Sunday, 31 January 2016

Սոֆոկլես «Էդիպ արքա»

Դ. Էնգր
 «Էդիպն ու Սֆինքսը»
Սոֆոկլեսի ամենահայտնի ողբերգություններից մեկը՝ «Էդիպ արքա»-ն, առաջին անգամ բեմադրվել է մ.թ.ա. 429 թ.: Ողբերգության մեջ Սոֆոկլեսը պատկերում է իր ժամանակի ամենակարևոր գաղափարներից մեկը` աստվածների կամքի (ճակատագրի) և մարդու ազատ անհատականության բախումը: Նյութը վերցված է Թեբեական շարքի առասպելներից, որոնցից մեկը պատմում է Թեբեի դժբախտ արքա Էդիպի մասին, այն արքայի, որի համար աստվածները սահմանել են անագորույն ճակատագիր` սպանել հարազատ հորը և ամուսնանալ մոր հետ:
Ողբերգական այս պատմությունը սկսվում է այն ժամանակ, երբ Թեբեի արքա Լայոսին գուշակում են մահ սեփական որդու ձեռքերից: Նա հրամայում է իր նորածին զավակին նետել Կիթերոնի լանջերից: Սակայն ծառան, որին հրամայված էր սպանել Էդիպին, փրկում է մանուկին և հանձնում Կորնթոսի արքայի՝ Պոլիբոսի հովիվներից մեկին: 
Այդպիսով նորածնին մեծացնում է Պոլիբոսը, որին Էդիպն իր հարազատ հայրն է համարում: Երբ Էդիպը մեծանում է, նրան գուշակում են, որ մի օր սպանելու է հորն ու ամուսնանալու է հարազատ մոր հետ:
Գ. Մորո 
 «Էդիպն ու Սֆինքսը»
Փորձելով փախչել այդ դաժան ճակատագրից՝ նա հեռանում է հայրենի քաղաքից՝ ուղևորվելով դեպի Թեբե: Այստեղ երիտասարդը կարողանում է փրկել քաղաքը հրեշավոր Սֆինքսից և դառնում է Թեբեի թագավոր՝ ամուսնանալով վերջերս սպանված թագավորի՝ Լայոսի այրու հետ: Երբ քաղաքում սկսվում է վերը նշված ժանտախտը, Էդիպը կնոջ եղբորը՝ Կրեոնին ուղարկում է Դելփիք՝ Ապոլլոնից օգնություն խնդրելու: Վերջինս հայտնում է, որ համաճարակը կվերանա միայն այն ժամանակ, երբ քաղաքից վտարվի նախկին թագավորին սպանողը: Որոշվում է դիմել գուշակ Թերեսիասի օգնությանը, որը սկզբում փորձում է խուսափել պատասխաններից, բայց ի վերջո բացահայտում է դառը ճշմարտությունը. Լայոս արքային՝ իր հորը, Թեբեի ճանապարհին անգիտությամբ սպանել է հենց Էդիպը, որից հետո, դառնալով Թեբեի թագավոր, ամուսնացել սպանված արքայի այրու` Իոկաստեի հետ, որն իր մայրն է: Էդիպը ցնցվում է, և սկսում կասկածել Կրեոնին՝ մտածելով, որ դավեր է նյութում իր դեմ: Իոկաստեն փորձում է Էդիպին համոզել, որ գուշակությունները հաճախ սուտ են լինում: Չէ՞ որ Լայոսին գուշակել էին մահ սեփական որդու ձեռքերով, իսկ իրենց նորածին որդուն վաղուց սպանել էին:

Շուտով Էդիպը հիշում է, որ Թեբեի ճանապարհին վեճի մեջ սպանել էր մի ծերունու և նրա ուղեկիցներին: Հանկարծ Կորնթոսից սուրհանդակ է գալիս՝ հայտնելով, որ Պոլիբոսը մահացել է, և կորնթոսցիներն ուզում են Էդիպին արքա կարգել: Այստեղ նաև պարզվում է, որ Էդիպը Պոլիբոսի հարազատ որդին չէ: Սուրհանդակը պատմում է, որ շատ տարիներ առաջ, երբ նա հովվություն է արել Կիթերոնի լեռներում, Լայոսի ծառաներից մեկը նրան նորածին երեխա է տվել: Ճշմարտությունը դառնում է անխուսափելի: Ի նշան ճակատագրի դեմ բողոքի՝ Էդիպը կուրացնում է իրեն, իսկ Իոկաստեն ինքնասպան է լինում:



Շ. Ժալաբել
«Թեբեի ժանտախտը»
Այսպիսով, այս ողբերգությունը ներկայացնում է աստվածների ու ճակատագրի ազդեցությունը մարդկանց կյանքի ընթացքի վրա: Մյուս կողմից, Սոֆոկլեսը ցույց է տալիս մարդու ներքին ուժը, հզորությունը, որ կարող է դիմակայել աստվածներին ու ճակատագրին: Էդիպը, հասկանալով, թե ինչ են պատրաստել իր համար աստվածները, ոչ թե հնազանդվում, այլ իրեն կուրացնելով` ըմբոստանում է գերագույն ուժերի դեմ: Էդիպը չի պարտվում, դառնում է անհաղթելի: Նա փորձում է հասկացնել, որ ինքը մարդ է. չի կարելի այդպես վարվել մարդկանց հետ: Կուրացնելու քայլն ուղղված էր նաև իր դեմ: Դրանով նա ցույց է տալիս, որ տեսնում է իր ներքինը, որ տեսողությունը պետք է ուղղված լինի ոչ թե դեպի դուրս, այլ դեպի ներս: Ահա թե ով է մարդը Սոֆոկլեսի համար: 
Ե՛վ Լայոսը, և՛ Էդիպը փորձում են խուսափել իրենց ճակատագրից, բայց խուսափելու համար կատարված քայլերի հետևանքով վերջինս հասնում է նրանց: Աստվածները, կարծես, ծիծաղում են մարդկային ջանքերի վրա: Եթե Լայոսը իրենից չհեռացներ նորածին որդուն, վերջինս կճանաչեր հորն ու չէր սպանի նրան: Եթե Էդիպը ճակատագրից խուսափելու համար չհեռանար իր ենթադրյալ հորից, չէր սպանի իրական հորը: Էդիպը անիծում է մարդասպանին, որը ժանտախտի պատճառ է դարձել՝ չկասկածելով անգամ, որ անիծում է ինքն իրեն: Նա գուշակին կույր է անվանում՝ չհասկանալով, որ իրական կույրն ինքն է: Սա է աստվածների դաժան հեգնանքը:
Շ. Ժալաբել, Անտիգոնեն Թեբեից դուրս է բերում կուրացած Էդիպին
Այնուամենայնիվ, Սոֆոկլեսը մարդուն բարձրացնում է վեր` ընդգծելով բնավորության ուժը, ինչը չնայած դառնում է դժբախտությունների պատճառ, սակայն հնարավորություն է տալիս տնօրինել սեփական կյանքը: «Էդիպ արքան» ոչ թե ճակատագրի ողբերգություն է, այլ մի գործ, որը թեև շեշտում է մարդու կախվածությունը աստվածների կամքից, միաժամանակ ընդունում է և մարդու արարքների ազատությունը: Ընդունելով այդ ազատությունը՝ Սոֆոկլեսը միաժամանակ գիտակցում է, որ ազատ մարդը չի կարող սխալներ չգործել:

No comments:

Post a Comment