Sunday 1 March 2015

Սոֆոկլես



Սոֆոկլեսը (մ.թ.ա 496-մ.թ.ա. 406) Հին Հունաստանի երկրորդ խոշոր դրամատուրգն է: Նա թողել է գրական մեծ ժառանգություն, բայց մեծ թվով ստեղծագործություններ մեզ չեն հասել: 120 ողբերգություններից պահպանվել են ընդամենը 7-ը, այդ թվում՝ «Անտիգոնե», «Էդիպ արքա», «Էլեկտրա», «Էդիպը Կոլոնում» և այլն:
Ծնվել է Աթենքի Կոլոն արվարձանում: Իր ծննդավայրի մասին, որը դեռ հնուց հայտնի  է եղել Պոսեյդոնին, Աֆրոդիտեին, Դիմետրիոսի ու Պրոմեթեւսին նվիրված մատուռներով ու սրբատեղիներով, պոետը երգել է «Էդիպը Կոլոնում» ողբերգության մեջ: Սերել է ունեւվոր ընտանիքից եւ հնարավորություն է  ունեցել լավ կրթություն ստանալու: Ժողովրդական տոնախմբությունների ժամանակ եղել է  երգչախմբի ղեկավար: Սոֆոկլեսը երկու անգամ ընտրվել է  զինվորական հրամանատարի պաշտոնում: Մասնավորապես՝ մ.թ.ա.  440թ. Սամոսոյի պատերազմի ընթացքում աթենացիները, Սոֆոկլեսի «Անտիգոնե» ողբերգության ազդեցության տակ,  ընտրում են նրան զինհրամանատարի պաշտոնում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ «Անտիգոնեն» բեմադրվել է արդեն մ.թ.ա.  441թ.: Սոֆոկլեսի հիմնական զբաղմունքն, այնուամենայնիվ, եղել է Աթենքի թատրոնի համար ողբերգություններ գրելը: Մ.թ.ա 469թ. Սոֆոկլեսի կողմից բեմադրված առաջին քառերգությունն ապահովում է նրա հաղթանակը Էսքիլեսի նկատմամբ՝ բացելով հետագա մյուս ողբերգակների նկատմամբ հաղթանակների շարքը:
Սոֆոկլեսը կարևոր նորամուծություն է արել՝ դրամայի մեջ ավելացրել է երրորդ դերասանին, իսկ երգչախմբի անդամների թիվը 12-ից հասցրել 15-ի՝ միաժամանակ կրճատելով ողբերգության մեջ երգչախմբի հատվածներն ու կատարելագործելով  դեկորացիաներն ու դիմակները: Սոֆոկլեսի կողմից իրականացրած բոլոր փոփոխությունները նպատակ ունեին բեմում դրամայի ընթացքը դարձնել ավելի շարժունակ, հանդիսատեսի մոտ ուժեղացնել դրամայից ստացվող պատրանքն ու ազդեցությունը: Ներկայացման մեջ պահպանելով աստվածաների մեծարման բնույթը, ինչպիսին էր ողբերգությունը մինչ այդ, Սոֆոկլեսն, այնուամենայնիվ, ավելի է անձնավորում դրանք, ընդգծում մարդկային կողմը, քան դա անում էր Էսքիլեսը: Սոֆոկլեսն սկսում է  ավելի մեծ ուշադրություն դարձնել հերոսների հոգեվիճակի խորը ուսումնասիրությանը, մինչդեռ մինչ այդ, հատկանշական էր միայն նրանց երկրային կյանքի պատկերների վրա ուշադրություն դարձնելը: Կիսաստվածների հոգեւոր կյանքը պատկերել այլ կերպ հնարավոր չէր, քան վերագրել նրանց հասարակ մահկանացուներին բնորոշ գծեր:

Նման երևույթի սկիզբը դրել  է ողբերգության լեգենդար հայրը՝ Էսքիլեսը, ինչին, որպես օրինակ, կարող են ծառայել վերջինիս կողմից ստեղծված Պրոմեթեւսի ու Օրեստեսի կերպարները: Սակայն բավականին մեծ տարբերություն կար Էսքիլեսի կրոնականության ու Սոֆոկլեիս հավատի մեջ:

 
Էսքիլեսն իր հերոսների ճակատագրում տեսնում էր արդարացի վրեժի անշրջելի օրենքը, իսկ աստվածների կամքի մեջ՝ բարոյական բարձրագույն  չափանիշները: Սոֆոկլեսն, ընդհակառակը, չէր փորձում բարոյական պատկերցումներով բացատրել կամ հիմնավորել աստվածների կամքը. այն անփոփոխ կերպով գոյություն ունի նրա հերոսների աշխարհում, հստակ կերպով տարբերակվում է այս կամ այն իրադարձության ֆոնին՝ արտացոլվելով մարդկային ճակատագրերում: 
   Սոֆոկլեսի ողբերգություններում հասարակական-քաղաքական սուր հարցադրումներ կան, որոնք առնչվում են կրոնին, բարոյական օրենքներին, դրանց նկատմամբ մարդու վերաբերմունքին, աստվածային ու մարդկային օրենքների հակադրությանը: Նրա գործերում ողբերգության կենտրոնը վերջնականապես փոխանցվում է մարդկանց, նրանց որշումների, արարքների ու պայքարի նկարագրությանը: Սոֆոկլեսի կարծիքով ազատ մարդը չի կարող սխալներ թույլ չտալ: Նրա իդեալը բանական մարդու ու աստվածային օրենքի միասնությունն է

No comments:

Post a Comment