Saturday, 14 February 2015

Սալվադոր Դալի




Սալվադոր Դոմենեկ Ֆելիպ Խասինտ Դալի ի Դոմենեկ՝ (1904 թ., ք. Ֆիգերաս, Իսպանիա-1989, ք. Ֆիգերաս)` իսպանացի նկարիչ, քանդակագործ, ռեժիսոր և գրող, սյուրռեալիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկը: Դալիի նկարները բնորոշվում են իրենց մանր գծանկարով, իրատեսական մանրամասնություններով և անբասիր գույներով: Իր առաջին նկարը Դալին նկարել է տասը տարեկանում՝ իմպրեսիոնիստական փոքրիկ բնանկար: Հանճարի տաղանդը դուրս էր հորդում: Դալին նաև նկարահանել է սյուրռեալիստական ֆիլմեր, տպագրել նկարազարդված գրքեր, զբաղվել է ոսկերչությամբ, պատրաստել թատրոնային բեմեր և հագուստներ:  Սալվադոր Դալին սովորել է Ֆիգերասի նկարչական դպրոցում, 1921– 1926 թթ-ին՝ Մադրիդի Սան Ֆեռնանդո գեղարվեստի ակադեմիայում (1926 թ-ին հեռացվել է ըմբոստ պահվածքի պատճառով): 1916 թ-ին Դալին առաջին անգամ ծանոթացել է մոդեռն արվեստին, իսկ 1919 թ-ին բացվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը: 1926 թ-ին Դալին մեկնել է Փարիզ, ծանոթացել նկարիչ Պաբլո Պիկասսոյի հետ, կրել է նրա ազդեցությունը և նրան համարել իր երկրորդ հայրը: Մտերիմ էր նաև իսպանացի կինոռեժիսոր Լուիս Բունյուելի հետ. Դալին նրա «Անդալուզյան շունը» (1928 թ.), «Ոսկե դարը» (1930 թ.) ֆիլմերի համահեղինակն է


    1929 թ-ին Դալին միացել է գրող Անդրե Բրետոնի ստեղծած սյուրռեալիստների խմբին: Նա հակադրվել է ձախակողմյան սյուրռեալիստներին, 1936 թ-ին հեռացվել է խմբից, որին պատասխան՝ Դալին ասել է. «Սյուրռեալիզմը ես եմ»: 
1940–48 թթ-ին նկարիչն ապրել է ԱՄՆ-ում: 1942 թ-ին լույս է տեսել նրա «Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը» ինքնակենսագրական գիրքը: Հետագայում վերադարձել է Իսպանիա և մինչև կյանքի վերջն ապրել Կատալոնիայում: Դալիի կտակի համաձայն՝ նրան հուղարկավորել են Ֆիգերասի իր թանգարանի ներսում, այնպես, որ մարդիկ կարողանան քայլել նրա գերեզմանի վրայով:
Դալիի նկարների մեծ մասում պատկերված են մղձավանջային ուրվատեսիլներ, որտեղ հակաբնական իրավիճակներն ու իրերի անհեթեթ համադրումներն ունեն երևութական իրականություն և վավերականությունԱնտեսանելին», 1929 թ., «Հիշողության հարատևություն», 1931 թ., «Բոցավառվող ընձուղտը», 1935 թ., «Նարգիզի փոխակերպումը», 1936–37 թթ. և այլն): Նրա «Աշնանային մարդակերություն» նկարը համեմատել են Պ. Պիկասսոյի «Գեռնիկա» ստեղծագործության հետ:
Դալին պատկերել է նաև կրոնական թեմաներ՝ դասական կոմպոզիցիայի կառուցվածք ներմուծելով ցնորական արտասովորություն: Հայտնի է նրա «Խորհրդավոր ընթրիք» (1955 թ.) կտավը, որտեղ նկարիչը մոդեռն ոճի սկզբունքներով համադրել է բուն ընթրիքը, Քրիստոսի քայլելը ջրի վրայով, խաչելությունը և աղոթքը Հուդայի դավաճանությունից առաջ: Դալին իր պատկերներում փորձել է Աստծուն գտնել շրջապատող աշխարհում և իր մեջ:





No comments:

Post a Comment