Saturday 14 January 2017

Ալտերնատիվ ռոք




       Ալտերնատիվ ռոքը ժամանակակից երաժշտական եզրույթ է, որը ներառում է ռոք երաժշտության բազմազան ոճեր, որոնք, որպես կանոն, հակադրվում են դրա ավանդական տարատեսակներին: Այս եզրույթը ծագել է 1980-ականներին` ընդգրկելով փանկ ռոքից ու պոստ փանքից ձևավորվող մի շարք ոճեր:
      Ըստ էության ալտերնատիվ տերմինը  բոլոր փոստ պանկ խմբերի հավաքական անվանումն էր, որոնք ձևավորվել եւ գործել են 1983-84թթ., երբ «նոր ալիք» շարժումն աստիճանաբար մարում էր, մինչև այն ժամանակահատվածը, երբ ալտերնատիվ ռոքն ու փոփը գրեթե ձուլվում են 1995թ. մեյնսթրիմին:
      
R.E.M.
 
Ալտերնատիվ ռոքը ծագել եւ որպես ամբողջական ենթամշակույթ ձևավորվել է հիմնականում փանկ, ապա նաև` new wave, hardcore, ոճերից` կրելով իր վրա նաև մի շարք այլ ոճերի եւ ժանրերի ազդեցությունը: Ժամանակային պատկերացումների եւ յուրահատուկ էսթետիկայի հետ միասին` ալտերնատիվ ռոքը նաև բնութագրվում էր իբրև ռոքի երաժշտական ժառանգության նորովի վերաիմաստավորման եւ վերամշակման միջոց, որն իր մեջ միաձուլում էր անհամատեղելի երևույթները մեկ ամբողջության մեջ:
       Ընդունված է ալտերնատիվ ռոքի ձևավորման շրջանը բաժանել երկու փուլերի`
1)  1980-ականների խմբեր` երաժշտական ինքնաճանաչման լայն համընդգրկմամբ
2) 1990-ականների խմբեր, որոնք ամերիկյան գրանժի կոմերցիոն հաջողությունից հետո 1991-1993թթ. ձայնագրման խոշոր լեյբլների կողմից նույնպիսի աջակցություն են ստանում, ինչպիսին ստանում էին ավանդական եւ էստրադային ռոք խմբերը: Ալտերնատիվ ռոքը հենց այդ տարիներին սկսեց ասոցացվել հիմնականում գրանժի եւ փոստ պանկի հետ` այդ կերպ ձևավորվելով իբրև երաժշտական ինքնուրույն ոճ:
Husker Du
      1980-ականներին ԱՄՆ-ում մի քանի քոլեջների ռադիոկայաններում առաջին անգամ սկսեցին ալտերնատիվ ռոք նվագել, մի ժանր, որն այդ շրջանում կոմերցիոն ռադիոկայանների մեծ մասն անտեսում էր: Իսկ Բրիտանիայում ալտերնատիվ ռոքն սկսեց տարածում գտնել շնորհիվ այնպիսի դիջեյների, ինչպիսիք էին Ռիչարդ Սքինները, Էննի Նայթինգեյլը, Ջոն Փիլը, որոնք «պահում» էին ալտերնատիվ երաժշտությունը BBC-ի ռադիոյում: Միայն 1980-ականների կեսերին է, որ այս ժանրն սկսում է տարածում ստանալ ԱՄՆ մեծ թվով քոլեջներում, ինչի արդյունքում էլ այն հաճախ անվանում էին «քոլեջ ռոք»:
     
Nirvana
     Այսպես` 80-ականների սկզբին ալտերնատիվ ռոք նվագում էին հիմնականում գավառային ակումբներում, ձայնագրման փոքր ստուդիաներում, ուսանողական քաղաքների ռադիոկայաններում: Հազվադեպ դրա առանձին կատարումներ հասնում էին մինչև MTV եւ TOP40, կամ առանձին ալբոմներ գովասանքի էին արժանանում մեյնսթրիմ ամսագրերի քննադատների կողմից, ինչպիսին էր, օրինակ, Rolling Stone-ը: Իսկ երբ 1986թ. ամերիկյան MTV սկսում է ցուցադրել ալտերնատիվ երաժշտության մասին «120 րոպե» հաղորդումը, ի վերջո այն իրենց երաժշտական ցանկ են ներառում նաև  հյուսիսամերիկյան այնպիսի խոշոր ռադիոկայաններ, ինչպիսիք են WFNX-ը (Բոստոն) եւ KROQ-ը (Լոս Անջելես):
      
The Replacements
Չնայած
նրան, որ ալտերնատիվ բենդերի մեծ մասը կոմերցիոն գրավչություն չէին ներկայացնում` այս ժանրի ռոք խմբերը դանդաղ, բայց վստահ քայլերով ավելացնում էին իրենց երկրպագուների քանակը` փոքր հյուրախաղեր ու համերգներ կազմակերպելով:
      1980-ականների կեսերին այս ժանրի առավել հայտնի կատարողներն էին ամերիկյան Jane’s Addiction, R.E.M., Sonic Youth, The Replacements եւ բրիտանական New Order, The Smiths, The Cure, The Jesus and Mary Chain խմբերը:
     Առաջինը R.E.M. խումբն է, որ անմիջականորեն իր վրա զգում է մեծացող շարժման դրական ազդեցությունն ինչպես երաժշտական, այնպես էլ կոմերցիոն տեսանկյունից: 1983թ. թողարկված դեբյուտային «Murmur» ալբոմն արժանանում է քննադատների հավանությանը եւ հասնում մինչև TOP40: Խմբին կրկնօրինակող մյուս կատարողներն իրենց սպասեցնել չեն տալիս եւ որպես արդյունք երաժշտական ասպարեզ են դուրս գալիս dB's եւ Let's Active խմբերը:
Soul Asylum
       Իսկ R.E.M. խումբը գրեթե ողջ տասնամյակի ընթացքում չի դադարում հյուրախաղերի մեկնել եւ համալրել երկրպագուների բանակը, ինչի արդյունքում էլ 1987թ. խմբի «Document»  ալբոմի մեջ մտնող «The One I Love» կոմպոզիցիան բարձրանում է մինչև TOP10:
      Մեկ այլ խումբ, որը R.E.M.-ի հետ ընթանում էր հաջողության գրեթե նույն ճանապարհով, Husker Du-ն էր, որն սկսելով նվագել հարդքոր` ստիճանաբար դուրս է գալիս տվյալ ոճի շրջանակներից. և չփոխելով հարդքորին բնորոշ կիթառային նվագակցումն ու տեմպը` ստեղծում է երաժշտություն, որը միաժամանակ և՛ մեղեդային էր, և՛ կտրուկ` լցված աղմկոտ գունավորումով եւ գրավիչ թեմատիկայով, իսկ 1984թ. թողարկված «Zen Arcade» ալբոմը բեկումնային է դառնում խմբի ստեղծագործական կյանքում:
Pearl Jam 
       Husker Du խումբն առաջատար էր մինեապոլիսյան բեմում, որտեղ նշանակալի դեր ունեին նաև Replacements եւ Soul Asylum խմբերը: Այս երկու խմբերն իրենց ստեղծագործական կյանքի սկզբնական շրջանում գրեթե կրկնօրինակում էին Husker Du-ին, սակայն հետագայում Replacements-ը կարողանում է էապես փոխել իր երաժշտությունն ու փաստացիորեն իր ստեղծագործություններում միավորել պանկն ու ավանդական ռոքը եւ լրացնել այն բացը, որը կար դեպի փոփը հակված R.E.M. եւ «աղմկոտ» Husker Du խմբերի միջև:
      Այդ ժամանակաշրջանում փլուզվում է Husker Du-ն,  R.E.M.-ը շարունակում էր կոմերցիոն ուղին, երկու այլ նշանավոր խմբերից Minutemen-ն սկսում է անկում ապրել D.Boon'а-ի մահվանից հետո, իսկ Sonic Youth-ը որոշ ժամանակ պասիվ էր, քանի որ պատրաստվում էր major label-ի հետ նոր պայմանագիր կնքելուն: Այս ամենի արդյունքում 80-ականների ամերիկյան «ալտերնատիվ բեմում» Replacements եւ Soul Asylum խմբերի ռոքէնռոլի հետ միասին  գերակայում էին ալտերնատիվ փոփն ու աղմկահարույց  ինդուստրիալ փոփը, ինչի արդյունքում էլ ալտերնատիվ ռոքն աստիճանաբար անկում է ապրում:
Sonic Youth
   Որքան էլ 1980-ականների ալտերնատիվ ռոք խմբերը աղմկահարույց հաջողությունների չեն հասնում,  դրանք միևնույն է մեծ ազդեցություն են ունենում ալտերնատիվ ռոքի հաջորդ սերունդների ձևավորման գործում եւ նշանակալի ավանդ ներնդնում 1990-ականներին ժանրի հեղինակության բարձրացման գործում:
      90-ականերին ժանրը նոր շունչ է ստանում, քանի որ երաժշտական ինդուստրիան արդեն ծանոթ էր դրա կոմերցիոն հնարավորություններին եւ ակտիվորեն առաջ էր մղում ալտերնատիվ նոր խմբերին, ինչպիսիք էին Cake, Dinosaur Jr. եւ Nirvana խմբերը: Այդ շրջանում կրկին ասպարեզ է դուրս գալիս 80-ականներին Սիեթլում ձևավորված գրանժը: Մասնավորպես, 1991թ. թողարկվում է Nirvana-ի ամենանշանավոր «Nevermind» ալբոմը, ինչպես նաև Pearl Jam խմբի դեբյուտային «Ten», Sօundgarden-ի «Badmotorfinger» եւ Alice in Chains-ի «Dirt» ալբոմները: Դա երաժշտության ասպարեզում հեղափոխական տեղաշարժերի տարի էր, երբ ալտերնատիվ ռոքը մղվում էր դեպի մեյնսթրիմ, իսկ ալտերնատիվ բառն ավելի շատ կիրառվում էր իբրև անդերգրաունդ մի շարք խմբեր ներառող լայն տերմին: Հենց Nirvana, Pearl Jam, Soundgarden եւ Alice in Chains խմբերի գործունեությունն է վեր հանում ալտերնատիվ ռոքը որպես անհատական ժանր:
      
Radiohead
       90-ականների կեսերին ալտերնատիվ ռոքը դուրս է գալիս մեյնսթրիմից, որի պատճառ են հանդիսանւմ մի քանի իրադարձություններ, մասնավորպես` 1994թ. Nirvana խմբի առաջատար Կուրտ Քոբեյնի մահը:

      Ներկայումս կարելի է նշել, որ ալտերնատիվ ռոքը կրկին վերադարձել է մեյնսթրիմ շնորհիվ այնպիսի խմբերի, ինչպիսիք են անգլիական Radiohead, Muse, Placebo, Arctic Monkeys եւ ամերիկյան Thirty Seconds to Mars, The White Stripes, Kings of Leon, The Strokes, Black Rebel Motorcycle, Linkin Park, Skillet եւ փոստ պանկ Interpol, The Features խմբերը:

No comments:

Post a Comment