Tuesday 5 August 2014

Ալբեր Քամյու «Ժանտախտը»

  
 Ֆրանսիացի գրող, հրապարակախոս և փիլիսոփա Ալբեր Քամյուի «Ժանտախտը» (1947թ.) վեպը գրողի ամենահայտնի ստեղծագործություններից է: Իր փիլիսոփայական-ինտելեկտուալ բովանդակությամբ այն կարելի է դիտարկել որպես հեղինակային յուրահատուկ մենախոսություն, որը տրված է վեպի՝ հեղինակի աշխարհայացքի տարբեր կողմերը, ասպեկտներն ու միտումները կրող կերպարներին: Վեպի բովանդակությունը ֆաշիզմի և նացիզմի դեմ եվրոպական դիմադրությունն է, և ժանտախտ ասելով՝ Քամյուն ի նկատի ուներ Երկրորդ համաշխարհային պատերազմը: Դա պարզապես ժանտախտ չէ (դարչնագույն ժանտախտ, ինչպես անվանում էին ֆաշիզմը Գերմանիայում), այլ գոյությունից անբաժան չարիքը: Ժանտախտն աբսուրդն է, հավաքական խորհրդանիշ, որն ընդգրկում է հարյուրամյակներ շարունակ Եվրոպան քայքայող երևույթների ամբողջությունը:
    Վեպի սյուժեն ծավալվում է  Ալժիրի Օրան քաղաքում, որտեղ առնետներից տարածվում է սարսափելի վարակը և փակում քաղաքացիներին ցավի ու տառապանքի սարդոստայնի մեջ: Իրադարձությունների մասին պատմում է բժիշկ Ռիեն՝ նկարագրելով դեպքերն առանց որևէ գեղարվեստական զարդարանքի:Սարսափելի հիվանդությունը ծանրանում է քաղաքի վրա. փակվում են քաղաքի դարպասները, կյանքը կանգ է առնում՝ շնչելով միայն մահաբեր վարակի ծանր օդը: Մարդիկ հասկանում էին, որ իրենք աստիճանաբար պիտի թմրեին, դանդաղորեն ճզմվեին ժանտախտի ծանրության տակ: Բայց այն ինչ կատարվում էր ժանտախտով վարակված քաղաքում, ավելի սարսափելի չէր այն իրականությունից, որում ապրում էր մարդկությունը. չէ՞ որ համաշխարհային պատերազմի ժամանակ մահը, հիվանդությունները, ցավն ու տառապանքը սովորական երևույթ էին դարձել: Ժանտախտն աճում էր, լայնանում, բացելով իր կարմիր երախը՝ կլանում էր հարյուրավոր զոհերի, այնպես, ինչպես համաշխարհային պատերազմն էր խլում հազարավոր կյանքեր. «Իսկ ի՞նչ է ժանտախտը,-հարցնում էր բժիկ Ռիեի հիվանդներից մեկը,-դա հենց կյանքն է: Այդպիսին է կյանքը և վերջ»:
  Մարդիկ պայքարում էին սարսափելի վարակը հաղթահարելու, չարին հաղթելու համար: Բայց պայքարի այդ շղթան դեռ անընդհատ պիտի շարունակվեր: Վեպի ավարտին սարսափելի հիվանդության նահանջը նշող քաղաքացիների ուրախ բացականչությունների ներքո բժիշկ Ռիեն մտածում էր այն մասին, որ այդ ուրախությունը ժամանակավոր  է, որ «...երբ օրը գա, մարդկանց դժբախտացնելու կամ դաստիարակելու համար ժանտախտը կարթնացնի իր առնետներին և նրանց կուղարկի մահանալու որևէ երջանիկ քաղաքի մեջ»:

 «Ժանտախտը» հակաճգնաժամային քրոնիկ վեպ է: Դրա գլխավոր առանձնահատկությունը հստակ ընդգծված օբյեկտիվությունն է, որն էլ իր հերթին բերում է նրան, որ բացակայում են վառ գունավորված նկարագրությունները: Վեպը կրում է համամարդկային և ապաժամանկյա ենթատեքստեր: Ինչպես յուրաքանչյուր էքզսիտենցիալիստական փիլիսոփայության մեջ, այնպես էլ այստեղ մահը դառնում է գլխավոր կերպաների անբաժան ուղեկիցը: Աբսուրդը մարդկային խառնվածքի ակտիվության ու դրա վերրջնական զրոյական արդյուքնի հակադրության մեջ է. վերջնական արդյունքն  անհատի  մահն է ու գուցե նաև ողջ մարդկության ոչնչացումը:
  «Ժանտախտը» վեպում Քամյուն փորձ է կատարել գտնելու մարդկային ազատության խնդրի պատասխանն այն աշխարհում, որտեղ սովորական բարոյական հրմայականներն սպսռել են իրենց; Կարելի է ասել, որ ժանտախտը ստիպեց Օրանի բնակիչներին փոխելու բարոյական նորմերի ու արժեքների վերաբերյալ իրենց վերաբերմունքը:
  ««Ժանտախտի» մեծագույն բացահայտումը մարդկային բնության բացահայտումն է»,-Ռ. Կիյո:

No comments:

Post a Comment