Monday 4 August 2014

Ջայվ

  


    Ջայվը ծագել է 19 դարում, ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում: Այն ծագել  է  Նյու Յորքում մեծ տարածում ունեցող լինդի-հոփ պարից և զարգացել ջիտերբուրգ կոչվող ոճի միջոցով՝ ժամանակի ընթացքում դուրս թողնելով ակրոբատիկ տարրերը և կատարելագործելով տեխնիկան: Ջայվը համարվում է սվինգի տարատեսակներից մեկը, որին բնորոշ են արագ ու ազատ շարժումները: Ժամանակակից ջայվը շատ է տարբերվում սվինգից, թեպետ որոշ շարժումներ դեռևս պահպանվել են: Երաժշտական առումով այս պարին բնորոշ է 44 տակտը 1 րոպեի ընթացքում: Ջայվը լատինամերիկյան պարային ծրագրի 5 պարերից մեկն է: Այս պարն արագ ու անկաշկանդ է, ինչը պարային զույգին թույլ է տալիս ցուցադրել ոչ միայն տեխնիկական վարպետություն, այլ նաև իրենց ֆիզիկական պատրաստվածությունը:


     "Jive"  բառը  նման է  աֆրո-ամերիկյան  "Jev" բառին, որը նշանակում է խոսել արհամարհանքով:   "Jive"-ը գրեթե  նույն իմաստն ունի նաև նեգրիտանական ժարգոնում, որտեղ նշանակում է սուտ, խորամանկություն: Ենթադրվում  է  նաև, որ  բառը  ծագել  է անգլերեն   "jibe"  բառից, որը ժարգոնային համատեքստում նշանակում է  էժան ապրանք, մարիխուանա: Հստակ հայտնի չէ, թե  բառային որ իամստն է դրված պարի հիմքում, հետևաբար դժվար է ասել, թե բովանդակային առումով որն  է պարի գաղափարը:


  Ժամանակակից ջայվը դեռևս պահպանում է  Bunny Hug-ը  (նապաստակի ցատկ)՝ որպես  իր  հիմնական  պարային քայլ: Դա հանրահայտ դեպի կողք ընթացող շասեն է՝ նմանեցված այն իրավիճակին, երբ նապաստակը վախենալիս թռչում է դեպի կողք: ժամանակակից  ջայվի հիմնական  քայլերը  նախկին  դեպի  հետ  և առաջ դանդաղ  քայլերի փոխարեն  շասեի շեշտաշարժերն են (քայլ-հենք-քայլ)՝ աջ և ձախ: Բոլոր քայլերը սկսվում են թաթից: Յուրաքանչյուր քայլի հետ ծանրությունն ընկնում  է առաջ: Կատարողական առումով ջայվը բավականին բարդ  է և իր բնույթով ու տեխնիկայով տարբերվում է լատինամերիկյան պարային ծրագրի մյուս պարերից:


  



  Ջայվի մասին առաջին բնութագիրը տրվել  է Վիկտոր Սիլվեստր  անունով պարային մասնագետի կողմից, ինչը 1944թ. տպագրվել  է  Եվրոպայում: Ջայվը վերջին պարն է, որը մտել է լատինամերիկյան պարային մրցութային ծրագիր, այդ իսկ պատճառով ջայվը պարում են ամենավերջում: Ջայվի արագ ու անկաշկանդ բնույթը պարող զույգից փոխանցում է թեթևության զգացում: Ակրոբատիկ հնարքների բացակայությունը չի խանգարում զգալ պարի ճկունությունն  ու  հավասարակշռությունը:




No comments:

Post a Comment