմում: Տարիներ անց պարուհին Լ. Տոլստոյի հենց այս ստեղծագործությունն է ընտրում որպես իր բալետմեյստերական դեբյուտի հիմք և բեմադրում է Ռոդիոն Շչեդրինի համանուն բալետը՝ հանդես գալով գլխավոր դերով: Հետագայում Մայան բեմադրում է ամուսնու նաև այլ ստեղծագործություններ («Ճայը», «Տիկինը շան հետ»): Այնուամենայնիվ, նա իրեն խորեոգրաֆ չէր համարում՝ նշելով, որ հիմնականում առաջնորդվում է իմպրովիզով: 


1980-ական թթ. Մայան աշխատում է Հռոմի՝ Օպերայի և բալետի ազգային թատրոնում՝ որպես գեղարվեստական ղեկավար (1983—1984), այնուհետև տեղափոխվելով Իսպանիայի ազգային բալետ (1988—1990): 1990թ., 65 տարեկան հասակում, Պլիսեցկայան (ինչպես նաև Եկատերինա Մաքսիմովան և Վլադիմիր Վասիլևը)  «Բոլշոյ» թատրոնի կողմից ազատվում է աշխատանքից, ինչը մեծ աղմուկ է բարձրացնում:
«Կարապի լիճը»
«Բոլշոյ» բալետ, 1966թ.
Դրանից հետո, սակայն, Մայան չի թողնում բալետն ու շարունակում է ելույթներ ունենալ: Իր 70-րդ տարեդարձի օրը նա ներկայանում է Մորիս Բեժարի կողմից հատուկ իր համար գրված «Ավե Մարիա» համարով: Այսպիսով, Պլիսեցկայան բալետի պատմության մեջ հիշվել է նաև որպես ամենաերկար կարիերա ունեցած արտիստուհիներից մեկը: 
Մայան մահանում է սրտի կաթվածից, 2015թ. մայիսի 2-ին, Մյունխենում, 90 տարեկան հասակում: Ըստ կտակի՝ Շչեդրինի մահվանից հետո նրա ու կնոջ մասունքները տարածվելու են Ռուսաստանի վրա: 

Մայա Պլիսեցկայան արտահայտիչ պլաստիկությամբ, ճկուն մարմնով, թեթև, եթերային քայլվածքով, ֆենոմենալ ցատկերի տիրապետող ու բարձր երաժշտականությամբ օժտված արտիստուհի էր: Նա իր սեփական ոճն էր ստեղծել, որն առանձնանում էր իր նրբագեղությամբ, ճկունությամբ, յուրաքանչյուր ժեստի, շարժման ամբողջականությամբ ու կատարելությամբ: Պլիսեցկայայի պլաստիկության մեջ պարային արվեստը հասնում է բարձր ներդաշնակության: 
«Դոն Կիխոտ», 1974թ.
Կարիերայի առաջին իսկ շրջանում Մայան յուրահատուկ տաղանդ է դրսևորում հատկապես դրամատիկ դերերում: Նորի հանդեպ մշտական հետաքրքրություն ցուցաբերելով՝ նա երբեք չէր վախենում բեմական փորձարկումներից ու իմպրովիզներից:
Պլիսեցկայայի կատարած բազմաթիվ դերերից հատկապես հիշարժան են Կիտրիի պարտիան Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ», Օդեթ-Օդիլիան Պ. Չայկովսկու «Կարապի լիճը», Ջուլիետը Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ», Ռայմոնդան Ա. Գլազունովի «Ռայմոնդա», արքայադուստր Ավրորան Պ. Չայկովսկու «Քնած գեղեցկուհին», Մեհմենե Բանուն Ա. Մելիկովի «Լեգենդ սիրո մասին», Ֆրիգիա և Էգինա Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետներում: 


Պլիսեցկայան և Ռոդիոն Շչեդրինը 









1967թ. հատուկ Մայայի համար Ժ. Բիզեի «Կարմեն» օպերայի երաժշտության հիման վրա ստեղծվում է «Կարմեն-սյուիտ» բալետը՝ Շչեդրինի մշակմամբ ու բալետմեյստեր Ալբերտո Ալոնսոյի բեմադրությամբ: Պլիսեցկայան բեղմնավոր համագործակցություն էր ծավալում ֆրանսիացի լեգենդար պարող, պարուսույց ու բեմադրիչ Մորիս Բեժարի հետ. վերջինս հատուկ Մայայի համար բեմադրում է «Այսեդորա», «Լեդա» և այլ բալետներ: Տաղանդավոր պարուհին իրեն փորձել է նաև ֆլամենկոյի ժանրում՝ համագործակցելով խորեոգրաֆ Խոսե Գրաներոյի հետ: Հայտնի է, որ Մայան երազում էր աշխատել ժամանակի մեկ այլ հայտնի բալետմեյստերի՝ Լեոնիդ Յակոբսոնի հետ, բայց նման հնարավորություն նրան այդպես էլ չի ընձեռվում: 
Մայա Պլիսեցկայան, բնականաբար, արժանացել է մի շարք մրցանակների՝ արվեստի, մասնավորապես՝ բալետի մեջ ունեցած իր մեծ ավանդի համար:

No comments:

Post a Comment