Վիսենտե Լոպես Պորտանյա «Ֆրանսիսկո Գոյայի դիմանկարը» (1826) |
Ֆրանսիսկո Գոյա (1746 թ., գ. Ֆուենդետոդոս,
Սարագոսայի մոտ, Իսպանիա 1828 թ., Բորդո, Ֆրանսիա): Գոյայի ստեղծագործությունը
նշանակալի փուլ է իսպանական արվեստի զարգացման պատմության մեջ: Նա իր նկարներով նախանշել
է ռոմանտիզմի հիմքերը, մեծ ազդեցություն թողել եվրոպական արվեստի վրա:Ֆրանսիսկո Գոյան
1760 թ-ից սովորել է Սարագոսայում, 1769 թ-ին մեկնել է Իտալիա. ուսումնասիրել է իտալացի
նշանավոր արվեստագետների ստեղծագործությունները: 1771 թ-ին արժանացել է Պարմի Գեղարվեստի
ակադեմիայի մրցանակին: 1773 թ-ից աշխատել է Մադրիդում: Գոյան բավական ուշ է սկսել նկարել:
Նա 1776–80, 1786–91 թթ-ին Մադրիդի պաստառների թագավորական մանուֆակտուրայի համար ստեղծել
է 60-ից ավելի պաննո. մեծ վարպետությամբ է պատկերել թափառաշրջիկներին, մուրացիկներին,
գյուղացիներին, պալատական պահակներին, նաև բնությունը: 1780 թ-ին Գոյան ընտրվել է Մադրիդի
գեղարվեստի ակադեմիայի անդամ, 1786 թ-ին նշանակվել է պալատական, 1799 թ-ից՝ արքայի
առաջին գեղանկարիչ:
1790-ական թվականները բեկումնային էին նկարչի
համար: 1793 թ-ին ծանր հիվանդությունից Գոյան կորցրել է լսողությունը: Նրա վրա խորապես
ազդել է նաև երկրում տիրող բարքերի դեմ պայքարող իսպանացի ժողովրդի պարտությունը: Գոյայի
գրաֆիկական (գծանկար, օֆորտ) աշխատանքներում տոնական ու լուսավոր նրբերանգները փոխարինվել
են լույսի ու մթի սուր հակադրություններով: 1797–98 թթ-ին ստեղծած «Կապրիչոս» օֆորտների
շարքում քաղաքական երգիծանքն արտահայտվել է երևակայական, այլաբանական պատկերներով:
Օֆորտների կերպարները տարբեր կենդանիներ են, փակ աչքերով անճոռնի մարդիկ, որոնց ականջներին
փականներ են:
1780–1800-ական թվականների սկզբին նկարիչը
բացառիկ հաջողության է հասել դիմանկարչության մեջ: Լավագույն գործերից են՝ «Սենյոր
Բարմուդես», «Լա Տիրանա» (1799 թ.), «Ի Կովոս դե Պորսել» (մոտ 1806 թ.) և այլն: Գոյան
իր նկարներում համարձակորեն և անկեղծությամբ է ներկայացրել արքունիքը և Կառլոս IV թագավորին
(«Կառլոս IV թագավորի ընտանիքը», 1800 թ.): Նկարիչը նրբորեն է արտացոլել կնոջ թովչանքի
խորհրդավորությունը («Հագնված մախան», «Մերկ մախան», երկուսն էլ՝ մոտ 1802 թ.): Պատմական
հավաստիությամբ և անձնական վերապրումներով են ներթափանցված «1808 թ-ի մայիսի 2-ի ապստամբությունը
Մադրիդում», «Ապստամբների գնդակահարումը 1808-ի մայիսի 3-ի գիշերը» (երկուսն էլ՝ մոտ
1814 թ.) նկարները և «Պատերազմի արհավիրքները» (1810–20 թթ.) օֆորտների շարքը:
Ֆրանսիսկո Գոյա. ինքնանկար (1815) |
1810–20 թթ-ին Գոյան միայնակ է ապրել «Խուլի
տուն» կոչվող քաղաքամերձ իր առանձնատանը, որի պատերին ստեղծել է «Սատուռն» և «Հուդիթ»
(1820–23 թթ.) որմնանկարները: Գրոտեսկային կերպարներով է կառուցված նրա «Դիսպարատես»
(1820–23 թթ.) օֆորտների շարքը, իսկ «Տավրոմախիա» (1815 թ.) շարքին բնորոշ են աշխույժ
շարժումը, ռիթմը: Գոյայի վերջին շրջանի գործերում կրկին ի հայտ են եկել վառ ու արտահայտիչ
գույները («Ջրկիրը», 1810 թ., և այլն): Նկարչի ինչպես ինքնանկարներում, այնպես էլ
«Կաթնավաճառուհին Բորդոյից» (1827–28 թթ.) և այլ դիմանկարներում խորապես արտացոլված
են կերպարների խոհականությունն ու իմաստնությունը:
Կյանքի վերջին 4 տարիները Գոյան ապրել է Ֆրանսիայում.
ստեղծել է բազմաթիվ դիմապատկերներ, յուրացրել վիմագրության նոր տեխնիկան, 1826 թ-ին
ավարտել է «Բորդոյան ցուլեր» նկարաշարը:
No comments:
Post a Comment