Tuesday 9 December 2014

Ռեյ Չարլզ

Ռեյ Չարլզ (նույն ինքը` Ռեյ Չարլզ Ռոբինսոն)՝ ամերիկացի հանճարեղ երաժիշտ, սոուլ, ջազ և ռիթմ-ընդ-բլյուզ երաժշտական ժանրերի ամենահայտնի ներկայացուցիչներից, որն արժանացել է «Գրեմմիի» 17 մրցանակի: Ծնվել է Ջորջիա նահանգի Օլբանի փոքրիկ քաղաքում (ԱՄՆ), շատ աղքատ ընտանիքում: Հետագայում Ռեյը նշել է. «...Անգամ մյուս սևամորթների մեջ մենք ավելի ցածր աստիճանի վրա էինք, մյուսներին ներքևից էինք նայում: Մեզանից ցածր միայն հողն էր»: Երբ տղան ընդամենը մի քանի ամսեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Գրինվիլ, Հարավային Ֆլորիդա: Շուտով հայրը` Բեյլի Ռոբինսոնը, լքում է ընտանիքը` Ռեյին ու նրա կրտսեր եղբորը թողնելով կնոջ ուսերին: Ռեյը 5 տարեկան էր, երբ կրտսեր եղբայրը` Ջորջը, խեղդվում է նրա աչքի առջև: Նա փորձել է օգնել տղային, բայց վերջինս չափազանց ծանր է եղել նրա համար, և արդյունքում Ռեյը ոչինչ չի կարողացել անել: Հավանաբար այդ ցնցման պատճառով Ռեյի տեսողությունն աստիճանաբար վատանում է, իսկ 7 տարեկան հասակում նա ամբողջովին կուրանում է: Ինչպես ինքն է նշել հետագայում, կուրացման հստակ պատճառներն այդպես էլ չբացահայտվեցին:
 1968թ.
Ըստ որոշ լուրերի`80-ականներին, երբ Չարլզն արդեն հայնտի երաժիշտ էր, անանուն հայտարարության միջոցով մեկ աչքը զոհաբերել պատրաստ մարդու էր փնտրում, սակայն բժիշկները նրան խորհուրդ են տվել խուսափել նման վիրահատությունից, քանի որ անարդյունք էր լինելու: 
Առաջին անգամ Ռեյի երաժշտական տաղանդն ի հայտ է եկել դեռ 3 տարեկանում (այդ մասին վկայում է մոտակա դեղատան աշխատողը): Խուլ ու համրերի դպրոցում Ռեյը մի քանի երաժշտական գործիքների է ծանոթանում, այդ թվում` դաշնամուր, սաքսոֆոն, տրոմբոն: Բացի նվագելուց նա նաև երգում էր դպրոցական երգչախմբում: Դպրոցն ավարտելուց հետո Չարլզը մասնակցում է երաժշտական բազմաթիվ նախագծերի` հիմնականում ջազ և քանթրի ոճերով: Առաջին խումբը, որում նա իր ակտիվ դերն է ունենում, կոչվում էր ''The Florida Playboys'': 1947թ. դրությամբ 17-ամյա Ռեյը որոշում է կուտակած 600 դոլլարով մեկնել Սիեթլ: Այստեղ մի կիթառահարի հետ հիմնադրում է ’’MacSon Trio’’ խումբը: Քիչ ժամանակ անց Ռեյն արդեն ձայնագրվում էր: Իր առաջին երեք ձայնագրությունների ժամանակ (“Guitar Blues»”, ”Walkin' and Talkin'” и “Wonderin' and Wonderin'”) նա համագործակցում էր Լոուել Ֆիլսոնի ու նրա խմբի հետ: 1949թ. թողարկվում է Չարլզի առաջին հիթը` ’’Confession Blues’’ անվանումով: 1952թ. արդեն բավականին հայտնի Չարլզը սկսում է համագործակցել Atlantic Records-ի հետ: Այս շրջանում է նրա բեմական անունը կրճատվում` դառնալով պարզապես Ռեյ Չարլզ, քանի որ ամբողջական անունը հաճախ շփոթում էին բռնցքամարտիկ Ռեյ Ռոբինսոնի անվան հետ: 1951թ. հուլիսի 31-ին Ռեյն ամուսնանում է Էյլեն Ուիլյամսի հետ, սակայն ընդամենը մեկ տարի անց նրանք բաժանվում են: Ուշագրավ է, որ Ռեյի 12 երեխաներից ընդամենը երեքն են «օրինական», ամուսնության ընթացքում ծնված: 1955թ. Չարլզը երկրորդ անգամ է ամուսնանում. բաժանվում է 1977թ-ին:
Atlantic Records-ում, հայտնի պրոդյուսերների գլխավորությամբ, Ռեյը փնտրում էր իր ոճը, իր ուրույն հնչողությունը: 1953թ. թողարկվում է ’’Mess Around’’ սինգլը, որը մեծ հաջողություն է ունենում: Ոչ պակաս աղմուկ են բարձրացնում նաև ’’It Should Have Been Me»’’ և ’’The Things That I Used To Do’’ սինգլները: Չարլզի երաժշտական կարիերայի հաջորդ գագաթնակետն է համարվում 1955թ. թողարկված ‘’I Got a Woman’’ հայտնի սինգլը: Շատ մասնագետների կարծիքով հենց սա է Ռեյի` սոուլ ոճով թողարկված առաջին երգը: Հարկ է նշել, որ նրա երգերը տարածվում էին ոչ միայն սևամորթների, այլև սպիտակամորթների շրջանակներում: Ռեյ Չարլզը առաջիններից էր, որ «սևամորթների երաժշտությունը» տարածեց հասարակության ավելի լայն շերտերի մեջ` սիրվելով տարբեր ռասաների ու տարիքային տարբեր շերտերի կողմից: 
Տարիների ընթացքում Չարլզը ոճային փորձարկումներ էր անում` անցնելով իրեն հատուկ սոուլի ու բլյուզի սահմանները: Քանթրի ոճով նրա առաջին ալբոմը` ”I’m Movin On”-ը ոչ պակաս մեծ հաջողություն է ունենում: ABC Records տեղափոխվելու տարիներին (60-ականներ) նա արդեն իր ժամանակի ամենապահանջված երաժիշտերից մեկն էր: Պատահական չէ, որ այս շրջանը համարվում է Չարլզի կարիերայի ամենաբուռն էտապը: Այս տարիներին են թողարկվում այնպիսի հիթեր, ինչպիսիք են` ''Unchain My Heart'', ''You Are My Sunshine''. ''Hit The Road Jack'', ''Georgia On My Mind'':
Ռ.Չարլզի արձանը հայրենի Օլբանի քաղաքում
 Ռեյն ամբողջ կյանքում պայքարել է ռասիզմի դեմ: 1961թ. նա նույնիսկ հետաձգում է Ջորջիա նահանգում իր համերգներից մեկը, քանի որ սևամորթ ու սպիտակամորթ հանդիսատեսի համար առանձին նստատեղեր էին հատկացվել: Կա տեղեկություն, ըստ որի 20 տարի շարունակ Ռեյին արգելված էր մուտք գործել Ջորջիա նահանգ: Իրականում երաժիշտն ինքը չէր գնում այնտեղ վերը նշված պատճառներով: 
1965թ. Բոստոնում Ռեյին ձերբակալում են թմրադեղեր պահելու համար: Հայտնի է, որ 20 տարի շարունակ նա թմրադեղերից կախվածություն է ունեցել (առաջին անգամ թմրադեղ է օգտագործել 16 տարեկանում): Կախվածությունից բուժվելուց հետո երաժիշտը բազմիցս հանդես է եկել թմրադեղերի դեմ ելույթներով: Բուժվելուց հետո` 70-ականներին, զգալիորեն փոխվում է Չարլզի ոճը` ավելի մոտենալով մեյնստրիմին: Նրա վերջին` ''Genius Loves Company'' զուգերգերի ալբոմը թողարկվում է հետմահու` 2004թ. (մահացել է 2004թ., 73 տարեկան հասակում, հավանաբար` լյարդի քաղցկեղի պատճառով):
Ռեյ Չարլզի տաղանդն ու ունիկալ ձայնը գնահատվել է ոչ միայն հասարակ ունկնդիրների, այլև բազմաթիվ երաժիշտների ու մասնագետերի կողմից: Ֆրենկ Սինատրան Ռեյին անվանել է «շոու-բիզնեսի միակ իրական հանճար»: Նրա տաղանդի առջև խոնարհվել են Փոլ Մաքքարթնին, Սթիվի Ուոնդերը, Էլթոն Ջոնը, Բիլլի Ջոելը և շատ ուրիշներ: «Ռոլլինգ Սթոուն» հեղինակավոր ամսագրի «Բոլոր ժամանակների 100 լավագույն վոկալիստների» շարքում Ռեյ Չարլզըին շնորհվել է երկրորդն հորիզանականը:

No comments:

Post a Comment