Sunday 3 August 2014

Դոն Ժուան

Ջիովանի Մարիոն` Դոն Ժուանի դերում
Մոցարտի համանուն օպերայում
Դոն Ժուան (այլ կերպ` Դոն Խուան, Դոն Ջովանի, Դոն Գուան)` համաշխարհային գրականության «հավերժական կերպարներից», որին նվիրված են մոտ 150 գրական ստեղծագործություն: Լեգենդար այս կնամոլի արմատները գալիս են Իսպանիայից: Ըստ իսպանական միջնադարյան լեգենդի` Դոն Ժուանը, ավելի ճիշտ` Դոն Խուան Տենորիոն, ծնունդով Սևիլյայից է: Նա Կաստիլիայի թագավոր Պեդրո Առաջինի ֆավորիտն էր, ինչի արդյունքում անպատիժ էր մնում իր բազմաթիվ անբարո ու անպատասխանատու քայլերի համար: Դոն Խուանը արատավոր բարքերի, անկանոն սիրո խորհրդանիշ է, ազատ կյանք վարող, ոչնչից չվախեցող, հոգևորականությունն ու ամեն տեսակ կրոնը երգիծանքի ենթարկող, գեղեցիկ ու գրավիչ արտաքինով, ճարտար լեզու ունեցող կերպար է, որը խաղում է կյանքի կարևոր խորհրդանիշների` ճակատագրի ու սիրո հետ: Դոն Խուանի համար կապ չունի կանանց ո'չ տարիքը, ո'չ խավը: Սակայն, ի վերջո, Դոն Խուանը պատժվում է Կոմանդորի արձանի կողմից (զոհ դարձած կնոջ հայրը կամ ամուսինը): Այս լեգենդի հիման վրա ստեղծվել են բազմաթիվ գործեր և համաշխարհային գրականության մեջ զարգացել է «դոնժուանություն» տերմինն ու «դոն ժուան» հավաքական կերպարը: 
Դոն Խուան Տենորիոյի արձանը Սևիլյայում
Լեգենդի առաջին գրական մշակումը կատարել է իսպանացի Տիրսո դե Մոլինան (17-րդ դար) իր «Սևիլյայի չարաճճին կամ Քարե հյուրը» պիեսում: Դոն Ժուանի մասին ստեղծագործություններում մշտական գործող կերպար է նաև ծառան: Մոլինայի մոտ երիտասարդ սրտակերի ծառան Կատալինոն է, որը դժգոհ է իր տիրոջ վարած կյանքից ու քայլերից և մտքում կշտամբում է նրան:
Դոն Ժուանն ու կոմանդորի արձանը
Մյուս հայտնի մշակումը պատկանում է Մոլիերին, որն իր կատակերգությունում թուլացնում է կերպարի իսպանական հատկանիշներն ու արդեն ամուսնացած Ժուանին օժտում ժամանակի ֆրանսիական իրականությանը հատուկ գծերով: «Իմ սիրտը կարող է սիրել ամբողջ աշխարհը, ինչպես Ալեքսանդրը»: «Կեղծավորությունը մոդայիկ արատ է, իսկ բոլոր մոդայիկ արատները առաքելության տեղ են անցնում: Այն սեփական ձեռքերով փակում է բոլորի բերանն ու ազատ զվարճանում»: Իսկ Բայրոնի մոտ Ժուանին առաջին անգամ տեսնում ենք մանուկ հասակից: Այստեղ լեգեդար կերպարն ակնհայտորեն պասիվ է, ինքն է զոհ գնում կանանց գայթակղություններին և երբեք նախաձեռնողի դերում հանդես չի գալիս: Ըստ Բայրոնի` եթե կինը չի ուզում խաբվել, չի խաբվում: Բայրոնի Ժուանը դեմ է բարոյական անկմանը, մարդկային է, կարեկից: Անգլիայում նա տհաճությամբ է հետևում խաբեություններին ու ձևականություններին: Բայրոնի պոեմում Ժուանի կերպարը անընդհատ փոփոխոթյունների մեջ է` ի վերջո վերածվելով սառը ու ողջամիտ դիվանագետի: Դոն Գուանը` Պուշկինի «Քարե հյուրը» պիեսի գլխավոր հերոսը, օժտված գրեթե նույն հատկանիշներով, ինչ դոնժուանների մեծամասնությունը: Ընդհանրապես, Դոն Ժուանի համար սերը իր հերթական զոհին տիրելու հերթական միջոց է միայն: «Սիրո մեջ պետք է լինել մեծահոգի, առատաձեռն, այսօրվա զգացմունքները չպետք է թողել վաղվան: Իմ նպատակն է ողջ աշխարհի իգական սեռի ներկայացուցիչներին համբուրել մեկի պես, տարածել իմ համբույրը բոլորի վրա»,-ասում է նա: Ժուանը միշտ կրկնվում, բայց յուրաքանչյուր նոր զոհին տիրում այնպես, կարծես առաջինը լինի: Նա դեմ է ամուսնությանը: «Ինչու՞ ամուսնանալ, եթե կարելի է անդադար վայելել սիրո քաղցր ակնթարթները»: Սակայն թվացյալ երջանկության հետ մեկտեղ Դոն Ժուանը միայնակ է, քանի որ չունի հավատ ու սեր: Եթե նա միայնակ չլիներ, կերպարն այսքան ամբողջական ու լիարժեք չէր լինի: Դոն Ժուանի կերպարը բազմիցս վերածնվել է ոչ միայն գրական ստեղծագործություններում, այլև բազմաթիվ օպերաներում, գեղարվեստական ֆիլմերում և այլն:

No comments:

Post a Comment