Լ. Ն. Տոլստոյի «Աննա Կարենինա» (1873-1877թթ.) վեպի հիմքում ընկած է ամուսնացած մի տիկնոջ` Աննա Կարենինայի և զինվորական սպա Ալեքսեյ Վրոնսկու ողբերգական սիրո պատմությունը: Վեպում լայն կտավի վրա պատկերված են 19-րդ դարի երկրորդ կեսի մոսկովյան և պետերբուրգյան պալատական բարքերն ու ապրելակերպը, գյուղական կյանքի նկարագիրը, իսկ այդ ամենին միաձուլված են գլխավոր հերոսներից մեկի` Կոնստանտին Լևինի փիլիսոփայական մտորումները: Վեպի կերպարներում իրենց գեղարվեստական արտացոլումն են գտնում բոլորին հատուկ զգացմունքներն ու մտորումները: Տոլստոյն իր հերոսների սիրային հարաբերությունները պատկերում է ոչ թե որպես վեպի սյուժետային գիծ, այլ որպես նրանց ներքին իրավիճակ, որը քայլ առ քայլ է գիտակցվում ինչպես նրանց, այնպես էլ ընթերցողի կողմից:
Դա է հանրահայտ «հոգու դիալեկտիկան», հոգեբանական վերլուծության նեղ շրջանակը, որը ճշգրիտ մանրամասներով նկարագրում է այն զգացմունքի ծնունդն ու զարգացումը, որի ետևից գնում են մարդու միտքն ու արարքները: Վեպի բոլոր իրադարձությունների կողքին ողբերգական գծով տարվում է Աննայի տառապանքների ու ողբերգական մահվան պատկերը, նրա մեղքի զգացումն ու փակուղի մտած կյանքը, քանի որ Վրոնսկու հանդեպ սերը արգելված է ու մեղք: Վեպում Տոլստոյը պատկերել է իր ժամանակաշրջանի հասարակության, մշակույթի, կրոնի, եկեղեցու ու պալատական հասարակարգի բարոյական անկումը:
Աննան Գ. Մանիզերի կտավում |
«Աննա Կարենինա»-ում զուգադիպություններ չկան. վեպը սկսվում է երկաթուղու տեսարանով: Պատահական չէ, որ հեղինակը նկարագրում է երկաթուղու ծառայողի հետ կապված դժբախտ պատահարը. սա պատմության ողբերգական ավարտի կանխագուշակում է:
Աննայի ու Վրոնսկու «ընկերությունը» սկզբում բոլորովին էլ չարագույժ չէր: Աննան, որպես ամուսնացած բարոյական կին, չէր կարող արձագանքել Ալեքսեյի սիրահետումներին, և պատրաստ էր ընդունել միայն նրա ընկերությունը: Նա նույնիսկ քննադատում էր Վրոնսկուն Քիթիի հետ անարդար վարվելու համար:
Աննան զգում է ճակատագրի շունչն ամեն քայլափոխին: Մահվան ու ապագայի բացակայության միտքը անընդհատ հետապնդում է նրան. նույնիսկ երազում տեսնում է, թե ինչպես է մահանում ծննդաբերության ժամանակ: Այնուամենայնիվ, ճակատագիրը նրան երկրորդ հնարավորություն է ընձեռում (ինչպես և Վրոնսկուն՝ կրակոցից հետո):
Աննան երազում է անհնարինի մասին. մի տան մեջ ապրել երկու ամենաթանկ մարդկանց՝ Ալեքսեյի ու որդու հետ: Եղբոր՝ Ստիվայի՝ Կարենինից ամուսնալուծության համաձայնություն ստանալու ու երեխային քրոջ խնամքին հանձնելու բոլոր փորձերն ապարդյուն են անցնում: Կարենինը, որպես բարձր հասարակության լիարժեք անդամ, անսասան կերպով հետևում է այդ հասարակության բոլոր օրենքներին՝ այդ թվում ամուսնալուծության վերաբերյալ համընդհանուր կարծիքին: Հեղինակը բացահայտ քննադատության է ենթարկում հին բարքերն ու ամուսնալուծության գործընթացի նման բարդ ու գրեթե անհնարին բնույթը:
Ուշագրավ է վեպում մշտապես առկա ինքնասպանության գաղափարը: Տոլստոյն ինքնասպանության երևույթը ներկայացնում է որպես տառապանքից ազատվելու միջոց: Կյանքին վերջ տալու միտքը վեպի ընթացքում հետապնդում է ոչ միայն գլխավոր հերոսուհուն, այլ նաև մի քանի հիմնական կերպարներին՝ Լևինին, Վրոնսկուն, որը նույնիսկ կրակում է ինքն իր վրա Կարենինի ստորացուցիչ խոսքերը լսելուց հետո: Սակայն կա մեկ տարբերություն. այս երեքից միայն Աննան է համարձակվում իրապես այդ քայլին գնալ՝ դրանով իսկ ապացուցելով, որ հայտնվել է շատ ավելի անելանելի վիճակում: Հերոսուհու հուսահատության վերջին կաթիլն է դառնում Վրոնսկու հանդեպ խանդը. «Ես կպատժեմ նրան»,-որոշում է Աննան:
Խոսելով վեպի կերպարների մասին՝ պետք է նշել, որ դրանցից շատերն իրենց նախատիպերն ունեն: Կոնստանտին Լևինը ռուս իդեալիստի տիպական կերպար է, որի հիմքում ընկած է Տոլստոյի՝ Սոֆյա Բերստի հետ ամուսնությունից առաջ ու հետո ունեցած ապրումները. Տոլստոյն իրեն մեղավոր էր զգում նրա առջև: 18-ամյա Սոֆյայի հետ ամուսնանալուց երկու օր անց 34-ամյա Տոլստոյն իր տատիկին գրած նամակում խոստովանել է, որ նրան մշտապես հետապնդում է իր համար չնախատեսված երջանկություն գողանալու միտքը. նա իրեն արժանի չէր համարում նման աղջկան: Հեղինակի այս ապրումներն արտացոլված են Լևինի և Քիթիի հարաբերություններում:
Աննա Կարենինայի նախատիպի վերաբերյալ գոյություն ունի մի քանի վարկած. առաջինի համաձայն՝ Կարենինայի կերպարի համար հիմք է ծառայել Մարիա Գարտունգը՝ Ա.Ս. Պուշկինի դուստրը, որի հետ Տոլստոյը ծանոթացել է 1868թ.: Մեկ այլ կարծիքի համաձայն՝ Աննայի նախատիպ կարող է լինել նաև իշխանուհի Ալեքսանդրա Օբոլենսկայան (Դյակովան):
Հեղինակի նախնական մտաղհացմամբ վեպի գլխավոր հերոսուհին պետք է լիներ Տատյանա Ստավրովիչը, իսկ ամուսինը՝ Միխայիլ Ստավրովիչը: Վրոնսկու կերպարի սկզբնական անունը Իվան Բալաշև էր: Այս նախնական կերպարները զգալիորեն տարբերվում էին վերջնականներից: Օրինակ՝ Տատյանային նկարագրելիս Տոլստոյը գրել էր. «Նրա հագուստի ու քայլվածքի մեջ ինչ-որ հրահրող ու համարձակ բան կար»:
Ինչ վերաբերում է Վրոնսկու (Իվան Բալաշևի) կերպարին, նրա նախատիպերն են համարվում գրող Ն.Ն. Ռաևսկին և պոետ Ա.Կ. Տոլստոյը: Վրոնսկին ազնվական ծագում ունեցող սպայի տիպական կերպար է: Աչքի է ընկնում իր էներգիայով, բնավորության տոկունությամբ ու փառասիրությամբ: Հասարակության աչքերում հմայիչ այս երիտասարդն առանձնանում էր իր համեստությամբ, քաղաքավարությամբ, հանգիստ խառնվածքով ու արժանապատվությամբ: Միանգամայն այլ Վրոնսկի էր տեսնում Աննան. «Խիստ, բայց մեղմ դիմագծեր, խիստ, բայց հնազանդ աչքեր, որոնք սեր են խնդրում ու սեր արթնացնում»:
Աննայի ու որդու հանդիպումը, Մ. Վրուբել, 1878թ. |
Ըստ «Աննա Կարենինա»-ի առաջնային սյուժեի՝ գլխավոր հերոսուհին ամուսնալուծվում է ու սկսում ապրել սիրեկանի հետ, որից երկու երեխա է ունենում: Սակայն նրանց հանգիստ կյանք չէր սպասվում, քանի որ զույգը «վատ շրջապատ» է ընկնում. հարբեցող արտիստներ, անբան պոետներ: Աննայի նախկին ամուսինը հուսահատության գիրկն է ընկնում ու նույնիսկ սպառնում է սպանել դավաճան կնոջն ու ինքնասպան լինել: Աննան ու Ալեքսեյը վիճում են, վերջինս հեռանում է տանից: Մի քանի օր հետո Նևա գետում գտնում են Աննայի մարմինը:
Այսպիսով, Տոլստոյը բազմիցս փոփոխում է վեպի կերպարային ու սյուժետային տարրերը, ինչի արդյունքում գալիս է մի պահ, երբ հեղինակն արդեն հոգնում է իր իսկ ստեղծագործությունից ու հետաձգում այն ավարտելու գործընթացը: Տոլստոյին նույնիսկ արդեն չէր հուզում «Աննա Կարենինա»-ի հնարավոր հաջողությունը կամ ձախողումը: Ա.Ա. Ֆետին ուղղած նամակում նա գրում է. «Իմ ձանձրալի Աննան հոգնեցրել է ինձ»:
Խնդիր կար նաև վեպի վերջնական տպագրման հետ կապված. հրատարակչության աշխատակիցներին մտահոգում էր գլխավոր հերոսների ֆիզիկական մերձեցման բավականանին անկեղծ տեսարանը:
1875 թ. Տոլստոյը Մ.Ն. Կատկովին ուղարկած նամակում գրում է. «Վերջին գլխում չեմ կարող ոչինչ փոխել: Միակ զենքս վառ ռեալիզմն է, քանի որ չեմ կարող պաթոս կիրառել: Ռեալիզմն այն տարրն է, որի վրա հենվում է ողջ վեպը: Եթե այն կեղծ լինի, այդպիսին կլինի ողջ ստեղծագործությունը»:
«Աննա Կարենինա»-ն դարձավ ժամանակակից ռուս հասարակության վերին խավի արատների մի հայելի: Տոլստոյը ներկայացնում է «հնագույն քաղաքակրթության անկումը»՝ նկատելով ազնվական կյանքում տեղի ունենալիք մոտալուտ փոփոխությունները: Այնուամենայնիվ, նույնիսկ Տոլստոյը չկարողացավ կանխատեսել, թե ինչպիսի կտրուկ արագություն են ստանալու դրանք մոտ կես դար հետո:
Եթե իր «Պատերազմ ու խաղաղություն»-ը Տոլստոյը որակում է որպես «գիրք անցյալի մասին», ապա «Աննա Կարենինա»-ն անվանում է «վեպ ժամանակակից կյանքի մասին»: Ի տարբերություն առաջինի՝ այս վեպի մեջ ներկայացված չեն պատմական մեծն իրադարձություններ: Փոխարենը, հեղինակն այստեղ բարձրաձայնում (ու անպատասխան է թողնում) այնպիսի թեմաներ, որոնք հոգեհարազատ են ցանկացած ընթերցողին: Ինչպես նշել է Ֆ. Դոստոևսկին, այս վեպում Տոլստոյը «մարդկային հոգին խորը հոգեբանական ուսումնասիրության է ենթարկում»: Այս է պատճառը, որ կենդանի, թեժ ու ավարտուն այս վեպը մշտապես ակտուալ կլինի ցանկացած սերնդի համար:
No comments:
Post a Comment