Wednesday, 15 July 2015

Հոֆբուրգ պալատական համալիր


  Վիեննայի ամենանշանավոր ճարտարապետական կառույցներից մեկը՝  Հոֆբուրգ պալատական համալիրը հանդիսացել է Վիեննայում Հաբսբուրգների արքայատոհմի նստավայրը: Ներկայումս այստեղ գտնվում են մի քանի թանգարաններ, որոնցից գլխավորը «Հաբսբուրգների գանձարանն» է, որտեղ գտնվում է Սրբազան  Հռոմեական կայսրության  կայսերական  թագը,  կայսերական   սուրն  ու միապետական իշխանության  այլ  մասունքներ: Այն հադիսանում է Վիեննայի ամենահետաքրքիր տեսարժան վայրերից մեկը, որն ապրել  է  վերակառուցման ու վերականգնման մի շարք փուլեր, բայց մինչ մեր օրեր է հասցրել փառահեղ գեղեցկությունն ու ոճերի զարմանալի համադրությունը: Այն մի հսկայական պալատական համալիր է, որը միավորում է ամենատարբեր կառույցներ, որոնց կառուցման տարեթվերը միմյանցից բաժանվում են մի քանի հարուրամյակներով:

     
     Համալիրը կառուցվել է Հաբսբուրգների կառավարման ողջ ընթացքում: Պալատի տեղանքում գտնվող միջնադարյան ամրոցն այստեղ կառուցվել է Հաբսբուրգների կառավարման շրջանից շատ ավելի վաղ: Պահպանված վկայություններից պարզ է դառնում, որ արդեն 1279թ. ավստրիացի կառավարողները բնակվել են հենց Հոֆբուրգում: 13-րդ դարից սկսած, երբ Ավստրիայում կառավարող Բաբենգերգերովների դինաստիան իր հաջորդին՝ Հաբսբուրգների է թողնում փոքր պալատական կառույց, Հաբսբուրգների յուրաքանչյուր միապետ պալատին ավելացրել է իրեն բնորոշ որոշակի տարրեր:  

Հաբսբուրգների արքայատոհմից առաջինը պալատը զբաղեցնում է  Կառլոս V հաջորդը՝ Ֆերդինանդ  I, որից հետո պալատը փոխանցվել  է  Սրբազան Հռոմեական կայսրությանը: Առաջին տիրակալի օրոք են կանգնեցվել Շվեյցարական դարպասները, իսկ ձիարանը ստեղծվել  է Մաքսիմիլիան II օրոք: Իր շքեղ հարդարանքով հայտնի Ամալիենբուրգը՝ պալատի ձախ թևը, ստեղծվել է  Ռուդոլֆ II կողմից, իսկ հանդիսավոր մասնաշենքը՝ ընդունելության հսկայական սրահներով ու գինու մառաններով, կառուցվել է Լեոպոլդ I կողմից:

      Մասնավորապես Կառլոս VI օրոք Հոֆբուրգը զգալիորեն ընդարձակվել է, իսկ ճարտարապետները ջանք չեն խնայել նոր կառույցներին թե՛ արտաքին, թե՛ ներքին շքեղ տեսքն ապահովելու համար՝ զարդարելով դրանք բազմաթիվ քանդակներով:

      Համալիրի տարածքը բաժանված է 19 պալատի, որտեղ կառուցվել են 18 մասնաշենքեր:

     Համալիրի գլխավոր կառույցներից  մեկը, որը հանդիսանում է Վիեննայի խորհրդանիշներից  մեկը, անվանվում է  «Նոր պալատ»: Այդ շինությունը կառուցվել է 18-րդ դարում, ժամանակաշրջան, երբ պալատն եռանդուն կերպով ընդարձակվում էր: Հենց այս կառույցի պատշգամբից է 1838թ. Ադլոֆ Հիտլերը հայտարարում այն մասին, որ Ավստրիան մտնում է  Գերմանիայի կազմի մեջ:

      Նոր պալատի անմիջապես դիմացը գտնվում է «հերոսների հրապարակը», որի կենտրոնական մասում գտնվում է ավստրիացի նշանավոր գնդապետ Եվգենի Սավոյսկիի արձանը: Նոր պալատում են գտնվում երկու թանգարաններ, որոնցից մեկը նվիրված է արվեստին, մյուսը ներկայացնում է բնական գիտություններ:


      Հանդիսավոր Շվեյցարական դարպասները տանում են դեպի Ին-դեր-Բուրգ ներքին հրապարակ, որտեղ կազմակերպվել են մրցույթներ ու անցկացվել են զինվորական շքերթներ ու հանրային դատավարություններ: Հրապարակի  կենտրոնում  կանգնած  է Ֆրանց I կայսերը նվիրված հուշարձան, իսկ հրապարակը շրջապատում են Ամալենբուրգը, Պետական դիվանատունը եւ Լեոպոլդովյան մասնաշենքը:
      Հին Հոֆբուրգի ներքին կողմում գտնվում  է Յոզեֆի հրապարակը՝ Յոզեֆպլատցը: Այստեղ գտնվում են Ազգային գրադարանն ու Շտալբուրգ պալատը, որտեղ տեղակայված է ձիավարության Իսպանական դպրոցը
       Նոր Հոֆբուրգը կառուցվել է Առաջին համաշխարհային պատերազմի նախաշեմին, երբ Ավստրիական կայսրությունն ապրում  էր  իր  վերջին օրերը:

      Ալբերտինա պալատում, որը կառուցվել է 1781թ., ներկայումս գտնվում են  եվրոպական գրաֆիկական արվեստի հավաքածուները: Պալավիչինների պալատում ընթանում է Սալվադոր Դալիի նկարների ցուցադրությունը: Պալատը նշանավոր է նաև նրանով, որ ժամանակին այստեղ է ելույթ ունեցել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը:
      Սուրբ Ավգուստինի եկեղեցին, որը կառուցվել  է XIV դարում, եղել է պալատական մատուռ եւ հանդիսանում  է  պատմական մի շարք իրադարձությունների վկան: Այստեղ պահվում են Հաբսբուրգների արքայատոհմի մի քանի կառավարիչների սրտերը:

       Պալատի ամենանշանավոր հատվածներից մեկը՝ գանձարանը բաժանված  է երկու մասի՝ աշխարհիկ եւ հոգևոր: Առաջինում գտնվում են միապետական իշխանության մասունքները, զարդեր ու թագավորների ու կայսրերի անձնական իրեր, իսկ երկրորդում՝ քրիստոնեական մասունքներ ու սրբերի անձնական իրեր: Այստեղ է պահվում Կառլոս Մեծի ու Սրբազան Հռոմեական կայսրության թագը, որը պատրաստվել է դեռևս 10-րդ դարում: Հետաքրքրականն այն  է, որ Կառլոս Մեծն այն չի կրել: Թագն անվանվել է ի պատիվ նրա, քանի որ վերջինս եղել է  Արևմուտքի առաջին կայսրը, որին թագադրել է անձամբ Հռոմի Լևոն lll պապը:


      Այստեղ է պահվում նաև Ավստրիական միապետության եւ սրբազան Հռոմեական կայսրության խորհրդանիշներից ևս մեկը՝ «կայսերական սուրը», քանի որ թագադրման արարողությունը ենթադրում էր ոչ միայն թագը թագավորի գլխին դնելու կարգը՝ ի նշան աշխարհիկ իշխանության, այլ նաև՝ սուրը նրան շնորհելը՝ ի նշան նրա, որ կայսրը հանդիսանում էր նաև զորքերի հրամնատարը:
       Շվեյցարական բակի ու Ամալիենբուրգի միջև գտնվում է Լեոպոլդական ուղին, որտեղ գտնվում է Ավստրիայի ներկայիս նախագահական նստավայրը: Նախկինում դրա ստորգետնյա տարածքներում եղել են գինու հսկայական ամբարներ: Այստեղ է գտնվում նաև կայսրուհի Սիսիի թանգարանը, որը հայտնի էր նրանով, որ մեծապես գնահատում էր  սպորտն ու առողջ ապրելակերպը:
Ավստրիայի ազգային գրադարանը
      Պալատի ամենանշանավոր հատվածներից է Ազգային գրադարանը, որն ապշեցնում է իր հարստությամբ ու ներկայացնում պատմության միջով մի իսկական ճամփորդություն: Այստեղ պահպանվում են այնպիսի եզակի նմուշներ, ինչպիսին է Գուտենբերգի 1455թ. Աստվածաշունչը: Հատկանշական է, որ գրադարանի ճարտարապետական լուծումն սկզբնական շրջանում թույլ էր տալիս ենթադրել, որ այստեղ մուտքի իրավունք են ունեցել միայն ընտրյալները, քանի որ գրադարան մուտքը եղել է միայն Շվեյցարական բակի կողմից
Բնական գիտությունների թանգարանը


 Սակայն հետագայում գրադարանն ընդլայնել են ու ավելացրել շքամուտք:  Գրադարանի կողքին գտնվող Յոզեֆպլատցը կառուցվել է Մարի Թերեզա կայսրուհու օրոք, որի հրամանով կառուցվել է նաև պալատական թատրոն:





No comments:

Post a Comment