Saturday, 2 August 2014

Ջովաննի Բոկաչչո «Դեկամերոն»

Ջովաննի Բոկաչչոյի ստեղծագործության գլուխգործոցը «Դեկամերոն» (1350– 1353 թթ., հրատարակվել է 1471 թ-ին) ժողովածուն է, որը հանդիսանում է վաղ Վերածննդի ամենահայտնի գործերից մեկը: Գրքի անվանումը գալիս է հունարեն δέκα —տասը և ἡμέρα —օր բառերից, որը բառացի թարգմանվում է որպես  «տասնօրյակ»: Գիրքը բաղկացած է  100 նովելներից, որոնք  ունեն կառուցվածքային, թեմատիկ և գաղափարական կապ: Նրա հերոսների մեծ մասն իրական դեմքեր են, օրինակ՝ նկարիչ Ջոտտոն, բանաստեղծ Գվիդո Կավալկանտին, օրենսգետ Ֆորեզե դե Ռաբատտան և ուրիշներ: Գիրքն սկսվում է 1348 թ-ին Ֆլորենցիային պատուհասած ժանտախտի նկարագրությամբ: 7 երիտասարդ կին և 3 պատանի՝ բոլորն էլ մեծահարուստ ընտանիքներից, փախչում են քաղաքից և պատսպարվում Ֆլորենցիայի մերձակա ամառանոցներից մեկում: 10 օրվա ընթացքում (այստեղից էլ` գրքի անվանումը) խմբի անդամները զվարճանում են, երգում, պարում, իսկ երեկոյան պատմում են տարբեր պատմություններ:
«Դեկամերոնի» շրջանակներում որպես ենթատեքստ կարելի է նկատել  ուտոպիստական հովվերգություն՝ վերածծնդի առաջին ուտոպիան:
Ջ. Ու. Ուոթերհաուս «Դեկամերոն» (1915)
Ինչպես նշում են գրականագետները, «Դեկամերոնում» կատարելության է հասցված արձակ պատմվածք-նովելի ժանր, որը գոյություն է ունեցել իտալական գրականության մեջ դեռ մինչև Բոկաչչոն: Գրքի նորարարությունը հանդիսանում են դեռ միջնադարյան ֆաբուլաներից ծանոթ ոչ ավանդական մեկանաբանությունը, ինչպես նաև ընդհանուր գաղափարական ուղղվածությունը: «Դեկամերոնն» արտացոլում է ձևավորվող ռենեսանսյան հումանիզիմի նոր սահմանները: Բոկաչչոյի ուշադրության կենտրոնում է անհատի ինքնաճանաչման խնդիրը, որով այն լայն հեռանկարներ է ստանում վերածննդի մշակույթի հետագա զարգացման մեջ:
    Գրքի հերոսները սիրում են մարդկանց և հավատում, որ յուրաքանչյուր մարդ էլ ունի լավագույն հատկանիշներ: Նովելներում մեծ տեղ է տրված անհատի ազատագրմանը ավանդական, կեղծ բարեպաշտական կապանքներից, կղերականության քննադատությանն ու մերժմանը: Բոկաչչոն գտնում է, որ մարդուն մարմնից զրկելը նշանակում է ոչնչացնել նրան: Բացի այդ, հեղինակը՝ որպես մեծ ռեալիստ, արտացոլում է տվյալ դարաշրջանի համար տիպական այլ խնդիրներ՝ պատկերելով մարդկային հասարկության խորը ճգնաժամը:
Ձեռագիր հատված «Դեկամերոնից». 9-րդ նովել
Ժողովածուի հիմնական թեմատիկաներն են կրթված, քաղաքակաիրթ, սրամտությամբ և ինտելեկտով օժտած հերոսները, կրոնական թեմատիկան՝ կղերականությանն ուղղված սւոր քննադատությամբ, սիրային պատմություններ, որոնց բնորոշ են էրոտիկ ու ողբերգական ասպեկտները, մարդկային տարիքի խնդիրը (բախում երիտասարդների ու ծերերի միջև), կանայք, ծաղրն ու իրոնիան:
Հետազոտողները նշում են, որ սկզբնական շրջանում գիրքը լայն արձագանք գտավ հասարակ ու ցածր խավի շրջանում, մինչդեռ այն չգնահատվեց իտալական մտավորականության կողմից, որոնք չէին ընդունում ժողովրդական լեզուն՝ խոսակցական իտալերենը և հստակ համոզված էին, որ նոր մշակույթի լեզուն պետք է դառնա Պետրարկայի կողմից վերածնված դասական լատիներենը: Բայց XV դարում «Դեկամերոնը» լայն տարածում է գտնում հասարակության ամենատարբեր շերտերի շրջանում՝ եվրոպական մասշտաբով լայն ճանաչում բերելով Բոկաչչոյին: Տպագրության գյուտի շնորհիվ՝ այն դառնում է ամենաշատ հրատարակվող գրքերից մեկը:
Եկեղեցին նովելներում բավականին մեծ քանակությամբ էրոտիկ ու հակակղերական դրվագների պատճառով սուր քննադատության է ենթարկում ժողովոածուն՝ համարելով այն հակաբարոյական, և պահանջելով, որպեսզի Բոկաչչոն հրաժարվի իր ստեղծագործությունից: Իր վրա այդ ճնշումների մասին Բոկաչչոն գրել է Պետրարկային ուղղված իր նամակներում, իսկ վերջինս  ամեն կերպ փորձել է համոզել նրա չայրել «Դեկամերոնը»: 1559թ. գիրքը ներառվում է արգելված գրքերի ցանկի մեջ:
Ս. Բոտիչչելի «Նաստաջիո դելյի Օնեստիի պատմությունը»
Չնայած այդ ամենին՝ գիրքը մեծ ազդեցություն է թողել  եվրոպական գրականության վրա: Միաձուլելով իր մեջ ֆրասնիական ավանդական միջնադարյան պալատական գրականությունն ու տոսկանյան ժողովրդական բանահյուսությունը՝ այն մեկ քայլ առաջ է տարել իտալական արձակի զարգացումը:



No comments:

Post a Comment